ՍՊՈՐՏ
Ինչպես արդեն ներկայացրել էինք նախորդ համարում, Վեյկ ան Զեեում ընթանում է Tata Steel շախմատային փառատոնը: A մրցաշարի 8-րդ տուրն ամենախաղաղն ստացվեց: Լեւոն Արոնյանը, որն առաջին տեղը կիսում էր Մագնուս Կառլսենի հետ, սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ:
Մյուս պարտիաներից միայն մեկը խաղաղ ելք չունեցավ. Վուգար Հաշիմովը սեւերով անակնկալ հաղթանակ տարավ Անիշ Գիրիի նկատմամբ, ոչ-ոքի ավարտվեցին Ֆաբիանո Կարաունա-Վասիլի Իվանչուկ, Բորիս Գելֆանդ-Գատա Կամսկի, Սերգեյ Կարյակին-Հիկարու Նակամուրա, Դավիդ Նավարա-Լյուկ Վան Վելի, Թեմուր Ռաջաբով-Մագնուս Կառլսեն, Անիշ Գիրի-Վուգար Հաշիմով պարտիաները:
8-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը վաստակած 5,5- ական միավորով շարունակում են կիսել 1-2-րդ տեղերը: Երրորդ հորիզոնականում Թեմուր Ռաջաբովն է` 5 միավոր:
Նշենք, որ երեկ Վեյկ ան Զեեում հանգստյան օր էր, իսկ հունվարի 24-ին Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի իտալացի Ֆաբիանո Կարաունայի հետ:
Իսկ 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1. Լեւոն Արոնյան 5,5
2. Մագնուս Կառլսեն 5,5
3. Թեմուր Ռաջաբով 5
4. Վասիլի Իվանչուկ 4,5
5. Ֆաբիանո Կարաունա 4,5
6. Հիկարու Նակամուրա 4,5
7. Անիշ Գիրի 4
8. Լյուկ վան Վելի 4
9. Վեսելին Թոփալով 3,5
10. Գատա Կամսկի 3,5
11. Սերգեյ Կարյակին 3,5
12. Վուգար Հաշիմով 3
13. Բորիս Գելֆանդ 3
14. Դավիդ Նավարա 2
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 72-րդ առաջնությունը:
Վերջին տուրում Տիգրան Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց նախորդ տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին եւ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Ռոբերտ Հովհաննիսյանը 6.5 միավորով արժանացավ արծաթե մեդալին:
Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, ով վերջին տուրում սեւերով պարտության մատնեց Լեւոն Բաբուջյանին:
Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ ազգային հավաքականում ընդգրկվելու իրավունքը նվաճելուց հետո Տիգրան Լ. Պետրոսյանը մասնավորապես նշել է, որ հաղթել է մասնակիցների ուժեղ կազմ հավաքած մրցաշարում եւ հույս ունի արժանիորեն ներկայացնել Հայաստանը հավաքականի կազմում. ՙԵս չեմ պատրաստվում հավաքականում լինել պահեստային խաղացող: Համոզված եմ, որ լավ կպատրաստվեմ տարվա կարեւորագույն մրցաշարին` Օլիմպիադային: Կաշխատեմ այնպիսի մարզավիճակ ձեռք բերել, որ դառնամ հիմնական կազմի խաղացող: 15-20 օր կհանգստանամ, որից հետո կսկսեմ մարզումներս: Առաջիկա նպատակս Պլովդիվում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում հաջող հանդես գալն ու այնպիսի տեղ զբաղեցնելն է, որն իրավունք կտա մասնակցել այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության՚: Հիշեցնենք, որ նա առաջին անգամը չէ, որ ընդգրկվել է հավաքականի կազմում, ավելին` աչքի է ընկել հաջող ելույթներով:
Շախմատի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրում Մարիա Կուրսովան սեւ խաղաքարերով պարտության մատնեց Հասմիկ Ղամբարյանին եւ, վաստակելով 9 միավոր, նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Մարիան անցկացրած 10 պարտիաներից 8-ն ավարտեց հաղթանակով, երկու անգամ էլ ոչ-ոքի խաղաց:
Մրցաշարն առանց պարտության ավարտեց նաեւ Աննա Հայրապետյանը, սակայն նա Կուրսովայից մեկ ոչ-ոքի ավելի խաղաց եւ վաստակած 8,5 միավորով արժանացավ արծաթե մեդալին:
Լավագույն եռյակը եզրափակեց վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Եվգենյա Դոլուխանովան` 6,5 միավոր: Դոլուխանովան վերջին տուրում հաղթեց Նաիրա Մովսիսյանին:
Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ մենք զրուցել էինք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն ՀՐԱՉԻԿ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ:
- Ըստ Ձեզ` ի±նչ մակարդակ ունի մեր երկրի առաջնությունը:
- Մակարդակը շատ բարձր է. հիմա տասը գրոսմայստեր է խաղում, մեկ միջազգային վարպետ: Տասներորդ կատեգորիայի մրցաշար է: Ինձ թվում է` շատ լարված մրցաշար է, եւ պայքարը կընթանա Տիգրան Պետրոսյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի միջեւ, ամեն ինչ կորոշվի վերջին երկու տուրից հետո միայն:
- Կանանց մրցաշարին առաջին անգամ մասնակցում են արդեն Հայաստանի հավաքականը ներկայացրած Մարիա Կուրսովան եւ նախկինում Ուկրաինայում հանդես եկող մեր հայրենակցուհի Եվգենյա Դոլուխանովան, ով արդեն ներկայացնելու է Հայաստանը: Երկրի առաջնության արդյունքներով քանի±սն են ազգային հավաքականում ընդգրկվելու:
- Մարիա Կուրսովան արդեն հավաքական թիմի անդամ է:
- Նա, կարելի է ասել, մրցակցությունից դուրս է եւ նման նպատակ չի հետապնդում..
- Բայց ինքը շատ լավ է խաղում, Աննա Հայրապետյանն էլ շատ լավ է խաղում, եւ ինձ թվում է` Աննա Հայրապետյանն էլ թիմում կընդգրկվի:
- Իսկ Եվգենյա Դոլուխանովա±ն:
- Դոլուխանովան կապ չունի... Կանոնադրությամբ չորս հոգի են գործակցով ընդգրկվում հավաքականի կազմում եւ մի հոգի էլ` Հայաստանի առաջնությունից, այսինքն` հաղթողը: Եվ դա ֆեդերացիայի որոշումն է... Եվ քանի որ, ինչպես նշեցի, Մ. Կուրսովան գործակցով արդեն հավաքականի անդամ է, Աննա Հայրապետյանը նույնպես կմիանա հավաքականին:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ
ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈ±ՒՆՆ Է
Հունվարի 13-22-ը Հայաստանի երեք ներկայացուցիչներ մեկնել են Ավստրիայի Ինսբրուկ քաղաք, որտեղ առաջին անգամ կայացավ պատանեկան ձմեռային օլիմպիադան:
Ինսբրուկում Հայաստանը ներկայացրին դահուկավազորդներ Լիլիթ Տոնոյանն ու Հրաչիկ Սահակյանը: Եվս մեկ մասնակից` Ժենյա Գրիգորյանը, հանդես եկավ բիաթլոնի մրցաշարում: Հայաստանի հավաքականի մարզիչն է Սլավիկ Սարգսյանը:
Մեր երեք մարզիկն էլ անփառունակ ելույթ ունեցան: Բիաթլոնիստուհի Ժենյա Գրիգորյանը չկարողացավ հաղթահարել 6 կմ հեռավորությամբ մրցատարածությունը: Անհաջողության մատնվեցին նաեւ դահուկորդները. կանանց պայքարում (5կմ, դասական ոճ) Լիլիթ Տոնոյանը վերջինն է հատել վերջնագիծը, իսկ տղամարդկանց մրցապայքարում (10կմ, դասական ոճ) Հրաչիկ Սահակյանը 48 մասնակիցների թվում զբաղեցրել է 45-րդ տեղը:
Վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում կփորձենք ներկայացնել որոշ մանրամասներ:
Ռ. Թ.
Designed by Administrator

