Քրեական քրոնիկոն
Քրեական40-ԱՄՅԱ ԱՐՏԱՇԱՏՑՈՒ ՌԴ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԵՂԾ ԷՐ
Արարատի մարզի պարեկային ծառայության կարգախումբը հոկտեմբերի 8-ին Մասիս քաղաքի 3-րդ փողոցում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:
Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 40-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է՝ զրկված լինելով վարելու իրավունքից, սակայն ներկայացրել է ՌԴ վարորդական վկայական: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ 40-ամյա տղամարդը բեռնախցիկից իր վերցնելու պատրվակով, այնտեղից վերցրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինչ-որ իր եւ նետել։ Արգելված իրեր եւ առարկաներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է, որը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Պարզվել է նաեւ, որ ՌԴ վարորդական իրավունքի վկայականը, որը ձեռք էր բերել Ռուսաստանի Դաշնությունում, կեղծ է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՎԱՆԱՁՈՐՑԻՆ ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՆԵՓ ԷՐ ԱՃԵՑՐԵԼ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 58-ամյա բնակիչը Հակոբյան փողոցում գտնվող իր ավտոտնակում լաբորատոր եղանակով կանեփ է աճեցնում եւ պահում է թմրանյութ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հոկտեմբերի 10-ին Զաքարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ավտոտնակում հայտնաբերվել են կանեփի բույսեր եւ 300 գրամից ավելի կանեփանման չորացված-մանրացված զանգված։
58-ամյա վանաձորցին ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքնություն:
ՈՎ Է ԱՐԱԲԿԻՐԻ ՏԱՐԲԵՐ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՏԵՂԱԴՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԸ
Թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին:
Ըստ տեղեկության` Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում:
Ժամը 11.50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով:
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
