Զարմանք
Շատերը համացանցում տեսել են այն ապշեցուցիչ կադրերը, թե ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ իրեն հարց ուղղած քաղաքացուն ՙբոմժ՚ անվանեց: Զարմանալի է, որ ընդհանրապես նախարարը իրեն այդպիսի վարքագիծ է թույլ տալիս: Ախր սոցիալական հարցերի նախարարի պարագայում անգամ ՙբոմժին՚ պետք է դիմեն հարգալից, էլ ուր մնաց` պարզապես հարց տվող քաղաքացուն: Իսկ հետաքրքիր է, Արթուր Գրիգորյանը, մինչեւ նախարար դառնալը, ի±նչ էր, եւ ինչ վերաբերմունք կունենար, եթե այն ժամանակվա նախարարներից որեւէ մեկը իրեն ՙբոմժ՚ անվաներ... Չնայած, վերջերս կարծես թե բառապաշարին չհետեւող պաշտոնյաները սկսել են նաեւ, բախտի բերմամբ թե պատահմամբ, բռնել իրենց պաշտոնը կորցնելու ուղին. օրինակ` ժամանակին բանվորներին ՙհամբալներ՚ անվանած մի բարձրաստիճան պաշտոնյա արդեն քանի ամիս է, ինչ չի պաշտոնավարում:
Մեզ զարմացրեց եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի որդին` ՎԱՐԴԱՆ ՆԻԿՈՅԱՆԸ: Կառավարությունում աշխատող այդ երիտասարդը ժամանակին բավականին համեստ պահվածք ուներ, բայց երբ Սամվել Նիկոյանը դարձավ ԱԺ խոսնակ, նրա որդին անմիջապես սկսեց երթեւեկել ՙՊրադո՚ թանկարժեք մեքենայով: Պարզապես Սամվել Նիկոյանը իր ընտանիքի սպասարկման համար լրացուցիչ ավտոմեքենա է վերցրել, եւ մնում է զարմանալ, որ այսքան տարիներ շարունակ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը վարող Նիկոյանը, դիմանալով պաշտոնի հետ կապված գայթակղություններին, ընդամենը մեկ աստիճանով պաշտոնական առաջխաղացում ունենալով, ԱԺ խոսնակի պաշտոնի հետ կապված գայթակղություններին չդիմացավ:
ՀԱԿ-ը զարմանալիորեն հայտնվել է Պանիկովսկու վիճակում: Նրան ՙաղջիկները՚, տվյալ դեպքում` ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի պաշտոնատարները չեն սիրում: Գրասենյակի ղեկավար ԿԱՐԵԼ ՀՈՖՍՏՐԱՆ քիչ էր, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հարցում չկիսեց ՀԱԿ-ի ու այլոց տեսակետները, հիմա էլ դաժան հիասթափության ենթարկեց միջազգային դիտորդների քանակի հարցում: Ախր, քանի ամիս է, որ ե°ւ ԼՏՊ-ն, ե°ւ նրա համախոհները աղոթքի պես հա կրկնում են, որ հույժ անհրաժեշտ է ընտրություններին 2000 միջազգային դիտորդների ներկայությունը: Եվ ահա, Կարել Հոֆստրան լրիվ կոտրեց նրանց սիրտը. ՙՄի քանի հարյուր միջազգային դիտորդն էլ բավական են` օր ու գիշեր պատշաճ հսկելու ընտրությունների ընթացքը բոլոր ընտրամասերում՚: Դե արի ու հեղափոխական գործերում հույս կապի այդ սրիկա եվրապաշտոնյաների հետ:
Սակայն ինքը` ՀԱԿ-ը, մեզ զարմացրեց այն հարցում, որը, կարծես թե, պետք է լիներ ՀԱԿ-ի սրբության սրբոցը: Ժամանակին բարձր գոռում էին ՙքաղբանտարկյալների՚ մասին, բայց պարզվում է, որ այդ նույն ՙքաղբանտարկյալների՚ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՑ ոմանց քցել են ճիշտ այն տեխնոլոգիայով, որով սովորաբար իրենց գործն են անում մանր ժուլիկները կամ փողոցային խուժանը: Բոլոր թղթերի հետ մեկտեղ` փաստաբաններին ստորագրել էին տվել ծառայության դիմաց վճարելու անդորրագրերը, սակայն պարկեշտ գործընկերոջ պես այդ գումարները վճարելու փոխարեն պարզապես քցել են փաստաբաններին, եւ հիմա փաստաբանները չստացած գումարից հարկային մարմիններին ահակին պարտք են, եւ դեռ վրադիր էլ` տուժ ու տուգանքներն են ավելանում: Զարմանալի է, այսքանից հետո որեւէ փաստաբան սրանց հետ գործ կբռնի±, կամ որեւէ մեկը, հանուն սրանց, բանտ նստելու վտանգին իրեն կենթարկի±:
Երբեմն զարմանալի բաներ են կատարվում` սոցիալական ցանցերի շնորհիվ: Ռոք երաժիշտ Էդգար Բարսեղյանը ֆեյսբուքում` որպես սեքս բառի հայերեն թարգմանություն, կատակով գրել էր ՙՀԱՃՈՒՅՔԱՃԽՏԻԿ՚, եւ զարմանալիորեն այնպես ստացվեց, որ այդ բառը, պտույտներ գործելով, հասավ լրատվական տարածք: Ինչքան էլ զարմանալի լինի, ՙԼրագիր՚ կայքէջում հայտնվեց ընդարձակ վերլուծություն, թե ինչ է բխում այն բանից, որ Լեզվի պետական տեսչությունը առաջարկել է ՙհաճույքաճխտիկ՚ բառը: Բայց ախր պետական այդ մարմինը նոր բառեր առաջարկելու գործառույթ չունի, ու ոչ էլ կապ ունի այդ` կատակով առաջարկված բառի հետ: Դե, հիմա էլ արդեն այդ ՙվերլուծաճխտիկից՚ հետո այդ տարաբախտ նյութը արդեն հղումներով վերադարձավ ֆեյսբուք ու դարձավ հումորից զուրկ օգտատերերի քննարկման առարկա:
Նույն ֆեյսբուքը չար կատակ է խաղացել մեր ՎԱՐՈՐԴՆԵՐԻ գլխին: Հենց որ հայտնվեցին խախտում ֆիքսող տեսախցիկները, մեր հայրենակիցները միանգամից ռուսական եւ անգլիական տարբեր աղբյուրներից պեղեցին հնարքներ, թե ինչ անել, որպեսզի տեսախցիկները պետհամարանիշը չտեսնեն: Եւ լավագույն ՙդեղատոմսը՚ համարվում էր պետհամարանիշի վրա մազի լաք քսելը` իբր փայլը կխանգարի տեսախցիկներին: Բայց արի ու տես, որ խախտումների արձանագրման կենտրոնի ղեկավար Արսեն Ղազարյանը` իր աշխատակիցների հետ միասին, փորձարկել է բոլոր առաջարկած հնարքները, եւ զարմանալիորեն պարզվել է, որ մազի լաք քսելու դեպքում համարն ավելի պարզ է արձանագրվում: Դե ինչ, մեր որոշ վարորդներ իսկական ՙհայի բախտ՚ ունեն, եւ ճարել էին հնարքներ, որոնցով հնարավոր էր խաբել միայն հին նմուշի տեսախցիկներին, եւ խախտում սիրող վարորդների չար բախտից մեր ոստիկանությունը տեսախցիկների փողը չէր կերել եւ ձեռք էր բերել միանգամայն նորագույն նմուշի տեխնիկա:
Designed by Administrator

