Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Մի՛ վախեցեք, մի՛ լռեք, մի՛ համակերպվեք. Չախալյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Հանդիպում

«Սրբազան շարժման» գործով կալանքի տակ գտնվող Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փաստաբանի միջոցով «Իրավունք»-ին է փոխանցել մեր մի շարք հարցադրումների պատասխանները, որոնք ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

«ԻՆՁ ՄԵՂԱՍԱԳՐՎՈՂ ՀԱՆՑԱՆՔՆ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՄՏՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է»

— Պարոն Չախալյան, Դուք առիթ ունեցել եք մի քանի անգամ դատարանում ելույթ ունենալու եւ տպավորություն է, թե գործն այնքան շինծու է, որ անգամ մեղադրող դատախազները լավ չեն պատկերացնում՝ ի վերջո, Դուք ի՞նչ առնչություն ունեիք մեղսագրվող մեղադրանքի հետ:

— Նախեւառաջ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Իրավունք»-ին՝ ինձ այս հիանալի եւ անչափ կարեւոր հնարավորությունն ընձեռելու համար: Քաղաքական ձերբակալությունների հիմնական նպատակներից մեկն էլ քաղաքական գործիչներին ֆիզիկական մեկուսացմանը զուգահեռ նաեւ գաղափարական մեկուսացումն է: Իմ պարագայում ես կարծում եմ, որ գաղափարական, տեղեկատվական բաղադրիչն առաջնային է եւ հենց վերոնշյալի համատեքստում է, որ լրագրողները եւ ազատ մամուլն անելիք ունեն: Այլ կերպ ասած՝ չարի խափանման բանալին, գտնվում է ձեր՝ լրագրողների ձեռքում: Ես չեմ լռելու՝ անկախ իմ հանդեպ եղած տարաբնույթ եւ բազմատեսակ ճնշումների ծանրությունից եւ դառնությունից: Ինձ չի կարողացել լռեցնել Սահակաշվիլին՝ իր համակենտրոնացման ճամբարներով, նմանապես չի կարողանալու լռեցնել Նիկոլը՝ իր համակենտրոնացման ճամբարների տնազով: Ես չեմ լռելու՝ հանուն Հայաստանի պետականության եւ մեր սերունդների: Մնում է լրագրողները եւ ազատ մամուլն ինձ հարթակ տրամադրեն եւ ձայնս հասցնեն հասարակության լայն շերտերին: Կարծում եմ՝ «Իրավունք»-ին զուգահեռ այս գործընթացին կարող են մասնակցել «Երկիր»-ը, «Հրապարակ»-ը, «Հետք»-ը, «ժողովուրդ»-ը, «Փաստ»-ը, «Հայելի» ակումբը եւ այլն: Հարցազրույցների տեխնիկական մասն իմ փաստաբանները կկազմակերպեն, նրանց միջոցով հարցերը հնարավոր է ինձ ուղարկել, իսկ ես մեծ սիրով կպատասխանեմ դրանց:

Վերջիվերջո, ինձ ապօրինի մեկուսացնելով՝ այս հայադավ ուժին իշխանությունից օր առաջ հեռացնելու եւ Հայաստանն ազատագրելու վսեմ նպատակը ոչ մի տեղ չի կորել, չի անհետացել: Այդ նպատակը կենդանի է, մսից եւ արյունից է ու կասկածից վեր է, որ իրագործելի է, առավել եւս , որ օր օրի ինձ ավելի պարտավորված եմ զգում:

Արդեն իսկ ասել եմ, որ մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք՝ ազատարարներ: Ճիշտ եք նկատել, ով ով , բայց դատախազները լավ գիտեն, որ նախեւառաջ այս գործում ահաբեկչության նշույլ իսկ չկա: Երկրորդ հերթին էլ իմ առնչությունն է «Սրբազան շարժման» հետ կեղծված: Գործը, որ շինծու է, դա անզեն աչքերով էլ է տեսանելի եւ ակնհայտ: Այս մասին ես դեռ շատ կխոսեմ: Միայն ասեմ, որ հետաքրքիրն այն է՝ այս շինծու գործի գոյություն չունեցող հիմքերից ավելի լավ առիթներ կար ինձ ձերբակալելու եւ մեկուսացնելու: Ասենք, նույն հունիսի 27-ի հայտնի ձերբակալությունը, երբ ինձ մեղադրում էին իրավապահ մարմինների աշխատանքի լիազորությունների իրացման խոչընդոտման մեջ: Այդ դեպքում քննիչներն ավելի քիչ բան կունենային սարքելու եւ կարելու: Նույնիսկ այն իրականությանն ավելի մոտ կլիներ: Ի վերջո, ահաբեկչությունը կոնկրետ գործողություն է ակնկալում՝ իր կոնկրետ նկարագրությամբ եւ հատկանիշներով, ծովում սուզվելը, դա տիեզերք թռչել չէ:

Եվ անգամ ամբողջապես կեղծված մեղադրականում, որն այս գործի հիմնարար փաստաթուղթն է հանդիսանում, ահաբեկչության նման նկարագրությամբ կամ նման հատկանիշներ պարունակող արարք չի երեւում: Եվ հետո, ի՞նչ եք կարծում՝ ես կամ սույն գործով անցնող մնացյալ արժանապատիվ հայորդիներն ահաբեկչություն կանեի՞նք սեփական ագզի ներկայացուցիչների դեմ՝ հայ կին, հայ մայր, վերջապես, հայ մանուկ, կսպանեի՞նք: Անգամ մեզ շատ մակերեսային եւ աղոտ ճանաչողները գիտեն, որ մեր պայքարը հենց նրանց համար է, նրանց արժանապատիվ, բարեկեցիկ եւ անվտանգ կյանքի համար է: Մեզ «ահաբեկչության» մեջ մեղադրելը ոչ միայն ամբողջապես անհեթեթություն, այլ բառի բուն իմաստով՝ անբարոյականություն է: Բոլոր 18 մեղադրյալներից ահաբեկչության հետ ամենամեծ «առնչություն»-ը ես ունեմ՝ այն էլ այնքանով, որքանով ինձ ահաբեկիչ լինելու մեջ նախ բանավոր մեղադրում էր Սահակաշվիլին, այնուհետեւ՝ մի շարք շինծու գործերով Ալիեւը: Ինչքան էլ այս երկուսի մեղադրանքները որեւէ աղերս չունեն իրականության հետ, այն ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ կարելի է ընկալել, սակայն երբ հայրենի իշխանություններդ են քեզ զրպարտում եւ մեղադրում ահաբեկչության մեջ, դա անընկալելի է եւ բացարձակապես անընդունելի: Այն գտնվում է լրիվ այլ մակարդակում եւ այլ հարթության խոսակցություն է: Եվ դրանով է հենց պայմանավորված, որ իմ կռիվը ոչ այդքան ինձ ապօրինի կալանավորելու փաստի, ինչքան հենց որպես ահաբեկիչ կալանավորելու հանգամանքի հետ է:

Ի՞նչ է, չէին կարո՞ղ այլ մեղադրանք առաջադրեին եւ այլ մեղադրանքով ձերբակալեին, թշնամիներին էլ չուրախացնեին: Անշուշտ, կարող էին: Այն, որ Նիկոլ Փաշինյանին ընդամենն առիթ էր պետք ինձ ձերբակալելու, կարծում եմ՝ դա երեւում է իմ հայաստանյան գործունեության ողջ ընթացքում: Այդ դիտանկյունից նայելով՝ «Սրբազան շարժման» դեմ կարված այս գործն ընդամենը լավ առիթ էր: Միանշանակ, իմ ձերբակալման պատճառներն այս գործի շրջանակներից դուրս պետք է փնտրել:

Վերջում ասեմ, որ երկար եմ մտածել՝ ինչն է պատճառը, որ Նիկոլն ինձ ձերբակալելուց ամեն անգամ ձերբակալում է «խմբի կազմում»: Իմ եզրակացությունը թող բարձրագոչ չհնչի, այլ իրավիճակներում կարելի էր նույնիսկ չխոսել, բայց քանի որ վճռական փուլ ենք մտել, պետք է բացահայտեմ՝ նա ինձանից վախենում է: Դրան զուգահեռ նա ավելի շատ այդ վախը բացահայտվելու մտքից է վախենում, եւ սա է «խմբի կազմում»-ի պատճառը, սա է բացատրությունն այն արատավոր երեւույթի, որը կոչվում է Չախալյանին այս կամ այն «խմբի կազմում» ձերբակալում:

Նաեւ հատկանշական է այն հանգամանքը, որ նա իր այս մոտեցմամբ ուզում է ցույց տալ թե իբր երկրի քաղաքական գործընթացներում ես ոչ մեկն եմ եւ միայն խմբի մաս հանդիսանալս է ստիպում նրան ինձ ձերբակալել: Անշուշտ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց մինչ օրս այլ տրամաբանական բացատրություն չեմ գտել իր այս անտրամաբանական վարքագծին:

— Ձեր կալանավորումը լայն արձագանք է գտել նաեւ Վրաստանում, վրացական մի շարք գործիչներ հանդես են եկել ի աջակցություն Ձեզ: Օրինակ, Վրաստանի ազգային քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Զազա Դավիթայան նշել է, որ Դուք մտադիր եք հայց ներկայացնել Վրաստանի դատարան՝ Սահակաշվիլու դեմ՝ Ձեզ հասցված զրպարտությունների համար: Վրաստանի նախկին նախագահը սոցցանցերում չէր թաքցրել իր հրճվանքը, որ Դուք կրկին անազատության մեջ եք: Արդեն դիմե՞լ եք դատարան:

— Գիտեք, երբ Վրաստանի ներկայիս իշխանությունները ձերբակալեցին նախկին նախագահ Միխայել Սահակաշվիլուն, անկախ իմ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքից, ինչքան էլ այդ քայլը Վրաստանի պետականության եւ հասարակության շահերից էր բխում, ես չուրախացա, հրճվանք չարտահայտեցի եւ անգամ հրապարակային արձագանքումս այդ մասին նշեցի: Սակայն, երբ ինձ ձերբակալեցին ՀՀ-ում նմանատիպ վերաբերմունքի չարժանացա տխրահռչակ ու մանրախնդիր Սահակաշվիլուց: Մանավանդ, որ ի հակառակ նրա գործած բազմաթիվ հանցանքների եւ մեղքերի առկայության՝ իմ ձերբակալությունն ամբողջովին քաղաքական է, ինձ մեղսագրվող հանցանքը օրվա իշխանությունների հիվանդագին մտքի արդյունքն է եւ կոնկրետ գործված հանցագործություն ու դրանից տուժողներ առկա չեն:

Սա բանսարկու Սահակաշվիլու կողմից զրպարտության եւ հերյուրանքի առաջին դեպքը չէ: Տարիներ առաջ վրաստանյան գործունեությանս ժամանակ արդեն գրեթե հինգամյա անօրինական բանտարկությունիցս ազատվելուց հետո, երբ նա նույն զրպարտանքները եւ չարախոսությունները հնչեցրեց «մեր հանդիպման ժամանակ»: Այդ ժամանակ, ճիշտ է, իշխանության տակ գտնվող դատարանները չընդունեցին իմ հայցն ընդդեմ Սահակաշվիլու, բայց հանրության մոտ տրամաբանական հարց էր առաջացել՝ եթե Սահակաշվիլու զրպարտանքներն իրականության հետ անգամ չնչին աղերս ունեն, ապա ինչո՞ւ էր նա ինձ դատապարտել բովանդակային ամբողջովին այլ մեղադրանքներով: Մասնավորապես՝ «անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու», ինչպես նաեւ «հասարակական կարգի խախտման» մի քանի դրվագներով:

Այո՛, պատրաստվում էի դատի տալ նրա զառանցքաների մասին լսելուն պես: Այդ նպատակով բանտից լիազորագիր տալով Վրաստանում գործելու թույլտվություն ունեցող փաստաբան (անունը չգիտեմ), Գոլուբիանիին: Բայց բանտից լիազորագիր տալը ժամանակատար դուրս եկավ եւ ամիսներ տեւեց՝ մինչեւ ստացանք եւ հասավ Վրաստան: Իսկ այնուհետեւ վրացական դատարանում պարզվեց, որ լիազորագրի մեջ վրիպակ կա, եւ փաստաբանի անունը սխալ էր գրված: Չեմ կարող պնդել, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը միտումնավոր էր արել այդ քայլը, եւ դա ընդամենը հնարք է: Սակայն, փաստ է, որ իրենց դանդաղաշարժության եւ նաեւ «անփութության» պատճառով այս անգամ էլ ժամկետների մեջ դատարան դիմելու կարգը խախտված լինելու հեռանկարի առջեւ ենք կանգնած եւ մեծ հարց է՝ արդյոք դատարանը կընդունի մեր հայցը:

Այո, ճիշտ եք, ի հեճուկս նույն Սահակաշվիլու եւ նրա քաղաքական կաթնեղբայր Նիկոլ Փաշինյանի՝ մի շարք վրացական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել մեզ:

«ՄԱՍՆԱՏՎԱԾ ԳՈՐԾԵԼԸ ՀԱՐԱՄ Է»

Դուք բոլոր քաղբանտարկյալների համար պայքարել եք՝ Ձեր խոսքով, ակցիաներով, տարբեր այլ նախաձեռնություններով: Այսօր, երբ կրկին Դուք եք քաղբանտարկյալի կարգավիճակում, ի՞նչ եք կարծում՝ արդյոք արվում է մաքսիմալը քաղհասարակության, քաղաքական ուժերի կողմից՝ հանուն մեր քաղբանտարկյալների ազատության:

Արդարացիորեն եք նկատել, անկախ նրանից, թե ով է եղել քաղհալածյալ եւ քաղբանտարկյալ, ինձ համար սկզբունքային է եղել պայքարել հանուն արդարության: Ինձ համար միշտ էլ անընդունելի է եղել իշխանությունների կողմից կալանքի միջոցով իր ընդդիմախոսներին մեկուսացնելու եւ լռեցնելու արատավոր երեւույթը: Եվ անկախ գործչի ով լինելուց, անկախ գոյություն ունեցող քաղաքական տարաձայնություններից, մի տեղ ակցիաներով, մի տեղ հարցազրույցներով ես իմ աջակցությունն եմ հայտնել նրանց եւ բարձրաձայնել եմ նրանց հանդեպ գոյություն ունեցող անարդարության վերաբերյալ:

Այսօր, երբ ես եմ բանտում, դժգոհելու պատճառ եւ առիթ չունեմ, հանրության կողմից եկած լայն աջակցությունը մեզ ուժ ու ոգեւորություն է տալիս՝ պայքարը շարունակելու վճռականորեն ու հաստատակամ շարժվելու դեպի մեր ընդհանուր հաղթանակ:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին եւ քաղհասարակությանը, գիտեք, դաշտը բազմաշերտ է եւ բազմատարր: Մի մասն անտարբեր է, միայն իրենց հայտնի պատճառներով, սակայն մի ստվար հատվածի աջակցությունը մենք զգում ենք ամեն օր՝ դատարանի դահլիճից մինչեւ բանտ ու բանտախցեր: Անշուշտ, մեր ազատությանը հասնելու համար անելիքներ շատ կան, եւ ես վստահ եմ, որ այդ ամենը դեռ կարվի:

Հիմա տարբեր քաղաքական ուժեր մեկը մյուսի հետեւից հայտ են ներկայացնում, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին: Դրանք մոտավորապես արդեն երկու տասնյակի են հասնում: Ի՞նչ հույսեր կարելի է կապել այդպես էլ միասնականության կամք չդրսեւորած քաղաքական ուժերից:

— Ցավոք, ընդդիմադիր դաշտում գործող մի շարք ուժեր եւ նրանց առաջնորդներ այդպես էլ չսովորեցին իրականությունը եւ սեփական հնարավորությունները ճիշտ գնահատել: Այս երեւույթը միշտ էլ խնդիր ու մարտահրավեր է եղել հայկական քաղաքական դաշտում եւ այսօր էլ ամենամեծ մարտահրավերներից է: Սեփական ուժերի գերագնահատումը եւ իշխող ուժի թերագնահատումը հանգեցրել եւ ապագայում էլ կհանգեցնեն պարտության եւ անցանկալի հետեւանքների: Որպեսզի խուսափենք նման անցանկալի զարգացումներից եւ սցենարներից, քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները պետք է կամքի ուժ ցուցաբերեն, ամբիցիաները, որոնք գրեթե մշտապես չեն արդարացվում, մի կողմ դնեն եւ համախմբվեն երեք, առավելագույնը՝ չորս դաշինքների եւ միավորումների մեջ: Սրանից առավել մասնատված գործելը հարամ է, Նիկոլի օգտին աշխատելու հեռանկարով ընտրաձայների մսխում ու փոշիացում է նշանակում: Ընդդիմադիր ուժերը պարտավոր են հանուն Հայաստանի իրենք իրենց մեջ ուժ գտնել եւ համախմբվել: Իմ կողմից ես խոստանում եմ չխնայել եւ բացահայտել ցանկացած ուժի, ով կփորձի, այսպես ասած, խաղեր տալ իշխանությունների հետ՝ անկախ իմ անձնական վերաբերմունքից եւ ունեցած հարաբերություններից տվյալ ուժի հետ:

«ՄԻՆՉ 2026 ԹԻՎԸ ՍՊԱՍԵԼՆ ԱՄԵՆԱԼԱՎ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՉԷ»

Ի՞նչ դիրքորոշում ունի Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը՝ խորհրդարանական ընտրություններին սպասելու կամ հիմա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ համախմբման մասին:

— Ճիշտն ասած, մինչեւ 2026 թիվը սպասել եւ ընտրությունների միջոցով փորձել ՔՊ-ին իշխանությունից զրկելն ամենալավ տարբերակը չէ: Դա ամենավատ տարբերակն է Հայաստանի պետականության եւ նրա քաղաքացիների համար: Սակայն, մյուս կողմից էլ մինչեւ ընտրություններ փաստացի մեզ չհաջողվեց լուծել Հայաստանի Երրորդ Հանրապետության գլխին կախված վտանգի սպառնալիքի հարցը:

Ինչ է մնում մեզ անել: Այո, փորձել գոնե ընտրությունների միջոցով դա անել, սակայն, ոչ ժողովրդավարական, բռնապետական ռեժիմների պարագայում դա անհնար է կամ գրեթե անհնար է: Ես ներքին համոզմունք ունեմ, որ Նիկոլն ընտրություններով չի հեռանալու, Գյումրու, Մերձավանի վերջին դեպքերն այդ մասին են վկայում: Տա Աստված, ես սխալ դուրս գամ:

Ասածս, բնավ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է, եւ ընդդիմությունը պետք է հրաժարվի իշխանություններին ընտրությունների միջոցով հեռացնելու գործիքակազմից: Այնուամենայնիվ, պետք է հստակ գիտակցել, որ ընտրություններին մասնակցել՝ հետընտրական զարգացումներին պատշաճ կերպով պատրաստ չլինելով, նշանակում է Նիկոլի օրակարգով շարժվել եւ նրա բռնապետական ռեժիմը լեգիտիմացնել: Այսպես արդեն մեկ անգամ եղել է 2021-ին եւ հույսով եմ ընդդիմությունը դասեր քաղած կլինի:

Չե՞ք կարծում, որ պետք էր պարզապես ստեղծել ընդդիմադիր միասնական ճակատ, օրինակ, «Ոչ Նիկոլ Փաշինյանին, այո՛, Սահմանադրությանը» կարգախոսով, այլ ոչ թե ջլատել ուժերը՝ ամեն մեկն իրեն վարչապետի թեկնածու երեւակայելով:

— Ինչպես արդեն վերեւում նշեցի, իմ պատկերացումները քիչ այլ են, մեկ միասնական ճակատ կազմելն էլ այս պարագայում ճիշտ չեմ գտնում: Միասնություն պետք է, բայց բոլորը մեկ ճակատով՝ ոչ: Վերջիվերջո, ընտրողները միատարր չեն եւ իրենց նախասիրություններն ունեն, ու ինչքան էլ լավ աշխատենք, ինչքան էլ տարբեր շահի խմբերի հետաքրքրող դրույթներ մեկ ծրագրի մեջ ընդգրկենք, միեւնույնն է, բոլորին մեկ գաղափարական միավորում՝ ասենք, հայրենասիրականն ուղղել, անհնար է, չենք կարող: Հայրենասիրությանբ աչքի չընկնող, Արցախի վերադարձի միտքն իսկ մեծ աղետ եւ խնդիր համարող, վերացական «խաղաղություն» ցանկացող ընտրողին էլ է պետք հնարավորություն տրվի ինքն իրեն գտնելու ՔՊ-ից դուրս: Միայն իրերի նման դասավորությամբ է հնարավոր իշխանազրկել ՔՊ-ին: Հաղթանակ ցանկացող ընդդիմությունը պետք է մտածի նաեւ այս մասին:

Իմ պատկերացումներով՝ պայմանական ընդդիմադիր չորս դաշինքներից մեկը պետք է, լինի պատկերավոր ասած, ՔՊ-ից ավելի ՔՊ: Գիտեմ, դժվար է հայրենասիրական թեւի համար նման անհարկի մեթոդի դիմելը, սակայն մյուս կողմից էլ սեղանին Հայաստանի լինել-չլինելու հարցն է: Եթե այս անգամ էլ ՔՊ-ն մնա իշխանության, հաջորդ եւ հետագա բոլոր ընտրություններում ծագումով ադրբեջանցի եւ թուրք ՀՀ քաղաքացիներն են որոշելու ընտրությունների ելքն ու վերջնարդյունքը (եթե հիմա միայն անձնագրեր են ուղարկել, հաջորդիվ այդ անձնագրերը բռնողներ էլ կլինեն): Ցանկացած խելք ու տրամաբանություն ունեցող քաղաքացու համար պետք է, որ նման զարգացման հեռանկարը բացահայտ եւ ակնհայտ լինի:

«ԱՐՑԱԽԸ ՓՐԿԵԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԳՈՆԵ ՓՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Իսկ ի՞նչ կասեք Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների մասին: Հնարավոր լինելո՞ւ է կրկնել Գյումրու սցենարը եւ ունենալ ընդդիմադիր քաղաքապետ Սուրբ քաղաքում:

— Տեսեք, ակնհայտ ճշմարտություն է, որ ՔՊ-ի վարկանիշն օր օրի նվազում է, եւ այդ միտումը հանրապետության ողջ տարածքով է նկատվում: Աքսիոմատիկ ճշմարտություն է նաեւ այն, որ ՔՊ-ն ինչքան կոշտ մեթոդներով փորձի իրավիճակը փրկել, այդքան ավելի է դժվարանալու իր տեղը: Այն, ինչ հաջողվեց Գյումրիում, վստահ եմ՝ հնարավոր կլինի կրկնել նաեւ Վաղարշապատում՝ պայմանով, որ ընդդիմությունն ընտրություններին կմոտենա մեծ պատասխանատվությամբ եւ պատշաճ կերպով:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել իմ սիրելի վաղարշապատցիներին՝ անպայման, ամեն գնով մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից մեկին: Դրանք են՝ «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստան»-ը, «Հայրենիք» եւ «Ժառանգություն» կուսակցությունները:

Ի դեպ, իշխանության կողմից Մայր Աթոռի դեմ արշավը նոր թափով է շարունակվում՝ վարկաբեկող հոդվածներով, հոգեւորականներ ներգրավելով իրենց խաղերի մեջ: Գաղտնիք չէ, որ եթե չլինեիք կալանքի տակ, Դուք առաջիններից կլինեիք՝ Եկեղեցուն պաշտպանելու հարցում: Գուցե հենց սրա՞ համար էր պետք իշխանությանը Ձեր ազատությունը սահմանափակել հենց այս փուլում:

— Մայր Աթոռի դեմ նմանօրինակ արշավն անգամ ամենասարսափելի , ամենասահմռկեցուցիչ, ամենաահասարսուռ երազում իսկ չէինք կարող պատկերացնել: Այդուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ այն կա, եւ այն իրականություն է: Ընդ որում՝ այն նոր չէ, որ սկսել է: Ահավասիկ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը միշտ է առանձնացել իր սուր քաղաքական հոտառությամբ, նա միշտ էլ «օդի մեջ» բռնել է, թե որ «գաղափարը» կարող է կապիտալիզացնել, վաճառքի հանել եւ փող սարքել: Քաղաքականության մեջ փողը կարեւոր բաղադրիչ է, եթե ոչ ամենակարեւորը մեր նյութականացված հասարակությունում: Իսկ փող տալու, շատ փող տալու մոտիվացիա ու պատրաստակամություն Հայաստանի պարագայում միշտ էլ ունեցել են մեր թշնամիները: Իսկ Արցախը վաճառելուց հետո՝ նրանց վրա վաճառելու քիչ բան է մնացել, եւ դրանցից մեկը ու գլխավորը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հիմքերը խարխլելն ու հեղինակությունը թուլացնելու «գաղափար-առաջարկն» է: Կարմիր գծեր չունեցող, պրագմատիկ Նիկոլը, մի կրակոցով երկու նապաստակ է թիրախավորում, միանգամից երկու խնդիր է լուծում: Մի կողմից` իր գլխավոր գաղափարական ընդդիմախոսին եւ մեծ հեղինականություն վայելող կառույցին է փորձում մեջտեղից հանել եւ իր ազգակործան ընթացքի խոչընդոտը վերացնել, մյուս կողմից` 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության նախընտրական արշավը ֆինանսավորելու լավ տարբերակ է գտել:

Իմ ազատության սահմանափակումը, որը նաեւ հակաեկեղեցական արշավի նոր աննախադեպ ալիքի շրջանակներում պետք է դիտարկել, դրա մասին է խոսում նաեւ հունիսի 27-ի երեկոյան ձերբակալությունը: Հիշեցնեմ, որ ԱԱԾ հատուկ ջոկատայիններն այդ օրը Մայր Աթոռ էին գնացել Միքայել սրբազանին ձերբակալելու համար: Ժողովրդական լայն աջակցության եւ գրագետ պաշտպանության շնորհիվ Մայր Աթոռում սրբազանին ձերբակալել չհաջողվեց:

Ի՞նչ ուղերձ ունեք հղելու «Կամք»-ականներին եւ ընդհանրապես՝ հայ ժողովրդին:

— Ուղերձս ոչ այդքան «Կամք»-ականներին է վերաբերում, որքան համայն հայությանը՝ մի՛ վախեցեք, մի՛ լռեք, մի՛ համակերպվեք: Հիմա, երբ այս տողերը գրում եմ, դիմակավորված հատուկ ջոկատայինները վերջին երկու օրվա մեջ երրորդ անգամ մտել են «Նուբարաշեն» ՔԿՀ (կլոր շենք), սակայն ես այստեղ էլ շղթաների մեջ նրանցից չեմ վախենում եւ շարունակում եմ իմ անելիքը: Մի՛ մոռացեք, սատանան այդքան վախենալու չէ, ինչքան թվում է եւ ուշ, թե շուտ պարտվելու է: Կլինի Հայաստանում, սփյուռքում, թե` այլուր, մերժենք նրան ամենուր: Ավելի անվախներդ, ակտիվ հրապարակային մերժեք, ինչպես մենք ենք մերժում: Առավել զգուշավորներդ էլ հարց չէ, պասիվ լռելյայն եւ անաղմուկ մերժեք, բայց մերժե՛ք: Մերժեք դպրոցներում, թե մանկապարտեզներում, բակերում, թե հիվանդանոցներում, ձեր մերժումը՝ լուռ, թե բարձրաձայն, վերջն անխուսափելիորեն տալու է իր արդյունքը: Արցախը փրկել չկարողացանք, բայց պարտավոր ենք գոնե փրկել Հայաստանը: Վստահ եմ՝ լավ է լինելու: Մի փոքր կամք, մի փոքր համառություն, մի փոքր էլ վճռականություն, եւ հաղթանակը սպասեցնել չի տա: Աստված պահի հայ ազգը, Առաքելական եկեղեցին եւ Հայոց պետականությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված