-
Նորություններ
-
Արխիվ


Մշակույթ
Կիրակի օրվա ՙԵրկու աստղ՚-ի մասնակիցները ներկայանում էին ռաբիս երգերի կատարմամբ: Դե ինչ` կասեք դուք, ամբողջ հանրապետությունը խեղդվում է ռաբիսից (մենք նկատի ունենք ոչ միայն երաժշտությունը), թող Հանրայինով էլ հնչեն նման երգեր, որպեսզի սերիալներից մի քիչ հանգստանան: Ի դեպ, ըստ հաղորդավարի` 95 տոկոսը սիրում է ռաբիս, եւ լավ է, որ գոնե հաղորդավարուհին` Շուշան Պետրոսյանը, չհամաձայնեց այդ կարծիքի հետ, թե չէ` Աշոտ Լյուդվիգովիչը կարող էր հատել 100 տոկոսի սահմանը:
Հաղորդման ժամանակ որոշ այլ բաներ էլ պարզվեցին: Մասնավորապես, իմացանք, որ գրեթե ոչ ոք լավ պատկերացում չունի, թե որն է ռաբիսը, ընդ որում, դահլիճում գրեթե բոլորը կամ երգիչ-երգչուհիներ էին, կամ երաժշտության մասնագետներ: Ոմանք, լսած լինելով, որ ռաբիսը ՙքըխ՚ է, նշում էին, թե երգում են առաջին անգամ եւ նույնիսկ չգիտեն, թե այդ երգը սովորաբար ով է երգում:
Իհարկե, նման հաղորդումներ վարողները պետք է հումորի զգալի պաշար ունենան, ճիշտ ու ժամանակին կողմնորոշվելու ունակություն, հարուստ բառապաշար... Չենք ասում, թե նախկին հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը գերազանց տիրապետում էր այդ ամենին, սակայն նա հաղորդումը վարում էր անկաշկանդ, ստեղծել էր յուրահատուկ միամիտի կերպար եւ կարողանում էր իմպրովիզացիայի դիմել: Իհարկե, նրա հնչեցրած բառերը երբեմն հայերեն չէին, սակայն դա ինչ-որ կերպ արդարացվում էր մատուցման ձեւով: Իսկ, ահա, Աշոտ Լյուդվիգովիչի մոտ դեռեւս լարվածություն, անբնականություն ու արհեստականություն է զգացվում: Ինչ վերաբերում է լեզվի մաքրությանը, ապա այն կաղում է գրեթե բոլորի մոտ, մասնավորապես դահլիճում չգտնվեց մեկը, ով կուղղեր ժյուրիի հարգարժան անդամին, ով շփոթեց ակնկալել բառի իմաստը ակնարկել բառի իմաստի հետ: Ժյուրիի անդամը նշեց` ես չհասկացա, թե ում ես ակնկալում, այնինչ պետք է ասեր` ում ես ակնարկում: Եվ դա ընդամենը մի օրինակ է:
Իհարկե, մենք այդքան ժամանակ ու նյարդեր չունենք, որպեսզի դիտենք ու ներկայացնենք ամբողջ հաղորդումը, միայն վերջում ավելացնենք, որ Նազենիի մոտ երգելու հարցում գրեթե ոչինչ չէր ստացվում, բայց ահա ձախ ազդրը ցուցադրելու հարցում հաջողությունն ակնառու էր:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
Designed by Administrator

