Արթուր Սողոմոնյան. «Ես շատ կցանկանայի Հայաստանի համար այս դժվար օրերին խոսել հաղթանակների մասին, բայց այսպիսի խայտառակություն պատմության մեջ դեռ չի եղել»
ՆերքաղաքականՀարցազրույց խոշոր գործարար, բարերար, Հայաստանի մանկական ֆուտբոլի դպրոցի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ
– Նոյեմբերին ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլի ընտրական մրցաշարը։ Հայաստանի ազգային հավաքականն իր ելույթներն ավարտեց սովորական դարձած վերջին տեղը զբաղեցնելով՝ վերջին խաղում պարտվելով ջախջախիչ 1։9 հաշվով։ Ի՞նչ է կատարվում ֆուտբոլի հետ Հայաստանում։
– Ես շատ կցանկանայի Հայաստանի համար այս դժվար օրերին խոսել հաղթանակների մասին։ Սակայն առայժմ տարին տարու վրա ամեն ինչ ավելի ու ավելի է վատանում և այնքան է իջել մինչև հատակը, որ ավելի ցածր իջնելու տեղ չկա։ Բժիշկների լեզվով ասած՝ «Հիվանդն ավելի շատ մեռած է, քան կենդանի»։ Եթե լուրջ խոսենք, ապա երկրի ազգային հավաքականի խայտառակ ելույթը աշխարհի առաջնության որակավորման փուլում խնդրի միայն տեսանելի մասն է. իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է։ Այս տարի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին մասնակցեցին երեք տարիքային խմբերի՝ մինչև 17, 19 և 21 տարեկան պատանիների և երիտասարդների Հայաստանի հավաքականները։ Եվ ահա հայկական ֆուտբոլի ողջ պատմության մեջ առաջին անգամ բացարձակապես բոլոր պաշտոնական խաղերում պարտվեցին բոլոր տարիքային խմբերում։ Բնականաբար, բոլոր մրցաշարերում զրո միավոր ստացան և զբաղեցրին վերջին տեղը։
– Ահավո՜ր է։ Եվ ինչպե՞ս է սա բացատրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը։
– Ֆեդերացիայի ղեկավարությունը արդյունքների առնչությամբ գերեզմանային լռություն է պահպանում։ Դրա հետ մեկտեղ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերջերս ծավալուն հարցազրույց տվեց ՈՒԵՖԱ-ի լրատվական ծառայությանը այն մասին, թե ինչպես է ինքը հաջողությամբ զարգացնում ֆուտբոլը Հայաստանում։ Զվարճալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։
– Բոլորին հայտնի է, որ պրոֆեսիոնալ սպորտում գլխավորը արդյունքն է. մնացածը երկրորդական է, այնպես չէ՞։
– Քանի դեռ Արմեն Նիկողոսյանն ու Արմեն Մելիքբեկյանն են Հայաստանում ֆուտբոլը ղեկավարում, մասնագիտական մոտեցման մասին խոսելն անիմաստ է։ Հայաստանի բոլոր երկրպագուներն ու մարզական լրագրողները վաղուց համոզվել են նրանց լիակատար անգործունակության մեջ երկրում ֆուտբոլի կառավարման և զարգացման հարցերում։
– Երբ 2019 թվականին Հայաստանի ազգային հավաքականը 1։9 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականից, բոլորը ցնցված էին։ Նախագահը և գլխավոր մարզիչը հրաժարական տվեցին։ Հնարավո՞ր է, որ ֆուտբոլային հանրությունը հիմա էլ պահանջի նրանց հրաժարականը։
– Եթե այս մարդիկ ունենային պատվի, ինքնասիրության կամ պատասխանատվության զգացման թեկուզ մի կաթիլ, ապա կհեռանային, բայց, ցավոք, նրանք ունեն բոլորովին այլ սկզբունքներ ու շահեր։
Հայ երկրպագուները արդեն մեկ տարուց ավել է, ինչ պահանջում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և փոխնախագահի, իսկ հիմա նաև գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հրաժարականները։ Բայց, դժբախտաբար, նրանց ոչ ոք չի լսում, թեև ամբողջ աշխարհը գիտի, որ ֆուտբոլը գոյություն ունի առաջին հերթին երկրպագուների համար և ծառայում է երկրի զարգացմանը։ Հայաստանում, դժբախտաբար, իրավիճակը վաղուց դուրս է եկել առողջ բանականության սահմաններից։ Այսօր մեր երկրում ֆուտբոլը գոյություն ունի բացառապես իշխանությունը զավթած մի խումբ անտաղանդ ղեկավարների պահանջմունքները բավարարելու համար, իսկ երկրպագուների շարժումների և շարքային երկրպագուների կարծիքները ոչ մեկին չեն հետաքրքրում։
– Բայց գուցե Ֆուտբոլի ֆեդերացիայի ձայնի իրավունք ունեցող անդամները, Հայաստանի կառավարությունը կամ հանրապետության ղեկավարությունից որևէ մեկը միջամտի՞ այս անհեթեթ գործընթացին։
– Ֆուտբոլի ֆեդերացիայի քվեարկող անդամների կեսը գոյություն ունի միայն թղթի վրա։ Իրականում նրանք կեղծ են, որոնց հետևում կանգնած են պարոնայք Նիկողոսյանն ու Մելիքբեկյանը։ Իսկ հանրապետության ղեկավարներն իրենք են նշանակել այս մարդկանց, որոնք մինչև ֆեդերացիայում աշխատելը իրենց կյանքում ոչնչի չեն հասել, այդ պատճառով էլ այդքան վախենում են իրենց աթոռները կորցնելուց։
– Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել, թե ովքեր էին այս մարդիկ մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա գալը։
– Փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մի ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի քիչ հայտնի մարզական լրագրող էր, որտեղ աշխատում էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Մարզաշխարհում և երկրպագուների շրջանում հարգանք չէր վայելում, նրան համարում էին ոչ այնքան լրագրող, որքան մանր բանսարկու։ Նա հիմա էլ զբաղվում է բացառապես բանսարկությամբ և փաստացի ղեկավարում է ֆեդերացիան, քանի որ սերտ հարաբերություններ ունի հանրապետության ներկայիս վարչապետի հետ։
Արմեն Մելիքբեկյանը վարում էր իր ”epress.am” բլոգը, որը համարվում էր ադրբեջանամետ և, բնականաբար, ժողովրդականություն չէր վայելում։ Մելիքբեկյանը միշտ արհամարհանքով էր վերաբերվում Արցախին՝ այն անվանելով «այսպես կոչված Արցախի Հանրապետություն»։ Նա հիմա էլ չի առանձնանում իր հայրենասիրությամբ, սիրում է խոսել այն բաների մասին, որոնցից չի հասկանում, դատարկ խոստումներ է տալիս և միշտ փնտրում է արդարացումներ՝ մեղքը բարդելով ուրիշների վրա։
Այնպես որ՝ ինքներդ դատեք, թե ով է ներկայումս ղեկավարում ֆուտբոլը Հայաստանում, և ինչի է դա հանգեցրել։ Այս պարոնների հետ յոթ տարուց ավել աշխատելով՝ մի բան կարող եմ ստույգ ասել. այս երկու վայ-ղեկավարներն էլ բացարձակապես բան չեն հասկանում ո՛չ սիրողական, ո՛չ էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ Բայց նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն փողի և իրենց աթոռների, հենց այդ պատճառով էլ այդքան շատ ներդրողներ են հեռանում հայկական ֆուտբոլից։
– Իսկ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և նրա մասնագիտական ու անձնական որակների մասին։ Չէ՞ որ նա նախկինում աշխատել է Ձեզ հետ՝ կոշտ քննադատելով ֆեդերացիայի ղեկավարության գործողությունները, իսկ հիմա ոչ միայն անցել է նրանց ճամբար, այլև հրապարակավ և ոչ այնքան բարեկիրթ է խոսում իր նախկին ակումբի և Ձեր մասին։
– Կարող եմ ասել, որ հաջող մարզիչ լինելու համար նախ պետք է դառնալ արժանավոր անհատականություն և վաստակել խաղացողների, ակումբի անդամների ու երկրպագուների հարգանքը։ Ցանկացած կարևոր գործում գլխավոր դերը խաղում են առաջին հերթին առաջնորդի անձնական որակները։
Եղիշեն ցույց տվեց, որ ինքը սկզբունքներից զուրկ մարդ է։ Հենց իրավիճակը փոխվեց, մոռացավ ինձ ու երկրպագուներին տված խոստումները՝ մինչև վերջ պայքարել հայկական ֆուտբոլի մաքրության և զարգացման համար։ Նա վազեց դեպի այս մարզաձևը Հայաստանում ոչնչացնողների ճամբարը և այժմ ծառայում է նոր տերերին։
Անձամբ ես նրան արժանավոր մարդ չեմ համարում և կասկածում եմ, թե կկարողանա նման գործողություններով նվաճել հանրության հարգանքը։ Նրա մասնագիտական որակների մասին կարելի է դատել արդյունքներով, որոնք այս տարի «Փյունիկի» համար անբավարար էին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի համար՝ ամոթալի։
Նրա կողմից բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ էր նաև այն, որ ազգային հավաքականի վերջին խաղում կրած խայտառակ պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Մելիքյանը երկրպագուներից ներողություն խնդրելու փոխարեն հայտարարեց, որ դա օգտակար փորձ էր, որը կմոտիվացնի թիմին ապագա խաղերում։
Նա, ըստ երևույթին, մոռացել էր, որ ազգային հավաքականը ներկայացնում է երկիրը տարվա ամենակարևոր ֆուտբոլային մրցաշարում, որ իր աշխատանքի արդյունքով ինքը վիրավորել է երկրպագուների զգացմունքները և խայտառակել երկիրը ամբողջ աշխարհում։ Նույնիսկ որևէ գաճաճ պետություն այս խաղարկության ոչ մի խաղում այդքան խոշոր հաշվով պարտություն չի կրել՝ 1:9։ Ֆուտբոլի առումով մենք իջել ենք մինչև հատակը։ Իր մասնագիտությունը հարգող ցանկացած մարզիչ նման պարտությունից հետո անմիջապես հրաժարական կտար։ Բոլորի համար ակնհայտ է, որ Մելիքյանը խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և խոսում է ապագայի մասին՝ վախենալով զրկվել իր աթոռից ու բարձր աշխատավարձից։
Անկեղծ ասած՝ ես զգում եմ նաև իմ մեղավորությունը, որ ժամանակին չեմ նկատել, թե ում եմ այդքան տարի աջակցել ու համարել իմ դաշնակիցը։ Հիմա էլ եմ ամաչում նրա խոսքերի ու գործողությունների համար։
– Բայց մի՞թե ամեն ինչ այդքան անհույս է, և ֆուտբոլը Հայաստանում ապագա չունի։
– Հայկական ֆուտբոլն ունեցել է լեգենդար անցյալ, և հավատացած եմ, որ ապագա էլ ունի։ Դրա համար հարկավոր է առաջին հերթին աջակցել մեր երկրպագուներին՝ ֆուտբոլի ներկայիս ղեկավարության հրաժարականի համար պայքարում։ Ես վստահ եմ, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա։ Ութ տարի աշխատելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում և շարունակելով զբաղվել մանկական ֆուտբոլի դպրոցով՝ կարող եմ վստահորեն ասել, որ մենք ունենք ֆուտբոլով հրապուրված և իսկապես տաղանդավոր շատ երեխաներ։ Եթե մենք ուսումնական բոլոր գործընթացները տեղափոխենք պրոֆեսիոնալ հունի մեջ, ապա մի քանի տարի անց կտեսնենք բարձր արդյունքներ։
Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը
Պորտուգալիա-Հայաստան խաղի կարևոր պահեր
Արթուր Սողոմոնյան
