Ադրբեջանական զավեշտը՝ Ստավրոպոլի գիտաժողովում. հայ պատմաբանները տվել են արժանի հակահարված
ՆերքաղաքականԱդրբեջանի պատմության կեղծման քաղաքականությունը նոր փուլ է մտել՝ դուրս գալով հայկական տարածքների եւ մշակութային ժառանգության յուրացման շրջանակներից։ Վերջին շրջանում հարեւան երկրի պաշտոնյաներն ու որոշ գիտական ներկայացուցիչներ սկսել են ներկայացնել պատմության խեղաթյուրված տարբերակներ նաեւ համաշխարհային պատմության համատեքստում՝ փորձելով ընդգծել, թե իբր հենց ադրբեջանցիներն են հիմնական դերակատարները եղել նացիզմի դեմ հաղթանակում։ Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանը եղել է առաջիններից, ով դիմագրավել է ֆաշիստական հարձակմանը, եւ ադրբեջանցիներն են «հաղթել» Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ստավրոպոլում վերջերս կայացած գիտաժողովին, որին մասնակցություն են ցուցաբերել նաեւ հայկական կողմը, հանդես են եկել հակափաստարկներով, ինչի արդյունքում ադրբեջանական պատվիրակությունը, մեղմ ասած, հայտնվել է վատ դրության մեջ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՊՄՀ Համաշխարհաին պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:
— Դուք մասնակցել եք Ստավրոպոլում տեղի ունեցած նշանակալի հանդիպման գիտաժողովին, որը մեր տեղեկություններով առանց միջադեպերի չի ընթացել: Կբացե՞ք փակագծերը։
— Խոսքը վերաբերում է միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ բնականաբար՝ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Պետք է նշեմ, որ սա առաջին անգամն էր, երբ ես ադրբեջանական կողմին տեսա նման ձեւաչափով ներկայացված։
Ադրբեջանը հանդես եկավ զեկույցով, որը, մեղմ ասած, «հետաքրքիր» եւ նույնիսկ «շոկային» նորություններ ներկայացրեց ներկաներին։ Նրանք փորձել էին ներկայացնել, իբր Հայրենական պատերազմում հաղթանակը հիմնականում ապահովել են ադրբեջանցիները։ Ներկայացված թվերն ուղղակիորեն «աստղաբաշխական» էին. ադրբեջանցի հերոսների, մասնակիցների եւ զոհվածների թվաքանակն այնքան ուռճացված էր, որ նույնիսկ ռուսաստանցի (այդ թվում՝ բավական լոյալ ու ադեկվատ) մասնագետները արձագանքեցին ծաղրալից տոնով։
Դրանից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց Ռուբեն Մինասյանի զեկույցը՝ նվիրված հայ ժողովրդի մասնակցությանը Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Զեկույցում եւ հետագա քննարկումներում մանրամասն ներկայացվեց հայերի իրական ներդրումը, ինչպես նաեւ համեմատական վերլուծություն կատարվեց հայ եւ ադրբեջանցի պատմաբանների, գիտական մոտեցումների միջեւ։
Բացահայտվեց, որ մի կողմից՝ ադրբեջանական կողմը փորձում է արժեւորել պատերազմում իրենց մասնակցությունը, իսկ մյուս կողմից՝ իրականում խարխլում է այդ նույն պատմական հիշողությունը։ Օրինակ՝ Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ, հայ զորահրամանատարների տուն-թանգարաններ եւ արձաններ՝ այդ թվում Բաբաջանյանի, Բաղրամյանի եւ այլ մեծանունների հիշատակին նվիրված հուշարձաններ:
Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ այս քննարկումը շատ կարեւոր էր։ Այն բացահայտեց ոչ միայն Ադրբեջանի պատմաքաղաքական մանիպուլյացիաները, այլ նաեւ՝ հայկական կողմի պատրաստակամությունն ու կարողությունը՝ հիմնավորված կերպով արձագանքելու պատմության կեղծմանը։ Նման ձեւաչափով քննարկումները կարեւոր են՝ հատկապես ցույց տալու համար, թե որքան վտանգավոր կարող են լինել հորինված պատմական «փաստերը»։
— Պարոն Ստեփանյան, ինչպես մեզ հայտնի է, նաեւ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները երբ սկսել են հանդես գալ հանրային ելույթներով, որոնցում հնչել են բավական իբրեւ հակափաստարկային հայտարարություններ, տեղի են տվել նաեւ ռուս մասնագետների նյարդերը: Որպես այս կարեւոր քննարկման մասնակից, մի փոքր ներկայացնեք՝ ինչի՞ մասին է խոսքը։
— Այո, շատ ճիշտ եք։ Պետք է նշեմ, որ ռուսական կողմի ներկայացուցիչներից մեկը՝ Ռուսաստանում բավական հայտնի պատմաբան, որը մասնագիտացած է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմատիկայում եւս, պարզապես չդիմացավ ադրբեջանական կողմի հնչեցրած կեղծիքներին։ Նա անմիջապես հրահանգեց անջատել տեսախցիկը եւ ընդհատել այդ ադրբեջանական զեկուցողի խոսքը, քանի որ նրա ասածները որեւէ կապ չունեին պատմական իրականության հետ եւ բացահայտորեն խեղաթյուրում էին փաստերը։
— Կարո՞ղ եք նաեւ որոշ մանրամասներ պատմել այն պահերի վերաբերյալ, երբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, որոնք նույնիսկ Արցախում տեղակայված մեր հերոսների հուշարձաններն ամբողջությամբ վերացրել են, լսում էին Ձեր փաստարկված եւ հակառակ ապացույցները։ Ինչպիսի՞ վերաբերմունք էին նրանք դրսեւորում:
— Իրականում պետք է նշեմ, որ այն կնոջ վիճակը, այսպես ասած, բավականին ծանր եւ վատ էր։ Մարշալ Բաղրամյանը, որքան որ մեզ համար հերոս է, նույն կերպ գնահատվում է նաեւ Ռուսաստանի կողմից։ Ռուս պատմաբանները դա շատ լավ գիտեն։ Բացի այդ, պետք է նշեմ, որ կուլիսներում տեղի են ունեցել տարբեր քննարկումներ, եւ, իհարկե, կուլիսային (փակ դռների ետեւում ընթացող) խոսակցություններն էլ զգալի ազդեցություն ունեին ադրբեջանական կողմի ներկայացուցիչների՝ այսպես ասած, «փաստարկների» վրա։
Պետք է առանձնացնեմ մի փաստ եւս։ Ադրբեջանական կողմի ներկայացուցիչը իր խոսքում առանձնահատուկ կարեւորում էր Հեյդար Ալիեւի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեջ։ Սակայն այստեղ լուրջ հարց է առաջանում՝ արդյոք Հեյդար Ալիեւն իրականում որեւէ առնչություն ունեցել է այդ հաղթանակի հետ։ Սա, անկեղծ ասած, ամենազավեշտալի դրվագներից էր տվյալ գիտաժողովում եւ առանձին ուշադրության արժանացավ։
— Այս ամենից հետո, արդյո՞ք կարելի է ասել, որ ադրբեջանցիների կողմից պատմական փաստերի խեղաթյուրումը քմծիծաղով է ընդունվում միջազգային հարթակներում։
— Այո, ես կարծում եմ, որ այս ամենը պետք է արձանագրենք, բայց այստեղ կա մի «բայց»։ Նախ, իրականում հայկական կողմը, առանց մեծամտության ասած, տվել է բավական բացահայտ պատասխան։ Դա այն է, որ հայկական կողմը ներկայություն է ունեցել չեզոք հարթակներում՝ հայտարարելով ճշմարտությունը, որպեսզի չեզոք մասնակիցները լինեն ճշմարտության կողմը։
Օրինակ, կարող էր պատահել, որ տվյալ միջավայրում հայ պատմաբաններ ներկա չլինեին, եւ ադրբեջանցիների ներկայացրած խոսքն այդքան էլ քմծիծաղի արժանի չդառնար։ Իհարկե, չեմ ցանկանում վիրավորել մեր ռուս գործընկերներին, բայց լինում են դեպքեր, երբ կեղծիքը ներկայացվում է, իսկ դրան համարժեք արձագանք չի տրվում։
Իմ ասելիքն այն է, որ միջազգային հարթակներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի պատմագիտական հանրույթին, հայկական կողմը պետք է պատշաճ պատասխաններ տա։ Քանի որ երբ սուտն ու կեղծիքը տարածվում են, դրանք հաճախ ընկալվում են որպես ճշմարտություն։ Եվ հենց դրա համար է, որ հայկական կողմը պետք է ամեն կերպ արձագանքի այդ կեղծիքներին։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
