ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քանի դեռ աշխարհն այսպիսին է, «Մեծապատիվ մուրացկանները» արդիական կլինեն

04.12.2017 21:21 ՄՇԱԿՈՒՅԹ
Քանի դեռ աշխարհն այսպիսին է, «Մեծապատիվ մուրացկանները» արդիական կլինեն

Օրերս ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ» նորովի ներկայացվեց հանդիսատեսին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Մայր թատրոնի նոր շնչառության մեկնարկը տրվեց Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններով»: Թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ խոսքով, Պարոնյանի անմահ ստեղծագործության միջոցով փորձել են խոսել, շեշտել այն կարևորը, որ համահունչ է մեր ժամանակին, արտահայտել իրենց դիրքորոշումը աշխարհում գոյություն ունեցող երևույթների մասին, բարձրացնել հարցեր, միաժամանակ՝ օդում թողնելով բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները իրենք էլ չունեն: ‹‹Այս ներկայացումը շարունակությունն է այն ծրագրի, որ ես ներկայացրի՝ գալով ազգային ակադեմիական թատրոն: Այսինքն բեմահարթակ բարձրացնել հայ ազգային գրականությունը, դրամատուրգիան՝ թե՛ ժամանակակից, թե՛ դասական: Համոզված եմ, որ աշխարհին և ընդհանրապես մեր հանդիսատեսին մենք կարող ենք ներկայանալ մեր ազգային գրականությամբ՝ ազգային մտածողությամբ, հատկապես մեր ժամանակներում, երբ կարդալու փոխարեն երիտասարդներն ապրում են համացանցով: Մենք փորձում ենք նրանց վերադարձնել մեր մեծերին››, -ասաց Էլբակյանը:

«Շոպենիանա» բալետը կրկին Օպերային թատրոնի խաղացանկում է

  Բեմադրության մեջ, ըստ Էլբակյանի, ընդգրկված է հզոր դերասանական խումբ: Ստեղծագործության գլխավոր՝ քաղաքացի կնոջ հետ ամուսնանալու և գործը «լայնացնելու» նպատակով Տրապիզոնից Պոլիս ժամանած մեծահարուստ գավառեցի Աբիսողոմ աղայի կերպարը մարմնավորում է դերասան ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆԸ:   

  «Ստեղծագործության մեջ մեծապատիվ մուրացկանների դերում, տարբեր կերպարներ են հայտնվում, կարևոր չէ, թե նրանցից ով, ինչ է մուրում՝ փող, դիրք, պաշտոն, թե՝ փառք, ինչպես իմ կերպարը: Կարծում եմ, որ ամենաողբերգականը հենց փառք մուրացող կերպարն է», -նշեց դերասանը:

ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ խոսքով Հակոբ Պարոնյանի ‹‹Մեծապատիվ մուրացկանները›› անմահ ստեղծագործություն է, որը արդիական է բոլոր ժամանակներում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը. «Աշխարհում, որում ապրում ենք, մեզ տրված բարոյական չափանիշներն անփոփոխ են: Եվ քանի դեռ դրանք կան ու աշխարհն այսպիսին է, մեծապատիվ մուրացկանները միշտ լինելու են արդիական»:

  Մայր թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ այսօր հայտարարեց նոր ծրագրի մասին. «Մենք հայտարարել էինք, որ Մայր թատրոնը պետք է հանդես գա նոր նախաձեռնություններով: Հիմնական ուղղություններից մեկը լինելու է հետևյալը՝ ստեղծել հարթակներ թատերական նորարարությունների համար: Ունենք նկարչի արվեստանոց, որը շատ անմխիթար վիճակում է: Այն կհիմնանորոգենք՝ վերածելով արվեստի մի տարածքի, որտեղ և՛ կամերային ներկայացումներ կբեմադրենք, և՛ մեր նկարչին հնարավորություն կտանք ստեղծագործելու գերժամանակակից միջավայրում», -ասաց նա:                                                       

 Վերադառնալով ներկայացմանը նշենք, որ բեմադրիչը փորձել է հայտնի գործը դարձնել ինտերակտիվ, պարային ու ժամանակակից երաժշտական լուծումներով հագեցած բեմադրություն: «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐՆ» այսուհետ կլինի մայր թատրոնի խաղացանկում:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА