ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐՏՈՖԻԼԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼ Է ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

04.11.2017 20:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐՏՈՖԻԼԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼ Է ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի է, որ նախորդ տարվա համեմատ էականորեն թանկացել են կարտոֆիլի գները` հասնելով 170-200 դրամի: Եվ որ ավելի վատ է, պտտվում են խոսակցություններ, որ կարտոֆիլի գինը դեռ կշարունակի աճել: «Գարնանը կարտոֆիլի գինը կհասնի մինչեւ 350 դրամի սահմանը (1 կգ համար): Այս պահին մանրածախի գինը 200 դրամի սահմաններում է»,- լրատվամիջոցներին հայտնել էր Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Ի՞նչ է մտածում այս առումով Գյուղատնտեսության նախարարությունը, որքանո՞վ է արդարացված ներկայիս գնաճը՝ փորձեցինք հետաքրքրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով այսպես ներկայացրեց իրավիճակը.
- Բոլորս էլ գիտենք, որ այս տարին եղել է անբարենպաստ կլիմայական պայմանների տարի: Շոգերի պայմաններում բույսերի աճն ու զարգացումը նորմալ չեն ընթացել, այդ պատճառով այս տարի, համեմատած նախորդ տարվան, ունենք բերքի որոշակի պակաս: Դրան էլ գումարեք, որ այս տարի` նախորդ տարվա հետ համեմատած, ունենք նաեւ կարտոֆիլի ցանքերի պակաս՝ շուրջ 3000 հեկտարով:
- Իսկ ո՞վ է դրանում մեղավոր:
- Նախորդ տարի մենք ունեցանք խնդիր: Այսինքն, կարտոֆիլ մշակողները, հողօգտագործողները բողոքում էին, որ բերքն իրացնում են ինքնարժեքով, երբեմն էլ՝ ինքնարժեքից ցածր գներով: Բողոքում էին, որ աշխատում են հիմնականում վնասով, ինչի արդյունքում կանգնել են պարտքերի առաջ: Խնդրում էին նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի շուկայում  կարտոֆիլի գինը բարձրանա, եւ այդ ճյուղը դառնա եկամտաբեր: Հիմա այս տարի մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի հանրապետությունից դուրս արտահանվի կարտոֆիլ, այսինքն` շուկա կա բացված: Հայկական կարտոֆիլն այս պահին արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն եւ Վրաստան, եւ արտահանման արդյունքում՝ կարտոֆիլի գինը բարձրացել է: Պետք է միայն ուրախ լինենք, որ Հայաստանից կարտոֆիլ է արտահանվում եւ դրսում ունենք պահանջարկ: Դա հետագայում կբերի այդ շուկայի զարգացմանը: 

Խաղողի մասսայական մթերումների գործընթացը մեկնարկել է

«Թե գարնանը ի՞նչ կլինի` ոչ ոք ասել չի կարող»

- Ուզում եք ասել, որ այսօրվա կարտոֆիլի բարձր գները պայմանավորված են արտահանման ծավալներո՞վ:
- Եթե արտահանումը կանգնի, գուցե եւ վաղը, մյուս օրը գինը էժանանա: Բայց էդ դեպքում էլ կարտոֆիլագործները կսկսեն բողոքել, թե գտեք ճանապարհ, որպեսզի մեր բերքը արտահանվի, եւ մենք վնասով չաշխատենք: Հիմա մենք ի՞նչ անենք: Սա տնտեսության հիմնական զարգացման խնդիրն է` շուկա-առաջարկ-պահանջարկ: Այս հավասարակշռությունը պետք է պահել: Իսկ թե գարնանը ի՞նչ կլինի` ոչ ոք ասել չի կարող, համենայնդեպս, ներկա պահին նման հայտարարությունները, առանց լուրջ վերլուծությունների, միտված են խուճապ առաջացնելուն: Թե ձմռանը կամ գարնանը ինչ կլինի, կարտոֆիլի գինը կբարձրանա՞, թե՝ ոչ, դա շուկայի կարգավորման խնդիրն է, եւ մենք՝ պետությունը, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի հողօգտագործողի չի կարող ասել, այս պահին կարտոֆիլը մի վաճառի ինքնարժեքից բարձր գներով կամ հակառակը: Այնպես որ՝ կարտոֆիլի գների բարձրացման մասին ոչ ոք ոչինչ ասել չի կարող` շուկան է գները կարգավորում, կա պահանջարկ, կա գնի բարձրացում:
Այս պահի դրությամբ, համեմատած նախորդ տարվան, բարձրացել են նաեւ խաղողի գները, մեծ պահանջարկ կա հատկապես գինու խաղողի առումով: Այս տարի ե՛ւ մթերման գներն են բարձր, ե՛ւ վաճառքի, սա է պատկերը:

«Կարտոֆիլի գները բարձրացել են մոտ 30-40 տոկոսով»

Իհարկե, լավ է, որ ՀՀ գյուղնախարարությունը մտածում է կարտոֆիլագործների կամ խաղողագործների մասին: Բայց որ դրանով նպաստում է ներքին գների հերթական աճին՝ պատճառաբանելով, թե ազատ շուկա է, մեղմ կլիներ խայտառակություն համարելը: Արտահանման մասին, իհարկե, պետք է մտածել: Բայց դրա հետ մեկտեղ՝ մեր Գյուղնախարարությունում քվոտա ասվածի մասին տեսնես լսած կա՞ն: Չէ՞ որ պետությունը հենց նրա համար է, որ նման հարցերը փոխընդունելի լուծումների հասցնի՝ այն չափով արտահանման տեղ  բացի, որ գոնե սոցիալական նշանակության ապրանքատեսակների գները տասնյակ տոկոսներով վեր չթռնեն:
Ինչ վերաբերում է փոխնախարարի պարզաբանումներին, թե ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի առաջիկայում, եւ ինչ գին կսահմանի կարտոֆիլագործը, ասենք՝ գարնանը, մեզ ստիպեց մեկ անգամ եւս դիմել Ագրարագյուղացիական միավորման նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ: Նա  մեզ հետ զրույցում, հակադարձելով փոխնախարարին, նկատեց.
- Հարկավոր է կույր լինել` չտեսնելու համար, թե ինչ վիճակ է շուկայում: Այսօր դաշտից գնվող կարտոֆիլի մեծածախ գները տատանվում են 150-170, որակով մի քիչ ցածրը՝ 120-130 դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ, այսօր՝ անցյալ տարվա համեմատ, հանրապետությունում կարտոֆիլի գները բարձրացել են մոտ 30-40 տոկոսով:
Ես վերլուծություններ չեմ անում, ես նայում եմ շուկայում կատարվող իրավիճակին: Հարկավոր է կույր լինել, որպեսզի չտեսնել, որ կարտոֆիլի մանրածախ գինը հասել է 190 դրամի եւ ավել: 

Գյուղնախարարությունը հիշեցրել է հրդեհների կանխարգելման նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը

«Նախարարությունը լավ կանի, որ իր գործառույթները ճիշտ իրականացնի»

- Նախարարությունը թանկացումը կապում է նաեւ արտահանման հետ:
- Ինչ ասեմ: Ես հիմա թվեր կներկայացնեմ, եւ ինքներդ համոզվեք, թե արտահանումը կարո՞ղ էր նպաստել կարտոֆիլի ներկայիս գների վրա: Այս տարի Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 5800 տոննա կարտոֆիլ, որից 4500 տոննան եղել է նախորդ տարվա բերքը եւ արտահանվել է վաղ գարնանը: Եվ միայն 1300 տոննան է եղել այս տարվա բերքը, որը արտահանվել է հունիս-հուլիս ամիսներին: 
Ես Ձեզ ավելին ասեմ, առաջիկայում էլ ավելի կթանականա մսամթերքի գինը: Թեպետ նախարարությունը ասում է, որ միսը հինգ տոկոսով է թանկացել, բայց փաստ է, որ այս պահին ունենք մսի գների 25 տոկոս աճ: Առաջիկայում սպասվում է նաեւ կաթնամթերքի թանկացում: Եվ նախարարությունը, փոխանակ մասնագիտական վերլուծություններ պահանջի, լավ կանի, որ իր գործառույթները ճիշտ իրականացնի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА