Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial Times
ՄիջազգայինՌուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին, գրում է Financial Times-ը։
Այս գործողությանն ընդառաջ՝ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային հարվածներ է հասցնում Խարկովի և ռազմավարական նշանակություն ունեցող այլ քաղաքների վրա՝ «փափկացնելով մարտադաշտը», հայտնում են Գլխավոր հետախուզության վարչության աղբյուրները։
Ուկրաինայի զինված ուժերում Bild-ի աղբյուրը հայտնել է, որ վախենում է 20-40 հազար ռուս զինվորների մասնակցությամբ Խարկովի վրա հարձակումից։
«Այդ դեպքում մենք պետք է որոշենք՝ ուզում ենք պաշտպանել հյուսիսը, թե արևելքը։ Երկուսը միաժամանակ անհնար է անել»,- ասաց նա։
Մեկ այլ ուկրաինացի զինվորական էլ հրապարակմանը հայտնել է, որ Խարկովին համարում է ռուսական առաջիկա հարձակման ամենահավանական թիրախը։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը կարծում է, որ «լավ հագեցված ուկրաինական ուժերը, հավանաբար, կարող են կանխել ռուսական առաջխաղացումը»:
«Երկու տարի անց ռուսները հասկացան, թե ինչպես արդյունավետ օգտագործել իրենց ուժերը հարձակողական գործողությունների համար։ Մեր օրերում անհամար ռումբեր հաճախ են նետվում ճակատում։ Ոչ նախկինի պես միայն մի քանի փոքր անգարների, այլ մեր պահած յուրաքանչյուր շենքի»,- BILD-ի համար իրավիճակը մեկնաբանել է ուկրաինացի սպան:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը «ոչինչ չեն կարող անել» առանց ՀՕՊ համակարգերի զինամթերքի և հրթիռների։ Միևնույն ժամանակ, ուկրաինացի զինվորականներն այժմ կիլոմետրանոց հակատանկային պատնեշներ են կանգնեցնում ոչ միայն երկրի հարավում, այլև Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջանների հետ սահմանների երկայնքով:
Միաժամանակ, Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ Խարկովի վրա հարձակման նախապատրաստվելու նշաններ չեն տեսնում։