«Կանաչ լույս»՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների համար
ՆերքաղաքականԱՄՆ իշխանությունները «անվտանգության խնդիրների» պատրվակով հերթական կոշտ քայլն են ձեռնարկում՝ այս անգամ հարվածի տակ դնելով գրին քարտի, այսպես կոչված լոտոն։ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը պաշտոնապես հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրահանգով ժամանակավորապես կասեցվում է Diversity Visa (DV-lottery) ծրագիրը, որի միջոցով տարիներ շարունակ շուրջ 50 հազար օտարերկրյա քաղաքացիներ հնարավորություն էին ստանում մշտական բնակության իրավունք ստանալ ԱՄՆ-ում։
Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ ծրագրի կասեցումը կապված է Բրաունի համալսարանում եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) տեղի ունեցած հրաձգությունների հետաքննության հետ։ Ըստ ամերիկյան աղբյուրների՝ կասկածյալ անձը Միացյալ Նահանգներ է մուտք գործել հենց գրին-քարտի լոտոյի միջոցով, ինչն էլ, ըստ Վաշինգտոնի, «լուրջ հարցեր է առաջացրել ներգաղթի անվտանգության համակարգի վերաբերյալ»։
Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները՝ այդ թվում AP News-ը եւ Reuters-ը, հաստատում են, որ խոսքը ոչ թե խոսակցությունների կամ ենթադրությունների, այլ վերջին օրերին արված պաշտոնական հայտարարության մասին է։ Ծրագիրը, որն իրականում կոչվում է Diversity Immigrant Visa (DV), տարիներ շարունակ ներկայացվել է որպես «հավասար հնարավորությունների» գործիք, սակայն այժմ հենց այդ ծրագիրն է ներկայացվում որպես անվտանգության սպառնալիք։
Անխոս, Հայաստանի քաղաքացիների համար սա եւս մեկ ազդակ է՝ հասկանալու, թե որքան «կայուն» եւ «վստահելի» են Վաշինգտոնի կողմից տարիներ շարունակ գովազդվող ծրագրերը։ Բայց ամերիկյան այս որոշումն էլ ավելի հատկանշական է այն առումով, որ սրանով կանաչ լույս է վառվում Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց տարատեսակ բողոքի ակցիաների համար՝ գալիք տարի: Չէ որ այլեւս գրին քարտի հույս չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
