«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ ներմուծված մի շարք ապրանքատեսակների թանկացման: Իսկ գոյացած գումարի կեսը գնալու է, РБК-ի տվյալներով, ուզբեկ բիզնես մագնատ Ալիշեր Ուսմանովին: Տարբեր տեղեկությունների համաձայն` Ուսմանովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընկերն է:
Իսկ հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությամբ նոր գագիկխաչատրյաններ են ծնվում, որոնք հարստանում են հենց պետության հաշվին՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու: Իբրեւ ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը ենթարկվում է վերպետական այդ կառույցի կանոններին, որոնցից մեկը ապրանքների նույնականացման համակարգն է: Հայաստանում այսօր ծխախոտը, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, այդ թվում՝ գարեջուրը, ջուրը, տեխնիկայից` դյուրակիր համակարգիչներն ու բջջային հեռախոսներն արդեն վաճառվում են QR կոդով։ Իսկ ո՞վ է QR կոդերն արտադրող բիզնեսմենը, որը ահռելի գումարներ է աշխատելու:
QR կոդի բիզնեսը, ըստ «Հետքի», պատկանում է կոնսորցիումով հանդես եկող` «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին: Այդ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ .-ին, 50/50 «փայերով» երկու բաժնետեր ունի՝ Ռուսաստանում գրանցված` ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն եւ Հայաստանում հիմնադրված «Ֆրուկտուս» ՍՊԸ-ն։ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Սեդրակի Եսայանն է. ոչ թե «Թիմ տելեկոմի» Եսայան եղբայրները, այլ նրանց ազգականն է Նարեկը` մերօրյա գագիկխաչատրյանը, որը, QR կոդերի պետական հովանավորությամբ ստեղծված գերեկամտաբեր բիզնեսով, շուտով մուլտի միլիարդատեր է դառնալու:
ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն, ռուսական РБК-ի փոխանցմամբ, կապվում է ուզբեկական ծագմամբ ուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ: QR կոդերից ստացված գումարի ուղիղ կեսը գնալու է նրան՝ Իլհամ Ալիեւի ընկերոջը: Forbes-ը հրապարակել է, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի` 156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը, որը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Այսինքն՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուս կողմից ՌԴ օլիգարխին դարձրել է ազգային օպերատոր:
Հետաքննությունը շարունակվում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում