-
Նորություններ
-
Արխիվ


Մշակույթ
ՙՙՙԱՍՏՎԱԾ ԷԻ ԿԱՆՉՈՒՄ, ՈՐ ԱՆԿԱԽ ԻՆՁԱՆԻՑ ՉՍԿՍԵՄ ԵՐԳԵԼ՚
Անցյալ տարի ՙՍլավյանսկի բազար՚ մրցույթի շուրջ Հայաստանում խառնաշփոթ էր տիրում: Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ասում էր, որ հենց ինքն է Հայաստանը ներկայացնելու ՙՍլավյանսկի բազար՚ մրցույթում, քանի որ մշակույթի նախարարությունն իրեն է ուղարկել, իսկ Լիլուն էլ պնդում էր, որ նախարարությունը հենց իրեն է ուղարկել: Արդյունքում գնաց Լիլուն, եւ բոլորս տեսանք, թե նա ինչպես անփառունակ ներկայացրեց Հայաստանը:
Գուցե դա± է զայրացրել նախարարին, նա հրաման է արձակել, որ այս տարի Երգի պետական թատրոնի (ԵՊԹ) գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը կորոշի, թե ով կգնա ՙՍլավյանսկի բազար՚, եւ նրա որոշմամբ այս տարի Հայաստանը կներկայացնի ԵՊԹ մեներգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ: Ա. Գրիգորյանն այդ մասին Անահիտին տեղեկացրել է հենց Նոր տարվա շեմին.
- Դա ամենամեծ անակնկալն էր ու ամանորյա նվերը: Ցավում եմ, որ անցյալ տարի Հռիփսիմե Հակոբյանը չմեկնեց այդ մրցույթին` փաստաթղթերի ուշացման պատճառով. նա շատ լավ երգչուհի է, կարող էր լավ ելույթ ունենալ: ՙՍլավյանսկի բազարը՚ երգի մրցույթ է: Երբեմն ինչ-որ ելույթ նախապատրաստելիս ոգեւորված ասում եմ` Արթուր Գրիգորիչ, բա հագուստն ինչպիսի±ն պիտի լինի: Նա բարկանում է. ՙԵս հո քեզ թիթիզ տիկնիկների նման չեմ տանելու, կարեւորը, որ գնաս որպես երգող երգչուհի, կարեւոր չէ, թե որ տեղը կգրավես՚: Դա ինձ շատ է ուրախացնում: Ես գնում եմ հաղթանակի ակնկալիքով, բայց եթե այնպես ստացվի, որ որեւէ տեղ չգրավեմ, ուրախ կլինեմ, որ ինձ գնահատելով են ուղարկել, այլ ոչ թե ծնողներիս գումարներով եմ հասել այնտեղ: Կարեւորը, որ երգը լավ կատարեմ:
- Իսկ ինչպե±ս եք վերաբերվում ՙԵվրատեսիլ՚-ին, քանի որ այն կատարողականության մրցույթ չէ:
- Կարծում եմ` ՙԵվրատեսիլում՚ Հայաստանի մասնակիցներից մեզ հաղթանակ են բերել Ինգա եւ Անուշ Արշակյանները: Կարեւոր չէ, որ ութերորդ տեղն են զբաղեցրել, իրենք լավ են կատարել երգը: Ի դեպ, նախօրոք ասում եմ, որ 2015 թվականին ՙԵվրատեսիլ՚ ես եմ գնալու:
- Ձեզ հանդիսատեսը կհիշի ՙՍուլիկո՚ երգի կատարումից, ինչո±ւ որոշեցիք հենց դա կատարել:
- Ինձ խորհուրդ տվեց այդ երգը կատարել ուսուցչուհիս` Սուսաննա Մարտիրոսյանը: Բայց շատ երկար աշխատանքներ ենք տարել, պարապել, փորձել` մինչեւ ստացել ենք իմ տեմբրի գույնը: Այդ երգը լսել էի վրաց երգչուհի Նինո Կատամաձեի կատարմամբ եւ շատ էի հավանել ջազային այդ տեսակը: Ի դեպ, վերջերս Արթուր Գրիգորիչը ՙՍուլիկոն՚ թարմացրել եւ ավելի շատ վրացական ժողովրդական երգ է դարձրել, որտեղ, բացի ինձանից, երգում են նաեւ ԵՊԹ երեք ընկերները` Ռուսլանը եւ ՙՌետրո՚ դուետի եղբայրները: Երգում գործիքավորումը կատարվում է նրանց ձայներով, իսկ նրանց ձայների վրա երգում եմ ես:
- Ձեզ համարում եք ջազայի±ն, թե± էստրադային երգչուհի:
- Էստրադային երգ կարող են կատարել համարյա թե բոլորը, բայց ջազի սվինգ հասկացությունը ոչ բոլորը կկատարեն: Ջազի մեջ կա մի ճյուղ, որը շատ եմ սիրում, դա սեւամորթների հոգեւոր երաժշտությունն է, կոչվում է սպիրիչուելս: Եվ ընդհանրապես սիրում եմ կատարել այդ կարգի եկեղեցական երգեր:
- ՙԻրական պատմություն՚ մյուզիքլում է±լ կատարում եք այդ երգը:
- Մյուզիքլում այդ երգը չկա, Արթուր Գրիգորիչն է կցում այդ երգը, որպեսզի տեսնի` պի±նդ եմ ես, կկարողանա±մ երկուսուկես ժամ բեմում աշխատելուց հետո կատարել ավելի բարդ երգ: Դա ինձ համար լավ փորձաշրջան է` հասկանալու, թե ուժերս որքան կներեն:
- Բայց այդ ծանրաբեռնվածությունից ձայնի հետ կապված ինչ-որ բան չե±ք կորցնի:
- Լավն ես գտնում եւ ոչինչ չես կորցնում: Ինձ համար բեմը սուրբ վայրի նման մի բան է: Ինչպես եկեղեցի կգնաս հարգանքով, նույնն էլ բեմն է: Բեմում, անկախ իմ կամքից, շատ անկեղծ սկսում եմ երգել եւ չեմ մտածում` վայ, սա ինձ կվնասի: Միշտ փորձում եմ դրականը տալ եւ նույնն էլ ստանալ հանդիսատեսից:
- Ձեր ընկերները հաճախ են ասում, որ փողոցում, անկախ ձեզանից, սկսում եք երգել:
- Նախկինում հաճախ էի երթուղայիններից օգտվում եւ երբեմն Աստված էի կանչում, որ անկախ ինձանից չսկսեմ երգել, որ մարդիկ ինձ գժի տեղ չդնեն: Երբ մտքիս ինչ-որ երգ է գալիս կամ ինչ-որ բան եմ պարապում, հազիվ եմ ինձ զսպում, որ նման վայրերում հանկարծ չերգեմ ու խայտառակ չլինեմ: Ընկերներիդ հետ այլ է, տաքսիում էլ, կարծում եմ, վարորդը կհասկանա, բայց երթուղայինում...
- Բայց եղե±լ է նման դեպք:
- Մի անգամ երթուղայինում, անկախ ինձանից, երգեցի, բոլորն ինձ նայեցին, ես էլ պատուհանից դուրս նայեցի` իբր ես չէի: Բայց երթուղայինում ես միակ աղջիկն էի, եւ, բնականաբար, բոլորը գլխի էին ընկել, որ ես եմ, ու ծիծաղում էին:
- Այսօր գրեթե բոլորն ուզում են երգչուհի դառնալ, Դուք ինչո±ւ որոշեցիք երգչուհի դառնալ. ունեիք ձայնային լավ տվյալնե±ր:
- Ձայնն ի վերուստ է տրված, բայց եթե չաշխատեի, ապա ոչնչի չէի հասնի: Ես դրանում օր-օրի համոզվում եմ: Աշխատում եմ պահպանել ձեռք բերածս: Անկեղծ ասած, մի քիչ ծույլ եմ, եւ ուսուցիչներս անընդհատ օգնում են, համոզում, որ պիտի պարապեմ, դեռ քիչ է, շատ վատ է, որ շատ վատ երգչուհի եմ...
- Բայց դա չի± կոտրում Ձեզ:
- Ոչ, ավելի է ուժեղացնում: Դա դրդապատճառ է դառնում, որ ավելիին ձգտեմ: Այսօր ամեն երկրորդն ուզում է երգչուհի դառնալ, իսկ դա ոչ պրոֆեսիոնալիզմի է բերում: Որքան շուտ են մարդիկ փառքի ձգտում, այնքան շուտ էլ մարում է նրանց աստղը: Իսկ յոթ տարին քիչ չէ, որ ես սովորել եմ, պայքարել, երկար ճանապարհ անցել: Կարեւորն ինձ համար որակ ներկայացնելն է: Իմ երգացանկում չունեմ որեւէ հիթային երգ, կուզենամ մեկն ուղղակի ունենալ` ունենալու համար:
- Այն տարածված վեց-ո±ւթը:
- Ես ունակ չեմ երգել 6/8, ինչպես 6/8 երգողը չի կարող երգել այն երգերը, որոնք ես եմ երգում: Բայց սիրում եմ լսել դրանք, պարել: Եթե ես սեւամորթների նման երգ եմ կատարում, ապա իրավունք չունեմ 6/8 երգելու. այն իմը չէ: Եվ եթե ես պիտի 6/8 երգելով գումար վաստակեմ, ավելի լավ է` չերգեմ: Զգացել եմ, որ իմ երգած երգերով հաստատ գումար չեմ վաստակելու, բայց ավելի լավ է` ճիշտ ճանապարհ ընտրեմ:
- Իսկ ի±նչ կփոխեք երգարվեստում:
- Ուզում եմ լավ բան ներկայացնել այս ասպարեզում, իսկ փոխել... Չգիտեմ` ինչքանով կստացվի ինձ մոտ: Այն երաժշտությունը, որը ես ընկալում, կատարում ու սիրում եմ, ուզում եմ հայկական էստրադա բերել հայկական տարբերակով:
- Երգեր գրո±ւմ եք:
- Գրում եմ, բայց դեռ հանդիսատեսի դատին չեմ հանձնել: Երաժիշտներն էլ են լսել, ասել են` հետաքրքիր են, բայց դեռ վախենում եմ դրանք ներկայացնել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՑՈՒԿԵՐՄԱՆ. ՙԵԹԵ ԻՆՁ ԿՐԿԻՆ ՀՐԱՎԻՐԵՔ, ԿԳԱՄ՚
ՙ21-ի հեռանկարներ՚ 11-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում երեկ ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում կայացավ լեգենդար ջութակահար Գրեմմիի բազմակի մրցանակակիր ՊԻՆԿԱՍ ՑՈՒԿԵՐՄԱՆԻ եւ ՙZukerman Chambers Players՚ խմբի համերգը:
Մինչ համերգային ծրագիրը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ցուկերմանը, շատ հակիրճ պատասխանելով լրագրողներիս հնչեցրած բազմաթիվ հարցերին, անկեղծացավ, որ, չնայած չի ճանաչում հայ կոմպոզիտորներից եւ ոչ մեկին, բայց հիշեց, որ իր ուսուցիչը հայ է եղել. ՙԵս շատ լավ ճանաչում եմ եւ գնահատում Քավաֆյան քույրերին եւ հատկապես` իմ ճանաչած ամենահայտնի հայ երաժիշտ Իվան Գալստյանին, ով 1920-ականների հին Հայաստանի ներկայացուցիչներից է եւ մեզ բոլորիս, հատկապես ինձ համար մեծ ուսուցիչ է եղել՚:
Իսկ առաջացած այն կարծիքը, թե այսօր ամբողջ աշխարհում մարել է մարդկանց սերը դասական երաժշտության նկատմամբ, աշխարհահռչակ երաժիշտը հերքեց. ՙՊետք է քննարկել շատ նրբություններ, այդ թվում` ընդհանուր գլոբալ տնտեսությունը եւ ճգնաժամը, որովհետեւ դրանք անխուսափելիորեն փոխկապակցված են, իսկ դասական երաժշտության գոծընթացները կոնկրետ կապված են տնտեսության եւ մարդկաց ֆինանսական վիճակի հետ: Բայց մեր երկրում ոչ մի դասական համերգ չի պակասում, այլ, ընդհակառակը` ավելի է շատանում: Գուցե դա նրանից է, որ մեզ մոտ ճիշտ հաշվարկ են անում: Բայց, այնուամենայնիվ, երաժշտությունը շատ հզոր միջոց է հաղորդակցության համար՚:
Ցուկերմանն այդտեղ հիշեց մի քանի տարի առաջ Հորդանանում իրենց համերգները. ՙԱյդ ժամանակ Հորդանանը մեր թշնամիներից մեկն էր, եւ ֆիզիկապես դժվար էր, վտանգավոր ու գրեթե անհնարին այնտեղ հայտնվելը: Բայց համերգի ավարտին Հորդանանի վարչապետը մոտեցավ եւ ասաց` մենք Ձեր կարիքն ունենք: 59 տարի էր պետք, որպեսզի այդ ձեռքսեղմումը տեղի ունենար, բայց դա ինձ հաջողվեց: Այդ զգացողությունը` որպես մարդու, ինձ համար շատ բաներ փոխեց, իհարկե, եւ երաժշտության մեջ մեծ օգուտ բերեց՚:
Երբ լրագրողներս հետաքրքրվեցինք, թե ինչն է նրան բերել Հայաստան, ջութակահարը կրկին անկեղծացավ. ՙՓառատոնը մեզ հրավիրեց, եւ մենք համաձայնեցինք գալ: Այս անկեղծությունը, որ տեսնում եմ ձեզ մոտ, ինձ այն համոզմանն է բերել, որ եթե հաջորդ անգամ ինձ կրկին հրավիրեք, ես նորից կգամ՚:
Նման աշխարհահռչակ երաժիշտների կամ մարդկանց հայաստանյան ասուլիսներին, կարծես որպես կանոն, հայտնվում են ինչ-որ լրագրողներ ու սկսում ինչ-որ անիմաստ ու անկապ հարցեր ուղղել նրանց: Օրինակ` հենց Ցուկերմանի ասուլիսին նրանցից մեկը աշխարհահռչակ ջութակահարին ուղղեց մոտավորապես այսպիսի հարց. ՙԻնչո±ւմն է կայանում արտիստի գրավականը՚: Կամ` ՙՁեզ համար անսամբլային երաժշտությունը դա հոգեվիճա±կ է...՚: Եվ նման այլ հարցեր:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԵՆ ԽԱՂ ԽԱՂԱՑԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ԷՍ ՄԵԿԸ
Որքան էլ իրավացիորեն ամենատարբեր մակարդակներում ասվում է, որ գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, սերը կորել է, այնուամենայնիվ գրքեր շարունակվում են տպագրվել, եւ գրքի տպագրությունը վատ բիզնես չի համարվում: Ընդ որում, տպագրվող գրքերը հաճախ ընթերցողին գրեթե ոչինչ չեն տալիս կամ ավելի շատ անբարոյականություն են քարոզում:
Բայց դա բոլորովին այլ խոսակցության թեմա է, իսկ այսօր մենք ցանկանում ենք անդրադառնալ գրքի տպագրությանն առնչվող մեկ այլ թեմայի, որը կարող է ընդհանրապես գրքի տպագրությունը դարձնել մի քանի, գուցե մեկ անձի մենաշնորհ: Բանն այն է, որ, ըստ մեզ հասած խոսակցությունների, մշակույթի նախարարությունը, ավելի ստույգ` մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ (համոզված ենք` ինչ-որ մեկի փոխանցումով) ցանկանում է փոխել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի գործակալության կարգավիճակը: Այն ցանկանում են հանձնել ինչ-որ հասարակական կազմակերպության, որի գլխավերեւում, կրկին համոզված ենք, ինչ-որ մի բարձր իշխանավորի (գուցե հենց նախարարի) ծանոթ-բարեկամն է կանգնած: Ոմանք, իհարկե, գուցե տեղի կամ անտեղի, դժգոհում են նաեւ ներկա գրահրատարակչության, մասնավորապես նաեւ վերոնշյալ գործակալության գործունեությունից, սակայն ամեն դեպքում այդտեղ գործում է որոշակի վերահսկողություն, կան համապատասխան հանձնաժողովներ... Իսկ որեւէ կազմակերպության, ասել է թե` որեւէ, ամենայն հավանականությամբ, հարուստ գործարարի հանձնելով այդ ոլորտը` ընդհանրապես կարող ենք խաչ քաշել պետության շահերը ներկայացնող բովանդակությամբ գիրք տպագրելու գաղափարի վրա:
Մշակույթի բնագավառում ամեն խաղ խաղացել ենք, Հայաստանը, վարչապետի երազանքով, դարձրել ենք տարածաշրջանային մշակութային կենտրոն, եւ մնացել է լուծել գրահրատարակչության հարցը: Եվ ահա այդպես էլ ցանկանում են լուծել: Ի դեպ. վերջերս հայաստանյան թերթերից մեկը յուրատեսակ հարցում էր անցկացրել, որի արդյունքում պարզվել էր, որ լավագույն նախարար համարվել էր ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, իսկ վատագույն նախարար (երեւի ընթերցողն արդեն գուշակեց)` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Եվ ստացվել է շատ հետաքրքիր մի պատկեր. ընդամենը երկու կին նախարար ունենք, որոնցից մեկը ճանաչվել է լավագույնը, մյուսը` վատագույնը: Մեզ թվում է` մեկնաբանություններն ավելորդ են:
Ամեն դեպքում հույս ունենք վերոնշյալ հարցի առնչությամբ ստանալ նաեւ շահագրգիռ գերատեսչությունների պատասխանն ու կարծիքը:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
Designed by Administrator

