«Շատ վատ տպավորություն եմ ստացել»․ Արայիկ Հարությունյանը՝ 2020-ին Վեհափառի հետ հանդիպումի մասին
ԹեմաՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, կնքվել է 1991 թվականին։
Նա նշեց, թե 2020 թվականին Վեհափառ Հայրապետի հետ հանդիպելուց հետո էլ չի ուզել հանդիպել նրան։
«Անկեղծ ասած, երբ 2020 թվականին հանդիպել եմ, շատ վատ տպավորություն եմ ստացել։ Գնացել եմ, ընդ որում, չէի ուզում գնալ, ու այդ զրույցի ընթացքում հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի՝ մի օրինակ կարո՞ղ եք բերել, ասաց՝ այո՛, կանչեց իր օգնականին ու ասաց, որ թուղթ բերի, բերեց, ասում է՝ «գիտե՞ս, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ նստեցրել ես կարգալույծ քահանայի», ասում եմ ՝ մեղա քեզ, Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, ցուցադրում է մի նկար, որտեղ Գայանե Աբրահամյանի «Հոդված 3» ակումբում ինձ ու Սուրեն Պապիկյանին հրավիրել են քննարկման, նստեցրել են առաջին շարքում ու ում ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ո՛չ ինձ, ո՛չ Սուրեն Պապիկյանի հետ... ու այս մարդիկ այս բարքերով, այս ստերով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էին մթնոլորտ»,- պատմեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Գարեգին Երկրորդն իր մոտ «պապկա» ուներ «այդ կեղծիքներով»։
