Զավեշտների ու պարադոքսների երկրի վերածված` Հայաստանս...
ՀրապարակախոսությունԵրկիր, որտեղ մարդիկ կտրված են իրականությունից և ապրում են պատրանքներով, որտեղ գործում է որքան վատ, այնքան լավ սկզբունքը։ Երկիր, որտեղ խախտված են հասարակական օրենքներն ու օրինաչափությունները, որտեղ ազատ ու անկաշկանդ գոյատևում են կեղծիքը, սուտը, նախանձը, ատելությունը, չարությունը, դավաճանությունը, բամբասանքը, բանսարկությունն ու մատնությունը, որտեղ ապրելակերպի նորմ է խաբելը, «քցելը», մանիպուլացնելը, կեղծավորությունը, պոպուլիզմը, ձևամոլությունը, նյութի նկատմամբ պաշտամունքն ու անպատասխանատվությունը։ Որտեղ շատերը չունեն իրենց սրբությունները և անկեղծ չեն Աստծո հետ, որտեղ պաշտում են տգիտությունն ու ցածր արժեքները, որտեղ պարտությունը համարում են իրենց հպարտությունը, ընտրում ու պատիվներ են շնորհում ազգուրացներին, ապաշնորհներին ու հայրենադավներին, ոտքի են կանգնում նրանց առաջ և տանել չեն կարողանում լավն ու գեղեցիկը։ Որտեղ անհավատները, բարոյազուրկներն ու օրինախախտներն են աստվածապաշտություն, բարոյականություն ու օրինականություն քարոզում։ Որտեղ սիրո փոխարեն շատերն ընտրում են` ատելությունը, ապագայի փոխարեն` անցյալը, ապրելու փոխարեն` ինքնաոչնչացումը, բարեկամի փոխարեն` թշնամուն, իրական արժեքների փոխարեն` կեղծ արժեքները, բովանդակության փոխարեն` ձևը, հայրենիքի փոխարեն` նյութը, արժանապատվության փոխարեն` ստրկությունն ու նվաստացումը, որտեղ խեղաթյուրում են ազգային արժեքները և պաշտում են օտար արժեքները, որտեղ օտարի հետ են կապում ինչպես անհաջողությունները, այնպես էլ իրենց ապագան և օտար ափերում են փնտրում իրենց երջանկությունը։
Երկիր, որտեղ վանում են բարեկամներին և անվտանգության ու խաղաղության հույս կապում թշնամիների հետ, որտեղ հեշտությամբ ներում ու հանդուրժում են դավաճանությունն ու ուրացումը և հաշտ ու խաղաղ ապրում են ստրկության, հայրենիքի կորստի ու անբարոյականության հետ, որտեղ հավատում են թղթի կտորով խաղաղություն ունենալուն։ Որտեղ իշխանություններին ` ազգն իր հավաքած հարկերից առատորեն աշխատավարձ ու պարգևավճարներ է վճարում ու հանդուրժում թշնամու շահը բացահայտ սպասարկողներին ու պետությունը կործանողներին։ Որտեղ աշխատելու փոխարեն իշխանություններն ու ընդդիմությունն զբաղված են փոխադարձ վիրավորանքներով, մեղադրանքներով, բանսարկությամբ, բամբասանքներով ու թատերական ներկայացումներ ցուցադրելով։
Եվ այս զավեշտը մենք հանդուրժում ենք, սիրելի ժողովուրդ, և հաշտ ու խաղաղ ապրում այս ամենի հետ։ Հուսադրողն այն է, որ ինչպես Ջորջ Բայրոնն է ասել . «Հայի առաքինությունները իրենն են, իսկ արատները ձեռք բերովի են և հետևանք են օտար նվաճողների կեղեքման»։ Մենք այսպիսին ենք դարձել, որովհետև օտարների տիրապետության ներքո գոյատևելու համար ստիպված ենք եղել թաքցնել մեր զգացմունքները, խաբել, քծնել, օտարներին հաճոյանալու համար մատնել յուրայիններին։ Մեզ կառավարելի դարձնելու ու կործանելու համար մեզ դարեր շարունակ ոտնատակ են տվել, դրսից փորձել են ապականել մեր արժեքներն ու բարոյականությունը, դարձնել նվաստ ու ստրկամիտ։ Փորձել են մեզ կտրել մեր ազնվական արմատներից, մեր մեջ սպանել հայրենիքի ու պետականության զգացողությունը, ջնջել մեր պատմական հիշողությունը, ջարդել պայքարելու կամքն ու խիզախությունը։ Փորձել են, որովհետև մենք մրցակից ենք եղել ուրիշների համար, որովհետև մենք մեր եզակի հատկանիշներով` տաղանդով, ստեղծագործական ունակություններով, խիզախությամբ, խաղաղասիրությամբ ու հաճելի արտաքինով ուրիշների նախանձն ենք շարժել, որովհետև մենք սիրելին են Աստծո և Նրա բարեհաճությունն ենք վայելում։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
