-
Նորություններ
-
Արխիվ


Մշակույթ
Հավերժի ճամփորդ դարձավ թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԸ, սակայն նրա ստեղծած կերպարները միշտ կմնան թատերասերների եւ կինոսերների հիշողության մեջ: Նրա լավագույն դերերից են Կլարենսը, Համլետը` Շեքսպիրի ՙՌիչարդ Երրորդ՚ եւ ՙՀամլետ՚, Ալեքսեյը` Դոստոեւսկու ՙԽաղամոլ՚, Հերոստրատը` Գորինի ՙՄոռանալ Հերոստրատին՚, Միհրդատ Պոնտացին` Պ. Զեյթունցյանի ՙԱստվածների կանչը՚, Վոյնիցկին` Չեխովի ՙՔեռի Վանյա՚... Կինոյում նկարահանվել է 1972 թվականից` ՙՎերադարձ՚ (ՙՀայֆիլմ՚), ՙՊագանինի՚ (ՙԲուլղարֆիլմ՚ եւ ՙՄոսֆիլմ՚), ՙՊտտահողմ՚ (ՙՏաջիկֆիլմ՚), ՙԼռության սիմֆոնիա՚ (Հայաստանի ազգային կինոկենտրոն)...
Ծնվել էր 1938 թվականին` դերասանների ընտանիքում: Ծնողները Ալավերդի քաղաքի բանվորական թատրոնի հիմնադիրներն էին եւ թատրոնը լուծարվելուց հետո տեղափոխվել են Կիրովական (Վանաձոր):
Դեռեւս 1998 թվականին` դերասանի 60-ամյակի առթիվ զրուցել էինք նրա հետ, եւ ներկայացվող հատվածները մեր հարգանքի տուրքն են դերասանին:
- Ո±րն է եղել Ձեր առաջին դերը թատրոնում:
- Երկու տարեկանում` Ալավերդիում: Մելոդրամա էր, անգամ միզանսցենն եմ հիշում: Երկար ժամանակ երեխային մորից ինչ-ինչ պատճառներով խլում են: Երկար ընդմիջումից հետո երեխան տեսնում է մորը: Մի խոսք ունեի` մայրի°կ: Գոռում էի ու փաթաթվում մորս, իսկ նա ինձ գրկում էր, խնձոր էր տալիս, խնձորն ուտում էի. ահա ամբողջը: Բայց հիշում եմ:
Դրամատիկ թատրոնում առաջին դերս ՙԼավատեսական ողբերգությունում՚ նավապետի դերն էր: Իսկ իմ առաջին լուրջ գործը համարում եմ Ժան Անույի ՙՈւղեւորն առանց ծանրոցի՚ ներկայացման մեջ խաղալը, որը Արմեն Խանդիկյանի դիպլոմային ներկայացումն էր:
- Երազած դերեր ունե±ք, որ չեք խաղացել:
- Երազած դերեր շատ ունեմ, բայց երեւի չեմ էլ խաղա: Այդպես է դերասանի կյանքը. չկա մի դերասան, որ երազած դեր չունենա: Չնայած դժգոհ չեմ. շատերը կուզենային Համլետ խաղալ, իսկ ես խաղացել եմ:
- Ի±նչ կասեք կինոյի դերերի մասին:
- Կինո ուշ եմ մուտք գործել` 1972 թվականին, Արման Մանարյանի ՙՎերադարձ՚-ն է եղել իմ առաջին կինոնկարը: Երիտասարդ գիտնականը վերադարձել է հայրենիք եւ երկմտում է` մնա±, չմնա±... Կա հայրական տունը, սիրած աղջիկը, հիշողությունները, հայրենիքի կարոտը: Եվ որոշում է մնալ... Այսօրվա համար էլ (ցավոք, նաեւ այսօրվա- Ռ. Թ.) շատ ժամանակակից թեմա է, հրատապ հնչեղություն ունի:
- Դրանից հետո ՙՀայֆիլմ՚-ում երկար դադար եղավ...
- Պատճառների մասին չեմ ուզում խոսել, բայց իմ մեղքով չէ... Թող մեղավորն ինքը գտնի իր մեղքը:
- Իսկ դրսից նկատեցին եւ 1981 թվականին հրավիրեցին նկարահանվել ՙՆիկոլլո Պագանինի՚ կինոնկարում:
- Ռուսական եւ բուլղարական համատեղ կինոնկար էր, որն անցել էր դերասաններ ընտրելու նախապատրաստական մեծ շրջան: Իտալացի մեծանուն կոմպոզիտորին ՙփնտրում էին՚ Կովկասում` արտաքինով, կենսաբանությամբ... ամեն ինչով: Ֆիլմի երկրորդ ռեժիսորը, որը կին էր, գործուղվել էր մեզ մոտ, տեսել էր իմ լուսանկարը... Այն ժամանակ ես դրամատիկականում մի ամբողջ խաղացանկ ունեի, եւ նա դիտեց գրեթե իմ բոլոր ներկայացումները: Նկարներ արեցին, ապա հրավիրեցին կինոփորձերի: Շատ մեծ մրցույթ էր, աժիոտաժ: Նույնիսկ Սմոկտունովսկուն էին առաջարկել: Եթե ռեժիսորը հարմար թեկնածու չգտներ, պետք է նա նկարահանվեր` կարծեմ քսան կիլոգրամ նիհարելուց հետո: Բայց ռեժիսորը չէր ուզում ծանոթ դերասան լիներ, ճանաչում ունենար, որովհետեւ հանդիսատեսն արդեն նրա նկատմամբ կունենար որոշակի տրամադրվածություն, կանխակալ կարծիք... Կինոնկարը ցուցադրելուց հետո մի երիտասարդ կին նամակ էր գրել, որտեղ մասնավորապես նշել էր, որ երեխա ունի, չի կարողանում ապրել, հաշտվել, սոցիալական վիճակը վատ է, եւ որոշել էր կյանքին վերջ տալ: Եկել է տուն, պատահաբար միացրել հեռուստացույցը, դիտել կինոնկարի առաջին սերիան, հաջորդ օրը` երկրորդը... Եվ որոշել է ինքնասպան չլինել. եթե այնպիսի ողբերգակ հանճար, ինչպիսին Պագանինին է, կարողացել է այդպիսի ծանր կյանքին, ճակատագրին դիմադրել, ինքն էլ փոխել է իր մտադրությունը: Սա արվեստի ուժն է, զորությունը, եւ եթե կարողանաս քո արվեստով թեկուզ մի հիվանդ հոգի բուժել, արդեն մեծ գործ արած կլինես:
- Այս տարի լրացավ Ձեր վաթսուն տարին: Ինչպե±ս եք զգում Ձեզ այդ տարիքում:
- Ինձ վաթսուն տարեկան չեմ զգում, եւ պետք էլ չէ, որ զգամ: Ես դեռ երիտասարդ եմ. արվեստում ծերանալ չկա: Ջահելն էլ կարող է ծերանալ ժամանակից շուտ: Եթե հնարավորություն կա գործ անելու, պիտի անես, ստեղծագործես: Թատրոնը արվեստ է, իմ գործն է, որ պիտի անեմ: Վաթսուն տարին թատրոնի համար ամենաբուռն, այսինքն` արդեն իմաստավորված մի շրջան է, երբ ավելի վարպետացած ես: Օրինակ` Գուրգեն Ջանիբեկյանը, փաստորեն, վաթսունից հետո սկսեց իր ամբողջ էությամբ ստեղծագործել...
Գուցե ոմանք մտածում են. ՙՇատ ազգեր օպերային թատրոն, կինո չունեն եւ ապրում են, մենք էլ կապրենք առանց դրանց՚: Բայց ո°չ, մենք հոգեւոր ազգ ենք: Աստծո կողմից տրված շնորհքը չի կարելի կորցնել: Սեղանիկներն ու առեւտուրը մեր ազգը չեն փրկի, չեն պահի: Այո°, Ադրբեջանը նավթ ունի: Նավթը թանկ է, բայց մենք ունենք տաղանդ, խելք, ուղեղ, որը կարող ենք ավելի թանկ վաճառել. դա է մեր կապիտալը:
Պատրաստեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
ՙՈՐՊԵՍԶԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ ԱՌՈՂՋ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ՚
Օրեր առաջ հայրենիք վերադարձավ մեր երկրի անունը բարձր պահած ՙՌազմիկ եւ ընկերներ՚ խումբը, որը ՙՆոր ալիք՚ մրցույթից բերեց եւս մեկ հաղթանակ: Նրանք մասնակցում են նաեւ 2010-ի մանկական ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան փուլին: Իսկ թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք, կպարզենք ՙMi Production՚ ընկերության տնօրեն, խմբի պրոդյուսեր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ, ով նաեւ Ջեկսոնի երգի մի փոքր հատվածում փոփոխություն է արել` ավելացնելով մեր ազգային զուռնան, եւ այն ընդունվել է, հակառակ դեպքում չէինք հաղթի: Մեր զրուցակցից փորձեցինք նաեւ պարզել, թե ինչպես է սկսվել նրանց համագործակցությունը եւ խմբի ստեղծման գաղափարը:
-Իմ ընկերներից մեկը մի օր զանգահարեց եւ խնդրեց աջակցել, ուղղություն ցույց տալ մի երեխայի, ով երգ է գրել մանկական ՙԵվրատեսիլ-2009՚-ի նախընտրական փուլին մասնակցելու համար: Բացի նրանից, որ Ռազմիկը շատ լավ երգ էր գրել, նրա կիրթ լինելը, յուրահատուկ արտաքինը, դրական էներգետիկ դաշտը գրավեցին ինձ: Երբ առաջին անգամ մտավ ստուդիա, կարծես արեւ մտներ: Ու հենց այդ ծանոթությունից հետո որոշեցի, որ պետք է աջակցեմ, ու միասին պետք է մասնակցենք ՙԵվրատեսիլին՚: Զբաղեցրեցինք երկրորդ տեղը, իսկ առաջինը իր հզոր վոկալային տվյալներով Լուարա Հայրապետյանն էր: Ռազմիկը ընդունվեց ՙԱրեւիկ՚ մանկապատանեկան համույթ, սկսվեց աշխատանքային պրոցես, եւ որոշվեց մասնակցել ՙՆոր ալիք՚ մրցույթին: Առաջին անգամ նախընտրական փուլը կայացավ Հայաստանում, եւ անցնող խումբը կամ երեխան պետք է գնար այնտեղ, մասնակցեր եւս մեկ նախընտրական փուլի: Սակայն ժյուրին այնքան էր հավանել երեխաներին, որ միաձայն որոշեց մեզ միանգամից անցկացնել եզրափակիչ: Եվ դա մեզ շատ ոգեւորեց, տվեց համոզմունք, որ կարող ենք լավ ներկայանալ եզրափակչում: ...Ժյուրիի բոլոր անդամները երկու օրերին էլ տվեցին բարձր գնահատականներ, ու ժյուրին կայացրեց շատ ճիշտ որոշում` առաջին տեղը կիսելով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ:
- Մանկական ՙԵվրատեսիլից՚ ի±նչ ակնկալիքներ ունեք:
- Ձայնագրել ենք նոր երգ` ՙՈւզում եմ, որ լինի՚: Այն կարծես դիմում կամ բաց նամակ լինի այն մարդկանց, ովքեր կարող են ինչ-որ բան փոխել մեր կյանքում: Այդ մարդկանց մարմնավորեցինք մի կերպարի մեջ, որին անվանեցինք աշխարհի նախագահ: Եվ երգը հենց այդպես էլ սկսվում է. ՙՊարոն աշխարհի նախագահ, դիմում է ձեզ մի հայ երեխա...՚: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք մեծ ցանկություն ունենք Հայաստանը ներկայացնելու մանկական ՙԵվրատեսիլում՚: Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում ներկայացնել երկիրդ, եւ խումբը պատրաստ է ներկայանալ, սովոր է մեծ բեմի:
- Ինչպիսի±ն է Ձեր ներդրումը երեխաների կայացման գործում:
- Եթե երեխան շնորհալի է, դա դեռ չի նշանակում, որ նա կհաղթահարի սպասվող դժվարությունները: Կոնկրետ այս պարագայում Ռազմիկը ուներ լավ երգ, սակայն չուներ միջոցներ ճիշտ գործիքավորման համար: Աշխատանք է տարվել խմբի հավաքման համար: Ռազմիկը, որքան ուզում է վառ ու անհատական լինի, միեւնույն է, խումբը ունի իր դերը հաջողության հասնելու գործում. բեմում շփվելով միմյանց հետ` շատ են ոգեւորում վոկալիստին, որը փոխանցվում է հանդիսատեսին: Պետք է կատարել գործիքավորումը, ձայնագրությունները, հագուստների հարցը լուծել, իսկ դրանք մեծ ծախսեր են: Իմ աշխատանքն այն է, որ երեխային ճիշտ ներկայացնեմ հանրությանը: Որպես շարունակություն պատրաստվում ենք կատարել նոր ձայնագրություններ, տեսահոլովակ: Տեսահոլովակը դեռ անցած տարի նկարահանվել էր, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ավարտին չհասավ: Նկարահանելու ենք նոր տեսահոլովակ, սակայն առաջանում են գումարային խնդիրներ: Նրանք, ովքեր կարող են աջակցել, շատ լավ կլինի, որպեսզի ներդրում կատարեն, քանի որ գումարը չի բավականացնում կատարել այն ամբողջ լավը, ինչը իրենք կարող են անել լիարժեքորեն: Պետք է զբաղվել այս եւ նրանց նման երեխաներով, աջակցել նրանց, որպեսզի ապագայում ունենանք առողջ շոու բիզնես:
ԼՈՒՍԻՆԵ ՓԻՐՈՅԱՆ
ՙՀԱՅԻ ՆԵՐՍԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԻ՚
Չնայած մեր հայտնի երաժիշտները, իրենց գործունեությամբ ամեն ինչ անում են ազգային ավանդույթները, ազգային մշակույթը պահպանելու համար, սակայն ռաբիսության, անճաշակության շքերթը շարունակվում է` հեռուստաէկրաններից փոխանցվելով համերգային դահլիճներ, համերգային դահլիճներից` մարզադաշտեր: Եվ այդ դեպքում այդ երաժիշտները, իրենց գործունեությանը զուգահեռ, նաեւ հանդես են գալիս մամուլի ասուլիսներով, ներկայացնում իրենց կարծիքը:
Օրերս վերոնշյալ անճաշակության շքերթի վտանգները լրագրողներին, ասել է թե` հանրությանը ներկայացրեցին ՙԿարին՚ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը եւ ՙՍասուն՚ ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը: Մի քանի օր առաջ կայացած մեր զրույցի ընթացքում ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ անդրադարձել էր այդ խնդիրներին, եւ մենք նրանից ընդամենը մեկ մեջբերում կանենք. ՙԼոզունգ դարձրած ասում են` թեթեւ երաժշտություն ենք մատուցում, որը նման է արգանակի: Իսկ արգանակը տալիս են այն մարդուն, ով հիվանդ է: Իսկ առողջ մարդուն տալիս են այնպիսի կերակուր, որն էներգիա է տալիս... Մարդիկ սնուցվում են էժանագին, թեթեւ մշակույթով` թուրքախառը, ցածրորակ երաժշտությամբ՚:
Թեման շարունակեց ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. ՙՊարզ է, որ կա° քեֆի երգ, կա° պարզապես լսելու երգ: Ուղղակի հիմա ամեն ինչ խառնվել է իրար, քեֆի երգը պիտի երգենք միայն քեֆերին: Բայց որ քեֆը դառնում է առօրյա ասելիք` ամենահետաքրքիր բեմերից կամ էկրանից, դա արդեն շատ վիրավորական է, մասնավորապես այն մարդկանց համար, ովքեր հասուն մտածելակերպ ունեն եւ տարբերում են լավը վատից... Պետք է տարբերենք իրական ասելիքն ու դատարկությունը: Ասեմ ավելին` եթե որոշում ենք մնալ հայ, ուրեմն հային վայել պետք է ամեն ինչ արվի, եւ չնմանվենք իտալացու, գերմանացու կամ` չգիտեմ ում՚: Բանախոսը հավելեց, որ այս հարցերին պետք է լուծում տրվի պետական մակարդակով, դրանք պետք է քննարկվեն հայկական մշակույթի համար պատասխանատու մարդկանց հետ: Ա. Մանուկյանը համոզված է, որ ՙհայի ներսը պետք է մաքրվի՚: Մնում է միայն, որ այդ ասածները հասնեն մշակույթի համար պատասխանատուներին:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
Designed by Administrator

