Սպառողի անկյուն
ՙՙՙՙՙՙՙԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱ
Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանրությանը ներկայացրեց մի շարք ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Դրանց թվում կարելի է հիշել կարագի անվան տակ սփրեդ, ինչ-որ նյութերով ՙհամեմված՚ սուրճ վաճառելու պատմությունները, կաթնամթերքի շուկայում հայտնաբերված աղաղակող կեղծիքների փաստը եւ այլն: Ինչքանո±վ էին հանձնաժողովի պատժամիջոցները համահունչ իրականացված այդ աղաղակող խախտումների, չարաշահումների ծավալներին, դա դեռ հարցի մի կողմն է: Սակայն ինչքանո±վ այդ ամբողջ, առաջին հերթին` կաթնամթերքի շուկայում վիճակը կարգավորվեց` սա, թերեւս, շատ ավելի կարեւոր հարց է, որի հետ կապված որոշ պարզաբանումներ փորձեցինք ստանալ հանձնաժողովից:
Սակայն, մինչ կաթի շուկային հասնելը` հիշեցնենք, որ անցած տարեվերջին հանձնաժողովը եւս երկու կարեւոր շուկաներ էր ուսումնասիրում: Խոսքը դեղորայքի, բժշկական պարագաների ու հյութերի մասին է, եւ այդ ուսումնասիրությունները եւս, չնայած նախնական տվյալներով պետք է անցած տարեվերջին ավարտվեին, սակայն դա տեղի չունեցավ: Հյութերի շուկայի ուսումնասիրություններն ավարտին հասցնելու հարցին ի պատասխան` հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը մեզ տվեց հետեւյալ պարզաբանումը. ՙՔանի որ հիմնականում խոսքը ներկրված հյութերի մասին է, ներկրող ընկերությունները ժամանակ խնդրեցին, որպեսզի դրսից` արտադրող գործարաններից ստանան արտադրության հետ կապված լրացուցիչ փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը եւս կուսումնասիրենք, եւ արդեն այդ ամբողջական, համակողմանի ուսումնասիրությունների հիման վրա էլ հանձնաժողովը կկայացնի իր վերջնական եզրակացությունը՚: Մեր զրուցակիցը նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ այս ամսվա վերջ հնարավոր է, որ ուսումնասիրություններն ավարտվեն:
Դեռ ընթացքի մեջ են նաեւ դեղորայքի շուկայի ուսումնասիրությունները: Հիշեցնենք, որ այս դեպքում էլ խոսքը հիվանդանոցների հետ մրցութային կարգով դեղորայք ձեռք բերելու ժամանակ արձանագրված աղաղակող չարաշահումների մասին է: ՙՆախնական տվյալներով` ընկերություններ կան, որոնք խախտել են մրցութային պայմանները: Կան եւ այնպիսի իրավիճակներ, երբ մի ընկերությունը հաղթել է մրցույթում, ներկրել է համապատասխան դեղորայքը, սական մեկ այլ ընկերություն բերում ու այդ հիվանդանոցին, այսպես ասած, նվիրում է այդ դեղորայքը, որ հաջորդ անգամ միայն իրենից գնում կատարեն, եւ այլն՚: Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին շրջանառվող խոսակցությունների համաձայն` այս ուսումնասիրությունները, բացի ՙՆատալի ֆարմ՚-ից, կապված են մի քանի այլ խոշոր ներկրողների անվան հետ:
Սակայն գանք կաթնամթերքի շուկային, որտեղ գործող երեք ընկերությունների` ՙԱշտարակ կաթը՚-ին, ՙԴուստր Մարիաննա՚-ին եւ ՙԱնի կաթ՚-ին, հանձնաժողովը տուգանեց համապատասխանաբար` 50 մլն, 20 մլն եւ 5 մլն դրամով: Նախ` հիշատակված ընկերություններն արդեն վճարե±լ են այդ տուգանքը, թե±, այնուամենայնիվ, դեմ են իրենց նկատմամբ հնչեցված մեղադրանքներին եւ պատրաստվում են հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատարանում, ինչպես որ տուգանվածներից մեկ-երկուսը սպառնում էին անել որոշման ընդունումից անմիջապես հետո: Հանձնաժողովի մամլո խոսնակը, սակայն, տեղեկացրեց, որ մասնավորապես ՙՙԱշտարակ կաթը՚ դատական կարգով չի բողոքարկել եւ վճարել է 50 մլն դրամ տուգանքը: Բացի այդ` հանձնաժողովին եւս վարչական բողոք ընկերությունը չի ներկայացրել՚: Իսկ դա ենթադրում է, որ ընկերությունը ընդունում է այն բոլոր մեղադրանքները, որոնք նրան էր ներկայացրել հանձնաժողովը:
Փոխարենը` վերջին ժամանակներս սպառողների շրջանակներում իրականացված մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս շուկայում սպառողները որակական առումով գործնականում փոփոխություններ չեն տեսնում: Ասենք` տրամաբանությունը եւս հուշում է, որ որակական առումով վիճակը նույնն է: Բանն այն է, որ շուկայում կաթնամթերքի գների աճ հանձնաժողովի որոշումից հետո չի նկատվում: Մյուս կողմից էլ` հանձնաժողովի ներկայացրած մեղադրանքներից հիշեցնենք կաթնամթերքի արտադրությունում կոկոսի յուղի օգտագործումը: Այդ յուղը, հայտնի է, որ էականորեն ավելի էժան է, քան սովորական կաթնային յուղը, հենց որն էլ պետք է որ օգտագործվեր արտադրությունում: Սակայն, եթե ընդունենք, որ արտադրողները տուգանվելուց հետո կոկոսից անցել են կաթնային, այսինքն` շատ ավելի թանկ յուղի, ապա դա պետք է որ ինչ-որ տեղ նաեւ արտացոլվեր արտադրանքի ինքնարժեքի, այսինքն` վերջնական գների վրա եւս: Եվ եթե չկան գնային տարբերություններ, ապա չի± նմանվում այն բանին, որ կոկոսի յուղը դեռ օգտագործվում է: Իհարկե` կարող է լինել եւ հակառակը, որ կոկոսի յուղից արդեն հրաժարվել են: Իսկ այս դեպքում, եթե ընդունենք, որ արդեն օգտագործում են կաթնային յուղ եւ գներն էլ չեն բարձրացրել, ասել է թե` ինքնարժեքը տեղավորվում է այս գների շրջանակներում, ապա դա արդեն կտանի այն մտքին, որ ի սկզբանէ էլ ինքնարժեքային հաշվարկները կատարվել էին կաթնային յուղի հաշվարկով: Իսկ այդ դեպքում, եթե օգտագործել են կոկոսի յուղը, ապա նշանակում է, որ կորզել են գերշահույթներ:
Մի խոսքով` թեեւ տուգանքի փաստը կա, սակայն ներկայացված իրողությունները խոսում են այն մասին, որ կաթմամթերքի շուկայի այս բոլոր պատմություններում պետք է ներգրավվեին պետական այլ կառույցներ եւս, թեկուզեւ պարզելու, թե գերշահութաբերության արդյունքում գոնե պետությունը ստացե±լ է դրանից բխող հավելյալ հարկային եկամուտները: Բայց չէ, երեւում է, որ այդ մասին մտածելու ցանկություն անգամ պատկան մարմինները չունեն:
Մի խոսքով` սպառողները, համենայնդեպս, սեփական զգայարաններից ելնելով, որակական փոփոխություններ չեն նկատում: Դա չի± նշանակում, որ հանձնաժողովը պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնի` պարզելու համար, թե իր որոշմամբ արձանագրված թերություններն ընկերությունները վերացրե±լ են: Այս հարցի հետ կապված հանձնաժողովից ստացանք հետեւյալ պարզաբանումը. ՙՀանձնաժողովին տեղեկացվել է, որ խախտումը վերացրել են: Սակայն մենք ամբողջ փաթեթն ուղարկել ենք Գյուղնախարարություն, եւ վերջինս, քանի որ ունի լաբորատորիա, ակնկալում ենք, որ շուտով կկատարեն ուսումնասիրություններ, եւ արդյունքների մասին կիմանանք: Եթե պարզվի, որ խախտումները վերացված չեն, ապա դա կսպառնա շատ ավելի խոշոր տուգանքներով՚:
Սակայն չմոռանանք նաեւ, որ նույն Գյուղնախարարությունը, ավելի կոնկրետ` վերջինիս կազմում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւս անցած տարվա վերջերին ուսումնասիրություններ էր իրականացրել կաթնամթերքի շուկայում եւ մի քանի փաստաթղթային խախտումներից զատ` այլ բան չէր գտել: Հետեւաբար էլ` ո±րն է երաշխիքը, որ այս անգամ ինչ-որ բան կգտնի...
Եվ վերջում էլ նկատենք, որ կաթնամթերքի շուկան հանձնաժողովը սկսել էր ուսումնասիրել այն բանից հետո, երբ կաթնամթերք արտադրողները հերթական անգամ բարձրացրեցին իրենց արտադրանքի գները: Չնայած ուսումնասիրությունների արդյունքում այդքան բան բացահայտվեց, որոնք թեկուզեւ անուղղակիորեն խոսում էին գներն արհեստականորեն բարձրացնելու մասին, սակայն այդպես էլ հանձնաժողովի որոշման մեջ չեղավ պահանջ` գները վերադարձնել նախկին մակարդակի: Հանձնաժողովից մեզ խոստացան նաեւ այդ տարօրինակ փաստի հետ կապված մեկնաբանություններ տալ, եւ հուսանք, որ դրանք, այնուամենայնիվ, կստանանք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Designed by Administrator

