Արցախցիները վերադառնալու հույսը չեն կապում այլեւս Փաշինյանի իշխանության հետ. ԱՀ փաստաբան
Ներքաղաքական«Իրատեսական չեմ համարում»,- Արցախից բռնի տեղահանվածների՝ պատմական հայրենիք վերադարձի հնարավորության մասին բրիտանական լրատվամիջոցների հնչեցրած հարցին ի պատասխան՝ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտարարել է՝ Հայաստանն Արցախի համար պատերազմ վարել չի պատրաստվում։
Այսքանից հետո ինչպե՞ս են տեսնում Արցախ վերադարձի տեսլականը եւ առհասարակ արցախցու ապագան արցախահայերը փորձել ենք հետաքրքրվել արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նկատեց.
-Արցախցիները Արցախ վերադառնալու հույսը ամենևին չեն կապում Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության հետ։ Արցախցիներս գիտակցում ենք,որ մեր վերադարձի հույսը մեր ժողովրդի համախմբվածության մեջ է։ Մենք, Արցախը, որպես իբրև առանձին հայկական միավոր չենք դիտում և երբևէ չենք դիտելու։ Արցախը հայ ժողովրդի տիտղոսակիր տարածքն է ։ Այն ժողովրդը,որ ցրտի, սովի,խավարի և փլատակների տակ գտնվելու պայմաններում, կարողացել է հաղթանակներ նվաճել,ընդունակ է նույնը անելու, բայց ոչ այս իշխանության հետ մեկտեղ։
Նիկոլ Փաշինյանի խաղաղության փիլիսոփայական կատեգորիան, հնարավորությանն ու իրականությանը չեն համապատասխանում, այն հակադրվում է ազգային արժեքաբանությանը։ Մարդկությունը իր անցած ճանապարհում կերտել է ժողովրդի գոյաբանության հիմնավորումը, իսկ որպես այդպիսին,դրա հիմքում ընկած քաղաքական ռեալիզմը, հիմնվում է այն փաստի վրա,որ,, Ինչ փրկություն էլ լինի, առավել փրկություն պատերազմում կա։ Կոսմոլոգիական պարադոքս չէ չհասկանալու համար,որ հավերժական խաղաղությունը մոլորակի վրա մնում է միայն հրաշալի երազանք։ Փաստ է և իրողություն,որ թույլը երբեք խաղաղություն չի ունենում։
Հայ ժողովրդի ճակատագիրը չէ սոսկ,որ բախվում է հայրենազրկման փաստի հետ։Այդպիսի ճակատագրեր աշխարհի բոլոր ժողովուրդներն են ունեցել,որոնցից շատերին է հաջողվել ետ բերել, քանի որ սիրել են իրենց հայրենիքը։ Ի դեպ, 2023 թվականը Արցախցիների համար բռնի տեղահանվելու առաջին դեպքը չէ։ Արցախի մելիքները իրենց ժողովրդով տարբեր ժամանակներում տեղափոխվել են Սյունիք , Ուտիք , Գուգարք և այլ տարածքներ,իսկ հետագայում վերադարձել են։ Այս դեպքում մեր խնդիրը էականորեն տարբերվում է նրանով,որ հայրենիքի մի մասը ետ բերելու գործին խոչընդոտում է հայրենի իշխանությունը։ Գուցե և շունչ առնելու նպատակով, սակայն ինչպես ցույց են տալիս զարգացումները, ամենևին ոգեշնչանք չի հաղորդում։
Ինչ վերաբերում է բրիտանական լրատվամիջոցներում հնչեցրած դիտարկումներին,ապա դրանում կարող է քաղաքական շահարկումներ լինեն։ Սակայն,առավելապես ենթադրում եմ,որ Հայ ժողովրդի հայրենիքի նկատմամբ բացառիկ սիրո զգացողության նկարագիրը ցուցահանելու մտահանգում է,որն ըստ էության մեծացնում է Արցախը Հայաստանին վերամիավորելու հավանականությունը։