Որ իշխանավորը դուրս է գալիս եկեղեցու դեմ՝ թող հիշի, որ դա իր համար տանուլ տված պատերազմ է. Գևորգ Պետրոսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Աժ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղղված ներկայիս քաղաքական ոտնձգություններին: Նա մանրամասն ներկայացրել է, թե ինչու է Սահմանադրական դատարանի անգործությունն այս հարցում մտահոգության տեղիք տալիս, եւ ինչ հնարավոր լուծումներ կարող են լինել:
— Սահմանադրությունը հստակ ասում է, որ եկեղեցին պետությունից անկախ է։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը, երբ իշխանությունն ամբողջովին ներգրավված է եկեղեցական հարցերի մեջ:
— Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ եկեղեցին եւ պետությունը անջատված են միմյանցից: Եվ այն անարգանքը, որ այսօրվա իշխանությունները գործում են եկեղեցու նկատմամբ, դա նույնպես Սահմանադրության 18-րդ հոդվածի խախտում է: Ըստ այդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահպանման գործում:
Բացի այդ, կա նաեւ մեկ այլ ճշմարտություն. Եկեղեցու սպասավորը, եկեղեցականն իրավունք ունի կարծիք հայտնել ժողովրդի եւ պետության վիճակի մասին: Այդ պատճառով է ասվում, որ եկեղեցականը միայն աղոթելու համար չէ, սակայն պետությունն իր կողմից անհարկի միջամտություն ունի եկեղեցու գործերին: Նույնն է նաեւ այն, որ, օրինակ, Հարությունյան Արայիկը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նույնիսկ տեղյակ չէ, որ արդեն ներգրավված է հանցագործության մեջ:
Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետական մարմինները եւ նրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այժմ հարցն այն է, թե ինչպիսի՞ նորմատիվ ակտի հիման վրա է վարչապետի աշխատակազմի ղեկավարը միջամտում՝ ասելով, որ Վեհարանը պետք է դատարկվի: Սա Վեհափառի մասին է, եւ իրավական ակտի շրջանակներում որեւէ հիմք չկա:
Այստեղ էլ գալիս է մեկ այլ խնդիր. Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում սահմանադրական կարգի տապալման համար: Սահմանադրական կարգի տապալումը հանդիսանում է քրեական պատասխանատվության հիմք: Քրեական օրենսգրքում գրված է, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի խախտումը եւս ունի պատժելի հետեւանքներ:
Այս բոլորը հասկանալով՝ նրանց մեծ մասը, անկախ մասնագիտական ունակություններից, զբաղեցրած պաշտոնից եւ կատարված գործողություններից, պարզապես հետեւում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ հիմնավորելու գործը, եւ չեն հասկանում, որ դրանով թույլ են տալիս ծանր հանցագործություններ, որոնք քրեական օրենսգրքով արգելված են եւ կարող են ունենալ 10-20 տարվա տեւողությամբ պատժամիջոց:
Մի խոսքով, ես չեմ ողջունում իշխանության այդ կատարած գործողությունները եկեղեցու հանդեպ: Բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անպարտելի է, եւ որ իշխանավորը դուրս է գալիս եկեղեցու դեմ, թող հիշի, որ դա իր համար տանուլ տրված պատերազմ է:
— Ինչպե՞ս կբացատրեք Սահմանադրական դատարանի ցուցաբերած անգործությունը, եւ ի՞նչ պատճառներ կարող են լինել:
— Կարծում եմ, որ ճշգրիտ կլիներ, եթե Սահմանադրական դատարանի գործունեության համար պատասխանատու մարդկանցից համապատասխան մեկն անդրադառնար այս հարցին, բայց բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանը` որպես պետական մարմին, պարտավոր է հաշվի առնել Սահմանադրության դրույթները, ըստ որոնց՝ եկեղեցին, այսինքն՝ կրոնական կազմակերպությունները, անջատված են պետությունից: Ես չգիտեմ կոնկրետ, թե Սահմանադրական դատարանի վարույթում ինչ գործ կհայտնվի, բայց նրանք պարտավոր են հիմք ընդունել այս սկզբունքը, որովհետեւ ոչ մի պաշտոնատար անձ իրավունք չունի պահանջ ներկայացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ նրա ղեկավարի՝ Մայր Աթոռի Վեհափառ Հայրապետի դեմ:
Այդ ձերբակալությունները, որոնք կատարվում են, անձերի դեմ չեն ուղղված։ Օրինակ՝ դուք արդեն գիտեք, որ մենք ունենք մի քանի նշանավոր եկեղեցական կալանավորված, բայց դա անձերի դեմ չէ։ Այս ամենն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որը, ըստ շրջանառվող լուրերի, կանգնած է որոշակի քաղաքական կամ արտաքին ուժերի ճնշումների տակ:
Ստացվում է, որ խնդիրը ոչ թե անձերին, այլ եկեղեցու ինստիտուտին է վերաբերում՝ այն փորձելով ներառել քաղաքական խնդիրների շրջանակներում, ինչը հակասում է Սահմանադրության սկզբունքներին: Մեր հասարակությունը պարտավոր է պաշտպանել օրենքի գերակայությունը եւ հարգել կրոնի ազատությունն ու եկեղեցու անկախությունը պետական կառույցներից:
Եկեղեցու դեմ այս գործողությունները, անկախ նրանից, թե դրանք իրականացվում են տեսականորեն օրենքի շրջանակներում, կամ դրանք ներկայացվում են որպես անհատների վրա ուղղված վարույթներ, իրականում արտացոլում են ավելի խորը՝ քաղաքական եւ հասարակական խնդիրների ներգրավում կրոնի ոլորտում: Սա առաջացնում է լուրջ հարցեր՝ թե որքանով է հանրապետությունը պաշտպանում իր քաղաքացիների եւ կրոնական համայնքների իրավունքները, ինչպես նաեւ որքանով է ապահովում սահմանադրական նորմերի պահպանումը։ Հենց այս առումով, Սահմանադրական դատարանը` որպես բարձրագույն իրավական մարմին, ունի պատասխանատվություն՝ համարժեք եւ հստակ արձագանք տալ այս խնդիրներին, որպեսզի օրենքը պահպանվի, իսկ եկեղեցու անկախությունը երաշխավորված լինի։
Խնդիրը ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական եւ հասարակական բնույթ ունի: Անհատների նկատմամբ իրականացվող գործողությունները չեն կարող արդարացնել եկեղեցու ինստիտուտի նկատմամբ համակարգային ճնշումները: Մեր հասարակությունը պարտավոր է պաշտպանել Սահմանադրությունը, օրենքի գերակայությունը, եւ այն արժեքները, որոնք թույլ են տալիս, որ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, շարունակի իր գործունեությունն անկախ եւ ազատ՝ առանց քաղաքական շահարկումների կամ պետական ճնշման: Հակառակ դեպքում, մենք կանգնած կլինենք իրավիճակի առջեւ, երբ օրենքը եւ հասարակական վստահությունը խարխլվում են, իսկ հասարակությունը կորցնում է իր հիմնական իրավական եւ բարոյական հիմքերը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ