Ինչու է «Հայաստան»-ի միակ վարչապետի թեկնածուն պաշտոնապես դրանից հրաժարված Միքայել սրբազանը
ՆերքաղաքականՇիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վարչապետի թեկնածու առաջադրվելուց հրաժարվելու մասին պաշտոնական նամակից հետո ի՞նչ է պատրաստվում անել ԱԺ «Հայաստան» խմբակցությունն օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար, հետաքրքրվեցինք ՀՅԴ-ական պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՑ:
— Անկեղծ ասած, շատ դժվար է մեզ համար ընդունել իր այդ հրաժարականը, բայց, ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ էլի կմտածի, եւ Վեհափառը նույնպես ազդեցություն կունենա, որպեսզի փոխի իր կարծիքը: Բագրատ սրբազանի պարագայում համաձայնություն ստացանք, միգուցե այս պարագայում էլ լինի: Իսկապես շատ լավ կլինի, որ նա իր համաձայնությունը տա, եւ այս գործընթացն ի վերջո առաջ ընթանա: Մենք վերջին օրերին տեսանք, թե հանրային ինչպիսի մեծ ընդվզում կար՝ եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումներին ի պատասխան, եւ մենք համոզված ենք, որ Միքայել սրբազանի թեկնածության պարագայում՝ հանրային մեծ ճնշում կլինի, որպեսզի այդ 18 եւ ավելի ՔՊ-ական ձայներն էլ լինեն, որոնք կմիանան իմպիչմենտի գործընթացին:
— Իսկ եթե, այնուամենայնիվ, Միքայել սրբազանը չփոխի միտքը, այլ սցենար, մեկ ուրիշ թեկնածու քննարկվե՞լ է խմբակցությունում:
— Քննարկմանների մասին չխոսեմ: Եկեք նախապես «եթե»-ներով էլ չխոսենք, որովհետեւ, էլի եմ կրկնում՝ Միքայել սրբազանի թեկնածությունը շատ մեծ հնարավորություն է տալիս` այդ գործընթացն առաջ մղելու եւ հանրային ճնշում առաջացնելով` նաեւ ունենալու ՔՊ-ականների ձայները: Միքայել սրբազանի պարագայում արդեն իսկ 36 ստորագրություն կա՝ նախաձեռնությանն ընթացք տալու համար: Փաստացի պակասող 2 ստորագրությունն ունենք (նկատի ունի ՔՊ-ական անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի): Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:
— Տիկին Կյուրեղյան, չե՞ք կարծում, որ ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորների քայլերը դանդաղում են ու ժամանակավրեպ դառնում:
— Ավելի արագ չի ստացվում, որովհետեւ մեզ անհրաժեշտ էր 36 ստորագրություն, բայց մենք ունեինք 34-ը, իսկ այս պարագայում մենք արդեն 36-ն ունենում ենք։ Սա առաջընթաց է:
— Բայց կարելի էր չէ՞ այլ թեկնածուի շուրջ համախմբվել, հատկապես, որ Միքայել սրբազանի համաձայնությունը չունեիք:
— Մենք 36 ստորագրության խնդիր ենք ունենում այլ թեկնածուի դեպքում։ Թեկնածուի հարցը չէ միայն, մեզ պետք են միաժամանակ ե՛ւ թեկնածու, ե՛ւ ստորագրություններ: Իսկ ստորագրությունների բացակայությունը շատ լուրջ խնդիր է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ