-
Նորություններ
-
Արխիվ


Զարմանք
Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք զարմանալու ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ քայլերի առնչությամբ: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթվա վերջում, եկավ ամբողջացնելու զարմանալի քայլերի շարանը: Պատկերացնո±ւմ եք, այդ մարդը կուսակցության առաջնորդ է, սակայն կուսակցության վարչության նախագահը Անահիտ Բախշյանն է, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է Արմեն Մարտիրոսյանը, եւ ահա Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ զարմանալիորեն հրաժարվեց ներկայացնել խորհրդարանական ընդդիմությունը ԵԽԽՎ-ում եւ ՆԱՏՕ-ում` այդ պատիվը զիջելով Զարուհի Փոստանջյանին եւ Ստեփան Սաֆարյանին: Զարմանալի է, այս ամենից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը էլ ի±նչն է առաջնորդում ՙԺառանգություն՚ կուսակցությունում, եթե ինքն իրեն լիովին մեկուսացրել է որոշում ընդունելու եւ դիրքորոշում հայտնելու բոլոր կարգավիճակներից: Դե ինչ, երեւի թե ստեղծում է կուսակցապետի նոր որակ, որը աշխարհի որեւէ երկրում որեւէ կուսակցություն չի տեսել: Տվյալ պարագայում էլ ՙմերն ուրիշ է՚:
Քաղաքականությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր քաղաքացու հայտնի է, որ վերջերս գործնականում ամեն օր Հյուսիսային պողոտայում տեղի են ունենում ՙԿոնգրեսի՚ ակտիվիստների եւ ոստիկանության բախումներ: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ ՀՀԿ խմբակցությունում կա երկար տարիների ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, որը նաեւ ժամանակին խմբակցության քարտուղարն էր, որ բացարձակապես անտեղյակ է այդ իրադարձություններին: Ահա նրա զարմանալի դարակազմիկ մեկնաբանությունները. ՙՏեղյակ չեմ, անկեղծ ասած՚, ՙԲացարձակ տեղյակ չեմ՚, ՙԻրոք, տեղյակ չեմ, չեմ կարող ոչ մի բան ասել՚: Մնում է զարմանալ ու զարմանալ այդ իրական կամ կարծեցյալ անտեղյակության վրա: Ըստ ամենայնի` այդ պատգամավորը որոշել է ՙշառից-փորձանքից հեռու՚ իրեն անտեղյակի տեղ դնել, միայն թե պարզ չարտահայտվի, թե Հյուսիսային պողոտայում կողմերից որը ՙլավ է անում՚, իսկ որը ՙգլուխը պատով է տալիս՚: Այդ դեպքում, զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցադրել, թե այդպիսի պատգամավորը, որը դիրքորոշում չունի, էլ ի±նչ է անում օրենսդիր մարմնում:
Ի դեպ, ինչ վերաբերում է ՙշառին ու փորձանքին՚, ապա ամեն ինչից միշտ տեղյակ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ զարմանալի մեկնաբանություն է տվել նույն Հյուսիսային պողոտայում ՙԱ1+՚-ի թղթակից Դավիթ Ջալալյանի հետ կատարվածին. ՙՄեզ մոտ արդեն դարձել է լրագրող հասկացությունը շառից-փորձանքից հեռու մնալ: Լրագրողը ամեն ինչ կարող է անել` նույնիսկ որոգայթներ լարել, բայց հասարակությունը կամ մարդիկ պիտի անպայման հեռու փախչեն լրագրողից՚: Հիմա չհասկացանք, ՀՀԿ խմբակցության համար լրագրողնե±րն են շառ ու փորձանք, թե± լրագրողներին է հորդորում շառից-փորձանքից հեռու մնալ:
Զարմանալի իրողություն է ներկայացրել պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` խոսելով հակաճգնաժամային ծրագրերի մասին. ՙՀայաստանը չունի պահեստավորված ֆինանսական ռեսուրսներ, այդ գումարներն ակնկալում ենք դրսից ստանալ. կստանա±նք դրանք, թե± ոչ, եթե ստանանք` ինչ ծավալով, դժվար է ասել: Եթե այդ ներդրումները չլինեն, ծրագիրը ինչքան էլ լավը լինի, ի զորու չենք լինելու իրականացնել՚: Այդքանը լսելուց հետո չենք կարող հարց չտալ. իսկ ի±նչ պատիժ է հասնում այն պաշտոնատար անձանց, ում պատճառով երկիրը չունի պահեստավորված ռեսուրսներ, եւ ում մեղքով ազգովի հայտնվել ենք հայտնի առակի ճպուռի կարգավիճակում. ՙՉաշխատեցիր ամառը, ասա` ինչն է պատճառը՚:
Իսկ մտավորական ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ զարմանալի փաստեր է հրապարակել` կապված հուշարձանների վերականգնման հետ. ՙՄեզանում հուշարձան վերականգնելը միայն գումար աշխատել է... Իռլինդի մերձակայքում այսօր շինանյութի մեջ խաչքարեր եւ 7-րդ դարի քառակող կոթողներ են՚: Զարմանալով հանդերձ, թե ինչպես են վերաբերում հուշարձաններին, չենք կարող չհամաձայնել նրա հարցադրմանը. ՙԿարտոնից մակե±տ է` քանդես-սարքես: 7-րդ դարի տաճարի հետ գործ ունենք, այ մարդ՚:
Եվ վերջապես, մեզ զարմացրեց նաեւ պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` իր լավատեսությամբ. ՙԵրբեք չեմ կարող համաձայնել, որ մեր ժողովուրդը սերիալի կամ ռաբիսի պահանջարկ է ներկայացրել՚: Լավ, եթե այդպիսի պահանջարկ չկա, ապա ինչո±ւ շատերին հնարավոր չէ կտրել ամենատափակ սերիալների դիտումից, եւ ինչո±ւ երթուղայիններում վարորդներն առավելապես հենց ռաբիս երաժշտություն են միացնում, սակայն գրեթե երբեք մեր ՙռաբիս չպահանջող՚ հանրությունից դիտողության չեն արժանանում: Ի±նչ է, լուսնի±ց են իջել այդ սերիալասեր ու ռաբիսապաշտ զանգվածները, նրանք մեր ժողովրդի հետ կապ չունե±ն...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

