Սիրելն ամենօրյա աշխատանք է. Ալեքս Միրզոյանը՝ «ՍիրաSoon» ռեալիթի շոուում
Մշակութային20 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ, ամիսներ տեւած քասթինգ, ընտրված 12 յուրահատուկ մասնակից, 36 ժամադրություն՝ Հայաստանով մեկ… Հայկական մեդիան համալրվում է նոր, մասշտաբային, գունեղ ու զգայական նախագծով: Մեկնարկում է «ՍիրաSoon»-ը՝ հայկական առաջին ռեալիթի դեյթինգ շոուն, որը խոստանում է միավորել ռոմանտիկան, ինտրիգը եւ պայքարը՝ մեկ հարթակում։
Շոուի ամենամեծ անակնկալներից մեկն անկասկած մի շարք հիթային երգերի հեղինակ, երգիչ, երգահան, պրոդյուսեր ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ մասնակցությունն է։ Նա այս անգամ իր ուժերը փորձում է ոչ թե երգարվեստում, այլ լրիվ ուրիշ դաշտում, ավելի ճիշտ՝ սիրո խաղադաշտում։ Եվ արդեն հենց առաջին անոնսավորված էպիզոդներում տեսնում ենք, որ Ալեքսը հայտնվում է ինտրիգային միջադեպի կիզակետում։ Թերեւս սա նշանակում է, որ ռեալիթի շոուի ունկնդիրները հաստատ չեն ձանձրանալու, որովհետեւ մասնակիցները, կարծես թե, տրամադրված են ոչ միայն հաղթել, այլեւ անկեղծանալ չափից շատ ու գուցե սիրահարվել։
Ի դեպ, «Իրավունք»-ը փորձեց Ալեքսից մանրամասներ պարզել, թե արդյոք շոուի ընթացքում սիրահարվե՞լ է որեւէ մասնակցի, ինչն, ըստ էության, ենթադրում է ռեալիթի շոուի բովանդակությունը, սակայն նա խորհրդավոր ժպիտով տվեց խոհափիլիսոփայական պատասխան. «Սիրելն աշխատանք է, ամենօրյա՛ աշխատանք։ Եթե ուզում ես իրական սեր, պետք է աշխատես դրա վրա։ Ոչ թե մի օր սիրել ու հետո մոռանալ, այլ ամեն օր՝ ընտրել ու մնալ այդ ընտրության մեջ»։
Այս խոսքերից մնում է միայն եզրակացնել, որ ռոմանտիկ երգիչ, երգահանը ժամանակավորապես, բայց լրջորեն փոխարինել է բեմը՝ սիրային մարտահրավերով։ Եվ, իսկապես սա մարտահրավեր է՝ վիզուալ եւ զգայական առումով։ Շոուի մասնակիցներն անցել են մի քանի փուլով՝ մրցակցելով հազարավոր դիմորդների հետ։ Կգտնե՞ն սեր, ցույց կտա ժամանակը: Բայց Ալեքս Միրզոյանի մասնակցությունն արդեն իսկ հուշում է, որ այս շոուն լինելու է ոչ միայն սիրային, այլեւ՝ երաժշտական, խարիզմատիկ ու անակնկալներով լի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ