Բարձրագույն կրթություն ստացողների թիվը տարեցտարաի նվազում է. Ահազանգում է կրթության փորձագետը
ՀանդիպումԱյս տարվա ընդունելության քննություններն արդեն ամփոփվել են, համեմատած նախորդ տարիներին ինչ միտումներ են նկատվում մանրամասնում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը.
– Միտումը, որ կա վերջին 6-7 տարիներին, շարունակվում է՝ փոքրիկ տատանումներով, իսկ միտումը հետևյալն է. բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը տարեցտարի նվազում է, մեր շրջանավարտների գիտելիքները չեն ավելանում, ու բարձրագույն կրթությունը կտրված է արտադրությունից ու տնտեսությունից:
Այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ 10 հազարից էլ քիչ դիմորդ ընդունվեց առաջին փուլով, երկրորդ փուլով թիվն իհարկե ավելացավ, բայց դա էական որևէ տարբերություն չունի անցած տարվա տվյալներից: Մի բան էր մի փոքր ուրախալի, որ ընդունելության շեմը որոշ առարկաների գծով կես կամ մեկ միավորով բարձրացավ, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս տարի դիմորդների թիվն ավելին էր, քան անցած տարի:
Շարունակում է մտահոգիչ մնալ այն փաստը, որ դիմորդների լավագույն, իսկ նրանք շրջանավարտների լավագույն մասն են, ավելի քան 25 տոկոսը բացասական գնահատականներ է ստանում ընդունելության քննություններից: Սա նշանակում է, որ հանրակրթական դպրոցներում տրվող կրթությունն ու գիտելիքները ընդհանրապես չեն համապատասխանում բուհերի ընդունելության պահանջներին:
– Առկա խնդիրները անլուծելի՞ են, եթե ոչ, ապա ինչու չի արվում անհրաժեշտը, որպեսզի նման խնդիրների մասին մենք այլևս չխոսենք:
– Երկու կողմից գանք. նախ՝ բոլոր պետական բուհերը, ըստ էության, գործում են սահմանափակումների մեջ. Կառավարությունից՝ նախարարության միջոցով կա ներքին հանձնարարական, որ որևէ քայլ չձեռնարկեն ենթակառուցվածքները զարգացնելու, ծրագրերում որևէ փոփոխություն կատարելու, որովհետև շուտով բուհերը միավորվելու են ու տեղափոխվեն Ակադեմիական քաղաք:
Դա էականորեն սահմանափակում է բուհերի ազատության աստիճանը, նրանց թույլ չի տալիս որևէ նախաձեռնություն ցուցաբերել, որպեսզի կրթության որակը բարելավվի, կրթության պայմանները լավանան, ու ավելի շատ դիմորդներ ներգրավվեն:
Մյուս կողմից՝ դիմորդները չեն դիմում բուհեր, որովհետև նրանց մտքում կա այն գաղափարը, որ 4 կամ 6 տարի կորցնելու են ու վերջում ստանան նույն աշխատանքը, ինչին կարելի է հասնել մի քանի ամսյա դասընթացներից հետո, ու մեր շատ դիմորդներ գնում են հենց այդ ուղիով ու շատ երջանիկ են, որովհետև չեն կորցրել 4 կամ 6 տարի, որից հետո էլ, միևնույն է, այդ երեք ամսվա դասընթացները պետք է նորից անցնեին, որպեսզի հմտանային տվյալ աշխատանքում: Այսինքն՝ կան երկկողմանի խոչընդոտներ, որոնք չեն նպաստում բարձրագույն կրթության զարգացմանը՝ մի կողմից, և ուսանողների ներգրավմանը բարձրագույն կրթությանը՝ մյուս կողմից:
Երրորդ հանգամանքը նշեմ, որ այս իշխանության օրոք՝ վերջին 7 տարիների ընթացքում, բուհերի վիճակի վատթարացման հետևանքով պրոֆեսորադասախոսական կազմը պակասել է մեկ քառորդով՝ ավելի քան 25 տոկոսը դուրս է եկել համալսարաններից՝ մի մասին հանել են, մյուս մասը դուրս է եկել, մի մասն էլ նույն աշխատանքն անում է արտերկրի բուհերում:
– Կարելի՞ է ասել, որ կրթության խրախուսումը բավարար տեղ չի զբաղեցնում պետական օրակարգում
– Պետական մակարդակով խոչընդոտվում է, որ բուհերը կարողանան ուսանողներ ներգրավել: Միասնական քննության առաջին փուլով Ագրարային համալսարան է դիմել շատ քիչ դիմորդ, պատկերացրեք, թե ինչպիսի վիճակ է, մինչդեռ 90-ականներին տարեկան հազար մարդ էր դիմում: Բայց մենք այսօր գյուղատնտեսական մասնագետների կարիքն ունենք, ու շուրջ 20 անգամ քիչ ուսանողներով չենք կարողանալու պահպանել գյուղատնտեսության այն վիճակը, որն ունենք:
Նույնը վերաբերում է նաև բնագիտական մասնագիտություններով ուսուցիչներին, այստեղ ևս ունենք դիմորդների նվազագույն թիվ, ու իմ հաշվարկներով, եթե այսպես շարունակվի, ապա 50 տարի հետո մենք նոր կկարողանանք այսօրվա պահանջարկը բավարարել: Այսպիսի աղետալի վիճակում ենք, ու այս ուղղությամբ պետությունը, ըստ էության, քայլեր չի ձեռնարկում:
– Պարո՛ն Մխիթարյան, որ ասում եք՝ կա հանձնարարական՝ ելնելով Ակադեմիական քաղաքից, բայց այս վիճակով, եթե ոչինչ չի արվում, ըստ էության, ի՞նչ բազայով են հասնելու Ակադեմիական քաղաքին:
– Այստեղից արդեն պարզ է դառնում, որ ո՛չ Ակադեմիական քաղաքն է լինելու, ո՛չ էլ բուհերն են կարողանալու վերականգնել իրենց ունեցած նախկին պոտենցիալը, այսինքն՝ բուհերը կազմաքանդելու քայլ առ քայլ ծրագիր է իրականացվում: Մտածում ես, որ գուցե չեն հասկանում, գուցե հետո շտկեն, բայց այն, ինչ տեսնում ենք այս տարիների ընթացքում, ցույց է տալիս, որ բուհերը կազմաքանդելու աշխատանք է տարվում: Բարձրագույն կրթությունը տուժում է, որովհետև տարեցտարի դիմորդների թիվն է նվազում, իսկ այդ Ակադեմիական քաղաքն էլ իհարկե չի լինելու, որովհետև դրա համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ համապատասխան պայմաններ ու մասնագետներ:
