ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՈՒՐՋ

11.05.2017 23:40 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՈՒՐՋ

Քաղաքի հարստությունը ոչ միայն գեղեցիկ շինությունները, թանգարանները, պատկերասրահներն են, նաև միջազգային փառատոններն են, որոնք հանդիսանում են հոգևոր կյանքի բարձրակետը և վկայում հոգևոր կյանքի վեհությունը: Մեր պարագայում, նրանք ունեն նաև կամերտոնի դեր՝ համեմատության մեջ՝ ինչ ունենք, ինչ որակի է այն, ուր ենք հասել և որ ուղղությամբ պետք է գնանք: Փառատոները միայն գեղագիտական բավարարություն ստանալու աղբյուր չեն: Հսկայական է նրանց դերը ճանաչողության և կրթելու իմաստով:
Այդպիսին դառնալու լուրջ հայտ էր ապրիլի վերջի օրերին կայացած Երևան առաջին միջազգային  օպերային փառատոնը՝ նվիրված հռչակավոր երգիչ Գեղամ Գրիգորյանին:
 Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, ով նաև փառատոնային երկու համերգների դիրիժորն էր: Ներկայացվեց երկու գեղեցիկ համերգ հանրածանոթ ծրագրով, մատուցված կատարողական արվեստի բարձր մակարդակով, ինչպիսին հազվադեպ ենք հնարավորություն ունենում լսելու և ըմբոշխնելու մեր բեմում և մեկ ներկայացում՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան, որը ղեկավարեց հրավիրյալ դիրիժոր Քրիս Ռուսսմանը (Մեծ Բրիտանիա): Փառատոնի եզրափակիչ ներկայացմանը ելույթ ունեցան սոպրանո Հասմիկ Թորոսյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բարիտոն Առնոլդ Քոչարյանը
Ընդհանրապես, արիաներում, արիոզոներում, կավատինաներում, մոնոլոգներում՝ ընդհանուր դրամատուրգիական զարգացումից առանձնացված այդ փոքր հատվածներում, շատ դժվար է ներկայացնել կերպարի առանձնահատկությունները: Անհրաժեշտ է դերասանական և երգչական մեծ վարպետություն՝ դիմախաղ, շարժում, երանգներ, նրբերանգներ, հուզական աշխարհի ամենանուրբ փոփոխությունների տիրապետում, սահուն երգեցողությունից խոսակցական ինտոնացիայի անցման կարողություն, բարձր կուլտուրա: Այս ամենով օժտված էին մեր հյուրերը՝ հռչակավոր արտիստներ Բարբարա Ֆրիտտոլին (ով անցկացրեց շատ ուսանելի վարպետության բաց դաս), Հասմիկ Գրիգորյանը, Ռոդիոն Պողոսովը, Գեորգի Գագնիձեն, Ստիվեն Կոստելլոն: Նրանք կարողացան իրենց անբռնազբոս պահվածքով ստեղծել կենդանի, երբեմն հումորով լի, անմիջական ջերմ կապ դահլիճի հետ: Երաժշտասեր հասարակությունն էլ զգաց մթոնոլորտը, գնահատեց և մեծ ոգևորությամբ ընդունեց յուրաքանչյուր ելույթ՝ պարգևելով արտիստներին երկարատև, բուռն ծափահարություներ և հիացմունք արտահայտող «բրավոներ»: Համերգները մեր երգիչների համար ուսանելի շատ բան ունեին և շատ ուրախալի էր դահլիճում տեսնել մեծ թվով վոկալի ուսուցիչների, ուսանողների և փորձառու արտիսների: 
Լիահույս լինենք, որ Փառատոնը կդառնա ամենամյա, կտևի երկու-երեք շաբաթ և կընդգրկի մի քանի համերգներ և ներկայացումներէ՝ մեր թատրոնի և արտերկրյա երգիչ-երգչուհիների համատեղ մասնակցությամբ: Դրանք ինչպես նաև Փառատոնի կարևորագույն մաս կազմող «Վարպետության դասերը, մասնագիտական զրույցները, կօգնեն մեր երիտասարդ երգիչների բեմական հասունացմանն ու զարգացմանը: Փառատոնը նոր լիցք և եռանդ կհաղորդի մեր թատրոնի արտիստներին, երաժշտասեր հասարակությանը: Կենդանի շփումը աշխարհի լավագույն բեմերում երգող արտիստների հետ ուրախությամբ կլցնի մեր սրտերը և կապրենք հոգեկան  եզակի հրճվանք:
Այս համերգներից և ներկայացումից հետո հաճախ եմ մտորել և հանգել այն ուրախալի համոզմանը, որ այսօր մեր օպերային թատրոնում և նրա ուղեծրում, ունենք միջազգային մակարդակի վեց-յոթ երգիչ: Նրանց թիվը կավելանա, եթե կարողանանք ճիշտ աշխատել երիտասարդ նոր կադրերի հետ, եթե նրանք ունենան բեմական բավարար ժամանակ և անհրաժեշտ ծանրաբեռնվածություն: Նրանց ճանաչմանն ու մոտ ապագայում հյուրախաղեր ունենալու հնարավորությանը կօգնի նաև իմպրեսարիոների ներկայությունը ամբողջ Փառատոնի ընթացքում:
Բոլոր հյուրերը հիացած էին Հայաստանով, Օպերային թատրոնով, մարդկանց ջերմությամբ ու դահլիճի ջերմ ընդունելությամբ: Մեր հայրենակից Ռոդիոն Պողոսովը առաջին անգամ էր Հայաստանում, իսկ Բարբարա Ֆրիտտոլին դեկտեմբերին նորից է Հայաստան գալու, տասն օրով, վարպետության դասեր անցկացնելու:

Լիրիկական ինտերմեցցո:

Հիանալի կլիներ, արտասահմանում ապրող հայրենակից դիրիժորների, երգիչների, ռեժիսորների մասնակցությունը այս Փառատոնին, որը լինելով միջազգային, կունենար նաև համահայկական շունչ: Հայրենակից արվեստագետները մեծ ցանկություն ունեն արարել հայրենի բեմում: Յուրաքանչյուր փառատոն կարելի է նվիրել օպերային հայ հռչակավոր արտիստներից մեկին: Հավանաբար, պետք է փոխել Փառատոնի անցկացման ժամանակը, ելնելով կլիմիայական պայմաններից, զբոսաշրջիկների ինտենսիվությունից, քաղաքի տեսքից և այլն: Գուցե՞ մայիսի վերջին - հունիսի սկզբին, երբ շոգը դեռ չի խեղդում: Կամ  սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկիզբին՝ թավշյա սեզոնին, երբ ամբողջ Հայաստանը նախշուն գույների մեջ է, երբ արտասահմանյան թատրոնները արձակուրդում են և երգիչների համերգային գրաֆիկն ավելի թեթև է: Թատերաշրջանը բացել Փառատոնով կամ փակել Փառատոնով: 
Հատուկ շնորհակալություն Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանին, Կոնստանտին Օրբելյանին Հայաստան հրավիրելու փայլուն գաղափարի և դրա իրագործման համար, Փառատոնը հովանավորելու և ընդհանրապես Օպերային թատրոնին օգնելու իր հաստատակամ վճռի համար:
Շնորհակալություն Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին Փառատոնի կայացմանը աջակցելու համար:
Շնորհակալություն Փառատոնին մասնակցած արտասահմանցի և արտասահմանում ապրող հայրենակից երևելի արտիստներին:
Շնորհակալություն Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին և Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանին:
Շնորհակալություն թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանին, այս հրաշալի գաղափարի, մտահղացման և իրագործման համար: Այս և նման օգտակար գաղափարներ շատ ունի Կ. Օրբելյանը և աստիճանաբար իրագործելու է մասնակից դարձնելով նաև մարզերը, որն իր երազանքներից մեկն է: 
Առաջիկա մայիսի կեսերին, Հասմիկ Գրիգորյանի հետ, ով ունի եզակի ձայն, այսպես ասած soprano sfogato, այսինքն շատ մեծ դիապազոն՝ մեցցո-սոպրանոից մինչև կոլորատուրա, նրբերանգներով հարուստ հնչողություն և վիրտուոզ տեխնիկա բոլոր ռեգիստրներում, ձայնագրելու է օպերային արիաներից կազմված CD, որը ծախսերը հոգացել է Լիտվայի կառավարությունը: Կոնստանտին Օրբելյանը պլանավորել է մեր թատրոնի ուժերով ձայնագրել մի քանի CD:


Զավեն Վարդանյան 
Արվեստի վաստակավոր գործիչ, 
դիրիժոր

Հ.Գ. Կ. Օրբելյանը Երևանում գնել է բնակարան: Կինը՝ Մարիա Սաֆարյանը ջութակահարուհի է Ռուսաստանի արվեստի վաստակավոր արտիստ: Իրականացնում է, Փառատոնային խոշոր նախագծեր, ինչպես օրինակ՝ «Պետերբուրգյան պալատներ» ամենամյա Փառատոնը՝ տարիներ շարունակ հրավիրելով մեր երգիչներին և երգչախմբերին: Նրա ընտանիքը 1930-ականներին Արցախից տեղախոփվել է Սանկտ-Պետերբուրգ (Լենինգրադ): Կոնստանտինն ու Մարիան ունեն մեկ որդի՝ Գևորգը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА