-
Նորություններ
-
Արխիվ


Զարմանք
ՙՄեր երկրում հնարավոր են ոչ միայն հույժ զարմանալի, այլեւ իդիոտիզմի աստիճանի զարմանալի իրադարձություններ: Եվ դա` ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Քիչ էր, որ հայկական ազգանուն ունեցող պատգամավորը առանց գետինը մտնելու թուրքերից աջակցություն ուզեց, դրան էլ զարմանալիորեն գումարվեց այն, որ անսպասելիորեն հարց բարձրացնողներ եղան, թե ինչո±ւ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ չի անվանվել քաղբանտարկյալ կամ քաղաքական հետապնդման զոհ ու նրա վրա չի տարածվել համաներումը: Ինչպես ասում են, ամեն ինչներս թամամ էր, մնացել էր սարի սմբուլը: Եվ ինչպիսի սրտաճմլիկ ձեւակերպումներ կան. ՙՎանո Սիրադեղյանը քոչարյանական իշխանության հաստատումից ի վեր, ըստ էության, առաջին խոշոր քաղաքական ու պետական գործիչն էր, ում նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում բացառապես քաղաքական դրդապատճառներով՚: Դե ինչ, ընթերցողներին խորհուրդ տալով այդ տողերը կարդալուց անմիջապես հետո սպառազինվել թաշկինակներով, չենք կարող նաեւ մեկ անգամ եւս չհիշել տասը տարվա վաղեմության իրադարձությունները եւ փաստել, որ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը մեղավոր է, ահավոր մեղավոր է նրանում, որ նույն Վանո Սիրադեղյանին միտումնավոր թույլ տվեց փախչել երկրից եւ խուսափել արդարադատությունից:
Ի դեպ, արդարադատության մասին: Գոյություն ունի մի միջազգային կազմակերպություն, որը կոչվում է Մարդու իրավունքների միջազգային ՖԵԴԵՐԱՑԻԱ: Ու սույն զարմանահրաշ կառույցը հանկարծ մեր երկիրը հիշատակեց իր տարեկան զեկույցում` մատնանշելով, որ մեզանում էապես ոտնահարված է արդար նախաքննության եւ արդար դատաքննության իրավունքը: Եվ զարմանալին այն է, որ սույն աստվածահաճո հիմնարկությունը հայոց արդարադատության մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ խոսքը գնաց մարտի 1-ի գործով դատվողների մասին: Դե, իհարկե, հազարավոր եւ տասնյակ հազարավոր հասարակ քաղաքացիների` անարդար նախաքննությանն ու դատաքննությանը ամեն օր բախվելու փաստի վրա սույն ՙիրավապաշտպանները՚ թքած ունեն: Հասարակ քաղաքացին էլ ո±ւմ շունն է, որ նրան հիշեն. չէ± որ նա հակապետական քայլեր չի անում, ու նրա պաշտպանությամբ չես վաստակի տարատեսակ քաղաքական միավորներ: Իսկ խոշոր հաշվով` ինչքան հեռու լինենք այնպիսի շառից, ինչպիսին են միջազգային իրավապաշտպան կոչեցյալները, եւ ինչքան ինքներս լուծենք մեր խնդիրները, եւ, կոպիտ ասած, անտեղի տեղը ՙշուն չհաչեցնենք՚, այնքան լավ:
Սակայն մեր տեղական արտադրության իրավապաշտպաններն էլ մի բարի պտուղը չեն: Այսպես, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ժամանակին մեր ՙիրավապաշտպանների՚ աչքի լույսն էր, հույսն ու հավատն էր: Եվ ահա այն բանից հետո, որ սույն պարոնի կողմից մեր երկրի հասցեին հնչեցվող հայհոյանքը պակասեց, ինչպիսի բնութագրում նրան տվեց մեր ՙսուպեր իրավապաշտպան՚ Արթուր Սաքունցը. ՙԵրբ իր երկրում քարոզարշավի ընթացքում Պրեսկոտը փորձում է երեխա գրկել, երեխայի ծնողը նրան ասում է` ձեռքերդ հետ տար, մի գրկիր իմ երեխային, դու ես մնացել, որ դիպչես իմ երեխային: Բոլորին է հայտնի, որ Պրեսկոտը մեղադրվում է նաեւ խոշոր կոռուպցիայի մեջ՚: Զարմանալի է, այդ ինչո±ւ պարոնայք ՙիրավապաշտպանները՚ նոր-նոր են հիշում, որ պարոն Պրեսկոտը իր հայրենիքում ունի մանկապիղծի եւ կոռուպցիոների համբավ: Թե± մինչ վերջերս նա, Բուշ ավագի խոսքով ասած, ՙշան որդի էր, բայց մեր շան որդին՚:
Քանի որ խոսք գնաց ոչ միայն դատաքննության, այլեւ նախաքննության մասին, չենք կարող չհիշատակել մեր հարազատ ոստիկանության, մեղմ ասած, զարմանալի ՙՄԵՆԹ՚ալիթետի մասին: Այսպես, լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակման գործում պահանջվեց գլխավոր դատախազության հատուկ ցուցումը, որպեսզի ոստիկանությունը պարտավորեցվի որոնել մյուս հարձակվողներին, ստուգել դատապարտյալ Կարեն Հարությունյանի շփումների շրջանակը, ստուգել եւ Էդիկ Բաղդասարյանի, եւ այլ լրագրողների կողմից հնչեցրած վարկածները կազմակերպիչների վերաբերյալ: Զարմանալով հանդերձ` մնում է գալ եզրակացության, որ տվյալ դեպքում գործ ենք ունեցել միտումնավոր չբացահայտման հետ: Դե ինչ, մեր ոստիկանությունը գերազանց պիտանի է Ջավախքի բնակչության հարցերը բարձրացնող ցուցարարներին ծեծելով ցրելու, սակայն ի վիճակի չէ բացահայտել հանրային հնչեղություն ունեցող հանցագործությունների մեծ մասը:
Այն, որ մեր երկրում ծաղկում է քրեական մտածելակերպը, եւ այն զարգանում է սերիալների շնորհիվ, նորություն չէ: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ քրեական ուղղվածություն ունեն անգամ դպրոցական դասագրքերի մի մասը: Այսպես, նախարարության կողմից հաստատված 8-րդ դասարանի ՀԱՆՐԱՀԱՇՎԻ դասագրքում տոկոսներին վերաբերող խնդիրների գերազանց մասը կարծես թե հատուկ ապագա վաշխառուների համար գրված լինի, իսկ տրամաբանություն սովորեցնում են քրեական բնույթի օրինակներով. ՙԵթե Արմենը գողություն էր արել, ապա նրա մատնահետքերը կգտնվեին: Արմենի մատնահետքերը գտնվեցին: Ուրեմն` Արմենը գողություն էր արել՚, կամ ՙՎարդանը մարդասպան էր, կամ Արամը ստում էր: Արամը չէր ստում: Ուրեմն` Վարդանը մարդասպան էր՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է կրթության նախարարությանը շնորհավորել, որ մեծ հաջողությամբ ներդրում է ունենում ապագա թալանչիների, գողերի եւ մարդասպանների սերունդը ձեւավորելու սուրբ գործում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

