102-րդ բազան հանելու մասին «ընդդիմադիր» արեւմտամետները պետք է մոռանան. Բալասանյան
ՀանդիպումԳյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի դեմ տեղի ունեցած ակցիայի, ինչպես նաեւ վերջին արտաքին մարտահրավերների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
«ՄՈՍԿՎԱՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՍՏԱՆԱԼՈՒ»
— Ի՞նչ կասեք Գյումրիում տեղի ունեցած արեւմտամետների բողոքի ակցիայի մասին: Ի՞նչ վտանգներով էր այն հղի, եւ արդյոք կարող ենք ասել, որ անոնսավորված հետեւանքները հաջողվեց չեզոքացնել:
— Վտանգները բացառապես վերաբերում էին հրահրումներին ու բախումներին, որոնք կարող էին լինել Գյումրիում: Կարծում եմ` հենց կազմակերպիչների հիմնական խնդիրն էլ սադրանքն էր, ոչ ավել: Կազմակերպիչները շատ լավ գիտեին, որ իրենք չունեն բավականաչափ քաղաքական կշիռ, հնարավորություն եւ լուրջ հենարան՝ հասարակության շրջանում, որպեսզի կարողանան ստիպել Հայաստանի իշխանություններին բարձրացնել ռուսական 102-րդ բազան Հայաստանից դուրս բերելու մասին հարցը։
Ավելին, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, ակցիային ընդառաջ մի քանի ժամով Գյումրի էր ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետը, ռազմաբազայում ստուգատես անցկացրել եւ հետ դարձել։ Սա պատահական այց չէր։ Սա, ըստ էության, նաեւ նախազգուշացում էր Մոսկվայի կողմից, որ ցանկացած սադրանք բավականին կոշտ արձագանք է ստանալու։ Բայց ես կարծում եմ` Հայաստանի իշխանությունները բավականաչափ խելամտություն ունեին, որպեսզի կանխեին այդ մարդկանց գործողությունները, որոնք առաջնորդվում են բացարձակապես սեփական շահով։ Մեր ազգը եւս մեկ անգամ տեսավ այդ մարդկանց, որոնց չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության ապագան եւ անվտանգությունը։
Ուստի, օգտվելով առիթից, մեր քաղաքացիներին կոչ կանեմ, կխնդրեմ, կհորդորեմ հնարավորինս ձեռնպահ մնալ նման ավանտյուրաների մասնակցելու գայթակղությունից եւ ավելի սթափ նայել այն իրավիճակին, որն այսօր կա մեր տարածաշրջանում։
— Բայց գուցե իշխանությանը պե՞տք էին սադրանքներ, որպեսզի իրենք էլ, այսպես ասած, լեգիտիմ հնարավորություն ունենային ռուսական ռազմաբազան հանելու հարց բարձրացնել։
— Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները կբարձրացնեն 102-րդ բազան հանելու մասին հարց, քանի որ ընդամենը շաբաթներ առաջ Ալթայում Հայաստանի վարչապետը նշեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, հետեւաբար դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Իսկ եթե դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, 102-րդ բազայի հանելու մասին «ընդդիմադիր» արեւմտամետները պետք է մոռանան:
ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ԿՈՂՄԸ. ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՈՒԻԹՔՈՖԸ
— Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումների, ստորագրած փաստաթղթերի եւ հայտարարությունների շարքում ստվերում մնաց տեղի ունեցած ոչ պակաս ուշագրավ մի երկխոսություն: Մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը՝ Վաշինգտոնում Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի ռուսաստանյան հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Ի՞նչ կասեք այս հանդիպման մասին, ինչը հատկանշական էր նաեւ այն առումով, որ Փաշինյանը, բացի Թրամփից, որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում հանդիպում չի ունեցել:
— Այո, իսկապես, հանդիպումն ինքնին բավականին հետաքրքիր էր։ Եթե առաջնորդվում ենք զուտ արարողակարգային այբուբենով, ապա, ըստ տրամաբանության, Դոնալդ Թրամփից առաջ հանդիպում նախ պետք է լիներ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Բայց, փաստացի տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մարդու, ով Սպիտակ տանը չի զբաղեցնում ամենաբարձր պաշտոններից մեկը, այլ, ուղղակի, Թրամփի բանագնացն է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նաեւ կարելի է ենթադրել, որ Թրամփի բանագնացն է հետխորհրդային տարածքի հետ կապված ռուս-ամերիկյան բանակցություններում։ Հետեւաբար, այս առումով ուշագրավ էր Ուիթքոֆի հետ հանդիպումը, որի մանրամասները զարմանալիորեն չներկայացվեց մեր հասարակությանը, եւ պարզ չդարձավ, թե ինչ մոտիվացիայով էր կամ ինչով էր դրդված այդ հանդիպումը:
Ենթադրում եմ, որ այս հանդիպումը մեր դիվանագիտական ներկայացուցչության կողմից ԱՄՆ-ում նախօրոք պատրաստված, երեւի թե, չի եղել, այլ ուղղակի վերջին մեկ-երկու օրվա մեջ է որոշում կայացվել, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա եւ հենց Ուիթքոֆի հետ։
— Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ռուս-ամերիկյան բանակցություններում ինչ-որ միջնորդական դեր էր ստանձնել: Օրինակ, ՌԴ նախագահից մեսիջ է հղել Ուիթքոֆին կամ գուցե հենց վերջինս է նրան որեւէ հաղորդագրություն փոխանցել Վ. Պուտինի անունից:
— Ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին: Եթե ուշադիր հետեւում ենք հաղորդագրություններին եւ չենք սահմանափակվում միայն ՀՀ կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրություններով, ապա կնկատենք, որ Վաշինգտոնից վերադառնալուց հետո՝ Ռուսաստանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանն ունենում է հեռախոսազրույց եւ, ըստ ռուսական կողմի, քննարկվում է Ուիթքոֆի հետ կայացած հանդիպումը։ Սա շատ հետաքրքիր է. պատկերացրեք` վարչապետ Փաշինյանն առաջին անգամ Միացյալ Նահանգներում պաշտոնապես հանդիպում է Թրամփի հետ` իբրեւ երկրի ղեկավարի, բայց Ռուսաստանի նախագահի հետ քննարկում է ոչ թե այդ հանդիպման արդյունքները կամ մանրամասներ ներկայացնում տեղի ունեցած զրույցից, այլ ներկայացնում է Ուիթքոֆի հետ ունեցած զրույցը։
Դրա համար մեզ մոտ ստեղծվում է տպավորություն, որ Ուիթքոֆի հետ Նիկոլ Փաշինյանն առանձին քննարկել է հարցեր, որոնք, ըստ էության, ավելի մեծ նշանակություն ունեն, քան անգամ այն թեման, որը շոշափվեց Թրամփ-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ: Այնպես որ, չի բացառվում, որ աշխարհաքաղաքական առումով ավելի կարեւոր իրադարձություններ են դեռ մեզ սպասվում, որի հետ կապված Ուիթքոֆին փոխանցվել է կամ վերջինս փոխանցել է որոշակի տեղեկատվություն, որի վերաբերյալ էլ հետո Հայաստանի վարչապետը քննարկում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։
Ի դեպ, պատճառը, թե ինչու է Ուիթքոֆի միջոցով Ռուսաստանի նախագահն ինչ-որ բան փոխանցում կամ ստանում Հայաստանի վարչապետից, կարող է կապ ունենալ նաեւ այն հանգամանքը, որ կառավարության ներսում էլ հնարավոր է անգամ տեղյակ չեն, թե ինչ հարցեր է քննարկվել այդ հանդիպման ժամանակ: Մոսկվան կարող է մեծ ցանկություն էլ չունենա, որպեսզի այդ հարցերը լայն լուսաբանում ստանան Հայաստանի կառավարության ներսում եւ գերադասում է բացառապես երկրի ղեկավարի հետ առնչվել ու նրա հետ այս հարցը քննարկել։ Սա թվում է, թե մանրուք է, բայց, ըստ իս, ուշադրության արժանի է:
— Սպասումները թե՛ ՌԴ-ից, թե՛ Իրանից, կարծես թե, շատ ավելի մեծ էին: Մի շարք վերլուծաբաններ գտնում էին, որ հիմա-հիմա «ցունամի» է լինելու Միացյալ Նահանգներում կայացած եռակողմ հռչակագրի նախաստորագրումից հետո, բայց տեսանք բավականին մեղմ ձեւակերպումներ: Սպասե՞լ դեռ անակնկալների, թե՞ այդքան էլ չկարեւորվեց նրանց կողմից Սյունիքում, այսպես կոչված, Թրամփի մայրուղին կյանքի կոչելու հնարավորությունը:
— Չեմ կարծում, թե այդքան էլ չկարեւորեցին: Այն կարծիքին եմ, որ նման մեղմ արձագանքը շատ ավելի վտանգավոր կարող է լինել՝ այդ մայրուղու ծրագիրը հղացնողների համար, քան եթե նրանք պայմանական ասած՝ հարձակվեին այդ նախագծի վրա։ Եթե ուշադրություն ենք դարձնում ե՛ւ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովայի, եւ Իրանի արտգործնախարարի ու ՀՀ ԱԳ նախարարի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին, ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանն ասում են, որ իրենք ողջունում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ամեն դեպքում, տրամադրված են խաղաղություն հաստատել, այդ ուղղությամբ աշխատանքներ տանել եւ պայմանագիր ստորագրել, բայց երթուղու հետ կապված իրենք ունեն մտահոգություններ, ու պետք է այնպես արվի, որ այդ երթուղին չխաթարի եւ չխանգարի Մոսկվայի ու Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությանը։
Ինչպես Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին էր ասել, այդ երթուղին չպետք է խոչընդոտ հանդիսանա, որպեսզի Իրանը շարունակի իր կապը պահել տարածաշրջանում անցնող տրանզիտների եւ ճանապարհների հետ։ Սա չափից ավելի կարեւոր է, եւ կարծում եմ՝ հենց սրա վրա է պետք ֆիքսել: Հետեւապես, ոչ թե Մոսկվան ու Թեհրանը ողջունեցին ողջ գործընթացը, այլ ողջունեցին զուտ բանակցությունները շարունակելու որոշումը։ Իսկ մայրուղու հետ կապված, կարծում եմ, գետնի վրա շարունակվելու են բանակցություններ, եւ խնդիրներ Թրամփն ունենալու է հենց այդտեղ, քանի որ նա ստիպված է լինելու միանգամից չորս պետության հետ բանակցել՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ Հնդկաստանի, որոնք այս տարածաշրջանում լուրջ շահեր ունեն, որպեսզի կարողանա նրանց միջոցով փորձել անցկացնել «Թրամփի մայրուղին»: Հակառակ պարագայում՝ ոչինչ չի ստացվելու նրա մոտ: Ավելին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է, որ «Թրամփի մայրուղին» ոչ մի կերպ չի կարող անտեսել ռուս սահմանապահներին։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհի վրա վերահսկողությունը չի կարող անցնել ամերիկյան մասնավոր ընկերության, եւ այս ամենը բացարձակապես պետք է որոշվի Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների միջոցով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
