Ինչքան հակաեկեղեցականներից հեռու, այնքան Աստծուն մոտիկ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ կարծում է, թե «Շողակաթ» հեռուստաընկերությունում հոգեւոր-կրոնական հաղորդումներ չպիտի լինեն, քանի որ այն կրթական-մշակութային ալիք է: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում: Պատկերացնո՞ւմ եք՝ առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում, որտեղ հազարավոր մարդիկ ամեն կիրակի գնում են եկեղեցի, աղոթում են, մոմ են վառում, բայց հայտնվում է մի պաշտոնյա, ում կարծիքով՝ կրթությունն ու մշակույթը կրոնի հետ կապ չունեն։ Այսինքն՝ եթե նախկինում հայի հոգեւոր արմատներն ու հավատքը կարելի էր տեսնել հեռուստաէկրանին, ապա հիմա դրանք, ըստ Հակոբյանի տրամաբանության, տեղ չունեն կրթական ալիքում։ Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է մեր ազգային ինքնության մի մասը՝ հավատը, որ դարերով եղել է մեր մշակույթի հիմքը։ Թե՞ կրթությունն էլ պիտի լինի առանց հոգու՝ պարզապես չոր դասագիրք ու անզգացմունք փաստ։ Հակոբյանը, ի դեպ, նաեւ դժգոհում է, որ «Շողակաթի» վարկանիշը գրեթե զրոյացել էր։ Մնում է միայն հարցնել՝ երբ հեռուստադիտողը զրկվում է իր հոգեւոր հենարանից, ի՞նչ վարկանիշի մասին կարող է խոսք լինել։ Եվ վերջապես՝ եթե հավատքը, եկեղեցին, մշակույթը եւ կրթությունը պիտի բաժանվեն այսքան արհեստականորեն, ապա ո՞րն է մեր ազգային հեռուստատեսության հեռարձակման իմաստը։
Ոչ պակաս զարմանալի հայտարարություններ է արել Ազգային ժողովում Հանրային հեռուստատեսության տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։ Պարզվում է՝ եթե կարգալույծ հոգեւորականն է կեղծ արարողություն անում Հովհաննավանքում, դա «իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը», իսկ եթե Մայր Աթոռում նշվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 26-ամյակը՝ պետական ալիքի տեսախցիկները չեն շարժվում։ Տարօրինակ տրամաբանություն է չէ՞։ Հանրայինը, որը գոյություն ունի ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին, իր աշխատանքը, ըստ Մովսիսյանի բացատրության, կառուցում է ոչ թե ազգային կամ հանրային կարեւորության չափանիշներով, այլ՝ ով երբ պաշտոնական դիմում գրի։ Ուրեմն՝ հարց է ծագում՝ եթե վաղը որեւէ «հետաքրքիր իրադարձություն» կազմակերպվի որեւէ աղանդի կողմից, Հանրայինն էլի պիտի շտապի լուսաբանե՞լ: Ասել կուզի՝ հանրային միջոցներով աշխատող ալիքը ոչ թե հանրային պատասխանատվություն է զգում, այլ՝ հետաքրքրաշարժության աստիճանով առաջնորդվող մեդիա-շոուի տրամաբանությամբ է առաջնորդվում: Իսկ հետո հենց Մովսիսյանն է զարմանում, թե ինչու են լրագրողները զարմանում իր արտահայտած մտքերի վերաբերյալ:
Ի դեպ, հիշո՞ւմ եք, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ձեւավորվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը, որը դեռ այն ժամանակ պահանջում էր Վեհափառի հրաժարականը: Շարժման առաջնորդը՝ նախկին Հայր Կորյունը, ներկայումս՝ կարգալույծ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, մեղադրվում է խարդախության մեջ։ Օրերս է մամուլում հայտնվել այս լուրը, ըստ որի, քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ 2016–2024 թթ.-երին Գնդեվանքի վանական համալիրում ընդհանուր մոտ 29 հազար ԱՄՆ դոլար է տվել Արմեն Առաքելյանին՝ Գնդեվանքի վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաեւ տարածքը մեծացնելու, հարակից տարածքը ձեռք բերելու համար։ Թե որքանով է սա իրականությանը համապատասխանում, հուսանք՝ գործը չի կոծկվի եւ կբացահայտվի, բայց փաստը մնում է փաստ, որ ինչքան հակաեկեղեցականներից հեռու, այնքան Աստծուն մոտիկ կլինեք, ժողովուրդ ջան:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
