Հույս ունեմ, որ 2026-ը կլինի որոշիչ եւ կարեւոր տարի մեր ազգի, մեր պետականության եւ ինքնության համար. Մովսիսյան
ՆերքաղաքականԿայացավ Երեւանի ավագանու տարեվերջյան 5-րդ նստաշրջանը: Զեկուցվող հարցերից էր 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Հատկանշական է, որ թեպետ նախնական պայմանավորվածության համաձայն, ընդդիմադիր ավագանու անդամները պետք է բոյկոտեին նիստը, սակայն այն կայացավ, բյուջեն հաստատվեց, եւ երեւանցին կրկին մնաց անարդարացված թանկացումների բեռի տակ: Այս մասին առավել մանրամասն «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի անկախ ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Մովսիսյան, փաստորեն, նախնական պայմանավորվածությունը՝ բոյկոտելու կամ ամեն կերպ բյուջեն չհաստատելու, այդպես էլ մնաց անկատար:
— Ինչպես միշտ, նախքան նիստի կայանալը, լինում է քննարկում՝ կապված բյուջեի հետ: Բյուջեի հաստատման մեջ ներառված էր այն տույժ-տուգանքներն ու 2026 թվականի թանկացումները, որը նիստի ընթացքում հաստատվեց: Նախնական պայմանավորվածության համաձայն` ընդդիմադիրների կողմից քվորում պետք է չապահովվեր, սակայն, ինչպես տեսանք, քվեարկություն եղավ, եւ քվորումը ապահովվեց: Նաեւ ասեմ, որ ընդդիմադիր դաշտից 7 ավագանի բացակայում էին: Ցավոք, եղավ այն, ինչ տեսանք, եւ երեւանցին պետք է վճարի ավելի թանկ տրանսպորտ, աղբահանություն, կարմիր գծեր եւ այլն:
— Ստացվում է, որ 2025-ի դժվարությունները փոխանցվեցին 2026-ի՞ն:
— Առհասարակ 2025 թվականը մեր բոլորի համար ծանր տարի էր: Հատկապես ծանր եւ աչքի ընկնող եկեղեցու ու նրա շուրջ ստեղծված խմորումների առումով: Մենք տեսանք, թե ինչ պայքար է մղվում եկեղեցու դեմ: Հույս ունեմ, որ 2026 թվականը իսկապես կլինի որոշիչ եւ կարեւոր տարի՝ մեր ազգի, մեր պետականության եւ ինքնության համար, քանի որ 2026-ին որոշվելու է, թե ինչպես պետք է լինի առհասարակ մեր երկրի ճակատագիրը ոչ միայն եկեղեցու, այլ գլոբալ քաղաքական առումով:
Բոլորին մաղթում եմ հաջողակ, հույսով լի, վստահության եւ առողջության տարի: Ամեն բան լավ է լինելու, պարզապես, պետք է պայքարել եւ չհանձնվել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
