Հետաքննություն 31.01.2012 #4
ԴՊՐՈՑԸ ԱՂԱՆԴԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ
![]() |
ՙԿյանքի խոսք՚ աղանդը իր քայքայիչ գործունեությունը շարունակում է իրականացնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ` հանրակրթական: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շարունակում է իր գործունեությունը ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից տարիներ առաջ ստեղծված մասնավոր հանրակրթական դպրոցը, որը պետությունից լիցենզիա է ստացել 2002 թվականին: Ի դեպ, հիշեցնենք, որ այն ժամանակ ԿԳ նախարարությունը ղեկավարում էր իրեն ազգային համարող Դաշնակցություն կուսակցության կարկառուն ներկայացուցիչը: Ներկայիս նախարար Ա. Աշոտյանը զրկել է նրանց լիցենզիայից, սակայն... ՇՏԿՎԵԼ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է... |
Այնուամենայնիվ, ինչո±վ է պայմանավորված այն, որ վերը նշված դպրոցը շարունակում է իր գործունեությունը եւ ի±նչ է պատրաստվում անել այդ առումով ԿԳ նախարարությունը, այս հարցերին պատասխանեց նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. ՂԱԶԱՐՅԱՆԸ` նշելով. ՙԻ պատասխան ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն ուղղված ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 07.04.2010 168-Ա/Ք հրամանով կասեցվել է ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ի տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N936 լիցենզիայի գործողությունը` ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված ՙՏարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման՚ կարգի 8-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմանները (ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն) խախտելու հիմքով` մինչեւ խախտման պատճառների վերացումը:
ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով` նախազգուշացում էր տրվել նույն դպրոցի միջնակարգ եւ հիմնական հանրակրթական ծրագրերի լիցենզիաների իրականացման համար սահմանված լիցենզավորման պահանջների եւ պայմանների խախտման մասով ու սահմանվել էր երկամսյա ժամկետ: Նշված ժամկետում դպրոցը շտկել էր խախտումները եւ շարունակում է գործունեությունը նշված ծրագրերով՚:
Այնուամենայնիվ, մեզ հետաքրքիր էր իմանալ, թե կա որեւէ առնչություն կամ կապ ՙԿյանքի խոսք՚ աղանդի եւ նույն անվանմամբ դպրոցի միջեւ, որի համար փորձեցինք զրուցել դպրոցի տնօրեն տիկին Խաչատրյանի հետ եւ երբ մենք ներկայացանք եւ ցանկանում էինք մեր հարցերը ուղղել, վերջինս հետաքրքրվեց, թե ինչի համար է մեզ դա պետք, եւ ինչ ենք անելու մենք այդ հարցերի պատասխանները, եւ որ կպատասխանի հարցերին այն դեպքում, երբ մենք ներկայանանք պաշտոնապես:
ԳԱՂՏՆԱՊԱՀ ՏՆՕՐԵՆԸ ԳԹԿ-ԻՆ ՍԽԱԼ ՀԱՆԵՑ
Երբ կրկին անգամ ներկայացանք, տիկին ԽԱՉԱՏՐՅԱՆԸ կարծես համոզվեց եւ մեր այն հարցին, թե որքանով կապ ունեք ՙԿյանքի խոսք՚ եկեղեցու հետ, վերջինս նշեց, որ մեր կողմից նշված եկեղեցին համարվում է իրենց դպրոցի հիմնադիրը:
- Կարո±ղ եք ասել, թե քանի աշակերտ կամ ուսուցիչ է աշխատում Ձեր դպրոցում:
- Ես նպատակահարմար չեմ գտնում այդ հարցերին պատասխանել, որովհետեւ ես չեմ պատրաստվում լրագրողին հարցազրույց տալ: ԿԳ նախարարությունը այդ ամենի մասին տեղյակ է, եւ հավատացեք, որ նախարարությունը կտա ճիշտ ինֆորմացիա` որքանո±վ եմ ես ապահովագրված կամ ինչքանո±վ ես կարող եմ հավաստի լինել, որ դուք չեք ներկայացնի այն, ինչ դուք եք ցանկանում: Ի±նչ կտա ձեզ այն, եթե ես ասեմ, որ մեր դպրոցում սովորում են իքս քանակի աշակերտներ կամ ուսուցիչներ:
- Այդ դեպքում, ի±նչ կասեք, որ լրատվամիջոցներից մեկում նշված էր, որ 2009 թվականին ԳԹԿ-ն ընթացիկ ստուգումների ժամանակ հայտնաբերել է, որ կան հաստատություններ, որտեղ 90-100%-ով բացասական արդյունքներ է գրանցել, եւ կոնկրետ ՙԿյանքի խոսք՚-ում 100%-ով կտրվել են մաթեմատիկա առարկայից:-Հենց դրա համար էլ ես նման ոչ մի հարցի չեմ պատրաստվում պատասխանել, որովհետեւ լրատվամիջոցները լսում են մի բան, անում մեկ ուրիշ բան, եւ միեւնույն է, իրենք անելու են իրենց ուզածը: Ես համոզված լինե±մ, որ դուք կգրեք, որ տիկին Խաչատրյանը էսպես չասեց, այլ էսպես ասեց, ես համոզված չեմ:
- Ստացվում է, որ ԳԹԿ-ի կողմից անցկացված ուսումնասիրությունը չի± համապատասխանում իրականությանը:
- Այո, չեն համապատասխանում, սխալ են:
- Բայց, այնուամենայնիվ, եղե±լ են կտրվողներ, թե± ոչ, եթե այո, կարո±ղ եք ասել, թե քանիսը:
- Արմինե ջան, չէ± որ այդ տվյալները ձեզ են տրամադրել ԳԹԿ-ից, էլ ինչի± մասին է խոսքը:
- Մենք պարզապես ցանկանում ենք տեղեկանալ արդյունքների մասին, իսկ եթե Դուք պնդում եք, որ դրանք սխալ են, ապա հիմա կա հնարավորություն ճիշտը ասելու:
- Երեք տարի հետո հնարավորություն տալը ինչ-որ ձեւով արդարացնո±ւմ է իրավիճակը, շատ հետաքրքիր է:
- Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ ՙԿյանքի խոսք՚ դպրոցի հիմնադիրը համարվում է ՙԿյանքի խոսք՚ եկեղեցին, Դուք հաճախո±ւմ եք այդ եկեղեցի, եւ կարելի± է ասել, որ այդ եկեղեցու հետեւորդն եք:
- Դա արդեն ձեզ չի վերաբերվում:
- Ի±նչ կասեք այդ նույն հարցի վերաբերյալ Ձեր ուսուցիչների մասին:
- Իմ ուսուցիչները գալիս են դպրոց, աշխատում են, հետո գնում են, ով որտեղ մտածում եւ ուզում է:
Դե ինչ, կարծում ենք` պարզից էլ պարզ է, որ վերը նշված անվանմամբ դպրոցը անմիջական կապ ունի ՙԿյանքի խոսք՚ աղանդի քայքայիչ գործունեության հետ: Ավելին` սա եւս մի վկայություն է այն մասին, որ դպրոցը, լինելով մասնավոր, աշակերտներից, բնականաբար, գումար է գանձվում, որը եւս հավանաբար գնում է այն ինքնահռչակ հովվապետ Արթուր Սիմոնյանի գրպանը, ով տասանորդ հավաքելու անվան տակ օրեցօր հարստանում ու շքեղ նվերներ է անում իր արտասահմանյան ընկերներին:
ՎՏԱՆԳԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
Նշենք, որ այս քայքայիչ աղանդը իր ձեռքերը երկարում է նաեւ այլ հանրակրթական դպրոցներ` նույնիսկ դրանց հարող փողոցներում փակցնելով գայթակղիչ հայտարարություններ, որ եթե մասնակցեք շարադրությունների մրցույթներին, կստանաք դրամական պարգեւներ` ՙՀայաստանը Քրիստոսի համար՚ ծրագրի շրջանակներում: Գումարից բացի, մրցույթի կազմակերպիչները հաղթողներին խոստանում են քրիստոնեական հոգեւոր գրքեր: Այս առումով Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ստացել է նույնիսկ ահազանգ մի շարք դպրոցների ուսուցիչների կողմից, որոնք տեսել են, թե ինչպես են ՙՄիաբանություն՚ եկեղեցու, որը սերվել է ՙԿյանքի խոսք՚ աղանդից, ներկայացուցիչները ՙպաշարում՚ դպրոցները, հերթապահում դպրոցամերձ տարածքներում` վերոհիշյալ թռուցիկները երեխաներին բաժանելու համար: Բացի այդ, այս հոգեւորսները իրենց սկսել են ազատ զգալ անգամ մեր հոգեւոր մայրաքաղաքում, այսինքն` Էջմիածնում: Օրինակ` Էջմիածնի տոնի օրը` դպրոցականների քայլերթի ժամանակ, նրանք փորձել են վերջիններիս հետ աշխատանք տանել` տարածելով թռուցիկները:
Ինչ վերաբերվում է աղանդների` հանրակրթական դպրոցի գործունեությանը, ծրագրերի, աշակերտների եւ ուսուցիչների թվաքանակին, ապա այս հարցերը մեր կողմից ուղղվել են նաեւ ԿԳ նախարարությանը, որի պատասխանը կտպագրենք ՙԻրավունք՚-ի մոտակա համարներից մեկում: Մինչ այդ, ուզում ենք տեղեկացնել, որ երբ փորձեցինք ինտերնետային տարբերակով որեւէ տեղեկատվություն ստանալ ՙԿյանքի խոսք՚ դպրոցի մասին, ապա ԿԳ թեստավորման կենտրոնի www.tester.am կայքում նշված էր, որ դպրոցի տնօրենը ոմն Ելենա Էթարյանն է, եւ որ դպրոցը գտնվում է Երվանդ Քոչար 19/5 հասցեում, այնինչ մեզ հետ զրույցում տիկին Խաչատրյանը հավաստիացրեց, որ իրենց իրական հասցեն Թբիլիսյան խճուղի 35/3-ն է: Բացի այդ, վերը նշված կայքէջում չկար որեւէ տեղեկություն դպրոցի գործունեության մասին, եւ միայն նշված է, որ կայքը գտնվում է մշակման փուլում: Իսկ երբ փորձեցինք ՙԿյանքի խոսք՚ եկեղեցու մասին տեղեկություններ ստանալ ինտերնետից, ապա www.wolarm.am հասցեում տեղադրված քարտեզում նկատեցինք, որ այդ աղանդի գրասենյակը գտնվում է նույն տեղում, ինչ ՙԿյանքի խոսք՚ դպրոցը:
Ստացվում է, որ աղանդի կենտրոնատեղին է դպրոցը, որտեղ սովորող հայ մանուկները գտնվում են (կամ գոնե որոշ ժամանակ առաջ սովորել են) աղանդի կենտրոնատեղիի հետ նույն շենքում:
Այսքանից հետո հարց է ծագում. ինչպե±ս է հնարավոր մեր երկրում, որտեղ եկեղեցին անջատված է պետությունից եւ արգելվում է կրոնական կազմակերպությունների քարոզները ուսումնական հաստատություններում, մի ամբողջ աղանդավորական դպրոցի գոյությունը, ովքե±ր են այդ աղանդի հզոր հովանավորները, որոնք թույլ են տվել այս խայտառակությունը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՆԻՊՈԻԼԻԱՑԻԱՆԵՐԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փետրվարյան երկրորդ կեսից հանրահավաքային սեզոնը բացել պատրաստվող ՀԱԿ-ը կարող է նախանձից կանաչել: Անկարայում տեղի է ունեցել 40 հազարանոց ցույց` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ տխրահռչակ 301 հոդվածի վերացման պահանջով, որի ընթացքում թափահարում էին ՀՀ պետական դրոշները եւ երգում ՀՀ օրհներգը: Ընդ որում` ցուցարարների շուրջ կեսը 600 ավտոբուսներով ժամանել էին Սիրիայից եւ Լիբանանից:
Անշուշտ, զուտ ազգային պահանջով թշնամու երկրի մայրաքաղաքում այդ տպավորիչ ցույցի ֆոնի վրա Երեւանում ՙավազակապետության կազմաքանդման՚ չարչրկված պահանջով որեւէ փողոցային միջոցառում հաստատ առավել քան խղճուկ տեսք կունենա, եւ եթե իրավապահները բավական զգոնություն դրսեւորեն, ապա գրեթե զրոյի է հավասարվում ՀԱԿ-ի շանսը` կրկնելու մարտիմեկյան փողոցային անկարգությունները: Այսպես կոչված` ՙինտերնետային հեղափոխության՚ արաբական տարբերակն էլ գործնականում բացառված է, քանզի, ինչպես ճիշտ նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որպեսզի սոցցանցերով հեղափոխական զանգվածներ մոբիլիզացվեն համակարգված գործողությունների, նախ` այդ զանգվածները պետք է գոյություն ունենան ֆիզիկապես: Եվ ընդհանրապես, ՀԱԿ-ի գործերը բավականին ծանր են: Ինչպես նշում է ՀԱԿ-ի մնացորդների համակարգող Լեւոն Զուրաբյանը. ՙ18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է: Բարդ է ցուցակի շուրջ համաձայնության գալը: Մենք արել ենք գլխավորը` կուսակցությունները որոշել են ստեղծել դաշինք` առանց ցուցակը քննարկելու՚: Բայց բոլոր դեպքերում, ցուցակը քննարկելու, այսինքն` ՀԱԿ-ի ներսից պայթելու պահը վաղ թե ուշ գալու է: Համ էլ արդեն հայտնի է դարձել, որ ցուցակի որոշակի քննարկում, այնուամենայնիվ, եղել է. ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանն արդեն հայտնել է, որ ՀԱԿ-ի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է Ստեփան Դեմիրճյանը: Դե, պարզ է, թե ինչ գնով է ապահովվել 18 կուսակցությունների նախընտրական դաշինքի ձեւաչափը. Ստեփան Կարենիչը հաստատ լաչառություն է արել` ապառնալով, որ եթե երկրորդը չլինի, ապա ՀԺԿ-ն սկանդալով կհեռանա: Հաջորդ սկանդալն էլ պարզ է, թե ով է անելու` հնչակյան Լյուդմիլա Սարգսյանը: Դե, իսկ պահի տակ ՀԱԿ-ի, ՙԱզատ դեմոկրատների՚, Րաֆֆի Հովհաննիսյանի վկաների եւ այլ ՙնարնջագույնների՚ ոգեւորությունը եկել էր նրանից, որ բացեիբաց հնչել էր` ամերիկացի Վարդան Օսկանյանը կարող է ԲՀԿ-ի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել, ինչից արդեն Վաշինգտոնի քաղաքական աջակցության ՙհույսեր՚ էին ծլում:
Բայց, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ՙքաղաքական դատարկ փուչիկների՚ պիտակափոխանակումը տեւեց շատ կարճատեւ ու եզրափակվեց կոալիցիայի նիստով, որի վերաբերյալ միակ ստույգ պաշտոնական տեղեկատվությունն այն էր, որ հաղորդվել է Էդուարդ Շարմազանովի կողմից` կոալիցիայի նիստերը հաճախ են լինելու, քննարկման առարկան էլ` հենց ընտրական գործընթացները:Կարելի է ենթադրել, որ դա կծառայի ներկոալիցիոն կտրուկ էքսցեսների հնարավորինս բացառմանը, ու, համենայնդեպս, դժվար թե ԲՀԿ-ն հայտնվի ընդդիմադիր, այն էլ` ամերիկամետ դաշտում. վարչական լծակները չափազանց քաղցր բան են դրանք վտանգի տակ դնելու համար:
Բայց միաժամանակ, ինչպես նկատում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը ավելի ու ավելի հարաճուն ջանքեր են գործադրում վիրտուալ տարածքում` բլոգներում եւ սոցիալական ցանցերում: Ըստ փորձագետի` այս պահին տվյալ դաշտում ամենաթույլը ՕԵԿ-ի ներկայությունն է, իսկ ընդհանրապես դա այն տարածքն է, որը պահանջում է նվազագույն ֆինանսական ներդրումներ եւ միաժամանակ երաշխավորում է կատարյալ անվերահսկելիություն: Փորձագետը նաեւ ուշադրություն է դարձնում վերջերս տարածված երեւույթի վրա, որ սոցցանցերից բացարձակ ստերը հեշտությամբ թափանցում են ռեալ ԶԼՄ-ներ:
Կարծում ենք, որ նախընտրական համատեքստում առանձնահատուկ նշանակություն ստանում է վիրտուալ դաշտի այն առանձնահատկությունը, որ այդտեղ հնարավոր է իրականացնել ամենակեղտոտ տեղեկատվական օպերացիաները, այդ թվում եւ` ցանկացած քաղաքական պայմանավորվածությունների խախտումով, ու թաքցնել բոլոր հետքերը եւ ամեն ինչ դարձնել անապացուցելի: Բայց այստեղ էլ կա այն առանձնահատկությունը, որ վիրտուալ տարածքի մեծ մասում առավելագույնս ուժեղ են ազգային պահպանողականները, այսինքն` փաստացի դա հօգուտ ՀՀԿ-ի է, իսկ ՙնարնջագույն՚ զանգվածը ունի թեկուզ բավականին կոմպակտ, բայց չափազանց ագրեսիվ հատված ՙՖեյսբուքում՚: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թեեւ նրա կողմնակիցները արագորեն փորձում են ակտիվություն ծավալել, այնուամենայնիվ, ազգային պահպանողականներից բավականին հետ են:
Ինչեւէ, առաջիկայում ականատես կլինենք քաղաքական խարդավանքների եւ նախընտրական ապատեղեկատվությունների նոր` մեր երկրում դեռեւս չկիրառված տեխնոլոգիաների:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՙ
ԱՎԵԼՑՈՒԿԻՑ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ, ԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆՈՎ... ՚
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը ներկայացրել էին Թումանյանի թբիլիսյան բնակարանի ճակատագրի վերջնական հանգուցալուծումը: Իսկ հանգուցալուծումը ե°ւ հետաքրքրող էր, ե°ւ ողջունելի. բանից պարզվում է, որ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած տունը գնելու են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրները: Եվ քանի որ այս հարցում մենք իսկապես ողջունում ենք Գյումրվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձեռնարկած քայլը, որոշեցինք այս եւ այլ հարցերի շուրջ որոշ պարզաբանումներ ստանալ հենց ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:
-Բարեւ Ձեզ, պրն Ղուկասյան, ինչպե±ս եք:
- Վայ, Գայանե ջան, լավ եմ, դու ո±նց ես, սիրուն ջան:
- Ոնց ասեք:
- Լավ եղի, լավ եղի, ի±նչ կա, Գայանե ջան:
- Պրն Ղուկասյան, ասում են` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը պատրաստվում եք գնել, ինչպե±ս եղավ, որ նման որոշում կայացրեցիք:
- Հա, Գայանե ջան, ի±նչ է պատահել, ես նման ցանկություն եմ հայտնել, դա մեր սուրբ պարտականություններից մեկն է: Մեծանուն գրողի, համայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը մեծ պատիվ կլինի, որ ես գնեմ: Աստված տա, որ ես այն գնեմ Ղուկասյան եղբայրների կողմից: Աստված ոնց կամեցավ, էդպես էլ կլինի, ցանկություն հայտնողներ չեն եղել, ես չեմ կարող անտարբեր անցնել, որ թուրքերը Հովհաննես Թումանյանի բնակարանը գնեն, ու մեզ էլ հեռվից էդպես նայեն: Ես չգիտեմ, թե ինչի ես հարց տալիս:
- Չէ, պարզապես ուզում եմ հասկանալ` Ձեզ որեւէ մեկը ուղղորդե±ց այդ բանը անել, թե± դա Ձեր հոգու խորքից եկավ...
- Ուրեմն, երբ որ ես հեռուստատեսությամբ տեսա, որ նմանատիպ խնդիր կա, եւ հլը էն ժամանակ չկար բարերար, բան, էդպիսի բան չէի լսել, ես փոխքաղաքապետին ասացի, զանգ տվեց Լեւոն Անանյանին, որ մենք պատրաստ ենք այն գնելու: Եվ երկրորդ օրը ասացին, լսեցի, որ մեր երկրի պատվիրակությունը գնացել է Վրաստան, որպեսզի գնի, ասացի, դե, ուրեմն փառք Աստծո, բարերար գտնվեց: Բայց երեկ, երբ ՀԳՄ Շիրակի մարզային շենքը կառուցելու կապակցությամբ հանդիպեցինք ՀԳՄ նախագահի հետ, նա ասաց, որ չկա նմանատիպ բարերար: Ես էլ ասացի, որ եթե չկա, հիմա ես պաշտոնական գրություն եմ տալիս` Ղուկասյան ընտանիքի կողմից այն գնելու եւ հայ համայնքին նվիրելու համար:
- Ապրեք Դուք, պրն Ղուկասյան, վերջապես մի լավ գործ արեցիք: Այս գործում, հավատացած եղեք, մենք Ձեզ հետ ենք:
- Եվ ասեմ քեզ, Գայանե ջան, որ մենք վերջինով ենք անում: Այնպես որ, ավելցուկից էլ չենք անում:
- Այսինքն` Ձեր վերջին գումարներո±վ եք այդ տունը գնում:
- Չէ, գումար մի ասա, Գայանե ջան, չէ. Աստվածաշունչը ոնց է ասում: Ավելցուկից չենք անում, անում ենք մեր վերջինով:
- Քանի որ նորից Ձեզ հետ զրույցի բռնվելու մեծագույն պատվին արժանացա, կխնդրեի մի քանի հարցերի պատասխանեիք եւս. անցում կատարելով դեպի նախընտրական անցուդարձին` հետաքրքիր կլիներ պարզել, թե ինչ տրամադրություններ կան Գյումրիում ընտրություններին ընդառաջ:
- Խորհրդարանական ընտրություններին Վարդան Ղուկասյանը` որպես Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, պաշտպանելու է ՀՀԿ-ի իր թիմակիցներին ու կուսակցության ներկայացրած պատգամավորներին:
- Իսկ Դուք Ձեր կողմից նախընտրած թեկնածու չունե±ք, որ օգնեք անցնել խորհրդարան:
- Ես անձնական թեկնածու չունեմ, իմ եղբոր տղան է եղել, ինքն էլ չի առաջադրելու իր թեկնածությունը:
- Իսկ եթե ԲՀԿ-ից լինեն մեծամասնականով առաջադրված թեկնածուներ, ի±նչ եք կարծում, ինչպիսի±ն կլինի ՀՀԿ-ԲՀԿ պայքարը հայրաքաղաք Գյումրիում:
- Ես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները... մեր կուսակցության ղեկավարները քննարկման փուլում են. ինչ-որ ընթացքը ցույց կտա, ոնց որ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ըստ այդմ էլ առաջնորդվելու ենք:
- Հետաքրքիր է, իսկ Դուք ինչպե±ս եք վերաբերում 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ ընթացող քննարկումներին:
- Ես դեմ եմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին ընդհանրապես, որովհետեւ ես երբ որ առաջին անգամ դրեցի իմ թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում, կուսակցական չէի, եւ նույնիսկ այդ ժամանակ մի քանի կուսակցություններ իրար միանալով ինձ պարտվեցին: Իսկ դա ի±նչ է նշանակում, այն, որ մարդ կա` չի ուզում կուսակցական լինել, եւ ինքը անհատապես իր թեկնածությունն է առաջադրում: Իսկ մենք դրանով, ստացվում է, զրկում ենք այդ անհատին, որ նա իրավունք չունենա իր մասնակցությունը ունենալ իր երկրի անցուդարձին: Եվ այստեղ ես գտնում եմ, որ պիտի լինի ե°ւ մեծամասնականը, ե°ւ համամասնականը: -Այդ դեպքում, ինչո±ւ է ԲՀԿ-ն այս հարցում դեմ գնում կոալիցիային:
- Ճիշտն ասած` ԲՀԿ-ն իր մոտեցումն է առաջարկում, ես էլ ասում եմ, որ նրա ասածը իմ մտածածին հարիր չի: Ես այլ ձեւով եմ մտածում: Կարեւորը` պետք է թափանցիկ ու մաքուր ընտրություններ լինեն, որպեսզի արժանին հաղթի:
- Իսկ Գյումրիում, ի դեմս Ձեզ, կլինե±ն արդար ու թափանցիկ ընտրություններ:
- Հավատացած եղեք, որ Գյումրիի ընտրությունները միշտ էլ օրինակելի, եվրոպական ընտրություններից էլ լավ են եղել:
- Ձեր կարծիքով` Գյումրին ի±նչ ցուցանիշներ կապահովի ՀՀԿ-ի համար, կամ ավելի տիպիկ` քանի± տոկոս ձայն կապահովեք հարազատ կուսակցության համար:
- Ես, ճիշտն ասած, գուշակ չեմ, կապրենք` կտեսնենք:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՎՐԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ± ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՊԼԱՑԴԱՐՄԻ
ԱՄՆ-ի` Սիեթլի մի բնակչուհի` Բաբիլոնիա Աիվազը, վերջերս հայտարարեց, թե պատրաստվում է ամուսնանալ: Իհարկե, դրանում ոչ մի արտառոց բան չէր էլ լինի, ու այս մասին ոչ մեկը չէր էլ մտածի խոսել, եթե միայն ամերիկուհու ընտրյալը չլիներ... շենք, այն էլ` 107 տարեկան, մի իսկական ավերակ: Ամերիկուհին այդպես էլ ասում է. ՙԱյո, ես պիտի ամուսնանամ այդ շենքի հետ, որը 107 տարվա պատմություն ունի: Այն լքված շինություն է, եւ առաջիկայում նախատեսում են ապամոնտաժել՚:
ՆԱՎԹԱՅԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ
Մի խոսքով` իսկական ամերիկյան դեմոկրատիա, արա ինչ խելքիդ փչում է: Կարելի է եւ ամերիկուհու եւ շենքի ամուսնության այս պատմությանը նայել որպես զավեշտալի մի պատմության: Սակայն փաստն այն է, որ ամերիկաներում, ասենք, նաեւ եվրոպաներում նման դեմոկրատական զավեշտներն արդեն բազում են եւ դրանց թիվն էլ գնալով ավելի ու ավելի արագացող տեմպերով է աճում: Կարելի է եւ ասել` դե մարդ են, ինչպես ուզում են, թող ապրեն: Սակայն ողջ խնդիրը նրանում է, որ այդ ապրելակերպը, ավելի ճիշտ, ամերիկյան դեմոկրատիան այդ դեմոկրատական շեղումներով հանդերձ` ցանկանում են պարտադրել ողջ աշխարհով մեկ: Եվ այդ նկրտումների մասին հերթական անգամ վերջերս Կոնգրեսին ուղղված ամենամյա իր ելույթում բարձրաձայնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտարարելով, թե ԱՄՆ-ը, ի հեճուկս տարածված կարծիքի, չի էլ պատրաստվում հրաժարվել համաշխարհային գերիշխանությունից. ՙՀակառակը պնդողները, որոնք հայտարարում են, որ Ամերիկան անկում է ապրում, որ մեր ազդեցությունը նվազում է, չեն հասկանում, թե ինչ են ասում՚: Հասկանալի է, գերիշխանական այդ նկրտումները չէին կարող շրջանցել Իրանն ու արաբական աշխարհը. ՙԱնորոշ է, թե ինչով կավարտվեն արաբական աշխարհի անհավանական փոփոխությունները: ԱՄՆ-ն այդ գործընթացում մեծ խաղադրույքներ ունի, եւ մենք պետք է հասնենք այն արժեքների հաստատմանը, որոնք առավել լավ կծառայեն մեր երկրին: Մենք կդիմակայենք բռնությանն ու սպառնալիքներին, կպաշտպանենք բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը: Այնպիսի քաղաքականություն կվարենք, որը կհանգեցնի ամուր եւ կայուն ժողովրդավարության եւ բաց շուկաների առաջացմանը՚:Լավ է, մի կողմից` Օբաման խոսում է խաղադրույքներից` աշխարհը դնելով մի հսկայական խաղատախտակի տեղ, մյուս կողմից էլ` առաջ է տանում ամերիկյան դեմոկրատիան, որպեսզի վաղը-մյուս օրն էլ, եթե հանկարծ մի եգիպտուհի որոշի ամուսնանալ, ասենք, Քեոփսի բուրգի հետ, խանգարող բան չլինի:
Հասկանալի է նաեւ, որ միայն Կոնգրեսին ուղղված հայտարարություններով չէ, որ Օբաման բավարարվում է: Արդյունքում էլ` Իրանի շուրջ իրավիճակը, թեեւ այս վերջին օրերին մի տեսակ հանդարտվել է, սակայն տարօրինակ դրվագների պակաս այդպես էլ չի զգացվում: Մեկ ուշագրավ փաստ. ՄԱԳԱՏԷ-ն, որ անցած տարեվերջին միանշանակ հայտարարում էր, թե Իրանը ցանկանում է միջուկային զենք ստեղծել, եւ դրանով այսքան շիկացրեց ողջ Մերձավոր Արեւելքի իրավիճակը, օրերս կրկին սկսեց իր ուսումնասիրություններն այդ երկրում: Ընդ որում` ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության ղեկավար, այդ կառույցի փոխտնօրեն Գերման Նակերտսը հայտարարեց. ՙՀուսով ենք, որ Իրանը մեզ հետ կհամագործակցի՚: Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլանիյեն էլ պատասխանեց, թե` ՙՊատվիրակության անդամները այցի արդյունքում կհամոզվեն, որ Իրանի միջուկային ծրագիրը միմիայն խաղաղ նպատակներ է հետապնդում՚: Սակայն, եթե երկու ամիս առաջ ՄԱԳԱՏԷ-ն այդքան վստահ էր, որ Իրանն ուզում է միջուկային զենք ստեղծել, ապա էլ ո±րն է այս նոր առաքելության իմաստը: Գանք մյուս կողմից. եթե դեռ ուսումնասիրում են, ապա դրա իմաստը միայն պարզելն է, թե Իրանը միջուկային զենք ցանկանո±ւմ է ստեղծել: Իսկ եթե դա դեռ նոր պետք է պարզեն, ապա որտեղի±ց առաջացավ այս վերջին ամսվա համաշխարհային աղմուկ-աղաղակն եւ Իրանի նավթի նկատմամբ եվրոպական էմբարգոն, որն ի զորու է փոխել ողջ աշխարհի տնտեսական դեմքը:
Փոխարենը, նույն նավթի հետ կապված` այս անգամ արդեն Իրանն է անցել հարձակման: Մի քանի օր առաջ այդ երկրում շրջանառության մեջ դրվեց տեսակետ, թե մինչ եվրոպական էմբարգոն Իրանն ինքը պետք է հրաժարվի նավթ վաճառել Եվրոպային: Եվ ահա օրերս էլ նման հայտարարություն արեց Իրանի նավթի նախարար Ռուսթամ Քաշեմին. ՙԻրանը Եվրոպայի պատժամիջոցներին կպատասխանի տնտեսական պատժամիջոցներով, եւ ինքը կսահմանափակի նավթի մատակարարումը դեպի Թեհրանին սպառնացող երկրներ՚: Եվ այդ հայտարարության արձագանքները նավթի համաշխարհային շուկաներում կայծակնային էին:
ԱՄՌԱՆ ՍԿԶԲՆԵՐԻՆ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ
ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է
Ի լրումն այս ամենին, հավելենք նաեւ, որ գնալով աճում է Պարսից ծոցում կենտրոնացած ամերիկյան զինուժը: Ներկայումս այստեղ են գտնվում երկու նավախմբեր` ՙԿարլ Վինսոն՚ եւ ՙԱբրահամ Լինքոլն՚ ավիակիրների գլխավորությամբ: Իսկ ահա օրերս էլ հայտնի դարձավ, որ գարնան սկզբներին Պարսից ծոց մուտք կգործի նաեւ ամերիկյան երրորդ հարվածային խումբը` աշխարհի ամենամեծ ՙԷնթըրփրայզ՚ ավիակրի գլխավորությամբ, եւ ամռան սկզբներին էլ` լողացող ռազմաբազա հանդիսացող ՙՊոնցե՚ նավը, որն ի զորու է ցամաքային զորքերի եւ զինտեխնիկայի պատկառելի քանակության համար բազա դառնալ: Ի հավելումս այս ուժին` Կարմիր ծովում եւս տեղակայված են ՙՏոմոգաֆկա՚ հրթիռներով զինված ամերիկյան ռազմածովային ուժերի նավախմբերը, որոնց թվում է ՙԱննապոլիս՚ միջուկային սուզանավը: Կարծիքներ կան, որ մերձիրանյան ջրերում լողում են ամերիկյան այլ սուզանավեր եւս: Արդյունքում ստացվում է մի հզոր ուժ, որն արդեն այս ամռան սկզբներին ի զորու կլինի ցանկացած առաջադրանքի իրականացման մեջ ներգրավվել:
Այլ հարց է, թե անգամ այս ուժն ի զորու կլինի± մեկ հարվածով լուծել Իրանի խնդիրը: Մեկ հարվածով, քանի որ, ըստ ռազմական որոշ վերլուծությունների, եթե ՙԻրանի նկատմամբ հարձակումն արագ հաջողություն չունենա, ապա դժվար է ասել, թե ձգձգված մարտական գործողությունները ինչ աշխարհաքաղաքական արդյունքներ կունենան, պատերազմի մեջ չե±ն ներգրավվի այլ գերտերություններ, եւ Իրանի դեմ մարտական գործողությունները շատ ավելի գլոբալ պատերազմի համար դետոնատորի դեր չե±ն խաղա: Իսկ արագ հաջողության համար լավագույն տարբերակներից մեկն Իրանին միաժամանակ բոլոր կողմերից հարվածելն է...՚:
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Այս դեպքում ստացվում է, որ հյուսիսից Իրանին հարվածելու հարցը Օբամայի համար դառնում է օրակարգային խնդիր: Իսկ Իրանի հյուսիսում արդեն մեր տարածաշրջանն է...
Օրերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Վաշինգտոն կատարած բուն այցի փաստն արդեն իսկ բավականին պերճախոս էր: Օբաման, նախագահ ընտրվելուց ի վեր, հանդիպումների առումով մի տեսակ Սահակաշվիլիին այնքան էլ երես չէր տալիս: Այս ընթացքում եղել են երկու-երեք հանդիպումներ, այն էլ, որպես կանոն, տարբեր միջազգային նշանակության միջոցառումների շրջանակներում: Եվ այն փաստը, որ այս անգամ Օբաման Սահակաշվիլիին ընդունեց Սպիտակ տանը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Հաստատ Սահակաշվիլիին այդպես ընդունելու պատճառը նախօրեին նրա կողմից Օբամային որպես նվեր ուղարկված մի քանի շիշ ՙՄուկուզանի՚ գինին չէր, եւ, թերեւս, շատ ավելի տրամաբանական է թվում այդ այցելության նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի գնահատականը. ՙՉեմ բացառում, որ Սահակաշվիլին իր պաշտոնը պահպանելու համար ներգրավվի Իրանի դեմ ռազմական միավորմանը, ինչն աղետալի կլինի մեր երկրի համար՚: Ապա Շեւարդնաձեն ընդգծել էր, որ հենց այդ հարցն էլ կարող է լինել Սահակաշվիլիի եւ Օբամայի հանդիպման իմաստը:
Շեւարդնաձեի այդ հայտարարությունը այնքան էլ մերկապարանոց չի թվում, երբ հաշվի ենք առնում որոշ փաստեր, որոնց վրա մի շարք վերլուծաբաններ լուրջ ուշադրություն են դարձնում: Խոսքն այն մասին է, որ վերջին ժամանակներս Վրաստանի մի շարք վայրերում արագ թափով կառուցվում են հոսպիտալներ, ընդ որում, մոտավորապես ամերիկյան ռազմական բուժհաստատությունների տիպային օրինակով: Գումարած դրան` Փոթիի նավահանգստում նավամատույցների ամրացման եւ ծովի հատակի խորացման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Միաժամանակ` վերանորոգման եւ վերազինման լուրջ աշխատանքներ են ընթանում Վազիանի եւ Մառնեուլի ռազմական օդանավակայաններում, եւ այլն: Այս ամենից ելնելով` վրացի վերլուծաբան Ալեքսանդր Մայսուրաձեն այս կարծիքին է հանգում. ՙԴա ամենեւին էլ Վրաստանի տարածքը Մերձավոր Արեւելքում հավանական բախումներին պատրաստելու միջոցառումների ամբողջական ցանկը չէ՚:
Օբամա-Սահակաշվիլի հանդիպման օրը` հունվարի 30-ին էլ Շեւարդնաձեն ոչ պակաս ուշագրավ մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ, որով նա անհրաժեշտ համարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը` բացառելով, որ դրա համար անհրաժեշտ է Սահակվիլիի փոխարեն միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընտրվելը նախագահի պաշտոնում: Այդ հայտարարությունը, թերեւս, ավելի շատ խոսում է այն մասին, որ Վրաստանում սպասվող առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում Շեւարդնաձեն եւս կաջակցի իր միլիարդներով Ռուսաստանին պարտական Իվանիշվիլուն: Դրա դիմաց էլ` ԱՄՆ-ում Օբաման եւ Սահակաշվիլին էլ են խոսել վրացական ընտրություններից: Հասկանալի է` Օբաման հորդորել է արդար ընտրություններ անցկացնել, սակայն տպավորությունն այնպիսին է, որ այդ ընտրությունները վերածվելու են մի իսկական ճակատամարտի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, որտեղ գլխավոր մրցանակը կարող է ոչ միայն Վրաստանի նկատմամբ վերահսկողության սահմանումը լինել, այլ այստեղ կարող է նաեւ լուծվել Իրանին հարվածելու խնդիրը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՐԱԲՈՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Մայրաքաղաքի Էրեբունու հատվածում, ավելի ճիշտ` թիվ 13 ընտրատարածքում` որպես պատգամավորության թեկնածու, կարծես թե առաջադրվել են Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանն ու ՀՀԿ-ական Արմեն Պուրտոյանը: Սակայն կային նաեւ խոսակցություններ, որ այդ տարածքում կարող է իր թեկնածությունն առաջադրել լեգենդար ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով այդ տարածքի հին բնակիչներից է, եւ այդ առաջադրումը կարող է բավականին հաշվարկներ խառնել: Մեզ հետ հեռախոսազրույցում պարոն Եղիազարյանը հաստատեց, որ ինքը պատրաստվում է առաջադրվել որպես թեկնածու. ՙԱյո, անպայման առաջադրվելու եմ: Բայց թե կոնկրետ որ ընտրատարածքում, դեռ դժվարանում եմ ասել՚:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՊ ՈՒՆԻ... ԲԱՅՑ ԵՍ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՄ
Օրերս Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ենթադրվում է, թե ինքը կլինի ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 2-րդ համարը: Այն հարցին, թե արդյոք այս հայտարարությունը համաձայնեցվել է Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջինիս մամլո խոսնակ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ պատասխանեց.
- Բայց ինձ ինչո±ւ եք հարցնում, պարոն Օսկանյանին հարցրեք, էդպես ավելի ճիշտ չի± լինի:
- Բայց չէ± որ Դուք եք Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը:
- Բայց պարոն Օսկանյանը հայտարարություն է արել իր գործողությունների մասին, դուք ինձ հարցնում եք, թե ինչպես է այդ քայլը կատարել` համաձայնեցնելո±վ, թե± ոչ, իրեն հարցրեք, կարծում եմ` ինքը կասի ավելի հստակ, սա էն դեպքը չի, որ ես Քոչարյանի գրասենյակի ղեկավարն եմ ու կարող եմ Ձեր այդ հարցին պատասխանել: Խնդրում եմ, իրեն հարցրեք, ես ստեղ գործ չունեմ, իր հետ քննարկեք` առանց ինձ: Օսկանյանի գործողությունների մասին է խոսքը:
- Փաստորեն, այս հարցը Ձեզ չի± վերաբերվում:
- Կոնկրետ ինձանից այդ հարցի պատասխանը, կարծում եմ, սխալ է ակնկալել. պարոն Օսկանյանին զանգեք, հարցրեք, այ ինձ ո±նց եք զանգում, հարցնում: Սա վերաբերվում է Օսկանյանի կատարած գործողություններին:
- Այո, բայց դա նաեւ պարոն Քոչարյանին չի± վերաբերվում:
- Էնպես, ինչպես հարցը դուք եք դնում` վերաբերվում է, բայց հարցադրումը կարող է սուբյեկտիվ լինել: Վստահ եմ` փիլիսոփայությունից գիտեք, չէ±, օբյեկտիվ իրականության մասին, դա այս պարագայում այն է, որ պարոն Օսկանյանը գործողություն է կատարել, որի վերաբերյալ փորձում եք տեղեկատվություն ստանալ, խնդրում եմ, իրեն դիմեք, էլի, ոչ թե ինձ:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Երեկ Էրդողանը հայտարարել էր, որ մոտ 100 հազար ՀՀ քաղաքացի պետք է դուրս հանվի Թուրքիայի տարածքից: Թե արդյոք նման թվով քաղաքացիներ կան հարեւան երկրում, եւ ինչ է նշանակում այս ամենը` փորձեցինք ճշտել թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ, որն էլ նկատեց. ՙԱյս հարցի շուրջ կա երկու տեսակետ, առաջինը` որ անօրինական ճանապարհով անցնողների համար են խստացնում պայմանները` ընդհանուր առմամբ, իսկ երկրորդ տեսակետն այն է, որ ես ինքս էլ կարծում եմ, որ դա ուղղված է հենց մեր դեմ, որովհետեւ նրանք բազմիցս հայտարարել էին, որ պետք է պատժամիջոցներ կիրառեն հայերի դեմ, ու հենց հիմա էլ կիրառում են:
Իհարկե, չկա նման թվաքանակով ՀՀ քաղաքացի Թուրքիայում, սա ուղղակի Թուրքիայի հերթական ստերից է՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է.
ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Քաղաքական շրջանակներում թեւ առած խոսակցությունների համաձայն` երեկ երեկոյան անգլոամերիկյան թեւի հլու-հնազանդ զավակներ պարոնայք ժառանգականների եւ արդարության ջատագով ՙԱզատ դեմոկրատներ՚-ի միջեւ վերստին բանակցություններ են ընթացել` խորհրդարանական ընտրությունների թեմայով, որի արդյունքում, պատկերացնո±ւմ եք, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արարատ Զուրաբյանը եկել են համաձայնության, որ այս երկու փառահեղ ուժերը ընտրության են գնում ուս ուսի տված կամ, ավելի պատկերավոր ասած, դաշինքի ֆորմատով: Նույն լուրերի համաձայն` ասում են, որ Րաֆֆին Արարատ Զուրաբյանին հույս է հայտնել, որ իրենց համատեղ ծրագրերի շրջանակներում վերջում փայլուն գործեր են արվելու, եւ հատկապես լայն թափով աշխատանքներ են ծավալելու` 2013-ի ընտրությունների հետ կապված: Ախր, այ միամիտ գարսոներ, մի հատ առուն թռեք, նոր...
Ինչ տեսակի մտքեր ասես` չես լսի ՀԱԿ-ի ճամբարից: Այսպես, հեղափոխության ջերմ կողմնակից ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ խոստովանում է. ՙՔաղաքական գործիչների մի շերտ, որոնց թվին պատկանում եմ ես, այդ լուծումները տեսնում են հեղափոխության մեջ եւ բարձրաձայնում են` հասկանալով հանդերձ, որ հեղափոխություններն իրենց հետ բերում են բազմաթիվ թերություններ: Որ հեղափոխությունների մասին ասացվածքները շատ դեպքերում շատ ճիշտ են, բայց դա է ելքը փակ շրջանից դուրս գալու: Ֆրանսիական հեղափոխությունը, իհարկե, խժռեց իր զավակներին, բայց դարձավ ժողովրդավարության հիմքերից մեկը՚: Զարմանալի է, մի±թե Արամ Զ.-ն մազոխիստական փափագ ունի խժռվելու, եւ մի±թե ընդունելի է համարում բոլոր հեղափոխությունների այն վերջնարդյունքը, որ հեղափոխության պտուղները վայելում են տականքները... Ախր հենց հեղափոխության հետեւանք էր, որ մինչեւ հիմա ՀՀՇ բառը հայոց լեզվում համարվում է հայհոյական:
Ի դեպ, ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էլ զարմանալի բան է ասել ՀԱԿ-ի ընտրացուցակները կազմելու վերաբերյալ. ՙՊետք է կազմենք այն ցուցակը, որը քաղաքացին ցանկանում է տեսնել, այսինքն` ցուցակում պետք է լինեն նրանք, ովքեր անբիծ են, դավաճան չեն, ընդունելի են ու վստահելի, այսինքն` առաջին համարներում պետք է լինեն ցանկալի մարդկանց անուններ՚: Զարմանալի է, ախր այդպիսի չափանիշին համապատասխան թեկնածուներ ճարելը ավելի դժվար է, քան ՙհա°մ սիրուն լինի, հա°մ չբեր լինի, հա°մ լաչառ չլինի՚ ժողովրդական հավասարումը լուծելը: Զարմանալի է, այդ որտեղից պետք է ճարեն մարդ, որը հա°մ ՀԱԿ-ի անդամ լինի, հա°մ դավաճան եւ անընդունելի չլինի... Ախր մեր երկրում չկան այնպիսի խուլ գյուղեր, ուր բնակիչները լսած անգամ չլինեին ՀՀՇ-ականների մասին եւ միամիտ-միամիտ համաձայնվեին մտնել այդ ցուցակի մեջ:
Պարզվում է, որ Հայաստանում ծանրամարտի պես մարզաձեւը կարող է աննախադեպ հաջողություն ունենալ: Այսպես, հայտնի ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ (Լավանդայի Արայիկը) հայտարարում է. ՙՊատգամավոր դառնալը ծանրություն է, որը պետք է կարողանաս բարձրացնել՚: Դե, նաղդ 131 պատգամավոր ունենք, իսկ եթե գումարենք իրար բոլորին, ովքեր երբեւէ խորհրդարանի որեւէ գումարմանը բարձրացրել են ՙպատգամավորական ծանրությունը՚, ապա կարող ենք ստեղծել ծանրամարտիկների մի թիմ, որը ամբողջ մոլորակի համար կբավարարի այդ մարզաձեւի բոլոր կարիքները:
ՙՄենք գտնում ենք, որ այս խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն` գաղափարական պլատֆորմների տեսանկյունից ելնելով: Այսինքն` սոցիալիստական ուժերը պետք է սոցիալիստական ճամբարում լինեն, պահպանողական ուժերը` պահպանողական ճամբարում, ազատական ուժերը` ազատական եւ այլն, որպեսզի հասարակությունը կարողանա ոչ թե առաջնորդամոլությամբ կատարի իր ընտրությունը, այլ քաղաքական աշխարհայացքի տեսանկյունից՚: Անշուշտ, շատ ճիշտ եւ ոսկե խոսքեր են, սակայն զարմանալի է, թե ով է դրանց հեղինակը: Պարզվում է, որ այդպես է խոսել ոչ թե, ասենք, Զրադաշտը, այլ քաղաքական բիզնեսմեն ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ: Չար լեզուներն ասում են, որ ԱԺ նախորդ ընտրություններին նրա գլխավորած ՄԱԿ-ը չի կարողացել հաղթահարել 5 տոկոսի արգելքը, քանզի սխալ տեղեկություն է ստացել, թե քանի ընտրաքվե է պետք պարզապես գնել այդ տոկոսն ապահովելու համար: Իսկ դուք ասում եք` գաղափարախոսություններ, ճամբարներ, ֆլան-ֆստան...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
ՙԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐ ՁԱՅՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ՃԱՆԱՉԱԾ ՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ՚
Նախորդ շաբաթ խորհրդարանում ընդդիմությունը ներկայացնող ՀՅԴ եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունները կոչ են արել խորհրդարանական լսումներ անցկացնել 100 տոկոս համամասնականին անցնելու (նրանք չունեն մեծամասնականով ընտրված պատգամավորներ): Այս ամենին միացել է նաեւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը եւ կողմ արտահայտվել 100 տոկոս համամասնականին անցնելուն: Այս կապակցությամբ հետաքրքիր է իմանալ ԲՀԿ-ի մեծամասնականով ընտրված 8 պատգամավորների կարծիքները` 100 տոկոս համամասնականին անցնելու կապակցությամբ:
Թիվ 26 ընտրատարածքում ընտրված ԱԺ պատգամավոր ՌՈԲԵՐՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ընդհանուր առմամբ, այս տարիներին իր կատարած աշխատանքը ընտրատարածքում գնահատեց բավարար, իսկ 100 տոկոս համամասնականին անցնելու առումով, նշեց հետեւյալը. ՙԻնձ համար այդքան էլ մեծ տարբերություն չկա` կլինի մեծամասնականով, թե համամասնականով, կարեւորը, որ ժողովուրդը նորմալ ընտրի ու ընտրությունը լինի արդար՚: Այսինքն` կարելի± է ենթադրել, որ Դուք ընտրվել եք ոչ այդքան արդար ընտրությունների շնորհիվ, եւ Ձեր կարծիքով` եկող ընտրությունները կլինեն արդա±ր, թե± ոչ հարցին` պարոն Թովմասյանն ասաց. ՙԴե, աշխարհի ոչ մի երկրում չեն լինում իդեալական ընտրություններ, եւ եկողն էլ չի լինի իդեալական: Իսկ ինչ վերաբերվում է` կլինի մեծամասնականը, թե ոչ, դա որոշում է Ազգային ժողովը: Օրինակ` ՌԴ-ում անցան համամասնականի եւ ամեն ինչ նորմալ էր՚: Եթե մեծամասնականով ընտրվելու տարբերակը մնա` կառաջադրե±ք Ձեր թեկնածությունը կրկին, կցանկանա±ք նորից վերընտրվել Ձեր տարածքում հարցին` ԱԺ պատգամավորը նշեց. ՙԴա կորոշի կուսակցությունը, իսկ ինձ համար միեւնույնն է, տարբերություն չկա, կարեւորը կուսակցության ծրագրերն իրականացնելն է՚: Եթե չկա տարբերություն, ապա ի±նչ տարբերություն կլինի` համամասնական ցուցակով, թե մեծամասնական. ՙԻմ կարծիքով` այդ երկու տարբերակներն էլ ունեն առավելություններ եւ թերություններ: Մեծամասնականով գործ ունեն կոնկրետ անձի հետ եւ նրան են ընտրում, ով լինում է ճանաչված, հարգված, ունի գիտելիքների պաշար, բարեգործ է եւ կարող է օրենքներ գրել ու քննարկել: Իսկ ցուցակով ընտրվելու դեպքում առաջին համարներում եւս կարող են լինել գրագետ ու խելացի մարդիկ, սակայն ընտրելիս կարող է չլինեն ընտրողների համար նախընտրելի մարդիկ, բայց դա արդեն կուսակցությունն է որոշում: Մարդիկ իրենց ձայնը տալիս են նրան, ում լավ են ճանաչում` իր լավ կողմերով ու գործերով: Իսկ եթե կա ցուցակ, ապա որոշ մարդիկ ծանոթանում են դրա հետ, նոր ձայն տալիս, իսկ նրանց, ում չի հետաքրքրում այդ անունները կամ շատ անգամ չեն էլ ճանաչում, ապա տվյալ դեպքում իրենց ձայնը տալիս են կուսակցությանը կամ լիդերին: Դրա համար, երբ կլինեն քննարկումները, դրա արդյունքում պարզ կդառնա, թե որն է առավել էֆեկտիվ: Իսկ ԲՀԿ-ի` 2007 թվականի ծրագրում գրված էր, որ մենք հակված ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին՚: Ինչպե±ս եք վերաբերվում այն երեւույթին, եթե հանկարծ Ձեր ընտրատարածքում ցուցակով ներկայացվեն այնպիսի թեկնածուներ, որոնք բացարձակ կապ չունեն այդ տարածքի հարցերի, խնդիրների ու հոգսերի հետ. ՙԿրկնում եմ, դա արդեն որոշում է կուսակցությունը, իսկ ժողովուրդը հավանաբար նրանց չի ընտրի՚:
Այս հարցերը մենք փորձեցինք ուղղել նաեւ թիվ 16 ընտրատարածքի պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ով իր այս տարիների կատարած աշխատանքի գնահատման համար մեզ խորհուրդ տվեց հարցնել իր ընտրատարածքի բնակիչներին, իսկ երբ հարց ուղղեցինք, թե որքանով եք համաձայն 100 տոկոս համամասնականին անցնելուն, վերջինս սկսեց մեզ չլսել, անընդհատ կապն էր ընդհատվում, իսկ վերջում պարզապես հեռախոսը դարձավ անհասանելի:
Իսկ ահա Վերսանդ Հակոբյանին (ընտրատարածք` թիվ 12), Մելիք Մանուկյանին (ընտրատարածք` թիվ 27) եւ Հրանտ Մադաթյանին (ընտրատարածք` թիվ 23) մեզ պարզապես չհաջողվեց գտնել, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից մեզ փոխանցեցին վերջիններիս օգնականների համարները, որոնք էլ իրենց հերթին խոստացան, որ կփորձեն կապ հաստատել իրենց ղեկավարների հետ կամ եթե օրվա մեջ տեսնեն, կփոխանցեն մեր հարցը: Նույնիսկ թիվ 23 ընտրատարածքի պատգամավոր Հրանտ Մադաթյանի օգնականը ասաց, որ վերջինս իր համարը փոխել է, եւ որ նա չգիտի պատգամավորի նոր համարը, իսկ ճշտելու համար, եթե օրվա ընթացքում հանդիպի` կճշտի ու կզանգի, որն այդպես էլ տեղի չունեցավ ոչ մեկի կողմից:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԲՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Այն, որ համամասնական ընտրակարգի համար ՙդոշ՚ տվող ԲՀԿ-ի ներսում գնալով արտակարգ դրություն է մտնում, կարծես թե, դրանում մեզ հետ շատերը կհամաձայնեն: Բացի այն, որ ԲՀԿ-ն համ համամասնական ընտրակարգ է ուզում, համ էլ 41 ընտրատարածքում պատրաստ է ունենալ իր թեկնածուները` բույլով, այստեղ էլ մի նորություն ասած չենք լինում: Սակայն, ամբողջ խնդիրը նրանում է, որ ԲՀԿ-ի մեծամասնական տարածքներում գնալով վիճակը բարդանում է, քանի որ թեկնածուների խիստ ՙդեֆիցիտ՚ է նկատվում: Արդեն ասել էինք, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, ուր 38-րդ ընտրատարածքից պատգամավոր էր դարձել օլիգարխիկ կլանին մոտ կանգնած Ռոբերտ Թովմասյանը, կարծես թե, հիմա նա շանսեր չունի մեծամասնականով նորից պատգամավոր դառնալու, քանի որ, բացի այն, որ նրա ռեյտինգը, ըստ որոշ չուզողների, ցածր է, հետն էլ ակտիվ խոսակցություններ կան այն մասին, որ նույն Ռ. Թովմասյանի ՙոտքի տակ փորողներն՚ են շատացել նույն ԲՀԿ-ում: Նույն լուրերի համաձայն` ասում են, որ օրերս, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավաք է կազմակերպել Երեւանի Կոնյակի գործարանում, ԲՀԿ-ական ՙակտիվիստներ՚, այս դեպքում նաեւ` Գ. Ծառուկյանի մտերիմ ընկեր Սաշիկ Սայադյանը, կողքից էլ մի քանի կուսակցություններում, Վարդան Բոստանջյանի ասած, ՙհանգրվանած՚ Արա Արամյանը, ով սկզբում ՕԵԿ-ի լոգոյով քաղշին նախարար աշխատեց, հետո էլ Տիգրան Կարապետիչի ԺԿ-ի հետ կրկին ուժերը փորձեց քաղաքական դաշտում, մի խոսքով` տեղ չմնաց, որ չգնար, Գ. Ծառուկյանի ականջին շշնջացել են, որ Չարենցավանում Ռոբերտ Թովմասյանի ռեյտինգը շատ ցածր է, եւ որ լավ կլինի, որպեսզի նա չառաջադրի իր թեկնածությունը թիվ 38-ում: Ավելին` ԲՀԿ-ի առաջնորդի ականջին են հասցրել նաեւ այն խոսակցությունները, որ վերջին ժամանակներս Ռ. Թովմասյանը իր բիզնեսները ամբողջությամբ տեղափոխել է Պարսկաստան եւ որ, չգիտես ինչու, ջերմիկ հարաբերություններ է հաստատել կառավարության հետ, եւ որ ավելի սերտ հարաբերություններ է հաստատել ՀՀԿ-ական նախարարների հետ: Նույն լուրերի համաձայն` ասում են, որ Գ. Ծառուկյանին ամենեւին էլ դուր չեն եկել այս խոսակցությունները, որից հետո էլ նա վերջնականապես ձեռք է քաշել Ռ. Թովմասյանին որեւէ կերպ աջակցելուց ու հովանավորելուց: Այնպես որ, թիվ 38-ի համար փնտրվում են այլ թեկնածուներ...
Ս. ՇԱՀԻՆՅԱՆ
ՙԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ ԻՆՉՈՒ ԷՐ ՓՈՐՁՈՒՄ ՋՈՒՐ ԼՑՆԵԼ...՚
Ներկայացնում ենք ՙԻրավունք՚-ի զրույցը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:
-Պրն Թադեւոսյան, նախ` կխնդրեի ներկայացնեիք, թե ինչ տրամադրություններ կան ՀՀԿ-ի ներսում, հատկապես` կուսակցություն նոր անդամագրվողների եւ ՀՀԿ-ի շարքերը համալրողների հետ կապված:
- Մեր կուսակցության շարքերը մշտապես ե°ւ համալրվել են, ե°ւ մաքրվել են, ե°ւ զտվել են` պայմանավորված կուսակցականների ունեցած ակտիվությունից, պասսիվությունից ու գործունեության այլ գնահատականներից: Իսկ ընդհանրապես ցանկացած կուսակցություն էլ ե°ւ մաքրման, ե°ւ համալրման կարիք ունի, քանի որ առանց այդ պրոցեսների պարզապես հնարավոր չէ առողջ կորիզը պահել: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության շարքերը համալրելուն կամ անդամագրման հետ կապված խնդիրներին, ապա դրանք բացարձակապես չի կարելի կապել ընտրությունների հետ. ընտրություններում միգուցե անդամագրության հնչեղությունն է այլ մեկնաբանության տեղիք տալիս որոշ ուժերի մոտ, բայց դա բոլորովին այլ հարց է: ՀՀԿ-ն` իր կառույցներով հանդերձ, ինտենսիվորեն մեծ աշխատանքներ է տանում, եւ ես կարծում եմ, որ հետագայում նույն կերպ շարունակելու է իր գործունեությունը:
- Այդուհանդերձ, հետաքրքիր է` 2011-ի վերջի եւ 2012-ի սկզբի համեմատ ՀՀԿ անդամագրվողների թիվը ինչքանով է ավելացել, եւ երկրորդ, ըստ Ձեզ` այդ հոսքը սպասվածից ավելի±ն է, թե± առայժմ շուտ է համեմատականներ անցկացնելու համար:
- Նախընտրական պրոցեսին զուգընթաց` որոշակի ակտիվություն, իհարկե, կա` անդամագրության հարցով, եւ դա բնական է, քանի որ քաղաքական կյանքը, այսպես ասած, եռում է, քաղաքական այդ ռիթմը եւ տեմպը կա, եւ ես կարծում եմ, որ դա ակնհայտորեն տալու է իր դրական պտուղները:
- Իսկ այս վերջին ժամանակահատվածի համար ՀՀԿ անդամագրվողների թիվը մոտավորապես ո±ւր է հասել, եւ եթե հնարավոր է` կխնդրեի կոնկրետ թվերով խոսեիք:
- Այդ թիվը մոտավորապես 15 հազարից ավել է, պարզապես մենք չենք սիրում անընդհատ նման բաների մասին բարձրաձայնել ու աղմուկ հանել, քանի որ մենք փիառի խնդիր չունենք: Մենք ամենօրյա աշխատանքի խնդիր ունենք, ինչն էլ մեր տարածքային կառույցներում իրականացվում է:
- Առանց փիառի խնդիր լուծելու` կասե±ք, թե ինչքան է ընդհանուր ՀՀԿ-ականների թիվը:
- 145 հազար, որոնք հաշվառում են 1800-ից ավել սկզբնական կազմակերպություններում` Երեւան քաղաքում եւ բոլոր մարզերում:
- Եվ ըստ Ձեզ` այս առաջիկա ամիսներին եւս քանի±սը կմիանան ՀՀԿ-ին, եւ Ձեր պատկերացմամբ` ժողովուրդը ո±ր դեպքում եւ ինչի± համար կնախընտրի գնալ այս կամ այն կուսակցության ետեւից:
- Անդամագրվելը այս կամ այն կուսակցությանը մի պրոցես է, իսկ կուսակցությանը աջակցելը կամ ձայն տալը լրիվ մեկ այլ հարց է: Պարտադիր չէ, որ կուսակցությանը անդամագրվեն, նոր ձայն տան: Մենք ունենք բազմահազար համակիրների բանակ, որը պարբերաբար համապետական եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր ձայնը, իր քվեն տալիս է ՀՀԿ-ի թեկնածուներին: Դրա վառ ապացույցը 2011-ի ընթացքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատկերն է. կոնկրետ 97 համայնքից 70-ում հաղթել են ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուները, ինչը կազմում է մոտ 72 տոկոս: Այս դեպքում մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են, որովհետեւ, եթե ժողովուրդը չհամակրեր ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին, կարծում եմ` նման ցուցանիշներ չէին լինի: Ինչ խոսք, եղել են նաեւ պարտություններ, ինչն, ըստ իս, ընտրական պրոցեսին բնորոշ երեւույթ Է, որից կարելի է անել ճիշտ եւ տրամաբանական հետեւություններ` հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Փետրվարի 12-ին նույնպես մենք 39 համայնքում եւ երկու քաղաքում` Սպիտակում եւ Հրազդանում, ունենք ՏԻՄ ընտրություններ, եւ ես կարծում եմ, որ կուսակցությունը շատ լուրջ, կազմակերպված եւ պատշաճ մակարդակով է պատրաստվում այդ ընտրություններին: Կարծում եմ` ժողովրդի տված ձայներից կերեւա նաեւ վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ: Ես համամիտ չեմ, երբ ԶԼՄ-ներում տարաբնույթ շահարկումներ են լինում` կապված կուսակցության գործունեության հետ. ամեն ինչ որոշում է ժողովուրդը, եւ նա իր տված քվեով ու ձայնով, ըստ իս, պատասխանում է բոլոր հարցերին: Թեեւ, եթե նժարի վրա դնենք նախորդ բոլոր ընտրական գործընթացների արդյունքները, ապա վստահաբար կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն վայելում է ժողովրդի վստահությունը:
- Ձեր կարծիքով` երկու քաղաքում` ե°ւ Սպիտակում, ե°ւ Հրազդանում, սպասվող ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն լիարժեք հաղթանակ կտանի±, թե±, այնուամենայնիվ, խանգարող ուժեր էլ կլինեն, գուցեեւ` ծպտյալ...
- Դե, Սպիտակում, գիտեք, որ ինքնաբացարկի հետեւանքով մնացել է միայն մեր գործող թեկնածուն, իսկ ահա Հրազդանում` ըստ առաջադրված թեկնածուների, սպասվում են բավականին կրքոտ ընտրություններ, բայց ես համոզված եմ, որ օրենքի եւ պատշաճության սահմաններում մեր թեկնածուն հաղթելու է:
- Գիտեք, որ ԲՀԿ-ն, լինելով կոալիցիոն ուժ, վերջերս միացավ, եթե կարելի է այդպես ասենք, արմատական ընդդիմության ներկայացրած նորագույն առաջարկին, այն է` անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի: Ձեր կարծիքով` ինչի±ց դրդված ԲՀԿ-ն այս հարցում իրեն առանձնացրեց կոալիցիայից:
- Բոլոր դեպքերում, քաղաքական պրոցեսները ունեն իրենց նրբությունները, բայց եւ այնպես, ես կարծում եմ, որ ցանկացած կոալիցիոն ուժ պետք է տեր կանգնի իր տված խոստումներին եւ ստանձնած պարտավորություններին, թեպետ, մյուս կողմից էլ, քաղաքական թիմերը իրենք են որոշում, թե տվյալ պարագայում ինչ քաղաքական ուղենիշով են առաջ շարժվում: Կարծում եմ` այն քննարկումները, որոնք որ պահանջվում են խորհրդարանում, դրանց բացատրությունները կտրվեն, եւ ես նույնպես գտնում եմ, որ այդ առաջարկը ժամանակավրեպ է ու անտեղի:
- Բոլոր դեպքերոմ, ԲՀԿ-ի քաղաքական վարքագիծը փոքր-ինչ տարօրինակ չէ±:
- Անշուշտ, մենք միշտ էլ մեր գործընկերներից համարժեք, տրամաբանված ու զուսպ քայլեր ենք ակնկալում:
- Հաշվի առնելով ներկա իրողությունները, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ քաղաքական ուժերին եւ, ինչու չէ, բոլորիս թեժ մայիս է սպասվում...
- Ընդհանրապես ցանկացած ընտրություն ենթադրում է նաեւ կրքերի բորբոքում, բայց ես կարծում եմ, որ երբ քաղաքական ուժերի կողմից կա պատասխանատվության զգացում ընթացող գործընթացների նկատմամբ, ապա չեմ կարծում, թե այդ թեժությունը կբերի ավելորդ լարվածության ու կրքերի դրսեւորման: Իրեն հարգող ցանկացած քաղաքական ուժ, կարծում եմ, իրեն կդրսեւորի օրենքի ու ընտրական օրենսգրքի տրամաբանության շրջանակներում. վստահ եմ, որ ընտրությունները կգնան բնականոն հունով, եւ արտառոց դեպքեր չեն լինի:
- Եվ վերջում. այս խառը ժամանակներում ո±րն է լինելու ՀԱԿ-ի անելիքը, թեեւ ՀԱԿ-ը, կարծես թե, պինդ է ՙբռնվել՚ ԲՀԿ-ից...
- Դեռեւս պրոցեսները ընթանում են, որեւէ կոնկրետ բան չկա, իսկ ինչ մնում է ինչ-ինչ հեռահար հաղորդագրություններին, ապա ժամանակը ցույց կտա, թե ով ում ջրաղացին ինչու էր փորձում ջուր լցնել:
Զրույցը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ
ԱՐՅՈՒՆՈՏՎԱԾ ԴԱՆԱԿՆ ԷԼ ՉԼՈՒԾԵՑ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՃԸ
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 24-ին դատապարտեց 61-ամյա Կյուրեղ Աղաջանյանին երեքուկես տարվա ազատազրկման` իր եղբոր կնոջը, գրեթե իր հասակակից Կարինե Աղաջանյանին դանակահարելու ու նրա առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Սա առաջին դեպքը չէ, որ ՙԻրավունքը՚ ցավով անդրադառնում է այն տխուր փաստերին, երբ մտերիմ ազգականների միջեւ ծագած գույքային վեճերը վերածվում են թշնամության եւ ավարտվում են արյունալի հաշվեհարդարով…
ԹՎԱՑԵԼ ԷՐ, ԹԵ ԱՆԻԾԵԼ Է
Կյուրեղ Աղաջանյանի ու նրա եղբոր կնոջ` Կարինե Աղաջանյանի միջեւ թշնամությունը առաջացել էր հայրական տան բաժանման հետ կապված անհամաձայնության պատճառով: Երկուսն էլ դիմել էին դատարան, սակայն խնդիրը այդպես էլ մնացել էր չլուծված: Արդյունքում…
2011թ. օգոստոսի 15-ին վաղ առավոտյան Կյուրեղ Աղաջանյանը ծրագրել էր գնալ իր ծնողների գերեզմանը մաքրելու: Վերցրել էր աշխատանքային դանակը, փաթաթել այն թերթի մեջ ու դուրս եկել բակից: Ճանապարհին տեսել էր Կարինե Աղաջանյանին, որն ինչ-որ բան էր ասել իրեն…
Դատավճռում արձանագրվել էր, թե Կյուրեղը չէր հասկացել Կարինեի ասածը: Կյուրեղի պաշտպան Նվարդ Ավարյանից տեղեկացանք, որ Կյուրեղին, այնուամենայնիվ, թվացել էր, թե իր եղբոր այրին անեծք էր ուղղել իրեն: Կյուրեղը հրել էր Կարինեին, իսկ վերջինս ի պատասխան ճանկռել էր նրա պարանոցը: Դրանից անմիջապես հետո գործի էր դրվել ՙաշխատանքային՚ դանակը…
ՙԳՐԿԱԽԱՌՆՎԱԾ՚ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Դանակի հարվածը ուղղված էր եղել Կարինեի աջ կողքին: Վիրավորված եւ վախեցած կինը սկսել էր գոռալ եւ հարվածներ հասցնել Կյուրեղին: Երկուսով վայր էին ընկել եւ հայտնվել բակում կանգնած ՙԶապորոժեց՚ մեքենայի եւ պատի արանքում: Կյուրեղը` պառկած մեջքի վրա, Կարինեն` դեմքով դեպի Կյուրեղը: Ըստ Կյուրեղ Աղաջանյանի. ՙԿարինեն ծանր է եղել, եւ ինքը չի կարողացել բարձրանալ ընկած տեղից: Արդեն ընկած վիճակում մի քանի անգամ դանակով հարվածել էր Կարինեի ուսին, որպեսզի… Կարինեն վեր կենա իր վրայից՚: Վրա հասած Կյուրեղի որդին բաժանել էր կռվողներին ու հորը տարել տուն:
Մինչեւ շտապօգնության ժամանելը, Կարինեին առաջին օգնությունն էին ցույց տվել Կյուրեղի կինը եւ հարեւանները…
Արդեն կայացած հանցագործը ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ` իր հետ բերելով չարաբաստիկ դանակը:
Նախաքննության ժամանակ Կյուրեղ Աղաջանյանը ցուցմունք էր տվել, թե ինքը չէր հետեւել Կարինեին, որ հանդիպումը պատահական էր: Իրեն թվացել էր` Կարինեն կրկին վիրավորում եւ վատաբանում է իրեն, ու դանակի առաջին հարվածը տեղի էր ունեցել: Ինքը չի հասկացել նաեւ, թե ինչպես էր ընկած վիճակում բազմաթիվ հարվածներ հասցրել իր վրա ընկած կնոջը:
Կյուրեղ Աղաջանյանը կարողացել էր համոզել քննչական մարմիններին եւ դատարանին, որ ինքը Կարինեին սպանելու նպատակ չէր ունեցել…
ԻՆՉԻ±Ց ԷՐ ՄԹԱԳՆԵԼ ԾԵՐԱՑՈՂ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂԸ
Հավանաբար, հոգեբաններն էլ չեն կարող միանշանակորեն նշել այն հանգամանքները, որոնք պատճառ էին դարձել արյունալի դատաստանի: Եվ դա հասկանալի է, քանի որ հանցագործության պատճառահետեւանքային թելը սկիզբ էր առել տարիներ առաջ, եւ տարիներ շարունակ այն չէին կարողացել կտրել դատարաններն ու իրավապահները…
Կյուրեղ Աղաջանյանի պաշտպանի հետ զրույցից տեղեկացանք, որ այդ դեպքից մեկ-երկու օր առաջ կրկին վիճաբանություն էր ծագել այդ բակում, հերթական անգամ ժամանել էին իրավապահ մարմինները եւ…
Մի խոսքը, որքան էլ այն կծու լինի, չի կարող անբասիր կյանք ապրած մարդու մեջ առաջացնել այնքան ատելություն, որ նա դանակով բազմաթիվ հարվածներ հասցնի իր հանգուցյալ եղբոր կնոջը: Այդ ատելությունը ծագել էր անշարժ, ՙանհոգի՚ գույքից, գույքից, որը անվանվում է ՙհայրական տուն՚, որի բակում Կարինե Աղաջանյանը ստացել էր աջ եւ ձախ թիակային, աջ ուսահոդի, աճուկային, ձախ գոտկային, որովայնի շրջանի բազմաթիվ ծակված-կտրված, չթափանցող վերքեր, մեծ ճարպոնի վնասում` որովայնի առաջնային պատի ծակված-կտրված, թափանցող, կյանքին վտանգ սպառնացող վերք եւ բազմաթիվ, համեմատաբար թեթեւ մարմնային վնասվածքներ: Եվ այդ վնասվածքների ՙհեղինակ՚ էր հանդիսացել մեկը, ում դրական են բնութագրել բոլոր նրանք, ովքեր տասնյակ տարիներ ճանաչել ու շփվել են նրա հետ…
ԿՐԿԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ
Մեղադրյալ Կ. Աղաջանյանի պաշտպանի դիրքորոշումը ներկա պահին այն է, որ դատավճիռը իսկապես բավականին մեղմ է եւ արդարացի: Տուժողի դիրքորոշումը միանշանակ չէ, քանի որ դատարանը մասնակի էր բավարարել նրա կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` 1.000.000 դրամ: Ըստ դատարանի. ՙՏուժող Կարինե Աղաջանյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը պետք է բավարարել մասնակիորեն` 300.000 ՀՀ դրամի չափով: Նկատի ունենալով, որ 200.000 ՀՀ դրամը Կյուրեղ Աղաջանյանի կողմից կամովին վերականգնվել է, ամբաստանյալ Կ.Աղաջանյանից, հօգուտ տուժողի, պետք է բռնագանձել 100.000 ՀՀ դրամ:
Անդրադառնալով մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցին` դատարանը գտնում է, որ այն պետք է մերժել, քանի որ տուժող Կարինե Աղաջանյանի բուժումը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում՚…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
ՙ2012Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ՄՆԱԼ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔՈՒՄ՚
Հարցազրույց ՙԱրմենՏել՚ ընկերության գլխավոր տնօրեն ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈՅԻ հետ
-Ինչպե±ս կգնահատեք ՙԱրմենՏել՚ ընկերության 2011թ.-ի գործունեությունը:
- Ընդհանուր առմամբ, 2011թ. մեր ընկերության համար բավականին հաջող տարի էր: Չնայած նրան, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ընդհանուր ծավալը նվազում է, մեզ հաջողվեց ապահովել բավականին լուրջ աճ ինչպես բջջային կապի, այնպես էլ ինտերնետ-հասանելիության շուկաներում:
Այսպես, 2011թ. 3-րդ եռամսյակում մեր համախառն եկամուտը 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով: 2011-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՙBeeline՚ շարժական կապի բաժանորդների թիվը 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31 տոկոսով` կազմելով 761 հազար: ՙHi-Line՚ ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը գերազանցել է 130 հազարը` գրեթե կրկնապատկվելով 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Բաժանորդների թվի աճը նշանակում է, որ մենք կարողացել ենք մարդկանց առաջարկել որակյալ, մատչելի եւ բարձրորակ ծառայություններ, իսկ դա հնարավոր դարձավ ընկերության բոլոր ստորաբաժանումների համախմբված աշխատանքի, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հսկայական ներդրումների, նոր ծառայությունների առաջարկման, սպասարկման որակի բարելավման եւ այլ գործոնների շնորհիվ:
- Ի±նչ հաջողություններ եք արձանագրել ֆիքսված հեռախոսացանցի ոլորտում:
- Ֆիքսված հեռախոսակապի գերազանց որակի պահպանումն ու կատարելագործումը շարունակում է մնալ մեր ընկերության ուշադրության կենտրոնում: Երեւանում ՙԱրմենՏել՚-ի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումն իրականացվել է 100 տոկոսով, եւ այժմ ողջ շեշտը դրված է մարզային ցանցերի թվայնացման վրա:
Ընդհանուր առմամբ, 2011թ.-ի դեկտեմբերի դրությամբ թվային կայաններին միացված է ՙԱրմենՏել՚ ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ-ն:
Նշեմ, որ 2012 թվականի հունվարի 1-ից գործող սակագնային փաթեթներին զուգահեռ` գործարկվեցին ՙԱրմենՏել՚-ի ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթները, որը հնարավորություն ընձեռեց մեր բաժանորդներին ընտրել իրենց համար առավել հարմարավետ այս կամ այն տարբերակը եւ օպտիմալացնել սեփական ծախսերը:
- Իսկ ի±նչ կասեք Ինտերնետ ոլորտում կատարված քայլերի մասին:
- Հանդիսանալով Հայաստանում կապի ինտեգրված խոշորագույն օպերատոր` ՙԱրմենՏել՚-ն առաջինն էր, որ լայնաշերտ ինտերնետ-հասանելիությունը դարձրեց մասսայական: Այսօր մեր ծառայությունը հատուկ ներկայացման կարիք չունի, քանի որ այն իրոք մեծ ժողովրդականություն է վայելում, եւ Հայաստանի ինտերնետ ծառայությունների ոլորտում Hi-Line ապրանքանիշն ամենաճանաչվածն է:
2011թ.-ին ցանցի արդիականացման շնորհիվ մեզ հաջողվեց ընդլայնել ՙHi-Line՚ լայնաշերտ ինտերնետ-հասանելիության ծառայության աշխարհագրությունը, եւ այսօր Հայաստանի ավելի քան 50 բնակավայրերի բնակիչներ կարող են օգտվել ADSL տեխնոլոգիայի վրա հիմնված ՙHi-Line՚ ծառայությունից:
Ավելին, կայուն եւ որակյալ ինտերնետը մարդկանց համար դարձել է սովորական երեւույթ, եւ նրանք սպասում են մեր հաջորդ քայլերին, իսկ մենք փորձում ենք արդարացնել մեր հաճախորդների սպասելիքները: Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում տարբեր ակցիաների եւ նոր սակագնային փաթեթների գործարկման շնորհիվ 1 Մեգաբիթ ինտերնետի գինը վերջնական բաժանորդի համար միջին հաշվով նվազել է 4 անգամ: Գրեթե ողջ տարվա ընթացքում առաջարկվող սեզոնային ակցիաները հնարավորություն ընձեռեցին բազմաթիվ քաղաքացիների միանալ ՙHi-Line՚ ծառայությանը եւ օգտվել ինտերնետից: Ընդառաջ գնալով մեր հաճախորդների բազմաթիվ արձագանքներին, միաժամանակ ցանկանալով բոլորին հասանելի դարձնել ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները, մենք Ինտերնետին միացող հաճախորդներին առաջարկեցինք անվճար նեթբուքեր. այսպիսով նրանք, ովքեր չէին կարողանում ձեռք բերել համակարգիչ, 2011թ.-ին ՙԱրմենՏել՚ ընկերության նախաձեռնությամբ ստացան նաեւ այդ հնարավորությունը:
Կցանկանայի հավելել, որ 2012թ.-ի ընթացքում նույնպես մտադիր ենք մնալ առաջատարի դիրքում` շարունակելով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են հասարակության ամենալայն շերտերի համար ինտերնետն առավել հասանելի եւ մատչելի դարձնելուն:
- Այսօր Հայաստանում բջջային կապի շուկան բավականին հագեցած է: Ձեր կարծիքով, որո±նք են այս ոլորտում հաջողության հասնելու հիմնական միջոցները:
- Հագեցված բջջային շուկայում հաջողության հասնելու գրավականն, առաջին հերթին, իմ կարծիքով, կախված է նրանից, թե որքան գրագետ ու վստահելի են կառուցված օպերատորի եւ բաժանորդի հարաբերությունները: Մեր որդեգրած ռազմավարության հիմնական սկզբունքներից մեկը բաժանորդի գոհունակության ապահովումն է, եւ մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ:
2011թ.-ին 3G ցանցի աշխարհագրության եւ ունակության էապես ընդլայնումը մեզ թույլ տվեց մեր բաժանորդներին առաջարկել նոր եւ հարմարավետ ծառայություններ: Շարժական ինտերնետին միացողներին մենք առաջարկել ենք գրավիչ ՙGPRS-փաթեթներ՚, զեղչեր նոթբուքերի համար, գործարկել ենք ՙMIX՚ եւ ՙԱզատ շփում 2000՚ սակագնային փաթեթները, որոնք միավորում են կապի բոլոր տեսակների գրավիչ սակագներ:
Մեր կողմից կատարված շուկայի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարդիկ բավականին հետաքրքրված են սմարթֆոններով, սակայն գերակշռող մեծամասնությունը չի կարողանում ձեռք բերել դրանք թանկ գնի պատճառով: Հաշվի առնելով այս ամենը` մենք որոշեցինք մեր բաժանորդներին առաջարկել ՙBeeline՚ բրենդավորված սմարթֆոններ, որոնք անհամեմատ մատչելի են եւ իրենց հիմանական ֆունկցիաներով չեն զիջում թանկարժեք հեռախոսներին:
Ընդհանուր առմամբ, մեր հիմնական նվաճումը, իմ գնահատմամբ, այն է, որ խիստ մրցակցության պայմաններում Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում մենք շարունակել ենք մնալ որակի եւ գնի օրենսդիրը:
- Վերջին երկու տարիների ընթացքում ՙԱրմենՏել՚ ընկերությունը նորագույն տեխնոլոգիաները բոլոր համայնքներում հասանելի դարձնելու նպատակով` ՀՀ մարզերում տասնյակ կրթական օջախների նվիրել է համակարգիչներ եւ անվճար ինտերնետ կապ: Արդյո±ք այս ծրագիրը շարունակական է, եւ ի±նչ նոր ծրագրեր են իրականացվելու ընկերության սոցիալական պատասխանատվության շրջանակներում:
- Իբրեւ համակարգաստեղծ օպերատոր, ՙԱրմենՏել՚ ընկերությունը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել սոցիալական ծրագրերի իրականացմանը: Նշեմ, որ 2010-2011թթ. ՙԱրմենՏել՚ ընկերությունը իրագործել է ավելի քան 80 ծրագիր, որոնք հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ` նպաստել Հայաստանում բոլոր շրջանների կայուն ու հավասարաչափ զարգացմանը:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, նշեմ, որ Հայաստանում իր գործունեությունը ծավալելու առաջին իսկ օրից ՙԱրմենՏել՚ ընկերությունն իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում որպես գլխավոր ուղղություն` որդեգրել է կրթական ոլորտին աջակցելու ռազմավարությունը: Ընկերությունը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքականությանը, այս տարի նույնպես կշարունակի աջակցել այնպիսի ծրագրերի իրագործմանը, որոնք ուղղված կլինեն կրթական համակարգի առավել արդյունավետ աշխատանքի ապահովմանը:
Նշեմ, որ այս սոցիալական քաղաքականության անկյունաքարն է հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանությունը եւ դրանց փոխանցումը սերնդեսերունդ:
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաեւ այն ծրագրերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանմանը:
Մենք սոցիալապես պատասխանատու օպերատոր ենք, ավելին, մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը եւ հետեւողականորեն ու նպատակասլաց շարժվում ենք այդ ուղղությամբ:
- Իսկ ի±նչ կարող են ակնկալել ՙBeeline՚ բաժանորդները 2012թ.-ին:
- 2012թ.-ին մենք շարունակելու ենք իրականացնել երկրում համակարգչային եւ ինտերնետային տեխնոլոգիաների տարածման մեր ռազմավարությունը` ձգտելով վերացնել երկրում առկա թվային ճեղքը եւ դարձնել Հայաստանը մի պետություն, որը լիովին ինտեգրված է Համաշխարհային տեղեկատվական համայնքին:
Այո, այսօր մենք ինտերնետ-հասանելիության շուկայի առաջատարն ենք, բայց դա հանգստանալու առիթ չէ: Մենք սահմանել ենք նոր նշաձող եւ այժմ աշխատելու ենք այդ ուղղությամբ:
Խոշոր նախագծերից կարող եմ նշել մարզերում լարային ինտերնետի զարգացումը: Գյումրիում արդեն մեկնարկեց FTTB տեխնոլոգիայով` օպտիկամանրաթելային գծերի միջոցով ինտերնետ-հասանելիության ապահովման նախագիծը:
Ինչպես գիտեք, 2011թ.-ին ՙԱրմենՏել՚-ը ստացավ Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ: Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակությունը, որին դիմելու են ՙBeeline՚ ինտերնետ-ծառայությունների բաժանորդները, ավտոմատ կերպով պահպանվում է ՙԱրմենՏել՚ ընկերության տեղական սերվերներում: Մշտապես պահպանվող ռեսուրսների թվում են` վիդեոհոսթինգի ճանաչված ծառայություն` Youtube-ը, ինչպես նաեւ` Google+ սոցիալական ցանցի, Google Maps եւ Google Earth ծառայությունների ստատիկ բովանդակությունը: Այս տարի նույնպես մենք շարունակելու ենք աջակցել երկրի ներսում ինտերնետ-տրաֆիկի տեղայնացմանը:
Մենք շարունակելու ենք խոշոր ներդրումներ կատարել երկրի լարային ենթակառուցվածքներում, իսկ ցանցի եւ բաժանորդային գծերի լայնածավալ արդիականացումը թույլ կտա մոտ ապագայում հաճախորդներին առաջարկել նոր արագություններ մատչելի գներով:
Իհարկե, կան բազմաթիվ այլ ծրագրեր, սակայն չէի ցանկանա բացել բոլոր խաղաթղթերը: Ուղղակի նշեմ, որ այս տարի նույնպես մեր կողմից առաջարկվող նոր ծառայություններն ու ապրանքները կշարունակեն հաճելիորեն զարմացնել մեր բաժանորդներին` դարձնելով նրանց շփումն ավելի վառ ու հարմարավետ:
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ո±ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ՀԱԲ-Ի ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
ՙՎերջին շրջանում Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպության արկածախնդիր, հակաօրինական գործողությունների պատճառով խիստ սրվել է իրադրությունը հանրապետությունում, ինչը, բնականաբար, հանգեցրել է ադրբեջանական կողմի ակտիվացմանը: Նոյեմբերյանում, Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանում, իսկ այսօր` արդեն Գետաշենում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաեւ Ղազախ-Երեւան գազամուղի եւ Ղազախ-Իջեւան երկաթգծի փակումը ուղղակի հետեւանք են այդ ազգադավ գործողությունների: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Հայոց ազգային բանակը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել իր վտանգավոր գործունեությունը, այլ գնալով դիմում է ավելի հանդուգն քայլերի...՚,- ասված է ՀԱԲ-ը զինաթափելու մասին ՀՀ Գերագույն խորհրդի 1990թ. օգոստոսի 29-ի որոշման մեջ:
արզից էլ պարզ է, որ այս որոշման ներածական մասն արդեն իսկ ոչ միայն չի ենթակվում որեւէ տրամաբանության եւ բառիս բուն իմաստով անհեթեթ է, այլ նույնիսկ, եթե փորձես խորը մեկնաբանել, մեր օրերում այն կարող է հիմք դառնալ որոշումն ընդունող կառույցին եւ այն պարտադրողներին ազգային դավաճանության մեջ մեղադրելու: Էլ չասած, որ որոշման շարունակությունը, որը, հասկանալի է, հիմնված է այդքան աբսուրդ ներածական մասի վրա, դրանից պակաս զավեշտանման չէ: Այսպես, ԳԽ որոշման մեջ, այնուհետեւ, ասված է. ՙ1990թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երեւան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզալցակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետեւանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետեւանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը եւ պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են...՚:
Ամենապարզ հարցը, որ ծագում է մեր օրերում, այն է, թե` ՙառանց պետհամարանիշի մեքենայով՚ թեկուզեւ պատգամավորի վրաերթի ենթարկելուն ու բենզալցակայանի ուղղությամբ կրակելուն ՙբացահայտ տեռորիստական գործողություններ՚ որակավորում տալը չափազանցություն չէ±, եթե անգամ այն ՀԱԲ-ի ձեռքի գործն էր: Լավ, ենթադրենք, ՀԱԲ-ը ցանկանում էր իշխանությունն իր ձեռքը վերցնել: Բայց դրա համար նրա ինչի±ն էր պետք Ռ. Իշխանյանին մեքենայի տակ գցելը: Կառույցն ուներ տասնյակ-հազարների հասնող մարտակազմ եւ, եթե ցանկանար իշխանությունը վերցնել, պարզապես հաշված ժամերի ընթացքում շատ հանգիստ կգրավեր բոլոր պետական կառույցներն ու անցանկալի անձանց էլ տեղում մեջտեղից կվերացներ: Ո±վ կարող էր դրա դեմն առնել. քիչ թե շատ լուրջ զորք չունեցող նորահայտ ՙդեմոկրատական՚ իշխանությունները` հաստատ չէ: Խորհրդային կամ հայաստանյան խորհրդային կառույցներն էլ պետք է որ նման ցանկություն չունենային, հաշվի առնելով, որ անձամբ Բաբկեն Արարքցյանն էր փորձում ապացուցել, որ ՙՀԱԲ կոչվող խմբավորումը ԿԳԲ-ԳՌՈՒ-ի շարասյունն էր՚, որը ՙապստամբեց նորընտիր օրինական իշխանության դեմ՚: Իսկ այդ դեպքում խորհրդային կառույցները ոչ թե դեմն առնելու, այլ ՀԱԲ-ին օգնելու խնդիր պետք է ունենային, եթե այն, իրոք, որոշեր վերցնել Հայաստանի իշխանությունները: Սակայն ի±նչ է ստացվում ԳԽ-ի որոշումից. որ իշխանությունը վերցնելու այդքան պարզ ուղին թողած` ՀԱԲ-ն ընկել էր մեկ պատգամավորի եւ բենզալցակայանի ետեւի±ց: Ու դրանից հետո էլ գնում, մի քանի հոգով փակվում են իրենց շտաբում, թե` ՙդեմոկրատներ՚, արե°ք, մեզ բռնե±ք. զավեշտի է նմանվում, սակայն այդ զավեշտը դրված է Հայաստանի ՙդեմոկրատացած՚ օրենսդիր մարմնի այդքան կարեւոր, պետության համար ճակատագրական որոշման հիմքում:
Այդ որոշմանը փորձենք մի քիչ էլ իրավական տեսանկյունից մոտենալ: Պատգամավորի եւ բենզալցակայանի միջադեպը եղել է օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը: Հաշված ժամեր անց էլ` օգոստոսի 29-ի ցերեկը, ՀԱԲ-ի շտաբի մոտ, խիստ կասկածելի հանգամանքներում սպանվեցին Գեղազնիկ Միքայելյանն (Չաուշ) եւ Վիտյա Այվազյանն, ովքեր, ինչպես երեւում է ԳԽ-ի որոշումից, պատգամավորի եւ բենզալցակայանի ՙՄիջադեպը պարզաբանելու նպատակով՚ էին ՀԱԲ-ի շտաբ գնացել` որպես պատվիրակություն: Անշուշտ, այս պատմության էական հանգամանքներից է այն, թե ԳԽ-ի կողմից ՙտեռորիստական՚ որակավորումը ստացած ՀԱԲ-ի մոտ ո±ւմ որոշմամբ ՙպատվիրակություն՚ գործուղվեց, ո±րն էր նրա նպատակը: Այդ մասին` հետո: Սակայն, եթե պատվիրակություն են գործուղում, ապա գոնե գործուղվողները պետք է վստահ լինեին, որ հենց ՀԱԲ-ն է իրականացրել այդքան ՙպետականացունց՚ ՙտեռորիստական՚ ակտերը, ինչպիսիք էին պատգամավորին մեքենայի տակ գցելն ու բենզալցակայանի վրա կրակելը: Իսկ համոզված լինելու համար նախ` պետք է ունենալ բավարար ապացուցողական բազա, ինչպես որ կասեն իրավաբանները: Եվ ահա, ո±րն է այն բավարար ապացույցը, որ, ասենք, պատգամավոր Ռ. Իշխանյանին վրաերթի ենթարկած ՙառանց պետհամարանիշների մեքենայի՚ ղեկին նստած է եղել ՀԱԲ-ի մարտիկ: Կամ, եթե նույնիսկ վարորդը ՀԱԲ-ական էր, ապա պետք է նախ ապացուցել, որ նա հենց ՙտեռորիստական՚ նպատակով եւ ՀԱԲ-ի հրամանատարության հանձնարարականով էր վրաերթի ենթարկել պատգամավորին, եւ ոչ թե, ասենք, հարբածության կամ այդ կարգի այլ պատճառով: Նման բան ապացուցելու համար ժամանակ է պետք, եւ, միանշանակ, մի քանի ժամը եւ նույնիսկ օրը բավարար չէր: Մյուս կողմից էլ` մի±թե հնարավոր չէր, որ ինչ-որ մեկը, ով ցանկանում էր վարկաբեկել ՀԱԲ-ին, զինվորական համազգեստ հագներ եւ գնար ՙ26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատի՚ ուղղությամբ մի քանի կրակոց արձակեր, հետո էլ գոռար, թե` ՀԱԲ-ից է, ու հեռանար: Բազում նման այլ հավանական վարկածները ո±վ կարող էր այդ առաջին ժամերին հերքել: Ուստիեւ, այդ հարցերը պարզաբանող միակ իրավասու մարմինն իրավապահ համակարգն էր, եւ միանշանակ պնդում ենք նաեւ, որ այդ միջադեպերը այդ մարմինները չեն քննել: Իսկ առանց իրավապահների համապատասխան եզրակացության` ոչ մեկը, այդ թվում` ՀՀ ԳԽ-ն ու նրա ղեկավար ԼՏՊ-ն, իրավունք չունեին այդ պատահարների մեջ մեղադրել ՀԱԲ-ին, անգամ, եթե ժամանակներն այդքան խառն էին: Փոխարենը` միջադեպից հաշված ժամեր անց, առանց որեւէ ապացույցի, ՙպատվիրակություն՚ են ուղարկում, ասել է թե` ՀԱԲ-ին չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացնում:
Այնուհետեւ, ինչպես իր որոշմամբ վստահեցնում է ԳԽ-ն, Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը ՙմեքենայից իջնելու պահին գնդակոծվել են ՀԱԲ-ի մարտիկների կողմից՚: Այստեղ արդեն խոսքը սպանության մասին է, ինչի պարագայում Հայաստանի ցանկացած ժամանակաշրջանի օրենսդրությունն ուղղակիորեն արգելում է առանց ապացույցների որեւէ մեկին մեղադրել. կա ՙանմեղության կանխավարկած՚ ասվածը, որը երբեք որեւէ մեկը չեղյալ չի համարել: Նկատենք, որ այդպես էլ մինչ օրս չեն ներկայացվել այդ սպանությունների ուսումնասիրությունների արդյունքները: Ավելին, ներկայացված չէ եւ ոչ մի փորձագիտական եզրակացություն, որը կապացուցեր, որ Չաուշն ու Վիտյան զոհվել են ՀԱԲ-ի շտաբի կողմից արձակված կրակոցներից: Սա էական է նաեւ այն տեսանկյունից, որ այդ օրերին շատերն են ՀԱԲ-ի շտաբի մոտի տարբեր հատվածներում տեսել գնդակների հետքեր, որոնք կարող էին առաջանալ ոչ թե շտաբի շենքից, այլ հակադիր ուղղությունից կրակելու դեպքում: Դրանք, միանշանակ, ապացուցում են, որ շտաբի հակադիր կողմից եղել են կրակոցներ, ու դեռ պետք էր նախ ապացուցել, որ ոչ թե այդ, այլ հենց ՀԱԲ-ի շտաբից արձակված գնդակներից են զոհվել Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը: Այդ ապացույցները եւս, բացառված էր, որ կարճ ժամանակահատվածում ի հայտ գային: Սակայն սպանությունից արդեն հաշված ժամեր անց, ՀՀ ԳԽ-ն, իր որոշմամբ, սպանության պատասխանատվությունը դնում է ՀԱԲ-ի վրա, եւ այստեղ միայն անմեղության կանխավարկածի խախտումն արդեն իսկ բավարար էր այդ որոշումն ապօրինի համարելու համար:
¥շարունակելի¤
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐ
Ալիեւը հրաժարվել է Վիկտոր Յանուկովիչի հետ նախապես պլանավորված գազային պայմանագրի ստորագրումից, քանի որ դժգոհ է, որ Ուկրաինան զինամթերք է ներմուծել Հայաստան: Թե ինչ քաղաքական խաղ է սա, փորձեցինք ճշտել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ:
-Իմ կարծիքով` դա ուղղակի պատրվակ է, որովհետեւ Ադրբեջանը շատ լավ հարաբերությունների մեջ է բազմաթիվ պետությունների հետ, որոնցից հայկական կողմերը զինամթերք են գնում: Որեւէ ժամանակ այդպիսի խնդիր չի առաջացել: Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք, ինձ թվում է` կային նաեւ տնտեսական որոշ խնդիրներ` ադրբեջանական գազի մատակարարման կապակցությամբ: Չի բացառվում նաեւ, որ ֆիզիկական որոշ խնդիրների հետ կապված` անհնար լիներ Ուկրաինայի պահանջները բավարարելը: Տարբերակներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը մտել է քաղաքական ակտիվ ժամանակաշրջան, այնտեղ եւս պետք է լինեն նախագահական ընտրություններ, եւ որպեսզի ինչ-որ ձեւով իշխող վարչակարգը իր վարկանիշը բարձրացնի հանրության շրջանակներում, նա գնում է նմանատիպ պոպուլիստական քայլերի` նշելով, որ` տեսնում եք, եթե անգամ դա տնտեսապես շահավետ է, այնուամենայնիվ, կան ազգային շահեր եւ այլն: Այդ կերպ փորձում են ռեյտինգ բարձրացնել, դա ինքն իրեն PR անելու տարբերակ է:
- Դա կապ ունի± վերջերս նոր զարգացում ստացած հայ-թուրքական հարցերի սրության հետ:
- Այս իրավիճակը չափազանց հետաքրքիր է, այստեղ ուղղակի պետք է տարբերակել աշխարհաքաղաքականը եւ մարդասիրականը: Մարդասիրական առումով` Ֆրանսիայի կողմից այդ քայլը շատ մեծ նշանակություն ունի, իհարկե, պետք է սպասենք դեռեւս վերջնական պատասխանի, երբ Սարկոզին կստորագրի նախագիծը: Ցեղասպանության չդատապարտումը նույն ցեղասպանության շարունակությունն է: Իսկ ինչ վերաբերվում է աշխարհաքաղաքական տեսակետին, մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մեծ խաղեր են գնում: Այս տեսակետից վերջերս շատ կարեւոր իրադարձություններ են նկատվում: Մեկ-երկու օր առաջ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին, եւ Օբաման բացեիբաց ասել է, որ կսատարի Վրաստանի այդ ձգտմանը: Սա աշխարհաքաղաքական լուրջ հարց է, ու կարծում եմ` անպատասխան չի մնա ուժային այլ կենտրոնների կողմից:
Նման իրավիճակում Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերությունների սրումը կարող է տանել նրան, որ Թուրքիան երես թեքի Եվրոպայից եւ իր հայացքները գցի եւ ավելի լուրջ քայլեր կատարի պանթուրքական ինտեգրացիոն գործընթացների ներքո, այսինքն` փորձի ավելի խորացնել պանթուրքական գաղափարները, կնքի տարբեր պայմանագրեր թուրքալեզու պետությունների հետ, նամանավանդ` Ադրբեջանի հետ, երբ վերջինս հիստերիկ ձեւով է արձագանքել Ֆրանսիայի վերջին քայլերին: Այս ամենը ցույց է տալիս, որ խաղերը շարունակվում են, ու լուրջ գործընթացներ են գնում: Այս պարագայում, իհարկե, Իրանի շուրջ իրավիճակի բարդությունը նույնպես մտահոգություն է առաջացնում մեզ մոտ, որովհետեւ նույն Թուրքիան կարող է պանթուրքիստական քայլեր կատարել նաեւ Իրանում` հաշվի առնելով այնտեղ բնակվող թուրքալեզու ստվար զանգվածները: Պետք է լուրջ հետեւել այդ պրոցեսներին եւ հնարավորինս ավելի արդյունավետ օգտագործել մեզ համար, իսկ այդպիսի հնարավորություններ կան:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ԿՈՄԵՐՑԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԷԺԱՆԱԳԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Անցյալ տարի սեպտեմբերին Լոնդոնի հեղինակավոր ՙRoyal Festival Hall՚ համերգասրահում Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի անմիջական մասնակցությամբ եւ Մարիուս Ստրավինսկու խմբավարությամբ կայացել էր կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հեղինակային երեկոն, որը նվիրված էր Անկախության 20-ամյակին: Ամիսներ անց երգահանը հեռացավ Հայաստանից եւ արդեն 4 ամիս է` բնակվում է Միացյալ Թագավորությունում:
Բոլորովին վերջերս ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ Մարատ Հայրապետյանը երգահանին մեղադրեց նշված համերգի ցուցապաստառի վրա Մշակույթի նախարարության տարբերանշանը չտեղադրելու մեջ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն` համերգի կազմակերպիչները մտադիր են դատական գործընթաց սկսել: Իսկ թե իրականում ինչու երգահանը հեռացավ Հայաստանից եւ ինչ պատճառով չտեղադրեց նախարարության տարբերանշանը, փորձեցինք պարզել ինտերնետային զրույցի ընթացքում:
- Մեկնեցի, որովհետեւ մեծ ցանկություն ունեի գիտելիքներս հարստացնելու, քանի որ կարծում եմ` Միացյալ Թագավորությունը ամենալավ վայրերից մեկն է կրթության համար: Լիովին հերքում եմ այն խոսակցությունները, որ նեղացած եմ եղել ինչ-որ մարդկանցից կամ չեմ հարմարվել արվեստագետների համար երկրում ոչ բարենպաստ մթնոլորտին: Իհարկե, չեմ հերքում վերջինս, բայց պատճառն իրոք լրիվ այլ էր:
- Հայկական հեռուստաընկերություններից մեկում Ձեզ մեղադրում էին ՀՀ մշակույթի նախարարության տարբերանշանը սեպտեմբերին Լոնդոնում կայացած համերգի պոստերի վրա չտեղադրելու մեջ:
- Լսել եմ այդ միջադեպի մասին, որ մեղադրվել եմ ՀՀ մշակույթի նախարարության տարբերանշանը Լոնդոնի համերգի պոստերի վրա չտեղադրելու կապակցությամբ: Կցանկանամ պարզաբանել, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ այս տարիների ընթացքում, երբ ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում` Անգլիայում, Սիրիայում, Ուկրաինայում եւ այլուր, երբ թողարկել եմ երկու ձայնասկավառակ, կազմակերպել փառատոն, համերգային ծրագրեր, բարեգործական բազմաթիվ ակցիաներ եւ այլն, երբեւիցե չեմ անհանգստացրել Մշակույթի նախարարությանը: Եվ եթե` անկեղծ, ապա ցանկություն չունեի անհանգստացնելու: Պատճառն այն էր, որ համերգի կազմակերպիչները խնդրեցին, որ ողջույնի խոսք ասի նաեւ Մշակույթի նախարարությունը: Այսինքն` նախարարությունը բացարձակապես կապ չի ունեցել համերգի կայացման, կազմակերպման եւ, առհասարակ, ոչնչի հետ: Բայց համերգից հետո մամուլում տարածվեց հաղորդագրություն, ըստ որի` նախարարությունն անմիջական կապ է ունեցել: Ի դեպ, հաղորդագրությունը տարածվել է Արտաքին գործերի նախարարության կողմից: Ես բացարձակապես անտեղյակ եմ եղել այս ամենից: Հետեւաբար, Մշակույթի նախարարության տարբերանշանը չի եղել պոստերի վրա, ինչն էլ խոսում է այն մասին, որ նախարարությունը կապ չի ունեցել իմ համերգային ծրագրի հետ: Ես միայն ստացել եմ փոխնախարարի համառոտ ողջույնի խոսքը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնել, եւ այն մյուս ողջույնի խոսքերի հետ միասին տեղ է գտել համերգային ծրագրի գրքույկի մեջ, ոչ մի ավել բան: Ինձ համար իրոք տարօրինակ է նման վարքագիծը մեր մամուլի կողմից, քանի որ բացարձակապես չեն կարողանում տարանջատել կարեւորն անկարեւորից: Իսկ այս վերջերս արդեն բռնել են էժանագին սկանդալների ուղին: Ինչեւիցե, միգուցե դա է պատճառը, որ համերգից վերադառնալուց հետո որոշում կայացրեցի` տեղափոխվել Լոնդոն: Բայց, կրկնում եմ, ոչ թե նեղացած էի, այլ պարզապես հոգնել էի ու, բացի այդ, ինչպես նշեցի` կրթության նպատակով:
- Իսկ ի±նչ հաջողություններ ես ունեցել այս ամիսների ընթացքում Լոնդոնում:
- Դեռ չորս ամիս է անցել, ինչ բնակվում եմ Լոնդոնում, բայց արդեն վստահ կարող եմ խոսել շոշափելի հաջողությունների մասին: Չնայած վախենում եմ խոսել հաջողություններիս մասին, քանի որ նախանձողների թիվը շատ է: Խոսքերիս վառ ապացույցն այն է, որ Լոնդոնի համերգից հետո հայտնվեցի նախանձ ու չկայացած մարդկանց անիմաստ խոսակցությունների էպիկենտրոնում: Եթե շատ անկեղծ լինեմ, երբեւիցե ուշադրություն չեմ դարձնում նման խոսակցություններին: Միայն կարող եմ մի բան ասել. ես երբեք ոչինչ չեմ թաքցնում, ամեն բան շատ մատչելի է այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն տեսնելու եւ լսելու: Իսկ իմ արվեստի ամենակարեւոր քննադատողները իմ երկրպագուներն են, որոնք օրեցօր շատանում են: Միշտ էլ ակտիվ կապի մեջ եմ եղել նրանց հետ, գնահատում եմ եւ շատ շնորհակալ եմ նրանցից: Շուտով 3-րդ ձայնասկավառակս կթողարկեմ, հուսամ` հայրենիքում, եթե ոչ, ապա այն հասանելի կլինի Հայաստանում: Նաեւ կլինեն համագործակցություններ տեղի` Լոնդոնի շոու-բիզնեսի, այսինքն` միջազգային անուն եւ հեղինակություն ունեցող արտիստների հետ: Շուտով վերջապես եթերում կլինի իմ հեղինակային շոուն Լոնդոնից: Հանդիպումներ ճանաչված մշակութային, քաղաքական եւ հասարակական դեմքերի հետ:
- Իսկ հայկական շոու-բիզնե±սը:
- Շուտով մոտենում է ՙԵվրատեսիլը՚, ազգային մրցանակաբաշխությունը... Եվ, ինչպես ամեն տարի, կրկին հայկական շոու-բիզնեսը ՙկթեժանա՚: Ինձ համար այս ամենը զավեշտալի է: Երբ շփվում ես իրոք միջազգային ճանաչում եւ միլիոնավոր ձայնասկավառակներ վաճառած արտիստների հետ, բացի դրական էներգիայից ու հետաքրքիր զրույցից, ոչ մի բացասական բան չես ստանում: Իսկ մերոնք` չէ, անկեղծ եմ ասում... Չեմ քննադատում, այլ միայն ցավում եմ, որ այսքան հետամնաց ու թույլ փոփ-մշակույթ ունենք: Երեւի թե ճիշտ կլինի ասել` չունենք էլ: Բայց փոխարենը` մի շարք ինքնահավան, անտաղանդ, բարոյապես չփայլող ՙաստղիկներ՚ ունենք, որոնք փորձում են համոզել, որ երգել գիտեն... Չկա նման բան, կան մի քանիսը, որ իրոք տաղանդավոր են, բայց ընդհանուր ֆոնի ներքո նրանց համար էլ է դժվար դարձել ստեղծագործել եւ առանձնանալ. կոմերցիան պահանջում է էժանագին մշակույթ: Սա է իրականությունը մեր հայրենիքում: Իսկ այն արտիստները, ովքեր իրոք լավն են, մի օր հաստատ կհեռանան Հայաստանից եւ իրենց տեղը կգտնեն այլ երկրի արեւի ներքո:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՙՓԵՍԱՅԻ ՏՈՒՆԸ ԽԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ±՚
Վերջերս երգչուհի ՀՌԻՓՍԻՄԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը փոխվեց հարսանեկան նկարով: Թեեւ նկարում երգչուհին մենակ է, բայց վերջինիս ֆեյսբուքյան ընկերներն արդեն շնորհավորում են նրան ամուսնության կամ առաջիկայում նախատեսվելիք ամուսնության առթիվ: Եզրակացություններ անելու փոխարեն փորձեցինք կապ հաստատել երգչուհու կամ Մարտին Մկրտչյանի հետ (ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աստղային զույգը միասին է), սակայն չկարողացանք կապվել ո°չ մեկի, ո°չ էլ մյուսի հետ: Ամեն դեպքում, կարելի է եզրակացնել, որ Մարտին Մկրտչյան եւ Հռիփսիմե Հակոբյան զույգը, հնարավոր է, արդեն ընտրել է հարսանեկան զգեստը, եւ նրանք շուտով կհամալրեն ամուսնացած աստղերի շարքը: Սակայն կարող է նաեւ հակառակը լինել, այսինքն` սա հերթական PR քայլ է երգչուհու կողմից, որովհետեւ ստացվում է` ՙհարսի տունը հարսանիք է, փեսայի տունը խաբարություն չկա՚, քանի որ, ինչպիսի ակտիվություն նկատում ենք Հռիփսիմե Հակոբյանի ֆեյսբուքյան էջում, նույնպիսի պասսիվություն տեսնում ենք երգիչ Մարտին Մկրտչյանի էջում:
Ամեն դեպքում մենք էլ միանանք շնորհավորանքներին եւ երջանկություն մաղթենք զույգին: Գուցե նրանք էլ ընտրել են շոու-բիզնեսի գաղտնի ամուսնության` արդեն ՙավանդական՚ դարձած տարբերակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՆՈՐ ՙԱՍՏՂԱՅԻՆ՚ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Հայկական շոու-բիզնեսում նորաձեւ է դարձել` հանրությունից ու լրատվամիջոցներից ծածուկ ամուսնանալ (կամ նշանվելը) ու թույլ չտալ որեւէ մեկին խոսել իր անձնականից: Շատերը դա չեն պայմանավորում մեր աստղաբույլի ամոթխածությամբ, այլ դա պարզապես համարում են զուտ անհաջող ինքնագովազդի քայլ:
Վերջերս լայնորեն քննարկվում է դերասանուհի ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԻ` նշանված լինել-չլինելու հարցը, որի մասին դերասանուհին դեռ չի ցանկանում խոսել ու հավաստել: Մինչդեռ իր երեք հազարից ավելի ֆեյսբուքյան ընկերների հետ կիսվում է նման հղումով. ՙՍիրելի° արական սեռի ներկայացուցիչներ, ես չեմ ուզում ձեզ վիրավորել կամ արհամարհել, հասկանում եմ, որ շատերիդ համար մեկ է իմ նշանված լինելու փաստը, բայց եթե էլի շարունակեք նման ոգով, կներեք, ջնջելու եմ ընկերներիս ցուցակից՚:
Մանրամասներ Հասմիկ Ղարիբյանի եւ այլ ՙաստղիկների՚ մասին կարող եք կարդալ ՙԶարուհի՚ կանանց հանդեսի փետրվարյան համարում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԳՐՔԻ ԳՈՂԸ ԳՈՂ Է
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող, մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը:
Ինչպես ասում են` ՙԳողը որ տնից լինի, եզը երդիկից կհանեն՚: Տվյալ դեպքում, խոսքը գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկանի մասին է: Իհարկե, կան նաեւ այլ մասնակիցներ, այդ թվում` Վրաստանի քաղաքացի...
Քանի որ գործի նախաքննությունը շարունակվում է, գրադարանից մեզ տվյալներ չներկայացրին:
Երեւի մեր ՙհերոսները՚ մանուկ հասակում կարդացել են ՙԳրքի գողը գող չէ՚ ասացվածքը, բայց դժվար թե վրացիներն էլ նման ասացվածք ունենան... Չնայած` ի±նչ իմանաս: Բայց փաստ է, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, ովքեր արդեն բերդում նոր ասացվածք սովորելու շատ ժամանակ կունենան` ՙՏասը չափիր, մեկ կտրիր՚, ՙՁու գողացողը ձի էլ կգողանա՚...
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Մեր թերթը եւ մամուլն ընդհանրապես բազմիցս անդրադարձել են բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքների վերաթաղման թեմային: Դրա մասին կարծիք են հայտնել գրականագետները, բանաստեղծները, հոգեւորականները... Ինչպես նշել են տարբեր լրատվամիջոցներ, դեռեւս 1959թ. Սկյութարի գերեզմանատանը, որտեղ թաղված էր բանաստեղծը, տեղափոխման ընթացքում Դուրյանի գանգն այն ժամանակվա Պոլսո պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կամոք առանձնացվում է մնացած մասունքներից եւ տարվում պատրիարքարան` ի պահ:
Եվ ահա, ինչպես տեղեկացանք հունվարի կեսերին, այդ հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ միաձայն որոշել են, որ պետք է Պետրոս Դուրյանի մասունքները տեղավորեն Պանթեոնում պատրաստված պատի մեջ: Այդ մասին ասել էր Մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: Նա նաեւ նշել էր, որ այդ հարցի առնչությամբ նամակ է ուղարկվել Կոստանդնուպոլսի պատրիարքին` իմանալու նրա կարծիքը: Պատրիարքը ասել է, որ, իհարկե, անհրաժեշտ է ամփոփել մասունքները, բայց հակաքրիստոնեական է ունենալ երկու գերեզման, քանի որ Պետրոս Դուրյանն ունի իր գերեզմանը Սկյութարում:
Ո°չ գրողների միությունը, ո°չ էլ Դուրյանի գանգի երկարամյա պահապանը` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, դեմ չեն եղել այդ որոշմանը:
Այդ հարցին, ինչպես նաեւ ընդհանրապես վերաթաղումների թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ում հավաստմամբ` այսուհետ, եթե խոսքը մասունքի մասին է, խնդիրն այդ կերպ է լուծվելու, եւ Մշակույթի նախարարությունը վերաթաղումների ճանապարհով չի գնալու. ՙՀայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում ունի բազմաթիվ հայերի շիրիմներ, կոթողներ, մշակութային այլ արժեքներ, որոնք չպետք է տեղաշարժել իրենց տեղերից` չզրկելու այդ երկրներին հայկական մշակութային արմատներից՚:
Մանրամասներ եւ նորություն իմանալու ակնկալիքով դիմեցինք Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:
- Մենք դիմեցինք Պոլիս` պատրիարքարան, եւ այնտեղից` հենց իր շիրիմից, օրհնած հող են ուղարկել: Բանաստեղծի մասունքները կդնենք մի սափորի մեջ, այդ օրհնած հողը կլցնենք վրան, հոգեւորականը հոգեհանգստի կարգը կկատարի, ու սափորը կամփոփենք հուշապատի մեջ: Արդեն տուֆե սալի վրա անուն-ազգանունը, տվյալները փորագրված է: Այդ արարողությունը կկատարվի փետրվարի 2-ին` ժամը 13-ին, Կոմիտասի անվան Պանթեոնում:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ
Designed by Administrator


