Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է դասական հանցագործի մտածելակերպ. Գագիկ Համբարյան
ՆերքաղաքականԳյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս կգնահատեք Գյումրիում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղմկոտ ձերբակալությունը։ Սա քաղաքական գործընթա՞ց է, թե՞ իրավական։
— Իմ կարծիքով՝ այստեղ իրավական գործընթացների մասին խոսելն ավելորդ է: Մենք ամեն անգամ տեսնում ենք ՔՊ-ի դավաճանային քաղաքականությունը, որն իր արտահայտումն է գտնում հատկապես վերջին հինգ տարիներին։ Դեռեւս տարիներ առաջ ձեւավորվեց այն, ինչը կարելի է անվանել քայլականների «լիբերալ ֆաշիզմ», որի դրսեւորումները հասել են նաեւ Գյումրի։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը բացահայտ ցույց է տալիս, որ նա չի ներում գյումրեցիներին իրենց քաղաքական ընտրության համար։ Նրա ներկայացուցիչները փորձում են առաջ տանել այն թեզը, թե Վարդան Ղուկասյանին գյումրեցիները չեն ընտրել, ինչը պարզապես անհեթեթ է։ Վերջին ՏԻՄ ընտրություններին մասնակցած հազարավոր ընտրողների մեծ մասը քվեարկել է ՔՊ-ի դեմ եւ ընդամենը քիչ տոկոսն է աջակցել այդ ուժին։ Սա հստակ արտացոլում է գյումրեցիների քաղաքական կամքը։
Ժողովրդավարական երկրներում ընտրությունների արդյունքների լուծման հստակ ձեւաչափ կա: Եթե մեկ քաղաքական ուժ ստանում է ավելի քան 50 տոկոս ձայն, նա միանձնյա ձեւով ղեկավարում է համայնքը։ Իսկ այն դեպքերում, երբ ոչ մի ուժ չի ստանում 50+1 տոկոս ձայն, ընտրություններում մանդատ ստացած մյուս ուժերը՝ նույն գաղափարախոսությամբ, կարող են միավորվել եւ ընտրել քաղաքապետ։ Գյումրիում հենց այդպես էլ եղավ. չորս ընդդիմադիր ուժ միավորվեցին եւ ընտրեցին քաղաքապետ։ Դա լիովին տեղավորվում է ժողովրդավարական սկզբունքների շրջանակում։
Սակայն Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով եւ հայտարարություններով, բացահայտ ցուցաբերում է հակակրանք գյումրեցիների նկատմամբ։ Նրա կողմից Գյումրիի տոնակատարության կապակցությամբ որեւէ շնորհավորանք չուղարկվեց, իսկ հետագա իր քայլերը ցույց տվեցին, որ նա փորձում է տապալել գյումրեցիների ընտրությունը՝ օգտագործելով վարչական եւ քաղաքական ճնշման մեթոդներ։
Փաշինյանը չի հարգում ոչ միայն Վարդան Ղուկասյանին, ում ներկայացնում է որպես «տգետ» կամ «ՀՀԿ-ական մնացուկ», այլեւ՝ գյումրեցիներին, ում ընտրական կամքը բացահայտ անտեսվում է։ Նրա իշխանությունը շարունակ փորձում է հանրությանը համոզել, թե Գյումրիում տեղի ունեցածը հակասում է օրենքին, մինչդեռ փաստերը խոսում են հակառակի մասին։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է համապետական ընտրություններին եւ ձգտում է վերազավթել այն համայնքների իշխանությունը, որտեղ քաղաքապետերն ընդդիմադիր են։ Այս գործընթացն արդեն իսկ նկատելի է մի շարք համայնքներում՝ Աբովյանում, Ալավերդիում, Վանաձորում, իսկ այժմ՝ Գյումրիում։ Ընդ որում, գործադրվում են նույն մեթոդները՝ վենդետայի, շանտաժի, սպառնալիքների եւ քաղաքական ճնշման ձեւաչափով։
Փաշինյանի համար առաջիկա համապետական ընտրությունները կյանքի եւ մահվան խնդիր են։ Վերջին հինգ տարիների ընթացքում նրա իշխանությունը կատարել է այնքան հակաօրինական եւ հակապետական գործողություններ, որ նա հստակ գիտակցում է՝ իշխանությունը կորցնելը իր համար հավասար է պատասխանատվության ենթարկվելուն։ Այդ պատճառով էլ նա պատրաստ է ամեն քայլի՝ իշխանությունը պահելու նպատակով։
Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է դասական հանցագործի մտածելակերպ: «Եթե ես չլինեմ վարչապետ, ապա Հայաստանը թող չլինի», - ըստ իս, սա է նրա գործողությունների հիմնական շարժառիթը։
Այն քաղաքական ուժերը, որոնք դեռ հույս ունեն, թե կարելի է այս իշխանությանը հաղթել ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խորապես սխալվում են։ Փաշինյանը պատրաստ է չեզոքացնել բոլոր ընդդիմադիր ուժերին, բանտարկել նրանց առաջնորդներին եւ կիրառել ցանկացած միջոց՝ սեփական վերարտադրությունը ապահովելու համար։
— Ի՞նչ նախադրյալներ կային դեպքերի նման զարգացման համար։ Արդյո՞ք սա վկայում է, որ Գյումրիում այսօրվա իշխանության նկատմամբ անվստահությունն էլ ավելի է խորանալու:
— Նախադրյալներ, իհարկե, վաղուց կային, եւ Նիկոլ Անհողը դա չէր էլ կարող չիմանալ։ Ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, երբ Նիկոլին հարցեր էին ուղղում իր կուսակիցները, բոլորը շատ լավ գիտեին, որ դրանք բեմականացումներ են։ Չի կարող «Քայլից»՝ դավաճանավոր ոհմակից, որեւէ մեկն առանց նախապես պայմանավորվելու՝ հարցեր տալ Նիկոլ Անհողին։ Եվ հենց այդ Նիկոլը մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում արդեն ցույց էր տալիս այս իշխանությունների քայլերը Գյումրու քաղաքապետի նկատմամբ։ Այսինքն՝ նրանք անգամ չէին էլ փորձում թաքցնել իրենց գործողությունները։
Ի դեպ, նշեմ, որ ընտրության ժողովրդավարական պետություններում քաղաքապետ ընտրելու երկու ձեւ կա. երբ մարդը ստանում է պարզ մեծամասնություն ժողովրդի քվեարկության արդյունքում, կամ երբ ստանում է մեծամասնություն մի քանի քաղաքական ուժերի միավորման պարագայում։ Բայց այս մարդկանց մոտ դա չի ընդունվում։ Հասկանու՞մ եք՝ այս մարդիկ ոչ միայն չեն հասկանում ժողովրդավարության սկզբունքները, այլեւ շատ թույլ են մաթեմատիկայից։ Նրանք փորձում են իրենց պարտությունը՝ Գյումրիում ստացած չնչին տոկոսը, ներկայացնել որպես հաղթանակ։ Սա կա՛մ լկտիության գագաթնակետն է, կա՛մ տգիտության գերգագաթնակետը։
Իհարկե, պետք է նաեւ նշեմ, որ ինչ վերաբերում է հանրային իշխանությունների նկատմամբ անվստահության խնդրին, ապա ամեն բան միայն կսրվի։ Եվ, ի դեպ, կրկնում եմ՝ ես ինքս Վարդան Ղուկասյանին չեմ ընտրել որպես քաղաքապետ, բայց խնդիրն այն է, որ ես` որպես գյումրեցի եւ ընդդիմադիր, տեսնում եմ՝ այս մարդը արհամարհել է, ավելի ճիշտ՝ թքած ունի գյումրեցու ընտրության վրա։ Այս մարդը փաստացի ասում է՝ կա՛մ դուք ինձ եք ընտրելու, կա՛մ ուրիշներին չպետք է ընտրեք, եւ վերջ։ Այս բոլոր ընտրությունները նա ֆիքսել է իր համար՝ որպես ֆիքցիա։
Օրինակ` հենց Ախուրյանի խոշորացված համայնքում բնակիչների պարզ մեծամասնությունը ձայնը տվել էր երկու ընդդիմադիր ուժերի։ Իսկ ինչ արեց նա՝ ընդամենը ժամանակ անց մանդատագողության միջոցով զավթեց իշխանությունը։ Ախուրյանում համայնքապետ նշանակեց իրեն հաճո «ուրախ մարդուն»։ Նույնը արեցին նաեւ Ալավերդիում ու Վանաձորում. այնտեղ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է մեկը, որն ընտրությունների հետ որեւէ առնչություն անգամ չունի, իսկ իսկապես ընտրված քաղաքապետը երկու տարուց ավել անցկացրեց բանտում։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
