2026Թ.-ին առաջնային տեղում է լինելու կոմունիկացիաների թեման
ՎերլուծությունԱյսպիսով, ինչպես ասում է Իտալիայի վարչապետ տիկին Մելոնին, թեեւ «2025-ը դժվար տարի էր», բայց հեչ դարդ չանեք՝ «Քանի որ հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու»։ Միգուցե իտալուհին այդ հայտարարության պահին իր սիրած «ազդեցության տակ» է եղել: Բայց անկախ դրանից, այն, ինչի մասին նա խոսում է, Հայաստանի համար կարելի է 100 տոկոսանոց իրողություն համարել:
Թե մեր երկրի ներսում գալիք տարի ինչ է լինելու, հասկանալի է, հիմնականում կախված է մեկ հարցից՝ Նիկոլն ու նիկոլիզմը 2026թ.-ին կկարողանա՞ն վերարտադրվել: Բայց ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ ծավալվող քաղաքական մթնոլորտին, ապա այստեղ, թերեւս Նիկոլը որոշակի դեր ունի, սակայն գալիք տարվա հիմնական զարգացումներն ամենեւին էլ այդ գործոնով չէ, որ պայմանավորվելու է:
Ի՞նչ իրողություններ կարող են ստեղծվել 2026թ.-ին մեր տարածաշրջանի հիմնական խաղացողների միջեւ, դա է, որ պայմանավորում է ինչպես Հայաստանի, այնպես էլ` տարածաշրջանի համար եկող տարին: Ու, ըստ ամենայնի, ոչ միայն 2026թ.-ը. իրադարձությունները, որոնք զարգացան այս տարի եւ նույն դինամիկայով շարունակվելու են նաեւ 2026թ.-ին, ակնհայտորեն հասել են հանգուցալուծման փուլին: Այն է՝ ինչ ունեցանք 2026թ.-ին, թերեւս կպայմանավորի առաջիկա մի քանի տասնամյակներում տարածաշրջանի եւ մեր երկրի ապագան:
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Այսպիսով, ի՞նչ ունենք այս պահին: 2025թ.-ին հարավկովկասյան տարածաշրջանում նկատվեցին հիմնական այս զարգացումները: Առանցքային իրադարձություններից մեկը, ինչ խոսք, անցած տարեվերջից սկսված ռուս-ադրբեջանական սրացումներն էին, որոնք արդեն այս տարի մի պահ հասան բացահայտ թշնամության աստիճանի: Այն կարգի, որ օրինակ Ուկրաինայում (եւ ոչ միայն) ադրբեջանական ակտիվները դարձան ռուսական ռազմական թիրախներ: Սկսվեց զանգվածային հարձակում Ռուսաստանում ադրբեջանական կապիտալի եւ դիասպորի առանցքային անդամների վրա, իսկ ռուսական քարոզչական դաշտում Բաքվին սկսեցին վերագրել թշնամու կերպար: Բաքվի համար դա նշանակում էր ուկրաինացման ռեալ վտանգ, որը պատճառ դարձավ Մոսկվայի հետ հարաբերությունները նորմալացնելու փորձերի համար: Արդյունքը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպումն էր:
Դեռ այդ հանդիպումից անմիջապես հետո կար ենթադրություն, որ քննարկված հարցերի մեջ հիմնական տեղերից մեկում է եղել մեր տարածաշրջանում կոմունիկացիոն համակարգերի վերագործարկման թեման: Եվ այն, որ դրանից հազիվ 10 օր անց՝ հոկտեմբերի 21-ին, Ալիեւը հայտարարեց դեպի Հայաստան բեռնափոխադրումները բացելու մասին, իսկ դրանից մի քանի օր հետո եկավ ռուսական ցորենով առաջին գնացքը, շատ ավելի պարզ հուշում դարձավ, թե այդ գործընթացի իրական հիմքերը որտեղ են: Ու հաշվի առնելով նաեւ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ Հայաստանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերագործարկման անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ Պուտինի արձագանքը՝ նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Նիկոլի հետ հանդիպման ժամանակ, կարելի է ասել, որ խոսքն իրոք մասշտաբային գործընթացի մասին է:
Միայն թե Ալիեւը վերջին պահին Պետերբուրգ չմեկնեց, որը տանում է այն ենթադրությանը, որ կան ճնշումներ, եւ նա կարող է «թռնել» Դուշանբեի պայմանավորվածություններից: Սա, իհարկե, միանգամայն հնարավոր է: Բայց նաեւ, Դուշանբեի պայմանավորվածություններից Ալիեւի դուրս գալը կնշանակի ՌԴ-ի հետ հարաբերությունների վերադարձ այդ հանդիպմանը նախորդած մակարդակի, կրկնենք, գրեթե բաց թշնամության: Անկասկած, սա կարող է լոնդոնյան տիկնիկավարների նախընտրելի սցենարը լինել: Բայց մյուս կողմից էլ ասել, թե ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ մտած եւ բազում ներքին խնդիրներ ունեցող Բրիտանիան Բաքվում ունի այն նույն ազդեցությունը, որն ուներ թեկուզեւ մեկ տարի առաջ, թերեւս սխալ կլիներ: Ամեն դեպքում, ադրբեջանական էներգետիկայի ուղղությամբ ռուսական ռազմական հարվածները պետք է որ Բաքվի համար հուշում դառնային, որ ծայրահեղ իրավիճակներում նա առավելագույնը կարող է գլոբալիստական Եվրոպայից ակնկալել այն օգնությունը, որը ստանում է Ուկրաինան: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով Եվրոպայի հետ սահմանների բացակայությունը: Իսկ մյուս կողմից, Թուրքիան թեեւ մնում է դաշնակից, բայց մեծ հարց է՝ կգնա՞ Մոսկվայի հետ բաց հակամարտության. քիչ հավանական է: Նաեւ հաշվի առնելով, որ հարավկովկասյան կոմունիկացիաների գործարկումը, վերջին հաշվով, նաեւ Անկարայի շահերին է համահունչ: Այս հիմնական գործոնները հաշվի առնելով` ասել, թե Բաքուն կգնա Մոսկվայի հետ նորից հարաբերությունները փչացնելու ուղղությամբ՝ դուրս գալով այն պայմանավորվածությունների դաշտից, որը ձեւավորվեց Դուշանբեում, քիչ հավանական տարբերակ է թվում:
Հաշվի առնելով նաեւ, որ Սանկտ Պետերբուրգ Ալիեւի չմեկնելուց արդեն ընդամենը մեկ-երկու օր անց Պուտինն Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցավ, որը պաշտոնապես ներկայացվեց միանգամայն դրական լույսի տակ: «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նրանք վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ համակողմանիորեն ամրապնդելու ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները եւ պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։ Զրույցին, որն ընթացել է ջերմ եւ բարեկամական, միացել է Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան…»,- ասվում է Կրեմլի պաշտոնական տեղեկատվության մեջ:
ՌԴ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՉՔԱԹՈՂ ԱՆԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ
Այսպիսով, ենթադրելի է, որ կոմունիկացիաների վերագործարկման թեման գալիք տարի մեր տարածաշրջանի հիմնական ուղղություններից մեկն է լինելու: Ընդ որում, որոշ նախանշաններ գալիս են հուշելու, որ խոսքը ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ վրացական ուղղության մասին է լինելու, ավելի կոնկրետ՝ աբխազական երկաթուղու: Իրողությունն այն է, որ Վրաստանը ներկա պահին ակտիվորեն վերակառուցում է դեպի Ռուսաստան տանող ավտոմայրուղիները, կառուցում է նոր ճանապարհ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանում արդեն գործում է ռուսական նավթ վերամշակող գործարան՝ միանգամայն լուրջ՝ տարեկան նախագծային մոտ 4 միլիոն տոննա նավթի վերամշակման հնարավորությամբ: Նման զարգացումները տանում են նրան, որ աբխազական երկաթուղին Թբիլիսիի համար սկսում է ոչ միայն տնտեսական առումով նպատակահարմար, այլ նույնիսկ՝ պարտադիր անհրաժեշտություն դառնալ: Նաեւ հաշվի առնելով քաղաքական կողմը. եթե հանկարծ իրոք գործեն Ադրբեջանը Հայաստանին կապող գծերը, եւ աբխազական ուղին մնա փակ, ապա լոգիստիկ տեսանկյունից դա Վրաստանի համար բավականին լուրջ հարված է դառնում:
Ամեն դեպքում այն, որ Մոսկվան արդեն պարզապես ստիպված է կենտրոնանալ հարավկովկասյան ուղղության վրա՝ չսպասելով ուկրաինական հակամարտության ավարտին, խոստովանում են անգամ ռուսական փորձագիտական շրջանակները, այդ թվում՝ Կրեմլին մոտ գտնվող: Փաստն այն է, որ ուկրաինական պատերազմի այս մոտ 4 տարիներն արդեն նկատելիորեն թուլացրել են Մոսկվայի դիրքերը հարավկովկասյան տիրույթում, եւ հետագա ընթացքին չհետեւելը կարող է հասցնել այն անդառնալիության կետին, որի դեպքում ուկրաինական սցենարը կդառնա դիրքերը վերականգնելու միակ տարբերակ:
«Առաջին հերթին սա վերաբերում է Հարավային Կովկասին։ Տարածաշրջանն ամբողջությամբ դուրս է եկել Մոսկվայի ազդեցությունից։ 2003 թվականին առաջին անգամ կորցնելով Վրաստանը, Կրեմլը կորցրեց նաեւ Հայաստանը, իսկ հիմա՝ Ադրբեջանը…»,- իրավիճակը գնահատում է ռուսական փորձագիտական աղբյուրը՝ նշելով նաեւ, որ դրա հետեւանքը դառնում է խնդիրներ նաեւ Կենտրոնական Ասիայում:
Բացի այդ, ըստ փորձագետի, գալիք տարի. «Հարավային Կովկասը կդառնա այն վայրը, որտեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները կփորձեն հրահրել այն, նման այն բանին, ինչ տեղի ունեցավ ավելի վաղ Ուկրաինայում»: Ընդ որում, նաեւ սխալ համարելով հույսը դնել միայն ռազմական ռեսուրսի վրա՝ որպես վերջին միջոց. «Բոլոր կողմերից շրջապատված լինելով հզոր խաղացողներով՝ Մոսկվան չի կարող հույսը դնել նվազագույն դիմադրության վրա ռազմական բախման դեպքում։ Ուկրաինական դեպքը ցույց տվեց, որ մեր հակառակորդները լուրջ են եւ մտադիր են մեզ դիմակայել «մինչեւ վերջ»։ Կրեմլի առջեւ ծառացած է դժվարին հարց՝ լուծել այն խնդիրները, որոնք Ռուսաստանը պատմականորեն լուծել է զինվորականների հետ, բայց արդեն ոչ ռազմական միջոցներով։ Հակառակ դեպքում համակարգը կբախվի աննորմալ թվով ռիսկերի»:
Լուծումների տարբերակներից մեկն էլ, իհարկե, քարոզչական, էլ ավելի խորքային՝ տնտեսական ինտեգրացիայի խորացումն է, որի համար էլ առաջնայինը կոմունիկացիաների կարգավորումն է: Խոսքը կովկասյան լոգիստիկայով ՌԴ-Իրան-Հնդկաստան կապուղու մասին է, որից սպասվող եկամուտները հարավկովկասյան երկրների համար կարող են նաեւ աշխարհաքաղաքական վեկտորի իմաստ ունենալ: Հասկանալի է նաեւ, որ լինելու է գլոբալիստական թեւից եւ հատկապես՝ Բրիտանիայից եկող լուրջ դիմադրություն: Ու, ըստ ամենայնի, հենց այս ամբողջ պայքարն էլ կլինի 2026թ.-ին սպասվող գործընթացների հիմքում:
Տես նաեւ https://t.me/iravunk/62614