Թրամփն արդեն ստիպված է գնալ ռեալ գործողությունների
ՎերլուծությունԻհարկե, 2026թ.-ի համար բոլոր հիմնական սպասելիքները, այդ թվում՝ մեր տարածաշրջանի հետ կապված, մնում է մեծապես կախված այն գլոբալ զարգացումներից, որոնք այս պահին կան ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան-Եվրոպա հարթակում, եւ որի տեսանելի բախման կիզակետը դեռ մնում է ուկրաինական ուղղությունը:
Թրամփը, թեեւ մեծ սպասելիքներ ուներ, որ մինչեւ Սուրբ ծնունդ (կաթոլիկական) կհասնի ուկրաինական հարցով խաղաղության պայմանագրի, բայց դա չիրականացավ: Խոշոր հաշվով, սա կարելի է համարել Թրամփի «տարվա ձախողումը». դեռ անգամ նախագահի պաշտոնը չստանձնած, խոսում էր մի քանի օրում ուկրաինական հարցը լուծելուց: Հետո՝ մի քանի ամսում, հիմա ձախողվեց նաեւ տարվա վերջին խոստումը: Հիմա նոր ժամկետներ են նշում՝ հունվարի մինչեւ 20-ը, երեք ամիս եւ այլն: Բայց ոչ մի ռեալ սպասելիք անցած բոլոր ձախողումներից հետո չկան:
Ավելին, Զելենսկին հենց Սուրբծննդյան շեմին ներկայացրեց 20 կետանոց ինչ-որ փաստաթուղթ՝ փորձելով ցույց տալ, որ այն հենց նույն փաստաթուղթն է, որը քննարկում են ամերիկացիների հետ: Սակայն գրեթե անմիջապես անգամ ուկրաինական աղբյուները սկսեցին խոսել, որ դա նրա անձնական, ավելի ճիշտ` գլոբալիստների` MI-6-ում կազմված եւ փոխանցած տարբերակն է: Եվ փաստը, որ դա ներկայացվեց հենց Թրամփի նշած վերջնաժամկետի՝ Սուրբծննդյան շեմին, ԱՄՆ-ին ուղղված մարտահրավերի տպավորություն թողեց:
Սակայն իհարկե, խնդիրը միայն դա չէ: «Երբ Զելենսկին նախօրոք տարածում է ապատեղեկատվություն, որը, ըստ էության, փորձում է խաթարել բանակցային գործընթացը եւ ռուսներին հրապարակային դաշտում դնել խաղաղության ձախողողի վիճակում»,- գրում է ուկրաինական աղբյուրը: Ապա ավելացնում. «Մեր տեղեկությունների համաձայն, ամերիկացիները դեմ էին նման բան հրապարակելուն, բայց դա պահանջողը գլոբալիստներն էին, որոնք հետապնդում են բանակցային գործընթացը խափանելու նպատակ»։
Բանն այն է, որ Զելենսկու ներկայացրած փաստաթուղթն «ռուսներն անգամ չեն քննարկի»: Դրա մի քանի կետ նախկինում էլ միանշանակ մերժվել է: Նախ, Զապորոժիեի ատոմակայանի մասին կետը, որը Զելենսկին ներկայացնում է վիճելի, թե ամերիկացիներն առաջարկում են1/3 մասով այն բաժանել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, իսկ Կիեւը` 50-50 տոկոսով` ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի: Այն դեպքում, երբ ատոմակայանը ռուսների վերահսկողության տակ է, եւ ոչ մեկին որեւէ բան տալ չեն պատրաստվում: Ամենակարեւորը մնում է տարածքների հարցը. Զելենսկու տարբերակով` պետք է ոչ միայն ՌԴ կազմ վերցված չորս մարզերում կանգ առնել շփման գծում, այլ մյուս մարզերից` Սումից, Խարկովից եւ Դնեպրոպետրովսկից ռուսները պետք է զորքերը հանեն: Իսկ սա այն է, ինչը Մոսկվան ի սկզբանե է մերժել: Եվ այսպես շարունակ:
Արդյունքում, ուկրաինական աղբյուրը եզրակացնում է. «Զելենսկուն պատերազմի համար գումար են խոստացել: Այսինքն, հիմա հիմնական խնդիր է դարձել բանակցությունները ձախողելը` աշխատելով հնարավորինս մեղավորությունը թողնել ռուսների վրա: Բայց եթե Կիեւում դրան հավատում են, հենց դա է նրանց մեծագույն մոլորությունը: Ամերիկացիներն իրականում շատ լավ են հասկանում, թե ով է բանակցությունները ձախողող կողմը, որի մասին քանիցս նաեւ միանշանակ հայտարարություններ են արել:
Այսպիսով, եթե ԱՄՆ-ն ուզում է կանգնեցնել պատերազմը եւ հիմնական հնարավորությունները տեղափոխել չինական ուղղություն, ապա պետք է կարողանա դիրքերից հեռացնել բրիտանական կայուն վերահսկողության տակ գտնվող Զելենսկի-Երմակ զույգին՝ փոխարինելով սեփական վերահսկողության տակ գտնվող մեկով: Այլապես, այն ֆինանսավորմամբ, որը խոստացել է Եվրոպան, Զելենսկին կկարողանա պատերազմն առնվազն 2026թ.-ին շարունակել: Ճիշտ է՝ աստիճանաբար հետ քաշվելով, նոր տարածքներ հանձնելով, սակայն այդ մի քիչ այս, մի քիչ այն կողմը Վաշինգտոնի համար խոշոր նշանակություն չունի:
Սակայն հնարավոր է համարվում նաեւ Թրամփի «գոտկատեղից ներքեւ» քայլը: Այն է՝ այցելություն Մոսկվա, ռուսների հետ երկկողմ տնտեսական նախագծերի մասին փաստաթղթերի ստորագրում: Եվ այն, որ այս փուլում Թրամփի ուշադրությունը վերադարձավ Գրելանդիայի վրա, հենց նշված սցենարի օգտին է խոսում: Այն է՝ ռուս-ամերիկյան հնարավոր խոշոր գործարքների թվում են արկտիկական ուղղությամբ ծրագրերը: Իսկ Գրելանդիան վերցնելով, դա նշանակում է արկտիկական ուղղությամբ վերահսկողության էական ընդլայնում:
Բայց մյուս կողմից էլ, սրվում է նաեւ ներամերիկյան հակամարտությունը: Այդ թվում՝ սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կարող են խնդիր դառնալ Թրամփի համար՝ ամբողջական իշխանությունը պահելու հետ կապված: Իսկ կորցնելու դեպքում նոր խնդիրների պակաս, իհարկե, չի ունենալու:
Այսինքն, ամենահավանական տարբերակ է մնում, որ արդեն տարեսկզբից պետք է փորձի կտրուկ սրել ճնշումը Կիեւի վրա, այդ թվում՝ խաղի մեջ դնելով Մոսկվայի հետ սեպարատ պայմանավորվածությունների գնալու խաղաթուղթը: Եվ եթե դա շատ կարճ ժամանակում չավարտվի խաղաղության պայմանագրով, ապա Մոսկվայի հետ Վաշինգտոնի սեպարատ համաձայնության տարբերկը դառնում է ամենագավանականը: Գումարած, արդեն իսկ Եվրոպայի նկատմամբ սկսված ճնշումներն են թափ հավաքել, բանը հասել է նրան, որ որոշ եվրոպացիների նկատմամբ, ինչն աննախադեպ է, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել, եւ այդ ցանցը խոստանում է կտրուկ ընդլայնվել:
Մի խոսքով, գալիք տարվա առաջին իսկ օրերից այս ծայրահեղ սրված պայքարը մնալու է` որպես գլոբալ օրակարգ թելադրող ուղղություն: Ի՞նչ արդյունավետությամբ, դժվար է ասել. բախման մեջ են իրար չզիջող գլոբալ ուժեր: