Աղբավայրի տարածքում կան կենդանիներ՝ շներ, թռչուններ, առնետներ, որոնց միջոցով կարող են տարածվել վարակիչ հիվանդություններ. Ահազանգում են բնապահպանները
ԹեմաԵրևանի հիմնադրման 2807-ամյակի տոնակատարություններին ընդառաջ բռնկված հրդեհը հաջողվեց ամբողջության մարել միայն կիրակի: Շիջման աշխատանքներին ներգրավված էին ոչ միայն հրշեջները։
Աղբավայրի ծխի մեծ ամպերը հարակից համայնքներից բացի, կիլոմետր էին անցել ու հարցուցել նաև Արաբկիրի, Դավթաշենի ու Ավանի բնակիչների զայրույթը. երևանցիները մի քանի օր բողոքում էին տհաճ ու աղտոտված օդից։ Նույն ընթացքում քաղաքապետարանից ու առողջապահության նախարարությունից հորդորում էին քաղաքացիներին մնալ փակ տարածքներում։ Մինչ շաբաթ կեսօր երևանի կենտրոնում աղտոտվածության առավել բարձր մակարդակ էր արձանագրվել։
Մասնագետները պարբերաբար են հիշեցնում՝ որևէ՝ անգամ տարրական ստանդարտների չհամապատասխանող աղբավայրը լուրջ բնապահպանական ու առողջապահական խնդիր է մայրաքաղաքի համար։ Տարածքում կուտակվող հարյուր հազարավոր վտանգավոր թափոնները՝ մարտկոցների, սննդիկով ջերմաչափերի, էլեկտրոնային սարքավորումների այրման հետևանքով՝ արտանետվում են քաղցկեղածին կամ թունավոր գազեր:
Անցած շաբաթ բռնկված հրդեհից հետո քաղաքապետարանը որոշել է Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ իրականացնել։ Դրանք դեռ շարունակվում են։
Մասնասնագետների ահազանգին ի պատասխան, որ Նուբարաշենի աղբավայրը պետք է օր առաջ փակել, տարիներ շարունակ նաև քաղաքային իշխանությունների խոստումն է հնչում նոր աղբավայրի կառուցման մասին։
Քաղաքապետը շաբաթավերջ դարձյալ խոստացավ՝ աղբավայրը փակվելու է, այս տարի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը կհայտարարվի։ Ավինյանը, սակայն, հստակ ժամկետներ չի նշում։
«Մենք ունենք լուրջ համակարգային խնդիր կոնկրետ աղբավայրի հետ կապված», - ասում է բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը.
-Խիստ կասկածում եմ, որ խոստացված ծրագիրն ընդհանրապես հնարավոր է իրականություն դարձնել, քանի որ Երևանում աղբի զանգվածային առաջնային տեսակավորում չի իրականացվում։ Աղբի վերամշակում, աղբի սորտավորում, այդ խնդիրը մեզ մոտ լուծված չի։ Ինչքան էլ մենք տարբերակող աղբամաններն ունենանք, դա լավ է, որ մարդիկ տեսնեն, հասկանան՝ կարելի է այսպես շերտավորել և այլն, բայց խնդրի լուծման համար դա շատ փոքր քանակ է։
Երևանում ոչ բոլոր փողոցներում կան թղթի, ապակու, պլաստիկի համար նախատեսված աղբամաններ, իսկ երևանցիներից ոչ բոլորն են աղբը տեսակավորում։
Այլ խոսքով ունենք աղետալի վիճակ, ու չունենք այդ վիճակում ոչ մի պատասխանատու մարմին, մեր բնակիչների անվտանգությանն ուղղված կոնկրետ գործունեություն: Իսկ անվտանգությունը պետք է ապահովել, որովհետև դա կատաստրոֆա է` այնտեղից դուրս են գալիս շատ վտանգավոր քիմիական միացություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդկանց առողջության վրա:
Նուբարաշենի աղբավայրի խնդրի շուրջ իր տեսակետն է հայտնել նաև բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ։ Նրա խոսքով՝ աղբավայրի այրումն ունի ոչ միայն տեսանելի, այլև անտեսանելի վտանգներ, որոնք լուրջ ռիսկեր են պարունակում հանրային առողջության համար.
-Եթե այս խնդիրը տասը տարի առաջ սկսեին լուծել, այսօր այս իրավիճակը չէինք ունենա։ Մեծ քանակությամբ աղբ է կուտակվել, ինչի հետևանքով խնդիրը դարձել է շատ բարդ։ Մենք տեսնում ենք ծուխը, որը շնչում ենք։ Արտանետումները լուրջ խնդիրներ են առաջացնում մարդու առողջության համար։ Մարդիկ մինչև ե՞րբ պետք է դիմակներ կրեն կամ խոնավ շորեր դնեն լուսամուտների վրա։ Աղբավայրի տարածքում կան կենդանիներ՝ շներ, թռչուններ, առնետներ, որոնց միջոցով կարող են տարածվել վարակիչ հիվանդություններ՝ սպառնալով բնակչությանը: Կոշտ կենցաղային աղբի ավելի քան 70 տոկոսը խառը վիճակում է հասնում աղբավայր, ինչը մտահոգիչ ցուցանիշ է: Լուծումը մեկն է՝ աղբավայրը պետք է ունենա վերամշակման համակարգ։ Այլ տարբերակ պարզապես չկա:
