КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 25. 04. 2018 : :
Գեղարքունիքի մարզի Արծվանիստի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն անվանակոչվեց նույն դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակից, մարտական դիրքում դժբախտ պատահարի հետեւանքով զոհված ԽՈՐԵՆ ԴԵՐԵՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ անունը:
Դասասենյակի անվանակոչության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Խորեն Հարությունյանի հարազատները, Արծվանիստի համայնքապետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ եւ աշակերտներ: Բացման խոսքում դպրոցի Տնօրեն ԹՈՌՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ Խորեն Հարությունյանը Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակցել է Թալիշի պաշտպանական դիրքերում, աչքի ընկել խիզախությամբ, նպաստել հակառակորդի ջախջախմանը, անգամ մարտից դուրս եկել առանց վիրավորվելու: Սակայն մարտական դիրքում Խորենը զոհվել է 2016 թվականի հունիսի 2-ին, դժբախտ պատահարի հետեւանքով.«Խորեն Հարությունյանը հետմահու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալների: Նա ուսման տարիներին եւս աչքի էր ընկնում առաջադիմությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ:Կարծում եմ` նրա անունն արժանիորեն է կրում մեր դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը, քանի որ մեր սերունդները Խորենից եւ մեր հայրենասեր մյուս տղաներից շատ դասեր ունեն քաղելու»,-նշեց դպրոցի տնօրենը:
Այնուհետ Խորեն Հարությունյանի դպրոցական եւ զինվորական կյանքի անցած ուղին ներկայացրին Արծվանիստի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ այն համեմելով հայրենասիրական բանաստեղծություններով ու թեւավոր խոսքերով.«Այս միջոցառումը սոսկ անվանակոչության նպատակով հրավիրված միջոցառում չէր: Այն նաեւ ռազմահայրենասիրական բաց դաս էր մի երիտասարդի մասին, ով մասնակցեց Ապրիլյան քառօրյա հերոսամարտին եւ քաջաբար պաշտպանեց հայրենի հողը: Սա ոչ միայն Խորենի ընտանիքի վիշտն է, այլ բոլորիս համազգային ցավը, ինչը մեր ներկա ու ապագա զինվորներին, սերունդներին պարտավորեցնում է՝ անմար պահել Խորենի եւ մյուս մարտչնող տղաների անունն ու գործը»,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ ԳԱՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Դասասենյակի բացման պատիվը տրվեց Խորեն Հարությունյանի եղբորը՝ Հարություն Հարությունյանին: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյքց թեմի Վանեվանի հոգեւոր հովիվ Տեր Տիրատուր քահանան.«Արդեն մեկ տարի է, ինչ չկա իմ սիրելի զավակը, բայց ամեն ակնթարթ ես նրան զգում եմ իմ կողքին: Հիմա, երբ մեր դպրոցի դասասենյակն անվանակոչվեց զավակիս անունով, նրա շունչն ավելի ուժեղ եմ զգում, փոքր-ինչ սփոփվում եմ, որ Խորենիս անունը կապրի հավերժության մեջ: Ես իմ խորունկ ցավի հետ նաեւ հպարտանում եմ, որ նման առյուծ որդի եմ ծնել, սնել ու դաստիարակել: Թող այլեւս ոչ մի մայր նման վիշտ չտեսնի, թող Հայոց աշխարհի վրա թագավորի խաղաղությունը»,-ամփոփիչ խոսքում նշեց Խորեն Հարությունյանի մայրը՝ Արծվանիստի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի ԹԱՄԱՐԱ ՔՈԼՈԶՅԱՆԸ: