Շատ հավանական է, որ էլեկտրաէներգիայի գները կրկնակի թանկանան. Արմեն Մանվելյան
ՆերքաղաքականՀայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության շուրջ քննարկումները վերջին օրերին մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում են՝ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հնչեցրած հայտարարությունից հետո։ Հետաքրքրությունը հատկապես մեծացել է այս ընկերության պետականացման խնդրի առնչությամբ։ Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, միջազգայնագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ:
— Նիկոլ Փաշինյանի կողմից խոսվել է ՀԷՑ-ի ազգայինացման մասին։ Ըստ Ձեզ` սա ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ եւ ի՞նչ դրական կամ բացասական ազդեցություն կթողնի։
— Կարճ եւ պարզ ասեմ, որ միայն վնաս կարող է հասցնել։ ՀԷՑ-ը առանձնապես եկամտաբեր համակարգ չէ, սակայն նրա աշխատանքի համար անընդհատ ներդրումներ են պահանջվում։ Այս պահին հարց է առաջանում՝ ո՞վ է իրականացնում այդ ներդրումները։ Եթե դրանք չեն կատարվում, ամբողջ համակարգը մաշվում է։ Մոդեռնիզացիա անելն անընդհատ անհրաժեշտ է, եւ ներդրումները պետք է շարունակական լինեն։
Օրինակ` Սամվել Կարապետյանը, որը ձեռք է բերել ՀԷՑ-ը, մոտավորապես 680 միլիոն դոլարի ներդրումներ է արել։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի գումարների մասին է խոսքը։ Այժմ հարց է, թե ազգայնացման դեպքում այդ ներդրումների բեռը ում վրա է դրվում, եւ ով է այն անելու։
Պետության բյուջեում նման ծավալի ներդրումներ անել հնարավոր չէ, հետեւաբար միայն արտաքին պարտք վերցնելու վտանգ կա, եւ այդ պարտքը կաճի։ Իսկ թե ի՞նչ արդյունք կունենանք, պարզ է, որ համակարգը, որը արդեն իսկ խնդիրներ ունի, է՛լ ավելի կսառեցվի։
Ազգայնացման դեպքում նաեւ շատ հավանական է, որ էլեկտրաէներգիայի գները կրկնակի կթանկանան, ինչը բացասաբար կազդի տնտեսական տարբեր ոլորտների եկամտաբերության վրա։ Այսինքն՝ բոլորս կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի հետեւանքներ կբերի ՀԷՑ-ի ազգայնացումը։
Իրականում կա նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր։ Ներդրողները, որոնք պատրաստ են եղել ներդրումներ անել էներգետիկայի ոլորտում, իրենց ներդրումները կհետաձգեն կամ պարզապես կլքեն ոլորտը։ Նրանք կսթափվեն, որ ցանկացած քաղաքական փոփոխություն կարող է հանգեցնել սեփականության արագ բռնագրավման կամ կասկածելի պայմաններով փոխարինման։
— Պարոն Մանվելյան, փաստորեն, կա վտանգ, որ հոսանքը կթանկանա՞:
— Գիտեք, նորից ուզում եմ ընդգծել, որ եթե նրանք նախապես դնեն ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, ապա հետո անցնեն վաճառքի պրոցեսին, եւ միաժամանակ բարձրացնեն հոսանքի գինը, ապա, իհարկե, դա անխուսափելի է լինելու։ Պետք է հաշվի առնենք, որ ցանկացած գնորդ, ով կզբաղվի ՀԷՑ-ի ձեռքբերմամբ, անխուսափելիորեն կհետեւի հոսանքի թանկացմանը, քանի որ այս պահի դրությամբ ՀԷՑ-ը եկամտաբեր չէ եւ ունի միայն ծախսեր՝ ներդրումների տեսքով։ Այսինքն՝ հարկավոր է նոր միջոցներ ներդնել, որպեսզի կայունացնեն եւ զարգացնեն համակարգը, իսկ այդ ներդրումները, բնականաբար, կիրականացվեն թանկացումների միջոցով։
— Արդյոք, որպես հաջորդ քայլ էլ, խոսք կարող է գնալ ատոմակայանի փակման մասին, եւ դրա հետեւանքով ի՞նչ կարող է տեղի ունենալ։
— Այսօրվա իշխանությունների օրոք, իրականում, ոչինչ բացառել հնարավոր չէ, քանի որ տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւս պարբերաբար հնչում են պահանջներ փակել ատոմակայանը։ Այսպիսով՝ այդ ռիսկը իրականում գոյություն ունի։
Վարչապետ կոչվողը գնացել էր հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ։ Ես չգիտեմ՝ ինչի շուրջ են պայմանավորվել։ Հնարավոր է՝ դրվի նոր պայման, կամ այդ պայմաններից մեկը հենց ատոմակայանի փակման պահանջը լինի։ Սա շատ հնարավոր է, եւ բացառել դա՝ նույնպես հնարավոր չէ։
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ, փաստացի, Թուրքիան եւ Ադրբեջանը թելադրում են Հայաստանի օրակարգը՝ այսօրվա իշխանություններին։ Ուստի՝ դա նույնպես հնարավոր է, եւ չբացառելը ճիշտ մոտեցում կլինի։
— Իսկ եթե նույնիսկ ատոմակայանը փակվի, նման պարագայում, Ձեր կարծիքով, ի՞նչ կլինի։ Օրինակ` ամերիկյան մոդուլայիններով փոխարինելը ինչպե՞ս կարող է իրագործվել։
— Ամերիկյան մոդուլայիններով փոխարինելը կեղծիք է։ Դա սուտ է, որը տարածվում է այսօրվա գործող ռեժիմի կողմից, որովհետեւ Միացյալ Նահանգների տարածքում ոչ մի մոդուլային ատոմակայան գոյություն չունի։ Նման կայաններ նույնիսկ ձեւի համար չեն կառուցվել։ ԱՄՆ-ում գործում է հատուկ հանձնաժողով, որը թույլ է տալիս ատոմային կայանների կառուցումը, սակայն մինչ այժմ արգելել է նմանատիպ կայանների կառուցումը՝ իրավական հիմնավորումներով։ Այդ իսկ պատճառով մի հավատացեք այդ պնդումներին, քանի որ այդ ամենն իրականում կեղծիք է։
— Եթե այնպես ստացվի, որ ռուսական գազից էլ հրաժարվեն, Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Ադրբեջանը մեզ գազ կտրամադրի:
— Ո՛չ, գազ չի տա, որովհետեւ Ադրբեջանի գազը հիմնականում պատկանում է մի հայտնի ընկերության, իսկ այդ ընկերությունն ունի երկարատեւ պայմանագիր՝ Եվրամիության հետ։ Դեռեւս 2017 թվականին նախատեսվել է ներկա գազի ծավալները կրկնապատկել դեպի Եվրամիություն: Այնպես որ, նրանք երկարաժամկետ պայմանագրեր եւ պայմանավորվածություններ ունեն։ Նույնիսկ վերջին տարիներին սկսել են կազմակերպել մատակարարումները Վրաստան՝ նվազեցնելով դրանք գրեթե կրկնակի։ Օրինակ` Վրաստանը այս պահին սկսել է գազ գնել Ռուսաստանից, ոչ թե Ադրբեջանից: Հետեւապես, դա եւս հերթական կեղծիքն է, թե Ադրբեջանը մեզ գազ կմատակարարի:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ