Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում
ՍպորտԱպրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր: Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը:
Երեք մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի եւ անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող:
Մեզ հետ զրույցում Կամոն վստահեցրեց, որ մրցաշարի ընթացքում որեւէ դժվարությունների չի բախվել, բացի՝ դատավորների կողմնապահությունից:
«Մրցաշարի ժամանակ գերմանացի մարզիկի հետ մրցելիս, թեպետ դատավորները կողմնապահություն էին անում, բայց ես հաղթեցի»,- պատմեց Ունանյանը:
Առաջիկա անելիքների մասին խոսելով՝ Կամոն տեղեկացրեց, որ արդեն պատրաստվում է MMA մարզաձեւի հաջորդ մրցումներին:
«Արդեն ուզում եմ լրջորեն զբաղվել միայն MMA սպորտաձեւով: Հաջորդ մենամարտը կլինի մեկ ամսից, բայց դեռ պարզ չէ, թե որ կազմակերպության անվան ներքո հանդես կգամ»,- եզրափակեց նա: