Փաշինյանը գյումրվա այցից բավականին մտահոգված է
ՆերքաղաքականՔՊ-ի անցուդարձերից տեղյակ աղբյուրը հայտնում է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը կարողացավ «ուժի զոռով» մտնել Գյումրու Յոթ վերք եկեղեցի, բայց այնտեղի «պատարագից» եւ Գյումրվա այս այցից բավականին մտահոգված է: Պատճառները մի քանիսն են: Նախ, որ այդպես էլ Գյումրու հոգեւորականների մեջ չգտավ մեկին, որը կդավաճաներ Եկեղեցուն եւ կեղծ պատարագ կանցկացներ: Ստիպված էր Արմավիրի թեմից «տերտեր բերել գյումրեցիների վրա», ինչպես որ սկսել են ծաղրել Գյումրիում: Այն էլ այդ տեր Մկրտիչը ոստիկանների օգնությամբ այնքան արագ փախավ, որ, ըստ մեր զրուցակից գյումրեցու՝ «Չկարացինք էլ տեսնենք՝ վրան խա՞չ էր, թե՞ գլխին կոտոշներ էին»:
«Արդյունքում, այս ամբողջ միջադեպը գյումրեցիներն ընկալեցին` որպես հարձակում քաղաքի վրա»,- ասաց մեր աղբյուրը: Ու դա ավելի սուր ընկալվեց, քանի որ տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին:
Արդյունքում, ըստ աղբյուրի, փաշինյանական թիմում տեղի ունեցածը գնահատում են` որպես մեծ ձախողում երկու հիմնական իմաստով: Նախ, Շիրակի թեմը, այն էլ առաջնորդի՝ Միքայել սրբազանի բանտում գտնվելու պարագայում այնպիսի միասնականություն դրսեւորեց, որ հիմա՝ «Վերեւներում վախենում են, որ դա վարակիչ կդառնա նաեւ մյուս թեմերի համար: Այդ միասնականության իրենցով արած հոգեւորականների դավաճան լինելն ավելի ցայտուն է դառնում»:
Երկրորդը. այն ռեակցիան, որ առաջացրին գյումրեցիների մոտ, հաստատ սպասվող ընտրություններում Նիկոլի օգտին չի ծառայելու: Գյումրիում մինչ այս շատերը քաղաքին ուղղված վիրավորանք համարեցին իրենց քաղաքապետի եւ հոգեւոր առաջնորդի կալանավորումը: «Դեկտեմբերի 7-ի այս արշավն էլ ընկալվեց, որպես երրորդ վիրավորանք, որը շտկել այլեւս Փաշինյանը հազիվ թե կարողանա»,- ասաց աղբյուրը:
