Փաշազադեն, կարելի է ասել, հանդիսանում է Նիկոլի հոգեւոր հայրը. Գառնիկ Դավթյան
Ներքաղաքական«Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ գնահատմամբ՝ հայաստանյան այսօրվա իշխանությունները չունեն որեւէ կապ հայի հետ՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ գուցեեւ արյունակցական։
— Խորապես համոզված եմ, որ այսօր Հայաստանում իշխում են նրանք, ովքեր ազգությամբ հայ են, սակայն հայության արժեքներից եւ ինքնությունից կտրված են։ Հետեւաբար այն, ինչ արվում է Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտում, իրականում մեծ աջակցություն է Փաշինյանին։ Քանի որ եթե ժամանակին մեր կողմից մեծ ջանքեր էին գործադրվում հակազդելու ադրբեջանական քարոզչությանը, եւ դա արվում էր՝ լավ, թե վատ, բայց արվում էր, ապա այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանին խրախուսող միակ կողմը հենց ադրբեջանցիներն են։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմից (եւ դա փաստ է) կա խրախուսանք Փաշինյանին՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն թիրախավորելու հարցում: Չեմ ասում, թե նրանք կհաջողեն, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին մեր հասարակության եւ մասնավորապես ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, ունի շատ մեծ արժեք։ Դա ինձ համար հայրենիք ունենալու կամ չունենալու չափ արժեքավոր է։ Եվ ես՝ որպես առաջին հերթին ՀՀ քաղաքացի, պայքարել եմ այս ազգադավ իշխանության դեմ՝ հնարավոր բոլոր ձեւերով, հատկապես երբ խոսքը վերաբերում է եկեղեցուն։
Եթե ամփոփեմ, ապա կարող եմ ասել, որ Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, կարելի է ասել, հանդիսանում է Նիկոլի հոգեւոր հայրը՝ կրոնական իմաստով։ Եվ, բնականաբար, եթե մի փոքր տրամաբանենք, ապա հոգեւոր հոր յուրաքանչյուր խոսք իր «ենթակայի» կողմից ընկալվում է որպես պարտադիր կատարման ենթակա։ Հետեւաբար, այն ինչ կատարվում է այս օրերին, զարմանալու ոչինչ չկա։
— Օրերս Դուք եւս հանդես էիք եկել հրապարակմամբ, որում նշել էիք փուլ առ փուլ, թե ինչ է մեզ՝ հայերիս, սպասվում, եթե Նիկոլը ադրբեջանցիներին բնակեցնի Հայաստանում։ Կբացե՞ք փակագծերը:
— Ընդհանուր առմամբ՝ այսօր Նիկոլն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի ադրբեջանականացում։ Դա իր մեջ ներառում է ոչ միայն տարածքների զիջումը կամ այն կորուստները, որ արդեն ունեցել ենք, այլ նաեւ ապագայում սպասվող մարտահրավերները՝ իհարկե, Նիկոլի պարագայում։ Դրանք, առաջին հերթին, վերաբերում են ՀՀ ամբողջ տարածքում՝ առանց բացառության որեւէ բնակավայրի, ադրբեջանցիներիներկայությանը։
Սա մի քանի պատճառ ունի։ Օրինակ՝ նկատում ենք, թե ինչպես են ՀՀ իրավապահ մարմինները մեծ ջանքով պայքարում նրանց դեմ, ովքեր արձագանքում են Ադրբեջանի գործողություններին՝ տեսանկարահանումներին, հրապարակային պարելուն եւ երգելուն։ Այդ պայքարը ուղղված է ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերի դեմ, ովքեր դժգոհություն են հայտնել կամ հակազդել են այդ տեսանյութերին։
Մեծ համոզմունք ունեմ, սա կասկածի տեղ չի թողնում, որ Աստված չանի՝ եթե ադրբեջանցիների բնակեցման հարցը հասնի իրականություն դառնալուն, այսօրվա իշխանությունների իրավապահները պաշտպանելու են հենց ադրբեջանցիներին։ Այստեղ գործելու է փոքրամասնությունների շահերի առաջ մղման պատրվակը, քանի որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի պնդում է, թե Հայաստանում փոքրամասնություններ չկան, չնայած Հայաստանում կան քրդեր, ռուսներ, հրեաներ։ Ճիշտ է՝ նրանք փոքրաթիվ են, բայց, այնուամենայնիվ, գոյություն ունեն։
Եվ հենց այդ հիմքով Ադրբեջանը կարող է պահանջել Նիկոլից՝ որպես Հայաստանի օկուպացված իշխանության ղեկավարից, պաշտպանել իր քաղաքացիներին։ Եթե ոչ, ապա հնարավոր է՝ փորձ արվի զորք մտցնելու՝ այդ մարդկանց անվտանգության ապահովման պատրվակով։
Բացի այդ, եթե ավելի փաստարկված կերպով մոտենանք Ադրբեջանից եկող վտանգներին, ապա պարզ է, որ նրանք ցանկանում են ունենալ մարդկային ներկայություն Հայաստանում։ Շատ կարեւոր է շեշտել նաեւ, որ այդ ադրբեջանցիները քանակով քիչ են լինելու՝ համեմատած 1990-ականներին Հայաստանում ապրող ադրբեջանցիների հետ։ Այս ամենի հիմքում ընկած է Հայաստանում քաղաքական նպատակ ունենալու ձգտումը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
