ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախի միավորումը Հայաստանին դե ֆակտո իրականություն է` դե յուրե  գործընթացի մեջ». պատմաբան

30.11.2017 14:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Արցախի միավորումը Հայաստանին դե ֆակտո իրականություն է` դե յուրե  գործընթացի մեջ». պատմաբան

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն եւ Արցախի ազգային խորհուրդները համատեղ նիստում հռչակեցին Արցախի միավորումը Հայաստանին: Որոշման համաձայն՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20–ի եւ հուլիսի 12-ի նստաշրջանում, ինչպես նաեւ մարզի բնակչության լիազոր–ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16–ի համագումարի եւ Ազգային խորհրդի հոկտեմբերի 19–ի նիստի որոշումներում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Հայաստանի եւ Արցախի բարձր ղեկավարությունը

Որոշման համաձայն  Արցախի բնակչության վրա տարածվել է ՀՀ քաղաքացիության իրավունքները, իրականացվել է տնտեսական համակարգերի միաձուլում:

ՀԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը ընդգրկվել է ՀՀ պետականության հիմնարար փաստաթղթում՝ 1990թ. օգոստոսի 23–ի Անկախության մասին հռչակագրում:

«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանին Արցախի վերամիավորման կարեւորությանը, փաստեց, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է Արցախի կարեւորությունը, քանի  որ Արցախը պատմական հայրենիքի մի մասն է եւ ունի ռազմավարական նշանակություն` համարվելով Հայաստանի անբաժան մաս. «Ցավոք, այս կարեւոր իրադարձության մասին այսօր քչերն են խոսում: Սա արցախահայության, Արցախի մելիքներից սկսած մինչեւ 80-ականների վերջ, երկարատեւ պայքար էր, որը ռազմական ճանապարհով ունեցավ հանգուցալուծում: Սա կարեւոր ու պատմական իրադարձություն էր հայության, առաջին հերթին իր ուժերին հավատալու տեսանկյունից: Արցախը հայության ամբողջ հաջողությունն էր, դրանով հայ ժողովուրդը կոտրեց ցեղասպանվածի կոմպլեքսը, ինչը շատ կարեւոր էր: Կարծում եմ` մենք այս իրադարձությանը եւ ՀՀ Առաջին անկախության 100-ամյակին մեծ ուշադրություն պետք է դարձնենք եւ ժողովրդի մեջ արմատավորենք ոչ թե ողբացողի, այլ հաղթողի, պահանջատիրոջ որակները: Այս տիպի քաղաքականությունը  մեզ մոտ այսօր շատ է պակասում եւ ավելի շատ խոսում են զիջումներից, ողբերգությունից: Բայց Արցախի վերամիավորման իրողությամբ ցույց տրվեց, որ կոնֆիկտները լուծվում են ուժի կիրառման իրավունքով, ողբով եւ դիվանագիտության վրա հույս դնելով հարցերը, հատկապես այս տարածաշրջանում չեն լուծվում»,-շեշտեց Գ. Մելքոնյանը:
Դիտարկմանը, արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցը կրկին բերվի օրակարգ, Գեւորգ Մելքոնյանը նկատեց, որ վերջին տարիներին նման փորձեր եղել են. «Հարցը ԱԺ-ում էլ դրվեց քվեարկության, սակայն այն չմտավ օրակարգ: Ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի միավորումը Հայաստանին փաստացի իրականացվել է, այսինքն` այսօր գործընթացը դե ֆակտո իրականություն է, բայց դե յուրե  թերեւս գործընթացի մեջ ենք: Պատճառն այն է, որ վերամիավորումը չի ճանաչվել միջազգային հանրության, տարածաշրջանի պետությունների կողմից, հետեւաբար սա նշանակում է, որ կրկին Արցախի խնդիրը այս պահին գտնվում է փակ օղակում: Մենք չպետք է մտածենք, որ եթե ռազմական հաջողություններ ենք ունեցել եւ իրականացրել ենք Արցախի վերամիավորումը Հայաստանին, ապա հարցը փակվել է: Ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն է, այն մեկ անգամ ցույց տվեց, որ հարցը փակված չէ եւ Ադրբեջանը լուրջ սպառնալիք է մեզ համար»,-ընդգծեց պատմաբանը: Նրա խոսքով` եթե վերամիավորման հարցը կրկին բերվի օրակարգ, ապա, գոնե այս փուլում Հայաստանը ոչինչ չի փոխի: Հարցը կրկին օրակարգային կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը տեսնի, որ Ադրբեջանը գնում է ռազմական գործողությունների, այդ մասին նույնիսկ հայտարարվել  ՀՀ բարձր մակարդակով: Այդուհանդերձ Գեւորգ Մելքոնյանը կարծում է, որ սա էլ հարցի լուծում չէ, քանի որ Արցախը միակողմանի ճանաչելը չի բերելու խնդրի կարգավորմանը:

Արցախի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանական զինուժի նոր կուտակումների մասին տեսագրություն (Տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА