ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ-ն, դժվար թե, ԵՄ-ի հետ ստորագրի պայմանագիր, որը կրում է պարտադրող բնույթ» 

21.11.2017 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՀՀ-ն, դժվար թե, ԵՄ-ի հետ ստորագրի պայմանագիր, որը կրում է պարտադրող բնույթ» 

Նոյեմբերի 24-ին Բրույսելում նախատեսված Հայաստան-Եվրամիություն համապարփակ համաձայնագրի հնարավոր ստորագրմանն ընդառաջ՝ Երեւանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ օրակարգի գլխավոր թեման Արցախյան հիմնախնդիրն է, ըստ տարածված լուրերի` լավրովյան լուծման տարբերակով: Հենց այս շրջանակում էլ «Իրավունքը» զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ: 

«Ալիկը խելոք տղա է, բայց քայլն անհասկանալի էր». Նավասարդյան

Ո՞ՐՆ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼԱՎՐՈՎՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

Քաղաքագետի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ կողմերը եւս մեկ անգամ կներկայացնեն այն դիրքորոշումները, որոնք առկա են արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ընդ որում՝ համաձայն վերջին հայտարարությունների, խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան տվյալ դեպքում կիսում են այն ընդհանուր մոտեցումները, որոնք արձանագրված եւ հնչեցված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից:

– Սա նշանակում է, որ համանախագահները ձգտում են գտնել այն խաղաղ կարգավորման եզրերը, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար՝ այն միջազգային իրավունքի նորմերի շրջանակում, որոնք մեզ հայտնի են: Սակայն, թե ինչ բովանդակային պարունակություն ունի այս մոտեցումը, որպես ինչ-որ իմաստով սկզբունքներ, առայժմ մեզ հայտնի չէ: Այդ սկզբունքներն ընդհանուր են եւ առայժմ համապատասխանաբար ոչ մեկի կողմից դեռ չեն ընդունվել: Հետեւաբար, բանակցությունները շարունակվում են՝ այդ սկզբունքներն, այսպես ասած, կողմերի համար ընդունելի դարձնելու համար:

– Մինչ տարածաշրջանային այցը՝ Ս. Լավրովը հայտարարում էր, որ այսօր բանակցությունների սեղանին դրված է մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը: Այն որքանո՞վ կարող է մեզ համար ընդունելի լինել: 

– Այս տարբերակը մեզ համար կարող է ընդունելի լինել, թե՝ ոչ, կկարողանայինք խոսել այն ժամանակ, եթե ծանոթ լինեինք այդ սկզբունքներին: Իսկ այն տեղեկատվությունը, որն ունենք դրա վերաբերյալ, հասկանալիորեն մեզ համար ընդունելի կլիներ, երբ այնտեղ պահպանվեն բազմիցս հնչեցված սկզբունքները. առաջին՝ Արցախի Հանրապետությունը պետք է ունենա կարգավիճակ, որը չի կարող լինել ավելի ցածր, քան հիմա գոյություն ունեցող դե ֆակտո անկախ կարգավիճակն է, երկրորդ՝ պետք է որոշում լինի ՀՀ եւ Արցախի Հանրապետության ցամաքային սահմանի միացման հարցում, երրորդ՝ գոյություն ունենան միջազգային, խորը եւ համապարփակ երաշխիքներ՝ Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Եթե դրանք պահպանվելու են, հայկական կողմն, ըստ էության, պատրաստ կլինի ավարտել բանակցային գործընթացը: Իսկ եթե այս սկզբունքները անտեսված են լինելու կամ այլ տարբերակների մասին են խոսվելու, բնականաբար, բանակցային գործընթացը կշարունակվի:

«ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

Ովքեր էին ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կառավարության կազմում

– Անդրադառնանք նաեւ նոյեմբերի 24-ին նախատեսված ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը: Ըստ Ձեզ, ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին, եւ արդյոք նաեւ այս համաձայնագրի ստորագրմամբ է պայմանավորված վերջին շրջանում ՌԴ-ի ակտիվացումը հայկական հարցում:

– Սկսեմ վերջից՝ իսկ ե՞րբ է Ռուսաստանի ակտիվությունն ավելի ցածր եղել վերջին երեք տարվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրին, ինչպես նշեցիք, այն կրում է համապարփակ բնույթ, որի շրջանակում կարգավորվում են, խորանում են փոխհարաբերությունները ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Հատկապես այն բնագավառներում, որտեղ մենք փորձում են խորացնել փոխհարաբերությունները՝ քաղաքական, իրավական, քաղաքացիական: Այն կարեւոր է երկու կողմերի համար, եւ այս փաստաթուղթը եւս մեկ անգամ կարող է ցույց տալ, որ կողմերը պատրաստ են շարունակել բովանդակային բանակցությունները եւ խորացնել իրենց փոխհարաբերությունները: Միայն մեկ վերապահում՝ մենք խոսում ենք այն մասին, որ այս համաձայնագիրը ԿԱՐՈՂ է ստորագրվել մոտակա ժամանակ՝ կլինի այս ամսվա 24-ին, թե մեկ ուրիշ օր, չգիտեմ, համենայնդեպս, չեմ պնդում, որ այն կստորագրվի անպայման նոյեմբերի 24-ին: 

– ՀՀ-ԵՄ համաձայնագրի այն տեքստը, որը հրապարակվել է, ավելի շատ տպավորություն է թողնում ստանձնած պարտավորությունների ու պարտադրանքների, քան փոխհամագործակցության: Դուք համաձայնագրում ականներ տեսնո՞ւմ եք: 

– Այդպիսի բնույթի համաձայնագիրը չի կարող պարտադրանքային լինել, որովհետեւ ՀՀ-ն միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված միջազգային դերակատարող է, որը դժվար թե Եվրամիության հետ ստորագրի պայմանագիր, որը կրում է պարտադրող բնույթ: Մանավանդ, հաշվի առնենք այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակված է եղել՝ նկատի ունենալով ՀՀ դիրքորոշումները այս կամ այն հարցի վերաբերյալ: Ուստի՝ չեմ կարծում, որ ՀՀ-ն կստորագրի մի փաստաթուղթ, որը պարտադրող բնույթ է կրում իր համար, այլ կստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ինքը հանդես է գալիս որպես հավասար դերակատարող իրավապայմանագրային հարաբերությունների մեջ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА