-
Նորություններ
-
Արխիվ


Տնտեսություն
ՙՙՙԱՅՍ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԷԼ ՄՈՆՈՊՈԼԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՆ
Անցած շաբաթվա վերջին կառավարությունում հրավիրված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի տեսակ գեղեցիկ լույսերով նկարագրելով մեր տնտեսական ներկայիս բավականին անհասկանալի իրողությունները, այնուամենայնիվ, ընդգծեց, թե ՙտնտեսության համար լուրջ մարտահրավեր է մնում գնաճը՚:
ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ԱԲՍՈՒՐԴՆԵՐ
Ճիշտն ասած, երբ նայում ենք գնաճի պաշտոնական վիճակագրական ցուցանիշներին, վարչապետի այդ մտահոգությունը մի տեսակ անհասկանալի է թվում. վերջին հաշվով, պաշտոնական վիճակագրությունը անցած տարեվերջի համեմատ ներկայումս արձանագրում է 4-4,5 տոկոսանոց գնաճ, ինչը տեղավորվում է թույլատրելի շրջանակներում եւ պետք է, որ առանձնապես մտահոգությունների տեղիք չտար: Բայց, իհարկե, բոլորովին այլ բան է այն գնաճը, որը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգում է սեփական մաշկի ու գրպանի վրա: Այդ տեսանկյունից նայելու դեպքում, իհարկե, պետք է վարչապետի մտահոգությունները դեռ մի բան էլ քիչ թվան: Սակայն այս դեպքում էլ կա պաշտոնական վիճակագրությանը ամենավերին պետական ատյաններից էլ կասկածանքով մոտենալու տարբերակը, թեեւ դա արդեն այլ խոսակցության նյութ է:
Ամեն դեպքում, պաշտոնական վիճակագրությունը փաստում է նաեւ, որ անցած տարվա առաջին կիսամյակի կամ 7-8 ամիսների կտրվածքով, այս տարվա նույն ժամանակահատվածում ունենք մոտավորապես 7,5 տոկոսանոց գնաճ, եւ երբ հաշվի ենք առնում, որ անցած տարվա այդ ամիսներին արդեն իսկ Հայաստանում ունեինք գների գերբարձր մակարդակ, այդ աճը արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Սակայն ՙմի փոքր՚ տարօրինակ է դառնում այս ամբողջ պատկերը, երբ նայում ես հայաստանյան մաքսայինների ներկայացրած տվյալներին: Միտքը բացատրելու համար բերենք ընդամենը մի քանի տվյալներ: Առաջ ընկնելով, շեշտենք նաեւ, որ նույնիսկ չենք էլ ուզում հիշել, թե անցած տարի որ ապրանքը ինչ արժեր եւ ինչքան է այս մեկ տարվա ընթացքում թանկացել: Պարզապես առաջնորդվենք վիճակագրական մոտավորապես 7,5 տոկոսանոց գնաճով, ենթադրելով նաեւ, որ իրականում այդ թիվը կիսով չափ պետք է մեծ լիներ: Օրինակ, ըստ մաքսային ծառայության պաշտոնական տվյալներիª 2009թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 1001 ԱՏԳ ԱԱ ապրանքային կոդն ունեցող ՙՑորեն եւ մեսլին՚ ապրանքախմբի ապրանքատեսակներըª 126841 տոննա ընդհանուր ծավալով: Հասկանալի է, խոսքը գործնականում ներկրված ցորենի մասին է: Եվ ահա, նշված ծավալը ունեցել է 32160 հազար դոլար մաքսային արժեք: Այսինքնª խոսքը մոտ 253,5 տոննա/դոլար արժեքի մասին է: Իսկ ահա այս տարվա առաջին կիսամյակում նույն ապրանքից ներկրվել է 147852 տոննաª 36998 հազար դոլար մաքսային արժեքով:
Այս դեպքում արդեն մեկ տոննայի մաքսային արժեքը 250 դոլարի կարգի է: Այսինքնª ներկրվող ցորենի գներն իջել են: Այդ դեպքում ի±նչ է տեղի ունեցել հացի եւ հացամթերքների գների հետ: Ռեալ որեւէ անկում այստեղ չկա: Փոխարենը ունենք պաշտոնական գնաճի 7,5 տոկոսանոց մակարդակ:
Բերենք լայն սպառում ունեցող այլ ապրանքատեսակների օրինակներ եւս. 901 կոդի տակ գտնվող ՙՍուրճ՚ ապրանքախմբում 2009թ.-ի առաջին կիսամյակին արձանագրված 4861 տոննայի դիմացª այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է 5461: Դրանց մաքսային արժեքները համապատասխանաբար կազմել են 11095 եւ 11847 հազար դոլար: Կարելի է պարզ թվաբանական գործողությունների միջոցով ցույց տալ, որ այստեղ էլ տեղի է ունեցել մեկ միավորի գնի անկում: Մարգարին. նույն ժամանակահատվածներում ներկրվել է համապատասխանաբար 5919 եւ 7041 տոննաª 7380 հազար եւ 9188 հազար դոլարի: Այստեղ էլ մաքսային արժեքի անկումն ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ այս ապրանքախմբի ապրանքների շուկայական գների աճը: 2009թ.-ի առաջին կիսամյակում ներկրվել են մոտ 15 մլն դոլար մաքսային արժեքով 13607 տոննա թռչնամիս եւ մսամթերք: 2010թ.-ի առաջին կիսամյակումª 19 մլն դոլարի 18406 տոննա նույն ապրանքատեսակից: Այսինքնª մաքսային արժեքի որեւէ աճ չկա, բայց ունենք 7,5 տոկոս վիճակագրական գնաճ: Եվս մեկ ապրանքախումբ կցանկանայինք ներկայացնել. 3004 կոդով ՙԴեղամիջոցներ մանրածախ առեւտրի համար՚ ապրանքախմբի ապրանքատեսակներից 2009թ.-ի առաջին կիսամյակում ներկրվել է 546 տոննաª 28929 հազար դոլար մաքսային արժեքով: Իսկ ահա այս տարիª 532 տոննաª 33995 հազար դոլար արժեքով: Իհարկե, մաքսային արժեքի աճ կա. մեկ տոննայի գինը մոտ 53 հազարից հասել է 63,9 հազարի: Կոպիտ հաշվարկով, աճը 20 տոկոսից որոշակի պակաս է: Իսկ հիմա փորձենք մտնել դեղատներ. տարբեր դեղատեսակների եւ բուժպարագաների գները այս մեկ տարվա ընթացքում թանկացել են առնվազն 50 տոկոսով, որոշ դեպքերումª 2-3 անգամով:
ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՙԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՚ ՌԵԺԻՄ
Նշված ապրանքատեսակների ցանկում, թերեւս, ամենաուշագրավներից մեկը 8703 ծածկագրով ՙԱվտոմեքենաներ մարդատար, ներառյալª բեռնա-ուղեւորատար՚ ապրանքախումբն է: Այն առումով, որ վերջերս այս ոլորտում կառավարությունը հանդես եկավ մաքսային օրենսգրքում փոփոխության նախագծով, որն արգելելու է ներմուծված ավտոմեքենաները մաքսային սահմանին ձեւակերպելª ՙժամանակավոր ներմուծում՚ մաքսային ռեժիմով: Այդ առումով Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը մեկնաբանեց, որ 2010 թ. առաջին 7 ամիսներին ՙժամանակավոր ներմուծում՚ ռեժիմով Հայաստան է ներմուծվել 44 հազար ավտոմեքենա, իսկ նախորդող տարվա նույն ժամանակահատվածումª 32 հազար:
Հետաքրքիրն այստեղ այն է, որ մաքսային ծառայության նույն տվյալների համաձայնª 2009-ի առաջին կիսամյակին Հայաստան է ներմուծվել 8 հազար, իսկ 2010-ինª 7 հազար ավտոմեքենա: Ընդունել, որ այս հաշվառումը վերաբերում է այն ավտոմեքենաներին, որոնք մաքսազերծումն անցել են, իսկ ՙժամանակավոր ներմուծում՚ ռեժիմի տակ գրանցվածները մնացել են մի կողմ, մի տեսակ չի ստացվում: Համենայնդեպս, այս տարվան վերաբերող 7 հազար ավտոմեքենաների մասով: Բացատրենք միտքը. գործող օրենսդրությունը թույլատրում է ՙժամանակավոր ներմուծում՚ ռեժիմով ձեւակերպել առավելագույնը 1 տարի ժամկետով: Իսկ դա նշանակում է, որ 2009-ին այդ ռեժիմով ներկրված 32 հազար ավտոմեքենաներն այս տարի արդեն պետք է ամբողջական մաքսային զեւակերպում ստանային ու վճարվեին սահմանված բոլոր հարկատեսակները: Իհարկե այստեղ կա ինչ-որ ժամանակը մեկ սահմանն այն կողմ անցնելու եւ կրկին ՙժամանակավոր ներմուծման՚ ՙթարմ՚ ռեժիմով վերադառնալու տարբերակը, սակայն դժվար է հավատալ, որ բոլոր այդ 32 հազար ավտոմեքենաների պարագայում նույնն արվել է: Բանն այն է, որ այդ սողանցքից օգտվելով անգամ պետք էր 1-1,5 ամիսը մեկ անգամ Հայաստանից անցնել Վրաստան եւ վերադառնալ, ինչը տարեկան կտրվածքով հանրապետության կենտրոնական եւ հարավային շրջաններում ՙտնավորված՚ ավտոմեքենաների պարագայում շատ ավելի բարձր գին կարժենար, քան մաքսազերծման բոլոր վճարները: Ուստիեւ, տարբեր հաշվարկներով, անցած տարի նշված ռեժիմով ներկրված ավտոմեքենաների առնվազն 30-40 տոկոսի հետ պետք է որ այդ դուրսուներսի սողանցքը չիրագործվեր: Բայց այս տարվա առաջին կիսամյակում, ինչպես նշվեց, ներմուծումը 7 հազարի կարգի է, եւ այս ամբողջ պատմությունը գալիս է հուշելու, որ ՙժամանակավոր ներմուծում՚-ից բացիª ունենք նաեւ շատ խորը ՙկոռուպցիոն ներմուծում՚ ռեժիմը:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից ՙժամանակավոր ներմուծում՚ ռեժիմից առհասարակ հրաժարվելուն, ապա դա միանշանակ ծառայելու է խոշոր ներմուծողների եւ, վերջնահաշվարկում, փողատերերի օգտին, քանի որ այն սպառնում է երկրի ներսում զգալիորեն բարձրացնել ավտոմեքենաների գները: Ընդ որում, շատ ավելի էժան նպաստավոր ռեժիմի պատճառով վերջին տարիներին ավտոմեքենաների մեր հիմնական մատակարարը դարձել է Վրաստանը, եւ արդյունքում ստացվում է, որ շահելու են վրացիները, մեր տեղական մեծահարուստները, միգուցեª նաեւ պետբյուջեն, սակայն բացառապես Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին:
ՆԵՐՔԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՙԳՆԱԽԱՂԱՅԻՆ՚ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ
Ու պատկերացրեք, մաքսային եւ շուկայական գների մոտավորապես նույն իրավիճակն է մյուս այն բոլոր ապրանքատեսակների մոտ, որը ներկայացնում է մաքսային ծառայությունը. շատ ու շատ դեպքերում կա անգամ մի փոքր գնաճ, հիմնականում գները չեն թանկացել, որոշ դեպքերում էլ մաքսային արժեքի համեմատաբար փոքր աճին հաջորդել են մանրածախ շուկայում այդ նույն ապրանքատեսակի առնվազն կրկնակի անգամ ավելի բարձր տեմպերով թանկացումներ: Իսկ սա հենց այն բանի ապացույցներից է, ինչ ասվել է հարյուրավոր ու հազարավոր անգամներ: Մեր երկրում թանկացումները պայմանավորված են ոչ այնքան արտաքին գործոններով, որքան մեր տեղական օլիգարխների ու մոնոպոլիստների քմահաճույքով: Իհարկե, միտքը մի փոքր մեղմ տարբերակով շարադրեցինք: Ավելի ճիշտª դա կհնչի այսպես. քիչ դեպքերում է, որ մեր երկրում թանկացումը ունի օբյեկտիվ հիմք: Թանկացումների բացարձակ մեծամասնության դեպքում նպատակը թալանչիական գերշահույթներն են:
Փոխարենը գների հետ կապված` երեկ ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի որոշ հայտարարություններ մի տեսակ տարակուսանք են առաջացնում: Ցորենի եւ դրանից բխող հացի գների հետ կապված, ինչպես նշեցինք, թեեւ առաջին կիսամյակում ունեցել ենք ցորենի մաքսային արժեքի անկում, սակայն հացի գների մասով պատկերը 180 աստիճանով հակառակն է: Ավելին, 2008-ին նկատվել էր ցորենի եւ դրանով պայմանավորվածª հացի գների թռիչք: Բայց երբ ցորենի գներն իջան, հացի գները մնացին գերբարձր մակարդակի վրա: Եվ, ահա, գյուղնախարարը, խոսելով ցորենի գների այս վերջին հայտնի թանկացումներից, հետեւյալ կարծիքն է հայտնում. ՙԵթե ցորենի, գազի, տրանսպորտի գինը բարձրացել է, ինչպե±ս կարող է հացի գինը չբարձրանալ՚: Միգուցե ճիշտ է տեղական արտադրողին, տվյալ դեպքումª հացարտադրողին պաշտպանել: Բայց այդ կե±րպ: Ուրեմն նրանց արդարացնելով հանդերձª պարոն նախարարը ինչո±ւ չի բացատրում, թե ցորենի վերը նշված էժանացումները ինչո±ւ այդպես էլ հացը չեն էժանացրել:
Բացի հացարտադրողներիցª գյուղնախարարը երեկ բարի էր նաեւ ցորեն ներկրողների նկատմամբ եւ պատմեց, որ լրագրողների հետ հանդիպման ներկայանալուց առաջ ինքը հանդիպել է ցորեն ներկրող 8 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ նրանք վստահեցրել են, որ առաջիկայում հացի գնի ՙէական բարձրացումներ չեն լինելու՚: Ուրեմն ոչ էական թանկացումնե±ր են լինելու: Եվ դա այն դեպքում, որ տեւական ժամանակ է, ինչ միջազգային շուկայում ցորենի գները նվազում են: Էլ չենք խոսում այն մասին, որ ներկայումս երկրի ներսում վաճառվում են վաղօրոք, էժան գներով ներկրված ցորենը, ալյուրը, եւ հասցրել են դրանց գիննը հասցնել գերշահութային մակարդակի:
Եվ քանի որ խոսեցինք գյուղատնտեսությունից, որտեղ այս տարի արձանագրվել է 23 տոկոս անկում, նշենք նաեւ, որ նախարարը երեկվա իր ելույթում հիմնականում անկումը պայմանավորեց բուսաբուծության ոլորտով: Հասկանալի էª կրկին մեղավորը վատ եղանակն է, թեեւ նախարարը նշեց նաեւ, որ ցորենի ու կարտոֆիլի քիչ բերքի պատճառներից է ցանքատարածությունների կրճատումը: Իսկ սա նշանակում է, որ դա նաեւ, մասնավորապես, կարտոֆիլի գերբարձր գների պատճառն է: Այստեղ հարց է ծագում. հողագործն ինչո±ւ այս տարի քիչ կարտոֆիլ ցանեց: Այս հարցը կարելի է լրջորեն քննարկել, սակայն էս գլխից էլ միանշանակ կարելի է ասել, որ այդ հարցում մեղքի զգալի բաժին ունի նաեւ ոչ ճիշտ պետական քաղաքականությունը: Ասենքª գյուղատնտեսական տարբեր այլ կուլտուրաների վատ բերքի պատճառների թվում եւս այդ քաղաքականությունն իր ուրույն դերն ունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՕԼԻԳԱՐԽԻԿ ԽԱՂԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Գաղտնիք չէ, որ տեղական արտադրության դեպքում եւս շատ հաճախ գործ ունենք արհեստական, գերշահույթներ ապահովող գների հետ, ինչը հաճախ ուղղակի առնչություններ ունի նաեւ օլիգարխիկ խաղերի հետ: Կարելի է բերել թեկուզեւ վերջին օրինակըª այն, ինչ տեղի ունեցավ ձվի շուկայում: Բայց այստեղ առավել մտահոգություն են պատճառում ոչ միայն այդ շուկայում արձանագրված բուն գնային շարժերը, այլեւ դրանցից արծարծվող երեւույթները: Թեկուզեւ այն պատմությունը, որը կապված էր այդ ամենի հետ ուղղակիորեն առնչվող ՙԵրեւանի՚ թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի կողմից ՙԼուսակերտի՚ թռչնաֆաբրիկան ձեռք բերելու պատմության հետ: Հիշեցնենք, որ պետական համապատասխան կառույցները ի սկզբանե չափից դուրս հանդարտ ընդունեցին այդ եւ Խ. Մանուկյանի կողմից այլ թռչնաֆաբրիկաներ ձեռք բերելու փաստը եւս: Եվ դա` չնայած այն բանին, որ ուղղակիորեն տանում էր ոլորտի մոնոպոլիզացիայի: Սակայն էլ ավելի տարօրինակ էր, որ ՙԼուսակերտի՚ ֆաբրիկան ձեռք բերելու գրեթե կայացված գործարքը մեկ օրում չեղյալ համարվեց: Պաշտոնական այն պարզաբանումները, թե ՙԼուսակերտն՚ ուներ մի քանի միլիոն դոլարի չմարված պարտավորություններ, ինչի մասին գնորդին չէին տեղեկացրել, պարզապես ծիծաղելի են թվում, քանի որ դա կնշանակեր գնորդին բացահայտորեն խաբելու ու ՙքցելու՚ փորձ, իսկ նման խաբեությունը պետք է դիտարկվեր նաեւ որպես քրեորեն պատժելի արարք: Իսկ նման քննություն որեւէ իրավապահ կառույց այսօր չի վարում: Փոխարենը, սկսեցին տարածվել այլ լուրեր, որ ՙԼուսակերտի՚ գործարքը ձախողվելուց հետո Խաչիկ Մանուկյանը վաճառում է իր բոլոր բիզնեսները եւ դրսում սեփականություններ է ձեռք բերում: Իհարկե, դա Խ. Մանուկյանը չհապաղեց հերքել, պնդելով, թե այդ լուրերը հորինված ստեր են: Նրա խոսքով. ՙՈչ մի բան չեմ վաճառել եւ երկրից էլ չեմ գնալու՚:
Սակայն չնայած այս հերքմանը, որը, ճիշտն ասած, կազմակերպված քարոզչություն է հիշեցնում, դեռ չեն դադարում այն համառ լուրերը, որ հենց ձվի շուկայում տեղի ունեցած այդ բոլոր պատմությունների արդյունքում է նա քիչ-քիչ հայտնվում ՙսեւ ցուցակում՚ ու հիմա նման քարոզչական ջանքերով եւ այլ միջոցներով ակտիվ փորձեր է կատարում իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Բայց անկախ այս բոլոր տարբերակներից, նկատենք, որ այս խաղերը բավական լուրջ ցնցումներ առաջացրեցին ոչ միայն ձվի, այլեւ թռչնամթերքի շուկաներում, որոնք, ի դեպ, մեր երկրի հատուկենտ կայացած ճյուղերի ցանկում են գտնվում: Ինչեւէ, այս հարցի շուրջ զարգացումներ, կարծում ենք, առաջիկայում եւս կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Designed by Administrator

