Կբարձրանա արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը ազգայնացումից հետո. Մանրամասնում է տնտեսագետը
Հանդիպում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,-այս մասին օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։
Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը և ի՞նչ հնարավոր վնասներ կկրի պետությունը, այն ազգայնացնելուց հետո հարցին անդրադարձել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, նախ փաստելով.
-Եթե նախաձեռնությունը պայմանավորված է վարչապետի անձնական էմոցիաներով կամ վրեժխնդրությամբ, ապա այն լրջագույն սպառնալիք է իրավական պետության հիմքերի համար։ Վարչապետը, կամ որևէ այլ անձ, անկախ պաշտոնից, չի կարող առաջնորդվել վրդովմունքով կամ անձնական դրդապատճառներով։ Վրեժխնդրությունը կամ զայրույթը տնտեսական կատեգորիա չեն։ Եթե նման զգացմունքներն են որոշում քաղաքականությունը, ապա մեր պետությունն այլևս չի կարող ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն կոչվել՝ ինչպես սահմանված է Սահմանադրության առաջին հոդվածով։ Այդ դեպքում պետք է ուղղակի հայտարարենք, որ հրաժարվում ենք այդ մոդելից և անցնում այլ ճանապարհի:
Հարցին՝ արդյոք ՀԷՑ-ի պետականացումը կարող է ազդել էլեկտրաէներգիայի սակագների վրա, տնտեսագետն արձագանքեց. - Իհարկե հնարավոր է, որ ազդեցություն լինի, սակայն սակագները սահմանվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որն ինքնուրույն մարմին է։ Սակագնի փոփոխությունը չի կարող լինել կամայական։ Դրա համար կան համապատասխան գերատեսչություններ՝ Էկոնոմիկայի նախարարություն, Արդարադատության նախարարություն, էներգետիկ ոլորտի պատասխանատու մարմիններ։ Բոլորն էլ պարտավոր են ներկայացնել հաշվարկներ։ Եթե այդ կառույցները լռում են և չեն հրապարակում հիմնավորումներ, ապա պետականացման գործընթացը կասկածի տակ է դրվում։
Շատ կարեւոր է իմանալ, որ երբ խոսում ենք ՀԷՑ-ի պետականացման մասին, պետք է քննարկենք դրա ինստիտուցիոնալ հիմքերը։ Նախ և առաջ, անհրաժեշտ է համապատասխան օրենք։ Հայաստանի Հանրապետությունում չկա ազգայնացման մասին օրենք։ Հետևաբար, անհասկանալի է՝ այս գործընթացը որ օրենքով է իրականացվելու։ Եթե մենք մեզ ժողովրդավար երկիր ենք համարում, ապա պարտավոր ենք գործել օրենքի ու ժողովրդավարության սկզբունքների համաձայն։ Հակառակ դեպքում մենք վանում ենք արտաքին աշխարհը։ Սեփականատիրոջ իրավունքները պետք է ուսումնասիրվեն, գնահատվեն և փոխհատուցվեն։ Հակառակ դեպքում, սա ազգայնացում չի լինի, այլ՝ կոնֆիսկացում: