ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՈՒՄ ԼԵԶՈՒՆ ՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ Է

20.09.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2018-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՈՒՄ ԼԵԶՈՒՆ ՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ Է

Թեեւ մշտապես ասվում է, որ 2018-ի անցումից հետո վարչապետ լինելու է նա, ով կնշանակվի ՀՀԿ-ի կողմից, այնուամենայնիվ, վերնախավում գտնվողներից ցանկացածին հետաքրքրում է` իսկ ինչպիսին է լինելու անձամբ իր ճակատագիրը, սեփական դիրքերը կթուլանա՞ն, թե` կուժեղանան: 

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը

«...ՃԱՆԱՉԵԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»

ՀՀԿ-ի գործիչները հիմնականում խուսափում են ապագա վարչապետի հարցը անվանապես հիշատակելուց` բավարարվելով կուսակցության կողմից որոշվելու մասին ընդհանրական բանաձեւով: Այդ ընդհանրական բանաձեւը, խոշոր հաշվով, հնչում է միշտ, նաեւ մինչեւ սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելը, եւ անգամ այն գործիչը, ով գրեթե ստույգ գիտեր իր առաջիկա նշանակման մասին, գերադասում էր կրկին ու կրկին հնչեցնել կուսակցության կողմից որոշելու մասին բանաձեւը: Թերեւս, վերնախավի ներկայացուցիչներն առաջնորդվում էին` «մինչեւ առվի վրայով չթռնես, հոպ մի ասա»: 

Սակայն մի բացառություն եղել է: Այսպես, Գալուստ Սահակյանն էր դեռ բավականին ժամանակ առաջ առանց այլեւայլության հայտարարել, թե վարչապետի ղեկը ստանձնելու է Սերժ Սարգսյանը: Այն, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շարունակությունը աքսիոմ չէ, նաեւ անուղղակիորեն փաստել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հայտարարելով, որ այժմյան վարչապետը եւ 2018-ի վարչապետը իրենց գործառույթներով եւ լիազորություններով էապես տարբեր վարչապետներ են: Բայց, այնուամենայնիվ, Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում շփումների ժամանակ Կարեն Կարապետյանը այն հարցին, թե արդյո՞ք կցանկանա պաշտոնավարել, չդիմեց «ինչպես կորոշի կուսակցությունը» ձեւակերպմանը, այլ պատասխանեց` «այո»: Դա սոսկ պատասխան չէ, այլ ինչ-որ տեղ` ինքնառաջադրման հայտ: 

Երկար ժամանակ վերնախավից ոչ ոք իրեն թույլ չի տվել նաեւ բացասական բան ասել Կարեն Կարապետյանի հասցեին, թեեւ, մեղմ ասած, ամենեւին ոչ ընդդիմադիր տեղեկատվական մի շարք ռեսուրսներ լեփ-լեցուն են վարչապետի հասցեին բացասական հրապարակումներով: Սակայն այդ հարցում էլ «պիոների» դերում հանդես եկավ Գալուստ Գրիգորիչը: Խոսելով ՀՀ կառավարության` ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգի մշակման գաղափարին, որը որպես հանձնարարություն վարչապետից ստացել է նախարար Լեւոն Մկրտչյանը, Գալուստ Սահակյանը հնչեցրեց ճակատային պատասխան. «Դա հայոց բթամտությունն է… մենք էդքան հող էլ չունենք սեփական, մենք փրկել ենք մեր լեզուն, որեւէ հայ եթե ասում է` Հայաստանում այլ լեզու լինի,  չգիտեմ` ինչ ասեմ, վատ բառեր չեմ ուզում ասել:  Հայաստանի պետական լեզուն հայերենն է, առավել եւս մենք աշխատում ենք` գրաբարի, արեւմտահայերենի վրա, որ կարողանանք միավորենք: Հայաստանում երկրորդ լեզու հնարավոր չէ:  Նախ եւ առաջ երկրորդ լեզվի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ որ այդ ազգի ներկայացուցիչների մեծ մասը քո երկրում է ապրում, մեր երկրում ռուսներ չկան:  Էդ հարցը ինձ մի տվեք,  մի ժամանակ բավականին լուրջ այդ մասին խոսակցություն եղավ, Դուք դեռ նոր-նոր սովորում էիք, երբ Պուտինը եկավ էստեղ, ես ու Շավարշ Քոչարյանը ներկայացրեցինք հայերենը, եւ նա ընդունեց մեր ասածները: Ընդունեց, որ մենք ճիշտ ենք, որ Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել»: 

«Որևէ գերտերություն չի աջակցի Ադրբեջանին պատերազմի վերսկսման դեպքում». Կոնստանտին Զատուլին

Հայտարարությունն անշուշտ սկանդալային է, ու թեեւ առաջին տպավորությամբ կարող է թվալ, որ ԱԺ նախկին նախագահը ձգտում է մեր ոսկեղենիկը զերծ պահել հիպոթետիկ «կայսերական ոտնձգություններից», սակայն դա այդպես չէ: ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի «Ելքից», այդ հայեցակարգի վերաբերյալ դրական են արտահայտվել, «Ելքի» քննադատությունն էլ մի տեսակ հերթապահ է: Ուստի ամենատրամաբանականն այն է, որ Գալուստ Գրիգորիչը դրանով ցանկանում էր ուղղակի «կծել» վարչապետին` վերջինիս հանձնարարականը որակելով «հայոց բթամտություն»: Արդյո՞ք ԱԺ նախկին նախագահը դրանով արտահայտեց վերնախավի մի մասի կուլիսային տրամադրությունները` անշուշտ կարելի է ենթադրել այդ բաղադրիչի առկայությունը: Առավել եւս, որ մամուլը լեցուն է հրապարակումներով, որ այսինչ, կամ այնինչ նախկին կամ ներկա պաշտոնյայի բիզնես-շահերի վրա գրոհներ կան: Եվ ինքը` Գալուստ Գրիգորիչն էլ, այդ հարցում թերեւս բացառություն չէ, քանզի այդ ուղղությամբ նրա կորուստները անզեն աչքով էլ են երեւում: 

Բայց կարծում ենք, որ Գալուստ Սահակյանի հնչեցրածը թեեւ առաջին, բայց հաստատ վերջին դեպքը չէ, որ հայոց ոսկեղենիկ խոսքը եւ մաշտոցյան գիրը կիրառում են այդպիսի բարձրաստիճան թիրախ` թիմակցի կողմից խոցելու նպատակով: 

Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը շատ հաճախ իր ռեալ մտադրությունը հնչեցնում է վերջին պահին, իսկ մինչեւ վերջին պահը մրցակցությունն անխուսափելի է: 

ԵՂԾ ԴԱՍԱԼԻՔԱՑ

Բնականաբար, առկա է ոչ միայն տարբեր խմբավորումների պայքարը վարչապետական բարձր դիրքի, կամ առնվազն ապագա կառավարությունում ծանրակշիռ լծակներ ունենալու համար, այլեւ անձնական պայքարները` ապացուցելու, որ անձամբ այս կամ այն Պողոսի կամ Պետրոսի ներկայությունը շատ օգտակար կլինի:  Ու երբեմն դա ստանում է տգեղագույն քծնանքի բնույթ... 

Յուրաքանչյուր ոք ձգտում է ներկայացնել իր ուժեղ եւ թաքցնել խոցելի տեղերը, բայց կա մի հարց, որը խոցելի է դարձնում շատ շատերին: Այն է` անձամբ ինքը, իր որդիները եւ այլ սերտորեն փոխկապակցված անձինք ծառայե՞լ են արդյոք բանակում: Դասալիք պաշտոնյաների եւ պաշտոնյաների բալեքի բացահայտման եւ դատափետման գործընթացը մեր լրագրողների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Այսօր էլ այդ տեղեկատվությունը յոթ փակի տակ չէ, սակայն այն հայթայթելու համար պահանջվում են հարցումներ: Որոշ հարցումների պատասխաններ ԶԼՄ-ները կարող են ստանալ շատ արագ, իսկ ոմանց պարագայում էլ կարող է կիրառվել ձգձգման ամբողջ հնարավոր պաշարը: 

«Փաստացի Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը եղել է».ադրբեջանագետ

Սակայն Վիգեն Սարգսյանը կատարեց քայլ, որով խոցելի է դարձնում գործնականում բոլորին: Հայաստան-Սփյուռք համաժողովում նա հայտարարեց. «Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենսդրական փոփոխություններ առաջարկել` պետական պաշտոնյաների հայտարարագրերի մեջ, անպայման, հայտարարագրվելու է հայտարարագրողի ու իր ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը եւ ոչ միայն այն` ծառայել է, թե չի ծառայել, այլ նաեւ` ունի՞ տարկետում կամ ազատում»: Այսինքն` այն, ինչը լրագրողները պետք է հայթայթեին, բացեիբաց եւ պարտադիր կարգով դրված է լինելու համացանցում: Եվ մատչելի կլինի ցանկացածին, ու ոչ միայն լրագրողներին: Իսկ որ պաշտոնյայի պարագայում իր եւ հարազատների վերաբերյալ գրված է «չի ծառայել» կամ «ազատված է», ինքնաբերաբար կընկնի քննադատության կրակահերթերի տակ: Ո՛չ լրագրողին, ո՛չ էլ սոցցանցերում իր կարծիքը գրող քաղաքացուն ամենեւին չեն հետաքրքրելու արդարացումները, թե ինչու չի ծառայել: Ու այդ պատճառով այժմ  քիչ չեն նոմենկլատուրայի տրտունջները, թե բա դրանով «թացը չորի հետ» կգնա: 

Բայց կարծում ենք, որ պաշտպանության նախարարի մոտեցումը ճիշտ է: Նա դրանով նաեւ իր գլուխն է ազատում այդ հարցից, բայց դա խնդրի միայն մի կողմն է: Ի վերջո, բանակում չծառայած ցանկացած ոք, ով պատկանում է վերնախավային ընտանիքներին, իր ձեռքի տակ դրա արդարացիությունն ապացուցող բոլոր փաստաթղթերն ունենալու է: Հիշենք թեկուզ նախարար Լոքյանի որդու «ալերգիան»: Այստեղ փոխվում է սկզբունքը` զինծառայությունը դառնում է թեեւ ոչ բավարար, բայց պարտադիր ատրիբուտ` վերնախավ մուտք գործելու համար: 

Իսկ մինչ այդ, թե ովքեր ու ինչ չափով կտուժեն այդ «եղծ դասալիքաց» օպերացիայից, դա այնքան էլ կարեւոր չէ, դա տուժողի անձնական եւ ընտանեկան խնդիրն է, բայց ոչ հանրության: Ճիշտ է, 2018-ի անցումին ընդառաջ դա պետք է որ շատերին անհանգստություն պատճառի: Չէ՞ որ դա էլ է դառնում պայքարի ու կարգավորման տակ ընկնող գործընթաց, թե չինովնիկ Պողոսի կամ Պետրոսի որդու դասալքության կամ «օրենքով դասալքության» փաստը ինչ ինտենսիվությամբ կշրջանառվի լրատվական դաշտում, ու ինչքանով կազդի 2018-ին ընդունվելիք կադրային որոշումների վրա: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА