-
Նորություններ
-
Արխիվ


Հանրություն
ՙՙՙՙՙՙՀԱՎԱՏԱՑԵ°Ք ԻՆՁ, ԴԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է՚
Ավագ եւ, ինչ-որ չափով, միջին սերնդի ֆուտբոլասերների հիշողության մեջ դեռեւս թարմ են ՙԱրարատ՚ թիմի 1973 թվականի հաջողությունները, երբ նվաճեց ԽՍՀՄ գավաթը եւ նվաճեց նաեւ չեմպիոնի կոչումը: Ինչպես ընդունված է ասել` դարպասապահը թիմի կեսն է, եւ լեգենդար ՙԱրարատի՚ լեգենդար դարպասապահ ԱԼՅՈՇԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ օգոստոսի 29-ին դարձավ 65 տարեկան:
Ծնվել է Լենինականում, հայրը եւ չորս եղբայրները եղել են ֆուտբոլիստներ, ինքն էլ սիրել է ֆուտբոլը, խաղացել բակում: Սակայն լրջորեն հրապուրվել է վոլեյբոլով, Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել Վոլգոգրադում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադային: 1962 թվականին ՙՇիրակ՚ ֆուտբոլային թիմի պատանի ֆուտբոլիստները պետք է մասնակցեին ԽՍՀՄ պատանիների առաջնության եզրափակիչին` Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքում, կար դարպասապահի խնդիր, Ա. Աբրահամյանին հրավիրում են թիմ եւ... Դա էլ հենց որոշիչ է լինում ապագա հանրահայտ դարպասապահի կյանքում: Այնուհետեւ մեծ եղբայրը` Միշան, նրան տարել է տեքստիլ կոմբինատի թիմ, որից հետո խաղացել է ՙՇիրակ՚-ում, որը մարզում էր նախկին դարպասապահ Ալիկ Աբրահամյանը, եւ ումից ինքը շատ բան է սովորել: 1964 թվականի վերջերից նրան հրավիրել են ՙԱրարատ՚, որտեղ խաղացել է շուրջ 15 տարի, անցկացրել 279 հանդիպում:
Ակտիվ սպորտը թողնելուց հետո զբաղվել է մարզչական աշխատանքով, այսօր էլ ՙԱրարատ՚ ակումբի մարզիչներից է, հիմնականում աշխատում է դարպասապահների հետ:
Շնորհավորելով 65-ամյակի առթիվ` զրուցեցինք հոբելյարի հետ:
- Ո±րն էր 1973 թվականի ՙԱրարատի՚ հաջողության գաղտնիքը, ո±ր մարզիչն է ամենաշատ ներդրումն ունեցել հաղթանակի գործում:
- Ամեն մի մարզչից էլ ինչ-որ բան սովորել ենք` պրոֆեսիոնալիզմը, գործին անմնացորդ նվիրվելը, մեկը տեսականորեն է լավ պատրաստ եղել... Տարբեր մարզիչների մեջ լավ հղկվեցինք: Թիմի բոլոր տղաներն իրենց վրա կարծես թե պարտականություն, մեծ պատասխանատվություն էին վերցրել: Ամեն ինչ մի կողմ էին թողել, մտածում էին միայն ֆուտբոլի մասին, պարտաճանաչ ձեւով մարզվում էին, չէին խախտում ռեժիմը, գործին մոտենում էին պրոֆեսիոնալ ձեւով: Եվ բացի այդ, արդեն քանի տարի միասին էինք խաղում: Ու եկավ ժամանակը, երբ արդեն պետք է հաջողության հասնեինք:
- Քանի որ հանրաճանաչ Նիկիտա Սիմոնյանի ժամանակ հասաք կրկնակի հաջողության` դառնալով ե°ւ ԽՍՀՄ չեմպիոն, ե°ւ գավաթակիր, ուստի կխնդրեի, որպեսզի խոսեք նրա մասին:
- Նիկիտա Սիմոնյանը ինտելիգենտ մարդ էր, եւ մենք իրեն հարգում էինք նաեւ այն պատճառով, որ համապատասխան վերաբերմունք ուներ խաղացողների նկատմամբ եւ կոռեկտ մարդ էր: Նրա կես բառից մենք արդեն հասկանում էինք, թե ինքը ինչ է ուզում բացատրել մեզ եւ ինչ է ասում: Ու նաեւ տակտիկապես Ն. Սիմոնյանը մեզ լավ պատրաստեց, եւ կարծես թե ինքը վստահ էր, որ թիմը պետք է հաջողության հասնի: Դեռ խաղաշրջանը չէր սկսվել, նոր էինք սկսում մարզումները, թիմը նրան նոր ընդունեց, եւ այդ ժամանակ լուսահոգի Ծաղիկյանն ասաց, որ այդ տարի մենք պետք է չեմպիոն դառնանք: Ն. Սիմոնյանը շատ խելոք, հավասարակշիռ մարդ էր եւ նման խոստումներ չէր տալիս: Նա մեզ վստահություն ներշնչեց, շատ էր նվիրված ֆուտբոլին, թիմին:
- Ամեն դեպքում կարեւորագույն հանդիպումներից մեկը (եթե ոչ` ամենակարեւորը) 1973 թվականին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ գավաթի եզրափակիչն էր Կիեւի ՙԴինամո՚ թիմի հետ: Ո±ր պահին հավատացիք, որ կարող եք հաղթել: Երեւի այն պահին, երբ հիմնական ժամանակի վերջին րոպեին Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց խաղի հաշիվը:
- Երբ հաշիվը հավասարվեց, կիեւցիներն արդեն մինչ այդ երկու հարձակվողի փոխարինել էին: Հանդերձարանում խոսեցինք այն մասին, որ նրանք հարձակվող չունեն, եւ մենք պետք է անպայման հաղթենք: Ն. Սիմոնյանն էլ ասաց` կա°մ այսօր, կա°մ երբեք:
- 1975 թվականին էլ ՙԱրարատը՚ նվաճեց ԽՍՀՄ գավաթը, որից հետո թիմի խաղն անկում ապրեց, ժամանակից շուտ հեռացան կամ հեռացվեցին թիմի առաջատար խաղացողները:
- Սերնդափոխությունը պետք է աստիճանաբար կատարվեր, բայց կատարվեց միանգամից, ժամանակից շուտ, իսկ թե ինչ պատճառներով` մեզ համար անհայտ է: Եվ այդ իսկ պատճառով թիմը անկում ապրեց:
- Մեկուկես ամիս առաջ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ըստ Ձեզ, ինչպե±ս իրենց դրսեւորեցին դարպասապահները: Ասում էին, որ գնդակը անկանխատեսելի հետագիծ է ունենում:
- Ես չգիտեմ, թե դրանք ինչ գնդակներ են, բայց աշխարհի առաջնությունից մի երկու ամիս առաջ հավաքականները այդ գնդակներից պիտի ստացած լինեն մարզումներ, հանդիպումներ անցկացնելու համար, եւ պիտի սովորած լինեին դրան: Իհարկե, ամենադժվարը դարպասապահի գործն է, բայց որոշ դարպասապահներ պարզունակ սխալներ թույլ տվեցին, գոլ ընդունեցին սեփական դարպասը:
- Այս տարիների ընթացքում ֆուտբոլում, կոնկրետ դարպասապահների խաղում շատ բա±ն է փոխվել:
- Այո, շատ բան: Ֆուտբոլն արագացել է, եւ դարպասապահները առաջվա նման չեն կարող ժամանակ անցկացնել, այսպես ասած, ժամանակ ձգել. իրենց ժամանակ է տրված եւ 6 վայրկյանից հետո պետք է գնդակից ազատվեն, գնդակը ձեռքից թողեց, չի կարող նորից վերցնել:
- Բայց այդ 6 վայրկյանի կանոնին մրցավարները կարծես չեն հետեւում:
- Ես էլ եմ նկատել, որ դրան շատ ուշադրություն չեն դարձնում: Հիմա դարպասապահները պետք է կարողանան նաեւ ոտքով լավ խաղալ, կարծես թե դարպասապահը դառնում է ՙմաքրող՚, սխալներն ուղղող խաղացող:
- Ինչպե±ս են այսօր ՙԱրարատի՚ գործերը, հիմա ինչպիսի±ն է մթնոլորտը թիմում:
- Թիմի մթնոլորտը շատ լավ է, կազմի գրեթե 90 տոկոսը երիտասարդ խաղացողներ են, ովքեր, իհարկե, շատ բան ունեն սովորելու: Չնայած առաջին խմբում առաջատարն է, սակայն եկող տարի բարձրագույն խմբում, իհարկե, շատ ավելի դժվար կլինի, եւ մեզ, կարելի է ասել, մի թիմ էլ է պետք հավաքել: Եվ այսօրվանից Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ այդ աշխատանքները կատարվում են:
- Իսկ ինչպե±ս կգնահատեք հայաստանյան թիմերի դարպասապահների խաղը:
- Ես Ստեփան Ղազարյանին եմ մի քիչ հավանում, նրան վաղուց գիտեմ: Դարպասից դուրս գալու ժամանակ է մի քիչ թույլ, իսկ դարպասում շատ լավ է խաղում. ռեակցիան շատ լավ է, ճարպիկ է: Մնացած ակումբներում դարպասապահները հիմնականում դրսից եկած տղաներ են` լեգեոներներ:
- Իսկ Ձեր որդին` Արայիկը, հիմա որտե±ղ Է, ինչո±վ է զբաղվում:
- Ուկրաինայում է` Նիկոլաեւ քաղաքում, ֆուտբոլի դպրոցում մարզիչ է աշխատում, 16 տարեկանների Ուկրաինայի, ինչպես նաեւ մարզի առաջնությանն է մասնակցում, լավ թիմ ունի:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ՙՄԵՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԿԻՐԹ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ՚
Հարեւանների միջեւ կոնֆլիկտները եւ չկարգավորված հարցերը մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում: Իսկ երբ ստեղծված կոնֆլիկտի կողմերից մեկը նաեւ պետական պաշտոնյա է, մյուս կողմի վիճակն էլ ավելի է բարդանում:
Պատմությունը, որ ուզում ենք ձեզ ներկայացնել, հետեւյալն է. խմբագրություն էր դիմել Ա. Ավետիսյան 4 շենքի բնակչուհի Նարինե Խոստիկյանը, որը հուզված պատմում էր, թե ինչպես է իր վերեւի հարեւանը վեց տարի շարունակ իր եւ ծնողների կյանքը դարձրել դժոխք: Իսկ հարեւանը, ինչպես մենք պարզեցինք զրույցի ընթացքում, վիճակագրության վարչության պետի տեղակալ Գագիկ Անանյանն է: Ահա թե ինչ պատմեց մեզ Ն. Խոստիկյանը.
-2005թ. ես մեր բնակարանում քաշեցի երկկոնտուրանի միջազգային ստանդարտի տուրբո գազի կաթսա: Առաջին իսկ օրվանից վիճակագրության վարչության պետի տեղակալ եւ Ժողտնտեսության համալսարանի դասախոս Գագիկ Անանյանը ասաց, որ ծխատարը բարձրացնեմ կտուր, ինչը հակասում էր տեղադրման կանոններին: Նա սկսեց ինձ սպառնալ, որ իր պաշտոնով մեկ օրում կփակի իմ գազը, պրոբլեմներ կստեղծի, կսպանի ինձ: Ես լուրջ չվերաբերվեցի նրա խոսքերին, սակայն 2005թ. փետրվարից սկսվեցին իմ եւ իմ ութսուննանց ծնողների տանջանքները: 2006թ.-ին մայրս մահամերձ վիճակում էր: Անանյանի կինը` Արմինե Գասպարյանը, ինձ դրսում տեսնում է եւ ժպտալով բարեւում ու հարցնում մորս վիճակի մասին: Տեղեկանալուց հետո, տուն բարձրանալուն պես, սկսում են ավելի ուժեղ կտկտացնել ու աղմուկ հանել: Գագիկ Անանյանը բողոքում էր բոլոր ինստանցիաներըª գազի վարչություն, քաղաքաշինություն, ոստիկանություն, առողջապահության նախարարություն, սանէպիդկայան: Ամեն տեղից մեզ անհանգստացնում էին զանգերով, այցելություններով, փորձում էին փակել մեր գազը: Բազմիցս գալիս եւ ստուգում էին կաթսայի աշխատանքը: Այս անհիմն բողոքների հետ զուգահեռª Անանյանների բնակարանից մշտապես լսվում էր արհեստական աղմուկ` առավոտյան 7-ից մինչ գիշերվա 1-ը: Առավոտյան եւ գիշերային ժամերին գմփոց-դմփոցները այնքան ուժգին էին, որ կա°մ չէինք կարողանում քնել, կա°մ եթե մի կերպ հաջողվում էր քնել, վեր էինք թռչում դմփդմփոցներից: Ծնողներիս մոտ սկսում էին նյարդային նոպաներ, ճնշման բարձրացում, զարկերակի արագ բաբախում, ամբողջ մարմնով դող, անգամ ուշագնացություն եւ այլն: Այս ամենի հետեւանքով ծնողներս դարձան սիրտ-անոթային խնդիրներով տառապող անկողնային հիվանդներ: Ես բազմաթիվ անգամ զանգել-զգուշացրել եմ, որ դադարեցնեն աղմուկը, սակայն նրանցից լսել եմ հետեւյալ պատասխանը. ՙԴու աննորմալ ես, գնա բուժվի՚, ՙգժերին դատ չի հասնում, ինչ կուզենքª կանենք, այ սենց հեռախոսը ձեռիդ կսատկես, վերեւում պաշտպան ունենք, մեզ ոչինչ չեն կարող անել՚:
2007թ.-ից դմփդմփոցները հնչում էին ծնողներիս սենյակում: Սակայն դա նշանակություն չուներ, քանի որ դղրդում էր ոչ միայն մեր բնակարանը, նաեւ իմ ներքեւի հարեւանները հաճախակի զանգում էին եւ հարցնում, թե այս ինչ դմփդմփոցներ են:
2005թ. հունիսից նույն համարից սկսվեցին հնչել զանգեր գիշերվա 2:30-ից մինչեւ 3:00-ն: Հետո օրվա տարբեր ժամերին զանգահարում էին տարբեր համարներից:
2005թ. գարնանը կոտրեցին պատշգամբում գտնվող ալեհավաքը: 2006թ. հունիսին գնեցի հարավկորեական ճապոնական կոմպրեսորով օդորակիչ, որը 4 օր անխափան աշխատելուց հետո 5-րդ օրվա առավոտյան էր սառեցնում, հետո պարզվեց, որ վնասել էին խողովակները: Անանյանները ջեռուցման խողովակներն այնպիսի ուժով էին թափահարում, որ պատը փլվում էր, եւ քարն ու փոշին լցվում էին մեր բնակարան: Հաճախակի դա արվում էր մեր քնելու ժամերին: Մշտապես կեղտոտում էին մեր պատշգամբը: Մեկ տարի այդ տանջանքներին դիմանալուց հետո դիմեցի ոստիկանություն, եւ ի պատասխան դրանª բակում կազմակերպվեց հոգեբանական տեռոր իմ հոր դեմ, ինչի հետեւանքով նա տարավ ծանր սթրես, եւ նրա մոտ սկսվեցին հիվանդության նշանները: 2009թ. մարտին հայրս մահացավ: Նշեմ, որ հայրս Մեծ հայրենական պատերազմի մասնակից էր, հաշմանդամ, ուներ բազմաթիվ պարգեւատրումներ, սակայն նա անգամ հանգիստ մահվան իրավունք չունեցավ:
Նշեմ, որ մենք ապրում ենք այս շենքում 1971թ.-ից, եւ Անանյանները չափազանց հանգիստ են եղել, կարծես բնակարանում մարդ չէր բնակվում:
Հաշվի չառնելով իմ բազմաթիվ բողոքները եւ ոստիկանության բազմաթիվ զգուշացումները` նրանք, միեւնույն է, շարունակում ենª ավելի վատթարացնելով իմ իվանդ մոր ծանր վիճակը, որը շարունակվում է մինչ այժմ, հատկապես գիշերային ժամերին: Նշեմ, որ սա դեռ ամենը չէ, Անանյանների ընտանիքի կողմից կատարված մնացած ամոթալի դեպքերի մասին դեռ լռում եմ, հուսալով, որ այսուհետեւ չեն շարունակի մեզ անհանգստացնել:
Այս դեպքի առնչությամբ մենք դիմեցինք նաեւ Արաբկիրի ոստիկանություն` հասկանալու, թե, ի վերջո, ով է այս պատմության մեջ սխալ կամ ճիշտ: Ինչպես տեղեկացրեց ոստիկանությունը. ՙԴեպքը մեզ ծանոթ է. Ն. Խոստիկյանը բազմիցս դիմել է մեզ եւ ստացել անհրաժեշտ միջամտություն: Չենք կարող ասել, որ դա արվում է միտումնավոր, բայց չենք էլ կարող ասել, որ Ն. Խոստիկյանը ստում է: Մենք պատրաստակամ ենք եւ յուրաքանչյուր ահազանգի դեպքում կրկին կաջակցենք՚:
Եվ որպեսզի պատկերն ամբողջական լինի, մենք դիմել ենք նաեւ այն կազմակերպությանը, որը պատճառ էր հանդիսացել հարեւանական վիճաբանության եւ վաճառել էր Ն. Խոստիկյանին այդ գազի կաթսան, որպեսզի ճշտենք, թե որքանով է այն համապատասխանում մեր բազմաբնակարան շենքերին, եւ հնարավո±ր է` դրանից առաջանան թունավորումներ: ՙՔանի որ տվյալ կաթսայի այրիչը վառում է գազի 89-93 տոկոսը եւ արտանետված ծխագազերն առհասարակ անվնաս են 30 սմ հեռավորության վրա բաց տարածքներում, ապա դիտարկվող դեպքում կաթսայի արգասիքները ոչ մի կերպ չեն վնասում մեկ հարկ վերեւ բնակվող հարեւանների առողջությանը եւ համապատասխանում են մեր բազմաբնակարան շենքերին՚:
Իսկ ահա վիճակագրության վարչության պետի տեղակալ Գագիկ Անանյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ կտրականապես հերքեց իրենց ընտանիքի կողմից այդտեսակ վարքի դրսեւորումը` նշելով, որ բոլորս էլ ապրում ենք բազմաբնակարան շենքում, եւ անհնար է, որ վերեւի կամ ներքեւի հարեւանը ապրի անաղմուկ: Իսկ այդ դեպքի կապակցությամբ պարոն Անանյանը նշեց. ՙՄի վեց տարի առաջ հարց ա եղել, էդ հարցը փակվել-գնացել ա: Ես որեւէ պաշտոնեական դիրքի չարաշահում չեմ արել, որպեսզի արժանանամ լրատվամիջոցի ուշադրությանը: Վեճը չի կարող միակողմանի լինել, մենք թքած ունենք, քանի որ մենք կիրթ ընտանիք ենք՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Designed by Administrator

