7 թիվը հաջողություն բերեց Իվետա Մուկուչյանին. Հայաստանը եզրափակչում է
Արխիվ 16-20Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ հայտնվեց եզրափակիչ փուլում` Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխիայի եւ Մալթայի ներկայացուցիչների հետ միասին: Հատկապես, Մալթայի անցնելը եզրափակիչ շատ կարեւոր էր, քանի որ մասնակիցը հղի էր, ով գիտե, թե ինչ կլիներ չանցնելու դեպքում… Ինչեւէ, ուշագրավ էր այն, որ 7-րդ համարի ներքո ելույթ ունեցած մեր երգչուհին հենց թվով 7-րդն էր, ում անունը կարդացին եզրափակիչ փուլ անցածների շարքում: Այնպես որ, 7-ը Հայաստանին հաջողություն բերեց:
Ինչպես արդեն նշել էր «Իրավունքը», Ի. Մուկուչյանը գրավեց եվրատեսիլյան հանդիսատեսին ոչ միայն իր «Սիրո ալիք» երգով, այլ տեսքով` ներկայանալով աշխարհին ոչ թե ավանդական, այլ կրքոտ ու կրակոտ հայուհու տեսքով: Հիշեցնենք, որ երգը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակներ`Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդն է: Իսկ երգչուհու ոճով զբաղվել է Կիվերա Նայնոմիսը:
Ի դեպ, ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչն էր փորձել իր տեսքով աչքի ընկնել, այլեւ Էստոնիայի ներկայացուցիչը: Սակայն, եթե Իվետան ի ցույց էր դրել գեղեցիկ ոտքերը, ապա էստոնացի տղան իր վիդեոբացիկում մերկացրել էր հետույքը` եվրատեսիլյան էսթետիկան վերածելով հակաէսթետիկայի:
Առանձնացավ նաեւ Սան Մարինոյի ներկայացուցիչը, բայց ոչ թե իր ձայնով ու տեսքով, այլ նրանով, որ պարզվում է այս երկրում մի ներկայանալի ձայն ունեցող մեկը չկար եւ վերջիններս ներկայացել էին «Եվրատեսիլում» թուրք մասնակցով, ընդորում` նա թերեւս մասնակիցներից ամենատարեցն էր: Հավանաբար, թոշակի ուղարկելու փոխարեն, նրան շփոթել եւ ուղարկել էին միջազգային մրցույթի:
Իվետա Մուկուչյանին որպես լուրջ մրցակից կարելի է դիտարկել Ռուսաստանը ներկայացնող մասնակցին` ՍԵՐԳԵՅ ԼԱԶԱՐԵՎԻՆ, ում վառ կատարումը, թերեւս ակնհայտ է, որ կունենա լայն արձագանք` նաեւ քվեարկության տեսքով:
Անդրադառնանք նաեւ եվրատեսիլյան քվեարկությանը` հիշելով անցյալ տարվա դառը փորձը: «Եվրատեսիլ» երգի մրցույթում փորձը ցույց է տվել, որ Հայաստանը, որը չի կարող իր մասնակցին քվեարկել, պետք է քվեարկի այնպիսի երկրի օգտին, որ չվնասի մեր մասնակցին: Այլապես կստացվի, որ մեր իսկ ձեռքով առաջին տեղը գրավելու հնարավորությունից զրկում ենք մեր մասնակցին` մեր ձայները տալով այլ երկրի ուժեղ մասնակցի: Իհարկե, սա չի վերաբերում սփյուռքին, որը հուսանք ակտիվ կքվեարկի Իվետա Մուկուչյանի օգտին նաեւ եզրափակիչ փուլում` ապահովելով մեր հաղթանակը: Չէ որ հաղթանակած անկախ Արցախի դրոշը պետք է ծածանվի նաեւ եզրափակիչ փուլում, ինչպես Իվետան արեց այս անգամ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ