-
Նորություններ
-
Արխիվ


Քաղաքական
ՙՙՙՙՙՄԵԾ ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՅԳՈՒ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑ ԷԻՆ
Ապրիլի 12-ին` Մեծ Զատկի տոնին, ՀՀ Ազգային ժողովի շենքին կից այգու դարպասները, ՀՀ ԱԺ-ի նախագահ Հ. Աբրահամյանի նախաձեռնությամբ, առաջին անգամ բաց էին բոլորի առջեւ: Փուչիկներով զարդարված այգում անցկացվում էր մեծ տոնախմբություն: ԱԺ-ի շենքի առջեւ կանգնեցված բեմահարթակից ելույթ էին ունենում հայ էստրադայի աստղերն ու աստղիկները, որոնց երգերի ժամանակ օդ էր բաց թողնվում գույնզգույն, արեւի տակ փայլփլող թղթե հրավառություն եւ շողշողացող պղպջակներ: Բեմահարթակից ելույթ ունեցավ նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, որը շնորհավորեց եւ օրհնեց բոլոր ներկաներին:
Այգու այցելուների համար գցված էին տոնական սեղաններ` ներկած տոնական ձվերով եւ քաղցրավենիքով, ինչպես նաեւ կազմակերպված էր գիպսե ձվերի գունազարդման մրցույթ, որի հաղթողները ստացան մրցանակներ: Տոնախմբության մասնակիցներին զվարճացնում էին նաեւ ոտնափայտերի վրա շրջող ծաղրածուները:
Այգու այցելուների մեջ շատ էին երեխաները, որոնց մի մասը մանկատներից էր: Երեխաները գրավել էին ԱԺ-ի շենքին հարող բլուրը, որից ուրախ աղաղակով ներքեւ էին գլորվում` թավալ գալով կանաչ խոտերի մեջ:
Տոնախմբությանը ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ եւ թոռան հետ, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ` իրենց կանանց եւ երեխաների հետ, որոնք շրջեցին այգու միջով եւ շնորհավորեցին ներկաներին:
Հավանաբար, այդ քայլով Հ. Աբրահամյանը փորձեց կոտրել տասնամյակների ընթացքում ձեւավորված այն հոգեբանական պատը, որը ստեղծվել էր ժողովրդի եւ ԱԺ-ի ձողերից այն կողմ գտնվող շենքի եւ անհասանելի պաշտոնյաների միջեւ: ԱԺ-ի շենքի հետ են կապված նաեւ հոկտեմբերի 27-ի ողբերգալի իրադարձությունները: Եվ երեւի թե այդ տոնախմբությունից հետո այդ շենքը եւ դրա դիմացի գեղեցիկ այգին ժողովրդի մեջ այլեւս չեն զուգորդվի միայն պաշտոնական քաղաքականության կամ էլ հոկտեմբերի 27-ի տհաճ հիշողությունների հետ:
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ՙՔԱՇՎԵԼՈՒ՚ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
Աշխարհի տարբեր հատվածներում` լինի դա հարեւան Վրաստանը, թե հեռավոր Թայլանդը, մոլեգնում են ժողովրդական հուզումները, սակայն Հայոց աշխարհում ամեն ինչ առայժմ կարծես թե խաղաղ է: Միգուցե դա անդորր է փոթորկից առաջ, միգուցե մեր հայրենակիցներն ինչ-որ բան գիտեն, ինչը հայտնի չէ, օրինակ, հայտնի գուշակ Պավել Գլոբային, որը կանխատեսել է, որ մի քանի տարի անց Ուկրաինան երեք մասի է բաժանվելու, ԱՄՆ-ի գործը բուրդ է լինելու, քայքայվելու են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն:
Իր պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսում էլ ՀՀ նախագահը բացառեց նաեւ այնպիսի բանը, ինչպիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. ՙՈչ, որեւէ պարագա չի կարող ինձ ստիպել այդ կերպ վարվել: Սահմանադրությամբ շատ հստակ նշվում է, թե ինչ պարագաներում եւ ինչպիսի պարբերականությամբ ՀՀ-ում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ՚:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Մեր ՙնարնջագույն՚ ընդդիմությունը հաճախ է օրինակ բերում հարեւան Վրաստանից, ուր հասունանում է արդեն երկրորդ ՙգունավոր՚ հեղափոխությունը: Սակայն արմատապես տարբեր են պատկերացումները մայրաքաղաքի քաղաքապետի պարտականությունների վերաբերյալ: Այսպես, եթե մեր ՙկոնգրեսականները՚ քաղաքային ընտրությունները համարում են ՙնախագահական ընտրությունների երկրորդ փուլ՚, իսկ քաղաքապետի պաշտոնին հասնելը` որպես հանգրվան երկիշխանություն ստեղծելու ու իշխանությունը գրավելու համար, ապա վրաց ընդդիմադիրները երեւի թե նրանց համեմատ դրսեւորում են անանցանելի բթամտություն, քանզի համոզված են, որ Թբիլիսիի քաղաքապետի թիվ 1 պարտականությունը աղբ հավաքելն է: Նրանք նույնիսկ հանրահավաքների վայրից աղբը տարել ու լցրել են քաղաքապետի դռան մոտ, քանի որ քաղաքային համապատասխան ծառայությունները պատշաճ աղբահանություն չիրականացրեցին:
Ի դեպ, հետաքրքրական է, որ ՀՀ նախագահը իսպառ բացառում է տարատեսակ թեժ սցենարները: Մարտիմեկյան դեպքերի կրկնության հնարավորության մասին մեր հարցադրմանը նա պատասխանեց. ՙԲացառում եմ, եւ կարծում եմ, որ ինչպես որոշ թերթեր էին գրում, ՙհունիսի 1՚ չի լինելու: Ավելի ճիշտ, լինելու է, բայց կլինի նորմալ օր, այլ ոչ թե` լի ողբերգական իրադարձություններով: Կարծում եմ, որ վերջին նախագահական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների ամբողջ ծանրությունը միայն իշխանությունների համար չէր, դա բոլորի համար էր: Երբ խոսքիս սկզբում ասացի, որ մեր պետականությունն ու հասարակությունն ավելի են հասունացել, նաեւ սա նկատի ունեի: Վստահ եմ, որ այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունենալու: Ինչքան էլ լարվածություն լինի, մենք հաղթահարելու ենք դա՚: Բնականաբար, հարց է ծագում, թե այդ որ մի մարտավարությամբ պետք է հաղթահարվի ՙցանկացած լարվածություն՚: Ըստ ամենայնի` խոսքը գնում է գլխանց լարվածությունները վնասազերծելու տարբերակի մասին:
ՙԿոնգրեսականները՚ ԼՏՊ-ի գլխավորությամբ, ըստ էության, փորձում են կրկնել 2008-ի մարտավարությունը: Այն է` Երեւանում ստեղծել որեւէ օջախ, որը մշտական լարվածության աղբյուր կլինի եւ ամենօրյա մանր միջադեպերով ճոճել ներքաղաքական իրավիճակը: 2008-ին ՙօջախը՚ Ազատության հրապարակն էր, ուր օր ու գիշեր հանրահավաքներ էին ընթանում, ու ըստ երեւույթին, հենց այդ օջախի առկայությունը թույլ էր տալիս ազդել ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների տրամադրությունների վրա: Հենց Ազատության հրապարակն էր այն վայրը, ուր վազեցին այն պաշտոնատար անձինք եւ պատգամավորները, ում թվացել էր, թե իրավիճակը կարող է բեկվել հօգուտ ԼՏՊ-ի: Եվ եթե չլինեին Ազատության հրապարակի շուրջօրյա կուտակումները, ապա գործնականում դժվար թե հնարավոր լինեին նաեւ անցյալ տարվա մարտի 1-ի իրադարձությունները:
Այժմ էլ ՙկոնգրեսականները՚ փորձում են գտնել ՙբազավորման վայր՚` ի դեմս Հյուսիսային պողոտայի: Սակայն դեռ ապրիլի 7-ից սկսած` ոստիկանությունը նրանց հնարավորություն չի տալիս ՙոտատեղ՚ ունենալ Հյուսիսային պողոտայում, եւ ՙքաղաքական զբոսանքները՚, դեռ չսկսված, ցրվում են ոստիկանության կողմից: Պարզ է, որ իշխանությունը թերեւս մինչեւ վերջ կփորձի թույլ չտալ, որ մայրաքաղաքի որեւէ հանգուցային վայրում ՙկոնգրեսականները՚ վրաններ դնեն կամ շուրջօրյա պիկետավորում կազմակերպեն, իսկ ամենօրյա բողոքները, թե բռնապետություն է տիրում, ամեն օր մի քանի հոգի ծեծ են ուտում եւ հայտնվում ոստիկանությունում, իրավիճակում գործնականում առանձնապես բան չեն փոխում: Ճիշտ է, բողոքավոր տրամադրություններ ունեցող երեւանցիներին դա կդրդի ավելի ակտիվ մասնակցել ընտրություններին եւ քվեարկել իշխանության թեկնածուի դեմ, սակայն, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը վտանգավոր է համարում ոչ այնքան ԼՏՊ-ի գլխավորած ցուցակի կողմից շատ քվեներ ստանալը, որքան խռովության օջախի ստեղծումը:
Իսկ եթե լարվածության ու անհնազանդության մշտական օջախ չլինի, ապա կտրուկ կնվազի նաեւ հետընտրական բողոքի ցույցերի արդյունավետությունը: Իսկ այն, որ նա մտավախություն չունի ՙկոնգրեսականների՚ կողմից ստանալիք քվեների առնչությամբ, բխում է նրա խոսքից. ՙԵթե կհաղթեն, կլինեն քաղաքային իշխանություններ: Չհաղթեն, ենթադրենք, ստանան 20 տոկոս, կունենան քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամներ՚: Ընդհակառակը, նաեւ իշխանության միջանցքներում կան մարդիկ, որոնք այն կարծիքին են, որ եթե ՀՀԿ-ն պարտություն կրի մայրաքաղաքի ընտրություններում, ապա դա էապես կբարձրացնի ՀՀ նախագահի` ազատորեն գործելու եւ իր ուզած ձեւով գործադիր իշխանությունը վերաձեւելու հնարավորությունները:
ՈՎ ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Այն, որ ՙԿոնգրեսի՚ համար Երեւանի ավագանու ընտրությունները միակ շանսն են` կրկին կտրուկ ակտիվանալու եւ փորձելու շարունակել 2008-ին չստացված իշխանափոխությունը, արդեն բազմիցս է գրվել: Սակայն թեեւ երկբեւեռ սխեմայում իշխանությանը հակադրվող հիմնական ուժը լինելու է ՙԿոնգրեսը՚, այնուամենայնիվ, ընտրական գործընթացի մյուս մասնակիցներից յուրաքանչյուրն իր լուծելիք խնդիրներն ունի:
Այսպես, ՀՀԿ-ի համար գերխնդիր է` պահպանել իր գերիշխող դիրքը իշխանությունում, իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում. կամ բացարձակ հաղթանակ, կամ այնպիսի բարձր տոկոս, որ ՀՀԿ-ն լինի ավագանու ներսում ձեւավորվող ու քաղաքապետ ընտրող կոալիցիայի առանցքը: Ու Սերժ Սարգսյանի կոչը` ՙԸնտրությունները գործընթաց են, եւ որպեսզի դրանք ընթանան օրինականության շրջանակներում, բոլորը պետք է պատրաստ լինեն դրան, նաեւ` ընդունելու ցանկացած արդյունք՚, կարելի է ասել, որ վերաբերում են ոչ միայն ԼՏՊ-ի կողմնակիցներին: Վերջիններիս որեւէ հորդոր ուղղելը նույնն է, ինչ գելի գլխին ավետարան կարդալը, եւ ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահի կոչը վերաբերում է նաեւ հենց ներկայիս կոալիցիոն կուսակցություններին, որոնք ընտրություններում հանդես են գալիս որպես մրցակիցներ:
Այսօր կարելի է արձանագրել ԲՀԿ-ի արտակարգ ակտիվությունն ու մոբիլիզացումը, ու թերեւս ԲՀԿ-ն ամենայն լրջությամբ ձգտում է իրոք այս ընտրություններում հանրապետականներից առաջ անցնել: Դա թույլ կտա ԲՀԿ-ին հիմնավորապես ամրապնդել եւ բազմապատկել սեփական դիրքերը իշխանությունում, ինչպես նաեւ անվիճելի ու անձեռնմխելի դարձնել իր առաջնորդի կարգավիճակը: Ու կարծում ենք, չենք սխալվի, եթե ենթադրենք, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ լինելու է կատաղի մրցակցություն, իսկ թե ինչպիսի դրսեւորումներ է դա ունենում, բազմիցս ականատես ենք եղել ՏԻՄ ընտրություններում: Եվ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են հենց լինելու ընտրության այն մասնակիցները, որոնք իրականում ձգտում են հաղթանակի:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ու ՕԵԿ-ին, ապա այդ կուսակցություններին օդի պես անհրաժեշտ են որոշակի տոկոսներ, որպեսզի չհայտնվեն իշխանության մեջ ՙավելորդ տեղ զբաղեցնողի՚ կարգավիճակում: Այդ պատճառով դաշնակցականները ճիշտ այնպես, ինչպես 2008-ին, բավականին մեղմ են վերաբերում ՙԿոնգրեսին՚ ու բավականին քննադատաբար` իշխանությանը եւ մասնավորապես` ՀՀ նախագահին` մոռանալով այն հանգամանքը, որ իրենք էլ են իշխանություն: Այսպես, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ՀՀ նախագահի պաշտոնավարման մեկ տարին այսպես է գնահատում. ՙԾափահարելու առանձնապես պատճառներ չկան: Կարծում եմ, որ այս մեկ տարվա մեջ կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է: Մյուս կողմից` ամենակարեւոր նվաճումը, այնուամենայնիվ, առկա է` դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է՚: Ի դեպ, քննադատողի դերում կրկին սկսել է հանդես գալ նաեւ ՕԵԿ-ը: Մասնավորապես` ՕԵԿ ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանից էլ խիստ է դատապարտել Հյուսիսային պողոտայում ՙկոնգրեսականներին՚ ցրելն ու ոստիկանություն բերման ենթարկելը:
Այսպիսով, կոալիցիոն գործընկերներից յուրաքանչյուրը այս ընտրություններին ձգտելու է ապահովել իր տեղը իշխանական արեւի տակ: ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը գործելու են եղածը չկորցնելու տրամաբանությամբ, ՀՀԿ-ն ձգտելու է զարգացնել իր գերիշխող դիրքը, իսկ ԲՀԿ-ն փորձելու է ինքը դառնալ թիվ 1 իշխանական կուսակցություն կամ առնվազն ֆիքսել, որ նա թիվ 2-ն է եւ առավելություն ունի կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի նկատմամբ: Ի վերջո, ստացած ձայներից է կախված լինելու, թե կոալիցիայի որ կուսակցությունը քանի փոխքաղաքապետ եւ քանի թաղապետ է ստանալու: Եվ առանձնահատկությունն այն է, որ չի կարելի անվերապահորեն համարել, թե ՀՀ նախագահը բոլոր հասանելի միջոցներով կաջակցի ՀՀԿ-ին: Այս ընտրություններում ՀՀ նախագահն ունի ընդամենը հետեւյալ խնդիրները` որ բացառվի հետընտրական շրջանում արյունալի անկարգությունների հնարավորությունը, եւ մյուս կողմից` բացառվի նաեւ ԼՏՊ-ի կողմից այնպիսի բարձր տոկոսի նվաճումը, որը թույլ կտա թելադրող դառնալ մայրաքաղաքի ավագանում` քաղաքապետ ընտրելիս: Իսկ մնացյալ բոլոր տարբերակները պարզապես ընդարձակում են ՀՀ նախագահի մանեւրի հնարավորությունը, քանզի ավագանու ընտրությունների արդյունքով կոալիցիոն ուժերից ոմանց բերանը փակելու հնարավորություն կստանա: Ավելին, ըստ ամենայնի, այդ ընտրությունները ՀՀ նախագահին թույլ կտան նաեւ նվազեցնել ՀՀԿ-ի ազդեցությունը եւ ճանապարհ հարթել նոր-նոր իր դիրքերն ամրապնդող նախագահամետ երիտասարդ քաղաքական ուժի` ՄԻԱԿ-ի համար, ինչպես նաեւ ընդհանրապես ՙթարմացնել՚ քաղաքական դաշտը, որը ցույց տվեց իր անկարողությունը թե արտաքին, թե ներքին մարտահրավերներին դիմագրավելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԱՊԱ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
Օրերս Ադրբեջանի իշխանությունները հանդես եկան իրենց պահանջներով` հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ: Այդ պահանջների մեջ են մտնում` վերադարձնել ազատագրված 5 շրջանները, Լաչինի շրջանի հարավային մասը եւ թույլ տալ Թուրքիային օգտվել Լաչինի միջանցքից: Այս դիրքորոշումը մեկնաբանելու համար դիմեցինք ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին:
-Նախ, պարզ չէ, թե ինչ իրավունք ունի երրորդ պետությունը պայմաններ թելադրել այլ հարեւան երկու պետությունների հարաբերությունների կապակցությամբ: Նման տրամաբանությամբ մենք էլ պիտի պահանջենք, օրինակ, ռուս-ադրբեջանական սահմանը փակել, մինչեւ Ադրբեջանը Շահումյանից եւ Դաշտային Ղարաբաղից իր զորքերը դուրս չբերի: Ակնհայտ է, որ առաջին երկու պայմանները զառանցանքների դասին են վերաբերում, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանը երբեւէ չի գնա սահմանի բացմանը այսպիսի նախապայմաններով, եւ եթե Բաքվում կարծում են, որ սահմանի բացումը պետք է միայն հայերին, ապա չեն տեսնում իրական վիճակը տարածաշրջանում: Սակայն ադրբեջանցիների երրորդ կետը հետաքրքիր է նրանով, որ ըստ էության, առաջարկում են բացել հաղորդակցության ուղիները: Թուրքիա-Նախիջեւան-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-¥եւ հավանաբար) Ադրբեջան ճանապարհի բացման պահանջը ենթադրում է նաեւ մյուս կողմից Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ճանապարհի բացումը, եւ եթե Ադրբեջանը պատրաստ է դրան, ապա դա իսկապես շատ հետաքրքիր առաջարկ է: Հասկանալի է, որ այն հետաքրքիր է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ նա Վրաստանի հետ պատերազմից հետո կորցրել է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի հետ ցամաքային կապը, եւ բնական է, որ փնտրում է այն վերականգնելու ուղիները:
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՇԱԲԱԹ
Ընթացիկ շաբաթը կարող է դառնալ ճակատագրական` տարածաշրջանի աշխարհաքաղաքական հանգուցալուծման եւ ապագա միջպետական փոխհարաբերությունների առումով: Հավանաբար հենց այս շաբաթվա ընթացքում կպարզվեն եւ հայ-թուրքական սահմանի բացման, եւ ամերիկյան նախագահի ճառում ցեղասպանություն բառի հնչեցման, եւ ռուս-ադրբեջանական, եւ հայ-իրանական հարաբերությունների մեջ բազմաթիվ հարցեր:
Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջում Ադրբեջանի նախագահ Ալիեւը Անկարա գնալուց հրաժարվելուց հետո հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հետ: Իսկ ապրիլի 16-ին նա մեկնում է Մոսկվա` ՌԴ նախագահի հրավերով: Միաժամանակ նույն օրը Հայաստան են գալու Թուրքիայի եւ ՌԴ արտգործնախարարները, ինչպես նաեւ Հայաստանում անց են կացվելու Սեւծովյան համագործակցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ արտգործնախարարների նիստեր: Շուտով Հայաստան է ժամանելու նաեւ Ռուսաստանի առաջին տիկինը: Այս միջոցառումների նախօրյակին ՀՀ նախագահը Թեհրանում փորձում է լուծել Իրան-Հայաստան- Վրաստան- Սեւ ծով ռազմավարական տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը: Իսկ դրան ի հակակշիռ, Թուրքիան հայտարարել է Ռուսաստանը շրջանցող ՆԱԲՈՒԿԿՈ գազատարի կառուցումը արագացնելու անհրաժեշտության մասին: Այսպիսով` ընթացիկ շաբաթը կուլմինացիոն է լինելու, ընդ որում` կարող են իրենց լուծումը ստանալ հարյուրամյակների ընթացքում կուտակված հարցերը:
Հ. Օ.
ՊԱՅՔԱՐԸ ԿԸՆԹԱՆԱ ՀՀԿ-Ի, ԲՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵՎ
ՙԱյս պահին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության համար գրեթե ավարտին են մոտենում կազմակերպչական եւ տեխնիկական հարցերը. քաղաքում արդեն իսկ ձեւավորվել են նախընտրական շտաբները, եւ եթե Երեւանի քաղաքային ընտրությունները լինեին վաղը չէ մյուս օրը, ապա ԲՀԿ-ն լիարժեքորեն կարող էր մասնակցել այդ ընտրություններին՚,- ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում համոզմունք հայտնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ, նկատելով. ՙՄենք դեռ ունենք ամիսուկես ժամանակ, եւ այդ ընթացքում ԲՀԿ-ն կկարողանա շրջապտույտ հավաքել եւ ավելի մեծ թափով ներգրավվել նախընտրական քարոզարշավի մեջ` լավագույնս ներկայացնելով իր թիմին եւ իր թեկնածուին` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
Առհասարակ մենք ակնկալում ենք հետաքրքիր ընտրություններ եւ կարծում ենք, որ այս ընտրություններում երեւանցին ընտրելու հնարավորություն կունենա՚,- շարունակեց բանախոսը, եւ հավելեց, որ սրանք իսկապես քաղաքական ընտրություններ են, բայց քաղաքային իշխանության հետ` քաղաքային պայքարում, եւ այս բանաձեւով առաջնորդվելով` ԲՀԿ-ն իր ընտրողներին ներկայացնելու է կուսակցության նպատակները, ծրագրերն ու անելիքները ՏԻՄ ընտրություններում որակյալ եւ արդյունավետ գործունեություն սկսելու համար:
Հարցին, թե որքանո±վ են օրինաչափ այն գործողությունները, որ արդեն սկսվել է մարդկանց հավաքագրելու պրոցեսը, եւ արդյոք դա տեղավորվո±ւմ է ազատ, արդար ընտրությունների ձեւաչափի մեջ, Խ. Գալստյանը պատասխանեց. ՙԵթե հիշում եք, ընդամենը մի քանի օր առաջ, ՙՀեռանկար՚ հաղորդաշարի ընթացքում, Գ. Ծառուկյանն ասաց, որ մեր երեւանցին, մեր ընտրողն արդեն գիտակցում է, թե ինչպես կարելի է նման դեպքերում կողմնորոշվել. այո°, կարող են այդպիսի հավաքագրման ցուցակներ լինել, եւ չեմ բացառում, որ շատ ակտիվիստներ կարող են մի շարք կուսակցությունների կազմում աշխատել, բայց նորից եմ կրկնում` մայիսի 31-ին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի քվեատուփին մոտենալով` յուրաքանչյուր ընտրող լինի ազատ եւ անկաշկանդ իր ընտրությունը կատարելու հարցում:
Իմ կարծիքով, գոնե կոալիցիոն գործընկերների գերխնդիրը լինելու է արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը: Կարեւորն այն է, որ այս ընտրություններում ունենք մրցակցային չափանիշ. ներկայացված են այնպիսի թեկնածուներ, որ երեւանցիներին թույլ կտա ճիշտ ընտրություն կատարել՚:
Խոսելով հիմնական մրցակից կուսակցությունների եւ թեկնածուների մասին` Խ. Գալստյանը շեշտեց, որ իրենք բոլոր քաղաքական ուժերին էլ դիտարկում են որպես մրցակիցներ. ՙԹեեւ, ըստ իս, լուրջ պայքար կընթանա երեք քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ՚:
Ինչ վերաբերում է նրան, թե ի±նչ երաշխիքներ կան, որ ԲՀԿ-ն չի պայքարում, որպեսզի ընտրության վերջում իր ձայները տա ՀՀԿ-ին` ապահովելով նրա թեկնածուի հաղթանակը, բանախոսը նշեց. ՙԵս ուզում եմ, մեկ անգամ եւս հավաստիացնել, որ եթե այս ընտրություններում երեւանցիներն ավելի շատ քվե կտան ԲՀԿ-ին, քան կոալիցիոն կուսակցություններին, ապա ԲՀԿ-ն կլինի այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն մնացածները, իսկ թե հետագայում կոնկրետ ինչ վերադասավորվածություն կլինի քաղաքական ուժերի միջեւ, դա կերեւա ընտրություններից հետո` ապագա բանակցային գործընթացների արդյունքում՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՙՄՅՈՒՍ ՁԵՌՔՈՎ ՁԵՐ ՀԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵՄ՚
Երեկ` օրվա ընթացքում, մի քանի անգամ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանից փորձեցինք իմանալ դաշնակցության կարծիքը հայ-թուրքական սահմանի ենթադրյալ բացման վերաբերյալ: Սակայն, ի զարմանս մեզ, Կ. Մանոյանը խուսափեց այդ հարցին պատասխանելուց` ասելով. ՙԵս չեմ կարող մի ձեռքով մեքենա վարել, իսկ մյուսով էլ ձեր հարցերին պատասխանել՚:
Գ. ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՎԹԱՐ-1
Օրերս Դավիթաշենի կամրջի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել: Սեփական ՙԼամբորջինի՚ ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Լեւոն Սարգսյանը ¥Ալրաղացի Լյովը): Մոտ 150 հազար եվրո արժեցող իր մեքենային է պարտական պատգամավորը անվնաս մնալու համար:
Ըստ մեր ունեցած տեղեկության` մեքենան լրջորեն վնասվել է: Այս վթարի մասին որեւէ փաստ ճշտելը անիմաստ զբաղմունք է, մանավանդ, որ վարորդ պատգամավորը եղել է սարսափելի հարբած վիճակում:
ՎԹԱՐ-2
Օրերս մեկ այլ ավտովթար, ցավոք, ավարտվել է ողբերգությամբ: Ամերիկյան դեսպանատան հարեւանությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է ՙՀայՌուսգազարդի՚ բարձրաստիճան երիտասարդ աշխատակիցներից մեկը: Մեքենայում եղած մյուս անձանց առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Ռ. Ա.
5-10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿԱՄ ԷԼ` ԷՇԻ ԶԱՏԻԿԻՆ...
Արդեն մի քանի օր է, ինչ Երեւան քաղաքի մի շարք համայնքներում սկսվել է նախընտրական մրցավազքը: Հատկապես Կենտրոն եւ Նոր Նորք համայնքներում կուսակցական ՙչարչիներ՚-ը տնետուն ընկած ձայն են մուրում` ընտրողներին մեկ անգամ եւս համոզելով, որ իրենց թիմի ու թեկնածուի հաղթանակի դեպքում երեւանցիներին պայծառ ու լուսավոր ապագա է սպասվում: Չհաշված, որ կաշառքն էլ էս գլխից են տալիս` 5-10 հազար դրամ, կամ էլ` էշի զատիկին աշխատանքի տեղավորում, սոցիալական բեռի թեթեւացում եւ էլի նման հեքիաթներ ու խելքից դուրս անհեթեթ խոստումներ...
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՈՏՔ ԴՆԵԼՈՒ ՏԵ±Ղ ՉԿԱ
Մեր ունեցած տեղեկություններով` մայրաքաղաքային ընտրությունների ֆոնի վրա բավականին թեժ պայքար է սպասվելու Երեւանի Ավան համայնքում, քանի որ այստեղ ՀՀԿ-ի դիրքերը շատ ամուր են, շնորհիվ թաղապետ Տարոն Մարգարյանի: Եվ ինչպես չար լեզուներն են ասում` ԲՀԿ-ն այստեղ չի կարողանալու ոտք դնել, քանի որ այս համայնքի ընտրողներն ունեն իրենց հստակ դիրքորոշումն ու քաղաքական հայացքները: Ու ամենեւին էլ չի բացառվում, որ Ավանում կոալիցիոն երկու գործընկերների ¥ՀՀԿ-ԲՀԿ-ի) բախումը անխուսափելի դառնա, թեպետ ԲՀԿ-ն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում Ավանում իր թեկնածու Հ. Քուշկյանի ՙփիառը՚ լիարժեքորեն իրականացնելու համար: Գ. Զ.
Designed by Administrator

