Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին
ԹեմաՀայտնի է, որ փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ են պարբերաբար հայտնվում եւ տուգանում քաղաքացիներին: Ովքե՞ր են իրավասու քաղաքացիներին տուգանել, ի՞նչ չափի տուգանքի մասին է խոսքը, արդյոք քաղաքացին իրավունք չունի վերջում` իջնելուց հետ միայն վճարելու հարցերի պատասխանը ստացել ենք իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
-Հսկիչներն ունեն լիազորություն տուգանք կիրառելու, որն այս պահին հավասար է տոմսի արժեքի կրկնապատիկին: 150 դրամ չվճարելու դեպքում տուգանքը փաստորեն կկազմի 300 դրամ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։ Դրա մասերից մեկը վերաբերվում է ինքնաթիռին, մյուսը՝ երկաթուղային տրանսպորտին, երկուսն էլ կիրառելի չեն, ուստի կկիրառվի համայնքային և միջհամայնքային տրանսպորտին վերաբերող դրույթը, որի դեպքում սահմանված է տուգանք տոմսի արժեքի կրկնակի չափով:
Տվյալ օրենքի կիրառման խնդիրներ կան. օրինակ՝ վկայակոչված հոդվածի կատարումն այժմյան կարգավորումներով պատվիրակված է մի մարմնի, որի գոյության մասին ոչ ոք չգիտի՝ «Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները»։ Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, ուստի պարզ է, որ այս կարգավորումն արդեն իսկ ձախողված է, և շուտով կլինեն բազմաթիվ ոչ իրավաչափ ակտեր։
Ինչ վերաբերում է քաղաքացիների վճարելու ժամանակահատվածին, չկա որեւէ տեղ օրենքում գրված, որ քաղաքացին պետք է վճարի միանգամից տրանսպորտ նստելուց: Քաղաքացին կարող է տրանսպորտի վճարը վճարել ընթացքի մեջ կամ իր երթուղին ավարտելիս, մնացած բոլոր դեպքերում տուգանելը անօրինական է եւ ենթակա բողոքարկման:
