Եթե իշխանությունները մտահոգված են այն հանգամանքով, որ իրենց քաղաքական օպոնենտները արցախահայությանը դարձրել են իրենց դեմ պայքարի քաղաքական գործիք, ապա թող «խլեն» այդ գործիքը նրանց ձեռքից
ՀանդիպումԱրցախի իշխանությունները տարբեր հարթակներում ներկայացնում են Արցախ վերադարձի տարբեր տեսլականներ։ Հետաքրքիր է արդյո՞ք իրենց պատգամավորներ համարող նույն անձիք հետաքրքրվում են շարքային արցախցիների խնդիրներով, հարցը ուղղել ենք արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ, ով այսպդս արձագանքեց.
- Արցախի իշխանությունները քաջատեղյակ են արցախցիների խնդիրներին, բայց ցավոք չունեն համապատասխան լիազորություններ դրանք լուծելու առումով։ Բռնի տեղահանումից հետո տարբեր խողովակներով փորձեր են եղել դրանք հասցնելու ՀՀ իշխանությունների համապատասխան մարմիններին` ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակով, սակայն ինչպես հայտնի է վերջիններս որոշումների ընդունման հարցում չեն առաջնորդվել ներկայացված առաջարկությունների տրամաբանությամբ և առաջնորդվել են խիստ սուբյեկտիվ դիրքորոշումներով։ Ինչ վերաբերում է հավաքական վերադարձի լեգիտիմ պահանջին, ապա դա մեր անօտարելի իրավունքն էլ և գլխավոր խնդիրը, որը ընդունվում է նաև միջազգային հանրության կողմից, սակայն տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից չի իրականացվում անհրաժեշտ դիվանագիտական քայլեր այդ իրավունքի ապահովման առումով։
- Իշխանությունները արցախցիներին մեղադրում է անշնորհակալ լինելու մեջ, ասում են իրենք ամեն բան անում են, որպեսզի հնարավորինս մեղմվի սոցիալական ծանր վիճակը,բայց ըստ իրենց, արցախցիները միշտ դժգոհ են։ Ինչո՞ւ։
- Իրականացվող թերի ծրագրերից որևէ մեկը ռայժմ չի ապահովել արցախահայության սոցիալական խնդիրի լուծումը, բացի բնակվարձերի ծրագրից, որը նույնպես թերի էր և ժամանակավոր։ Բնակապահովման ծրագիրը ունի մի շարք թերություններ և գործնական առումով հասանելի չէ դե յուրե շահառուներին և նաև հենց այս պատճառով էլ, որ մինչ օրս ծրագրին դիմած ընտանիքների թիվը չի գերազանցում մի քանի հարյուրը։ ՀՀ իշխանությունների կողմից չի ձևավորվել համապատասխան հանձնաժողով, որում նաև ներկայացված կլինեն արցախահայության ներկայացուցիչներն ու որոշումների ընդունման հարցում հաշվի կառնվեն վերջիններիս կողմից ներկայացված առաջարկությունները։ Ինչ վերաբերում է զբաղվածության, սոցիալական ինտեգրման և մնացած այլ հարցերին, ապա այդ առումով ընդհանրապես որևէ տեսանելի քայլեր չեն իրականացվել։
- Նույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ ընդդիմադիր ուժերը արցախահայերին դարձրել են , իրենց իսկ բնորոշմամբ.«հանրահավաքների մատերիալ»։ Ի՞նչ կասեք այս մասով։
- Եթե վերոնշյալները իրապես մտահոգված են այն հանգամանքով, որ իրենց քաղաքական օպոնենտները արցախահայությանը դարձրել են իրենց դեմ պայքարի քաղաքական գործիք, ապա թող որոշակի գործողություններով «խլեն» այդ գործիքը նրանց ձեռքից։ Ինչի՞ համար են արցախցիները մասնակցում այդ պրոցեսներին, այն խնդիրների պատճառով, որոնք առաջացել են ՀՀ քաղաքացիական իշխանությունների կողմից իրականացված քաղաքացիականության հետևանքով և այսօր ոչ միայն չեն ցանկանում լուծել այդ խնդիրները, այլ նաև չեն էլ փորձում գոնե մեղմացնել այդ հետևանքները, ուստի բնական էր, որ ընդդիմությունը ունի արցախահայությանը որպես քաղաքական պայքարի միջոց օգտագործելու լեգիտիմություն։