Քոչարյան-Նիկոլ բեւեռները փրկություն է Նիկոլի համար. Արամ Մանուկյան
ՆերքաղաքականՀայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, Գերագույն խորհրդի, ապա ԱԺ մի քանի գումարումների նախկին պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
«ԱՅՍ ԽՄԲԱԿԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՆՍԵՄԱՑՈՒՄՆ Է»
— Վերջին օրերին տեսանք այն, ինչ տեղի չէր ունեցել 1700 տարի՝ հայը հարձակվեց Մայր Աթոռի վրա։ Ի՞նչ հետեւություն պետք է անել այս ամենից՝ դավաճանի խարանը քիչ էր, հիմա էլ այս իշխանությունը սրբապղծության խարա՞նն է ճակատին դաջում:
— Այն, ինչ որ ասացիք, ճիշտ է, բայց սա սկիզբ չէ՝ շարունակությունն է այն քաղաքականության, որ տարիներ շարունակ Փաշինյանն ու իր վարչախումբը իրականացնում են: Եթե վերջին տարիների իր բոլոր քայլերը, գրառումները, կառավարության որոշումները, ՔՊ-ականների ելույթները դնենք իրար կողքի, այլ ոչ թե դեպքերի, իրադարձությունների վերլուծություն կատարենք, ապա ընդհանուր պատկերում կտեսնեք, որ ամբողջապես այս խմբակի նպատակը պատմության ուրացումն է, ազգի եւ պետական արժեքների ոչնչացումը, հայկական ինքնության բոլոր ինստիտուտների նսեմացումը, որի արդյունքը ժողովրդի մեջ Հայաստանի քաղաքացուն ոչնչացնելն է։ Այսինքն` սա ոչ թե դեպքերի շարք է, այլ` ընթացք, քաղաքականություն։
Եվ նորագույն պատմության վրա թափվող այս աղբի մասնակիցն ենք բոլորս: Այսինքն՝ եթե 500 տարի առաջվա դեպքերի, իրադարձությունների, այս կամ այն փաստաթղթի ու աշխատության մասին կարող են լինել վերլուծություններ անող հակադիր կողմեր՝ տարբեր պատմաբաններ, վերլուծաբաններ, ապա այսօրվա նորագույն պատմության ժամանակաշրջանում ուրանալը եւ կեղծելը մեր վկայությամբ է տեղի ունենում: Իսկ այդ ուրացումը շատ հեշտ է երեւում, կեղծիքներն ակնհայտ են: Մասնավորապես դրանցից մի քանիսը նշեմ, որոնք ոչ թե այսօրվա համար են քանդում, քայքայում մեր պետությունը, անկախությունը, պետականությունը, այլ Նիկոլի այսօրվա արած բոլոր քայլերը մեծ ժամանակի համար են վնաս բերում: Դրանց մի մասը անվերադարձ, անշրջելի պատմական կորուստներ են մեր ժողովրդի ու պետության համար: Ամենամեծ արժեքը՝ անկախությունը, որի ակունքներում կանգնած ենք, որի մասնակիցն ենք եղել, որի համար ժողովուրդը գնացել է բազմաթիվ զոհողությունների, զոհաբերությունների, տանջված կյանքի, սոցիալական ամենածանր պայմանների, այդ արժեքը նսեմացվում էր եւ նսեմացվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբնական օրերից սկսած: Ես դրանում համոզվեցի անկախության տոների նշման ժամանակ, որին անգամ մեզ չէին հրավիրում, որից հետո, ինչպես տեսաք, հարվածներ տեղացին Անկախության հռչակագրի վրա, շարժումը համարեցին ԿԳԲ-ական եւ անկախությունը համարեցին ներմուծված, որպեսզի իրենց իսկ բառերով ասած՝ Ղարաբաղի հարցով մեզ ճնշումների ենթարկեն: Իսկ հետո էլ Ղարաբաղը դարձավ իրենց լեքսիկոնով՝ պարան Հայոց անկախության վզին: Սա սրբապղծություն է բոլոր զոհերի հիշատակի եւ նրանց արածի նկատմամբ, ովքեր կերտել են անկախությունը:
— Բայց, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի անկախության առաջին տարիներից Ձեր իշխանության օրոք Հայաստանը վերածվել է մարիոնետ պետության։ Իսկ ինքն ի՞նչ է դարձրել պետությունը:
— Գլուխը քարով է տալիս, թե այդպես է արտահայտվում: Գոնե ես 5 գիրք եմ հրապարակել, որտեղ արձանագրվում են մեր երկրի այն դժվարությունները, որոնց միջով մեր ժողովուրդն անցել է: Դրանք պատմական փաստեր եւ իրողություններ են: Իմ հրապարակած գրքերում ամփոփված են բոլոր այն փաստաթղթերը, ժամանակագրությունը, աշխարհի մեծերի արձագանքը, մեր շարժման ու անկախության առաջին տարիների թողած պատմական ժառանգությունը: Մասնավորապես մեր երկրի վերածնունդի փաստաթղթով՝ Անկախության հռչակագրով, իրականացվեց մոտավորապես 50 բարեփոխում, ռեֆորմ: Մեր երկիրը ծանրագույն դժվարությունների գնով մոտ 30 հիմնարար պատմական բարեփոխում կատարեց, որոնցից յուրաքանչյուրը կարող էր կործանման հիմք հանդիսանալ: Այսինքն` այդ ռեֆորմների տակից հնարավոր էր դուրս չգայինք, օրինակ, ժողովուրդը հեշտ չէր ընդունում հացի գների ազատականացումը, բանակի բարեփոխումը, մաքսային համակարգի ստեղծումը, սեփական դրամի ներդրումը, բանակի, տնտեսության կայացումը, սեփականաշնորհումը: Հիշո՞ւմ եք՝ քննադատողները լիքն էին, պրոբլեմներն ու մարտահրավերները՝ շատ: Բայց մենք անցել ենք դրա միջով, ժողովուրդը երբեմն դժկամությամբ, երբեմն ոգեւորվելով, հասկացել է, որ այս ամենը տանելով՝ մեր երկիրը դուրս եկավ միջազգային ճանապարհ, դարձանք միջազգային ընտանիքի անդամ։ 6 ամսվա ընթացքում մենք 50 երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծեցինք, աշխարհը ճանաչեց մեզ եւ ծանրագույն ռեֆորմների կայացմանը զուգահեռ՝ Հայաստանը ուժ գտավ իր մեջ 12 հազ. քառ. կմ տարածք ավելացնել Հայաստանի քարտեզին: 1994 թ. Հայաստանի տարածքը 42 հազ. քառ. կմ էր: Սրանք փաստեր են, որոնք կարող ես չսիրել, չհավանել, բայց դրանց դեմ չես կարող ոչինչ անել։ Այն պատմական արդյունքները, որոնք արձանագրվել են շարժման շնորհիվ, այդ թվում՝ տարածքների ընդլայնումը, մեր պատմության ընթացքի ամենալուսավոր կետերն են։
Մենք բոլորս գիտենք մեր բոլոր պատմավեպերը՝ կորուստների, տարածքները փոքրանալու, դավաճանությունների, թագավորությունները կորցնելու մասին: Իսկ շարժումը, որը մեր սերնդի, այս ժողովրդի սրբազնագույն ժամանակահատվածն է, նորագույն պատմության մեջ արձանագրեց 2 պատմական հաղթանակ՝ անկախ պետության ստեղծում եւ Ղարաբաղի ազատագրում։ Հետեւապես, Նիկոլն իր թիմով, իր ուսապարկերով ուր էլ թռնի, ուր էլ իջնի, պատռվի, իր ամբողջ ֆեյք համակարգն օգտագործի, չի՛ կարող այս արժեքները ոչնչացնել: Դրա համար էլ իր ամբողջ քաղաքականությունը, գործունեությունն այս 2 արժեքները նսեմացնելու մեջ է, որպեսզի ինքը մնա թիվ մեկը, ասի՝ իր նախորդները միայն պարտվողներ էին: Մինչդեռ հաղթանակներն ինքն է վերածում պարտության, բանակը` դավաճանների խմբի: Մտավորականները ոչնչացել են, վախից վաղուց գոյություն չունեն, Սփյուռքը, որ մեր հզորագույն գործընկերն էր, աջակիցն էր, գոյություն չունի, ամբողջապես հուսալքված, հուսահատված վիճակում է:
Եվ այս վերջին հարվածներով ինքը սկսեց արդեն ոչ միայն պատմության վրա ուրացման շեշտադրումներ դնել, այլ առաջիկա 2026-ի ընտրությունների նախաշեմին ոչնչացնել բոլոր այն հնարավոր ինստիտուտները, բոլոր հնարավոր շերտերին, որոնք կարող են սպառնալիք լինել իր իշխանությունը շարունակելու համար: Այդ սպառնալիքներից մեկը եկեղեցին է: Միշտ փորձում եմ մանր բաները դիտարկման առարկա չդարձնել՝ իր խուժանավարի ու անդաստիարակ ելույթները, կնոջ գրառումները, ընտանիքին ներքաշելը քաղաքականության մեջ, իր անզուսպ դրսեւորումները, դրանք անցողիկ են: Ես կարող եմ 2 հիմնարար սյուների մասին խոսել, որոնք այսօր քարկոծվում են. առաջինը բանակն էր, որ պատերազմից հետո դրեց, ոչնչացրեց: Մինչդեռ ուղղակի հոգեպես հայ ժողովրդի համար զինվորը միշտ եղել է թանկ: Անդրանիկով, Նժդեհով սիրելի է եղել զինվորը, դարձել է սուր, դարձել է կուլտ հեռուստաէկրաններին, գրքերում, դասագրքերում, դասարանների պատերին իրենց նկարներն են դրվել: Սա ինքնության մաս էր, որովհետեւ հատկապես թույլ ժողովուրդները սեփական հերոսներին ավելի են մեծարում, փրկություն են տեսնում նրանց մեջ։ Իսկ այսօր մեր բանակն այն վիճակում չէ՝ որպես հիմնասյուն, որպես ինքնության եւ անվտանգության պահապան սյուն՝ թուլացած է…
Հաջորդը եկեղեցին էր, սա արդեն իսկապես աննախադեպ էր: Պատմությունը գրեթե չունի այնպիսի դեպքեր, որ զինվորականը մտնում է հոգեւոր տուն, սա այլանդակության գագաթն էր: Իհարկե, Նիկոլը հետո շեշտադրումները փոխեց, թե իբր եկեղեցու դեմ չէ, այլ եկեղեցականների դեմ է, բայց ակնհայտ է, որ հրահանգը, որն ինքը կատարում է, եկեղեցին թուլացնելու համար է: Նա եկեղեցականներին չի քննադատում, հենց իր քայլերով եկեղեցական ինստիտուտն է ոչնչացնում: Ու այս ամենը այդ նույն պալիտրայի վրա է՝ ոչնչացնել բոլոր հնարավոր պոտենցիալ մրցակիցներին, ուժերին, որոնք ակնհայտ է, ինքն էլ շատ լավ գիտի, որ լինելու են իրեն դեմ։
«ՀԱՋՈՐԴ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԵՐ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ՝ ՊԱՌԱԿՏԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՍԻՑ»
— «Իրավունք» թերթը միշտ ամենաթունդ քննադատն է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների, հետագա քաղաքականության, բայց երբեք իրեն թույլ չի տվել այնպիսի խայտառակ բառապաշար, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր զուգընկերուհի Աննա Հակոբյանն են արտահայտվում ՀՀ առաջին նախագահի հասցեին: Ո՞ր պահից Փաշինյանի համար բացառիկ հեղինակություն Տեր-Պետրոսյանը հանկարծ դարձավ թիրախ։
— Լրիվ ճիշտ եք գնահատում, քննադատություն միշտ էլ եղել է Տեր-Պետրոսյանի նկատմամբ՝ առաջին իսկ օրվանից: Բայց նաեւ պետք է ասեմ, որ այդ մարդու քայլերը միշտ ցույց են տալիս, որ ինքը ճշմարիտ է եւ ինչ էլ արել է, նույնիսկ պարսավանքի ենթարկվելով, քննադատվելով, անեծքի տակ ընկնելով, միայն պետականությանն է նպաստել, պետության ամրացմանը, ուժեղացմանը։ Վերջին օրերի հարձակումը Հայ Ազգային կոնգրեսի եւ Տեր-Պետրոսյանի վրա նույն կոնտեքստի մեջ է: Հաշվարկել են, որ կարող է 2026-ին առաջանալ ընտրական 3-րդ բեւեռ: Այսօր գործում են Քոչարյան-Նիկոլ բեւեռները, ինչը փրկություն է Նիկոլի համար: Շատ-շատերի հետ եմ խոսել, շատերն են այն կարծիքի, որ Քոչարյանը երազելի, հարմար բլոկ եւ բեւեռ է Նիկոլի համար: Շատերն ասում են` լավ, եթե ոչ Նիկոլը, ապա՝ ո՞վ: Այդ մեթոդն աշխատում է, եւ իշխանությունը փորձելու է ժողովրդի վրա ազդել հենց դրանով։ Հատկապես այն հասարակ մարդկանց վրա, որոնք շատ ինֆորմացիա էլ չունեն ու դրա կարիքն էլ չունեն, այս մեթոդն ուտվում է: Սա հօգուտ Նիկոլի է: Դրա համար էլ հաջորդ հարձակումն իրենք փորձում են իրականացնել մեր կառույցում, որը հետեւյալն է` փորձել գտնել համախոհներ, դավաճաններ, պառակտել կուսակցությունը ներսից: Սա, այսպես ասած, փոքր մանյովր է, մանր քայլեր են, որոնց մենք ծանոթ ենք 30 տարի։
Եթե նայենք Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտը, գրեթե բոլորը դուրս են եկել ՀՀՇ-ից: Երբ առաջին անգամ խորհրդարան մտանք՝ 1990 թ.-ից սկսած, մեզ հետ քաղաքական պայքարի մեջ էր Կոմունիստական կուսակցությունը, ուրիշ չկար: Երեւի, կարելի էր բացառություն համարել ԱԻՄ-ին, որը մինչ այդ ԱՄԿ-ն էր: Բնականաբար, կային Սփյուռքի երեք կուսակցությունները, բայց դրանք դրսում էին, որոնք, ընդ որում, բոլորն էլ դեմ էին անկախությանը: Ես իմ գրքում ներկայացրել եմ, փաստաթղթավորված որոշումներ կան այդ մասին: Հայաստանյան դաշտը այդ օրերից սկսած լցվեց ընդդիմադիրներով, հակաՀՀՇական շարժումներով, հետո ԱԺՄ-ն ստեղծվեց, այլ կուսակցություններ ստեղծվեցին: Դրա համար եմ ասում, որ շատերն են դուրս եկել ՀՀՇ-ից, մեղադրանք չեմ համարում, դա իրողություն է, որ այդքան փորձությունից հետո՝ մենք էլի կանք: Հիմա էլ Նիկոլն է փորձում մեր կառույցից մի քանի հոգու տանելով՝ պառակտում մտցնել մեր մեջ։ Իմունիտետ ունենք, սովոր ենք, այդ կսմթոցները մեզ բացարձակ չեն թուլացնում:
— Նիկոլ Փաշինյանի հատկապես վերջին անդրադարձից հետո՝ ամեն ինչ պարզ է իր եւ Տեր-Պետրոսյանի հարաբերությունների այրված կամուրջների մասին: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք վերաբերում այն մարդկանց, ովքեր երկար տարիներ Ձեր կողքին են եղել, առիթը բաց չէին թողնում ՀՀ առաջին նախագահի առաջ քծնելու համար, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ են, շարունակում են պաշտոնավարել ու համաձայն են՝ անգամ Վեհարանի վրա հարձակվելու հարցում: Օրինակ` նախագահ Վահագն Խաչատուրյանը կամ՝ Հակոբ Մովսեսը՝ իբրեւ մտավորական, ու էլի շատ շատերը:
— Այո՛, շատ ճիշտ եք, իրականությունը դա է: Ի՞նչ ասեմ, դավաճանությունը, քծնելը, թռնելը, քցելը, աթոռի տակ մտնելը, փողի հետեւից վազելը բոլոր ազգերին է բնորոշ: Միշտ էլ պատեհապաշտներ գտնվում են, որոնք քամին որ կողմից է, դեպի այդ կողմ էլ գնում են ընդառաջ: Հիմա նույնը տեղի է ունենում հենց ՔՊ-ում՝ առաջիկա նախընտրական ցուցակում տեղի համար արմունկներով իրար են ջարդելու, մորթելու են միմյանց:
— Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրից կար տպավորություն, որ լեւոնականները, պարզապես, ներդրվում են առանցքային պաշտոններում, հետեւապես նույն գծի մեջ եք…
— Դրանք փախածներն էին, ոչ թե ներդրվածները։ Նրանցից մի մասը, իհարկե, հետո փոշմանեց: Պաշտոններ չստացան, խաբեցին, քցեցին, հուսախաբ եղան ու դուրս եկան: Եվ նույն պրոցեսը լինելու է հենց ՔՊ-ի ներսում: Հիմա էլ ՔՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք էլի մեզնից են գնացել, մեր դպրոցն անցած են, բայց ես ձեզ հավատացնում եմ` դավաճանությունը մի անգամով չի սահմանափակում:
— Հընթացս «խասյա՞թ» է դառնում:
— Եթե մի անգամ դավաճանում է, 2-րդ, 3-րդ անգամ դավաճանելը շատ հեշտ է լինում։ Վանո Սիրադեղյանի արտահայտությունն եմ միշտ հիշում, ասում էր` չգիտեմ որեւէ ընկերոջ դավաճանություն, որը վերջում հայրենիքի դավաճանության չի վերածվում, որովհետեւ թիմին, սեփական գաղափարները եւ պատմությունը դավաճանելն արդեն դավաճանություն է, եւ այդ սուբյեկտը պատրաստ է հաջորդ դավաճանություններին` իր կաշին փրկելու կամ իր նախկին մեղքերը ծածկելու համար։ Գիտեք, առողջ եմ վերաբերվում դրան, դա հայկական երեւույթ չէ, որ ինքնախարազանենք ինքներս մեզ: Բոլորի մոտ է այդպես՝ Վրաստանում էլ է նույնը, Ռուսաստանում էլ, ամբողջ աշխարհում էլ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Շարունակելի…