Կասեցված վարույթներ, կոմպրոմատներ ու դատավորի հափճեպ նշանակում. ով է սրբազաններին դատողը
ՀանդիպումԻնչպես հանրությունը կանխատեսել էր, «շատ պատահականորեն» Տավուշի թեմի նախկին առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական վարույթը մակագրվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է իրավապաշտպան ՄԱՐԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով առիթ է ունեցել դատական գործով առնչվել վերոնշյալ դատավորի հետ:
—Տիկին Պողոսյան, միթե՞ պատահականություն է, որ նմանատիպ գործերը, ինչպես նաեւ զոհվածի հոր դեմ դատավարությունը քննում է հենց Մասիս Մելքոնյանը: Այլ դատարան ու դատավոր չունե՞նք:
— Ըստ էության, մեր դատական համակարգում գործերը ձեռքով չպետք է մակագրվեն, դա պետք է լինի համակարգչով, ինչն էլ առաջացրել է զարմանք՝ այդ ինչպես է համակարգիչն անդադար ընտրում Մասիս Մելքոնյանին: Փաստորեն, համակարգիչը յուրահատուկ սեր ունի Մասիսի հանդեպ, ինչը չի կարելի ասել ժողովրդի վերաբերյալ եւ նույնիսկ` երկրի ղեկավարի:
Նախ շատ հակիրճ ասեմ, թե ով է Մասիս Մելքոնյանը եւ թե ինչու են նմանատիպ գործերը մակագրվում նման դատավորների: Մեր համակարգում կան դատավորներ, որոնց վրա կան որոշակի կոմպրոմատներ եւ, բնականաբար, նրանք դառնում են շատ կառավարելի եւ կախյալ ցանկացած իշխանության համար: Ես չեմ ցանկանում ասել, որ նման դատավորներ միայն ներկայիս իշխանության օրոք են, միշտ էլ եղել են: Նմանատիպ դատավորները, այսպես ասած, գործարք են կնքում եւ դառնում դատավոր, այսինքն՝ այդ անձինք իրենց վրա վերցնում են որոշակի պարտավորություն՝ կատարելու բոլոր տեսակի պատվերներ: Քանի որ այն բոլոր դատավորները, ովքեր ունեն բավարար գիտելիքներ, բարեվարքություն եւ այլն, նման դատավորները, բնականաբար, լինում են ավելի անկախ, ավելի անաչառ եւ օբյեկտիվ, ու ստիպված չեն լինում պատվեր կատարել: Սա իմ ընդհանուր դիրքորոշումն է, եւ դա վերաբերում է ընդհանուր դատավորներին, որոնք ունեն խնդիր բարեվարքության՝ իրենց գույքերի կամ ժամանակին նախաձեռնված վարույթների հետ կապված:
Ինչ վերաբերում է Մասիս Մելքոնյանին, իհարկե, սա կոնկրետ մեզ համար շատ զարմանալի էր, քանի որ մեր գրասենյակը ունեցել է անմիջական մասնակցություն, երբ նրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ասվածը, որն այժմ կոչվում է քրեական վարույթ: 2023 թվականի մայիսի 22-ին է Մելքոնյանն ընտրվել դատավոր: Չմոռանամ ասել, որ նա ընտրվել է իրավունքի ուժով, ինչպես ընտրվել էր նաեւ դատավոր Ժորա Չիչոյանը: Այսինքն՝ բարձրագույն դատական խորհուրդը թեկնածուին ներկայացնում է նախագահին, եւ նախագահը, բնականաբար, ստորագրում է:
2023 թվականի մայիսի 3-ին, բարձրագույն դատական խորհուրդն իր որոշման համաձայն՝ խորհրդի նախագահի գրությամբ, ներկայացրել է ՀՀ նախագահին՝ Վահագն Խաչատուրյանին Մասիս Մելքոնյանի թեկնածությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակվելու համար, որը մերժվել է նախագահի կողմից: Սակայն, չգիտես ինչպես, իրավունքի ուժով Մելքոնյանը դառնում է դատավոր: Այսինքն, սա արդեն իսկ ահազանգ է: Այնպես չէ, որ նախագահի ստորագրությամբ նշանակված դատավորները մի բարի պտուղ են, բայց նույնիսկ նախագահը, Մելքոնյանի դեպքում, չի համաձայնել:
— Դուք ասացիք, որ Ձեր գրասենյակն ունեցել է անմիջական մասնակցություն՝ Մասիս Մելքոնյանին առնչվող քրեական գործով: Ինչի՞ մասին է խոսքը:
— 2023 թվականի հունվարի 5-ին դերասանուհի Մարջան Ավետիսյանը Մասիս Մելքոնյանի վերաբերյալ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Բնականաբար, Մարջան Ավետիսյանը ստացել է իրավական աջակցություն: Հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ուրիշի վստահված գույքը հափշտակելու հոդվածով: Ստացվում է, որ դատավոր էր դառնում մի մարդ, որի վրա արդեն երկու ամիս առաջ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Չխախտեմ անմեղության կանխավարկածը, քանի որ պետք է օրենքի ուժ ստանա դատական ակտը, բայց սա խայտառակություն է, քանի որ արդեն իսկ համապատասխան քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ անկախ փաստերից եւ դրանց քանակից: Չմոռանանք, որ այս պարագայում նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն այն չհասավ իր ավարտին, որովհետեւ Մելքոնյանը դարձավ դատավոր, այսինքն այդպես՝ Սբխեչի նման կտրվեց, գնաց: Ի դեպ, այդ վարույթը ավարտին չի հասել՝ կասեցվել է, եւ երբ նա այլեւս դատավոր չլինի, կարող է կրկին վերաբացվել:
Ես կարծում եմ, երբ մարդու վրա կա քրեական վարույթ, ապա պետք է այն հասնի իր ավարտին՝ պարզվեր, արդյոք Մարջան Ավետիսյանն է սուտ մատնություն տվել, թե իրականում Մասիս Մելքոնյանն է կատարել խարդախություն, որի փաստերը ներկայացված են, եւ ապա նոր, մաքուր դուրս գալուց հետո, Մելքոնյանը նշանակվեր դատավոր: Այդ ի՞նչ հապճեպ խնդիր կար, որ պետք է լուծեր Մելքոնյանը: Ի դեպ, Փաստաբանների պալատում կա հարուցված կարգապահական վարույթ նույն Մասիս Մելքոնյանի վերաբերյալ, եւ դա հարուցվել է 2023 թվականի մարտ ամսին: Այդ կարգապահական վարույթը եւս կասեցվել է, որովհետեւ այն հարուցվել էր փաստաբան Մասիս Մելքոնյանի վերաբերյալ, իսկ նույն տարվա մայիսին նա դարձավ դատավոր: Այսինքն՝ նա այլեւս փաստաբան չէ:
Ցանկանում եմ նկատեք, որ ես իմ կարծիքը չեմ ներկայացնում, այլ ներկայացնում եմ փաստագրական տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ Մասիս Մելքոնյանը շատ պետք էր, որ դառնար դատավոր: Բացի այդ, պետք է ասեմ, որ Մելքոնյանը, որպես ՀՀ քաղաքացի, հարում է «Հանրապետություն» կուսակցությանը եւ եղել է կուսակցության քաղխորհրդի անդամ: Այստեղ եւս հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս, եթե դատավորը պետք է լինի չեզոք: Այս պարագայում չեզոք չէ, ինչն իհարկե կխանգարի օբյեկտիվ դատավարությանը: Ասեմ ավելին, լինելով ՌԴ քաղաքացի եւ ապրելով տվյալ երկրում, ստացել է քաղաքացիության տեղեկանք եւ մասնակցել 2021 թվականի ընտրություններին: Այս ամենն ի մի բերելով՝ հասկանում ենք, որ Մասիս Մելքոնյանն ունի որոշակի կա՛մ հովանավոր, կա՛մ մարդիկ, որոնց համար նա բավականին մեծ արժեք է ներկայացնում՝ որպես դատավոր: Հասկանալի է, չէ՞, որ ցանկացած կուսակցության համար սեփական դատավոր ունենալն իրականում շատ լուրջ բոնուս է: Սա իրականում կարող է շատ վտանգավոր լինել արդարադատության իրականացման բնագավառում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, որովհետեւ դատարանն արդարադատության պսակն է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ